Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Նախատեսվում է բացառել ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը |armenpress.am|

Նախատեսվում է բացառել ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում ավտոտրանսպորտային միջոցների՝ շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արման Սիմոնյանը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսaվարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,- ասաց փոխնախարարը: Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:
13:40 - 19 հունվարի, 2021
Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել  |armenpress.am|

Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքում, ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում: Քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:   Բագրատյանի վստահեցմամբ՝ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է հանրային հնչեղություն ունեցող հարցերից: Ինչպես նշված է զեկույցում՝ աշխատանքը բաժանվել է հատվածների. ուսումնասիրել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը: «Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներից։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»,-ասաց Բագրատյանը: Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարևորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Հանձնաժողովը կատարել է հարցումներ, որոնց ի պատասխան ՊԵԿ-ից ստացվել է մաքսային սահմանն հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը, Բագրատյանի խոսքով, այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից: Հանձնաժողովը քննարկել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման: «Փաստում ենք, որ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնավորված չէ»,- նշեց Բագրատյանը Կատարված աշխատանքների արդյունքում քննիչ հանձնաժողովն առաջարկել է կազմակերպել տեսակոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Հանձնաժողովն առաջարկել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից, նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Հանձնաժողովն առաջարկել է մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։  Հանձնաժողովն իր զեկույցում շեշտել է նաև, որ արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ։
11:57 - 19 հունվարի, 2021
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Պատգամավորի խոսքով՝ տուգանային միավորների իրավակարգավորումը կիրառելուց հետո պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեին: «Տուգանային միավորներ կիրառելու արդյունքում իջեցվել են տուգանքների սահմանային շեմերը: Առավելագույն տուգանքը կազմում է 25 հազար դրամ: Պրակտիկայում խնդիր առաջացավ՝ ինչպես պետք է տուգանենք այն մարդկանց, որոնք վարորդական իրավունքի վկայական չունեն, այսինքն՝ նրանց նկատմամբ տուգանք կիրառել հնարավոր չէ: Սակայն կատարված իրավախախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձր է: Նման դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,- նշեց Խաչատրյանը:  Պատգամավորը պարզաբանեց, որ տուգանային միավորների կիրառման հետաձգումը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պայմանավորված է Պարեկային ոստիկանության կազմավորման և ծրագրատեխնիկական խնդիրների լուծման հետ:
11:52 - 19 հունվարի, 2021
Ղեկին ծխելու համար ոչ թե 1, այլ 0.5 բալ. առաջարկվում է տուգանային համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022-ի հուլիսի 1-ը |1lurer.am|

Ղեկին ծխելու համար ոչ թե 1, այլ 0.5 բալ. առաջարկվում է տուգանային համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022-ի հուլիսի 1-ը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց, որ նախագծի նպատակը ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումն է, ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումների կանխարգելումն ու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի երաշխավորումն է: «Օրինագծի ընդունման արդյունքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: Մինչև այդ տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով»,- նշեց Ֆիդանյանը: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է փոփոխություն: Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից երթևեկության ժամանակ ծխախոտային արտադրադեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն սահմանվել է 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ:
11:18 - 19 հունվարի, 2021
ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քվեարկեց երեկ ԱԺ նիստին քննարկված նախագծերը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ՝ 84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայնով: Նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին: «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1: Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը: «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 3 ձեռնպահ ձայնով: Նախագծով նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների և կից օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր, ձեռնպահ՝ 2: Առաջինից երկրորդ ընթերցում՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունների նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: «Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- երեկ ԱԺ նիստին տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները  և առաջարկությունները:
10:39 - 19 հունվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
10:34 - 19 հունվարի, 2021
Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը: Նախագիծը հավանություն ստացավ միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Համաձայնագրով նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը:
10:30 - 19 հունվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող: Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
19:13 - 18 հունվարի, 2021
Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային |armenpress.am|

Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային |armenpress.am|

armenpress.am: ՀՀ  ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ամրագրվում է,  որ 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ նախագիծը բավական կարևոր քայլ է՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների, և նրանց լավագույն շահը հաշվի առնելով լսելի դարձնելուն: «Համաձայն օրենքի նախագծի՝16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա կողմից, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը: 16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:
18:50 - 18 հունվարի, 2021
Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասաց Գրիգորյանը: Փոխնախարարը հավելեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
14:03 - 18 հունվարի, 2021
Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր |armenpress.am|

Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձի հիմանխնդիրը համարում է լրջագույն միջազգային իրավական խնդիր: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում: «Յուրքանչյուրիս համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հիմնախնդիրը առաջնային, օրակարգային է: Եվ  յուրաքանչյուրս առվնազն սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք այդ խնդրով, իսկ շատերն այդ խնդրով ապրում էին նաև դեռ ավելի վաղ, քանի որ գերեվարված անձինք կային նաև նախկինում: Եվ սա լրջագույն միջազգային իրավական խնդիր է: Միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է ռազմագերիներին և  այլ պահվող անձանց չվերադարձնելը»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում: «Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացների, թեև հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ նա նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: «Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- նշեց Վարդանյանը:
12:03 - 18 հունվարի, 2021
Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

hamakarg.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը խոսեց ՏՄՊՊՀ առաքելության մասին։ Ստորև կարդացեք, թե ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունն իրենց կանոնադրության մեջ (մեջբերում կայքից), այնուհետև դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը։   ՏՄՊՊՀ առաքելությունը եւ նպատակները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Հանձնաժողովի հիմնական առաքելությունը մրցակցային շուկաների պաշտպանությունն ու խրախուսումն է:
12:49 - 16 հունվարի, 2021