ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|
23:10 - 20 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:

«Առաքելության մանդատն է դիտարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած սահմանային շրջաններում` նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ դիտորդներն ուշադրության կենտրոն են պահելու կողմերի հանձնառությունը հրադադարին:

Հաղորդագրությունը նշում է, որ առաքելության կազմում լինելու է 40 դիտորդ, նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում, լինելու են անզեն:

«Սա հնարավորություն կտա Եվրամիությանը առավել լավ նպաստել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ», ֊ հայտարարել է Եվրամիությունը, միաժամանակ ընդգծելով, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու, - «այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»:

Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում նմանատիպ առաքելություն չի տեղակայվելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել