Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին: Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է: «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:  
13:09 - 09 դեկտեմբերի, 2020
Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը: Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:
12:50 - 09 դեկտեմբերի, 2020
Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Սրանից է կախված, թե մեր հետագա քաղաքական դաշտն ինչպես կզարգանա: Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին: Նա նկատեց, որ թեև մեծ ծավալի աշխատանք է տարվել, սակայն խոսեց նաև թերությունների մասին: Պատգամավորը նշեց, որ որոշակի պարտականություններ դնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, սակայն հարց է, թե արդյոք տալիս են բավարար գործիքակազմ: «Մի մտահոգիչ կետ կա, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում փակելու ենք կուսակցություններ, քանի որ կուսակցություններ են լինելու, որ ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել ՀՀ-ում և այսօր այդպես չեն գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը, քանի որ եթե սա կիրառում ենք ամենայն խստությամբ, ստիպված են լինելու փակվել»,-ասաց նա:
12:24 - 09 դեկտեմբերի, 2020
Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ հատկապես այս իրավիճակում պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, և պետբյուջեն հենց այդ առաջիկա ժամանակահատվածի ծրագիրն է: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ հետպատերազմյան շրջանում: «Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Պետբյուջեն՝ ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ, սահմանվում է որպես պետության՝ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր ճանաչվում է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ անձ: Եվ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, աշխարհը ճանաչում է պետությանը և ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե որպես փոփոխականների (ներողություն եմ խնդրում բոլոր անհատներից), որովհետև ենթադրվում է, որ մենք բոլորս կարողանում ենք մեր սեփական շահերը ստորադասել հանրայինին»,-ասաց նախարարը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ ներդրողներին՝ Ջանջուղազյանն ասաց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ նրանք կարո՞ղ են 10, 30 կամ ավելի տարով ներդրում անել մի միջավայրում, մի պետության մեջ, կամ այդ պետության որևէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից, և հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները ո՞ր ուղղությամբ են առաջնորդելու տվյալ երկրին»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ դա գործնականում անհնար է: Նախարարը կարևորեց ներկայացնել նաև, թե երկիրը ինչ զարգացումների արդյունքում է հասել այսօրվան: Անդրադառնալով 2019-ի տնտեսական միջավայրին՝ Ջանջուղազյանն ասաց. «Մենք ունեցել ենք հարաբերական կայուն ընթացիկ հաշվի պակասուրդ, որը ցույց է տալիս արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները՝ մասնավորապես արտաքին առևտրի դիրքը: Համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա հիշեցրեց՝ 2017-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 222 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 1.9 տոկոսը, 2018-ին՝ 247 մլն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին՝ 397 մլն՝ շուրջ 60 տոկոսով ավելի, քան 2018-ին կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Մշակող արդյունաբերության ճյուղը 2019-ին ունեցել է առաջանցիկ աճ: Անդրադառնալով բյուջետային հատվածին՝ Ջանջուղազյանը նշեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 267 մլն դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 4.8 տոկոսը: Դա հանգեցրել է նրան, որ մենք վերանայել ենք մեր վերաբերմունքը հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որպեսզի կառավարելի միջակայքում պահենք մեր պետական պարտքը: 2018-ին ունեցել ենք 105 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 1.8 տոկոսը, 2019-ին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը: Սա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վկայությունն է»,-ասաց նախարարը: Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:
12:21 - 09 դեկտեմբերի, 2020
Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|

Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ այն անկյունաքարային է երկրում առողջ և ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձևավորման և զարգացման համար: «Տարիներ ի վեր մեր երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների շահերը և դրանց սպասարկելու համար ներդրված կարողությունները: Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորմանն ու կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի խթանումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ապահովելը եղել է մեր քաղաքական ուժի կարևոր նպատակներից մեկը՝ ի սկզբանե: Այսօրվա փաթեթը մեր այդ հանձնառության իրագործումն է»,- նշեց Մակունցը՝ հիշեցնելով, որ նախագծով արգելվում են իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները կուսակցություններին, ինչը բիզնեսի ազդեցությունը կսահմանափակի: Արդյունավետ վերահսկողությունն, ըստ նախագծի, առաջարկվում է վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որին են վերապահվում նաև կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողական մի շարք գործառույթներ, որոնք այժմ իրականացվում են ԿԸՀ-ի կողմից, որի կարգավիճակի, կարողությունների և իրական անկախության հետ կապված՝ տարիներ ի վեր արտահայտվել են որոշակի մտահոգություններ՝ նշեց Մակունցը:
12:18 - 09 դեկտեմբերի, 2020
ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|

ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նախագծով նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները: «Քրեական օրենսգրքի նախագծով` որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց»,- նշել է Բադասյանը: Նոր օրենսգրքի նախագծով` կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ «Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում»,- ներկայացրել է նախարարը: Քրեական նոր օրենսգիրքը հստակ կսահմանի անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: «Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն»,- նշել է Ռուստամ Բադասյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 77 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:
12:01 - 09 դեկտեմբերի, 2020
Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ կուսակցությունները որևէ երկրի համար պետք է ոչ թե սպառնալիքների ու վտանգների աղբյուր լինեն, այլ երաշխավորեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը: «Բայց այդպիսի երաշխիքներ ստեղծելու համար կուսակցությունները պետք է իրենք իրենց ներսում ժողովրդավար լինեն՝ ներքին հակակշիռների մեխանիզմներով: Քանի՞ այդպիսի ուժ գիտեք Հայաստանում: «1995 թվականից սկսած ամենաշատը թմբկահարված ազատ և անկախ ընտրությունների օրինականության հարցը, իհարկե, կարևոր, բայց խիստ տեխնիկական հարց է եղել: Դրանում համոզվեցինք 2018-ի այս օրը կայացած ընտրություններում»,- նշեց Բաբաջանյանը՝ նշելով, որ ամենակարևոր հարցն այն է, թե ովքեր պետք է իրավունք ստանան մասնակցել ընտրություններին և հաջողության դեպքում վճռեն ազգի ու պետության ճակատագիրը: Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: «Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը: Այդպիսի բան տեղի ունեցավ 2007-ին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց կուսակցության ղեկավար մարմինը՝ այդ կուսակցության համեմատաբար քաղաքական մասը ոչնչացնելով, առաջին պլան բերեց քրեաօլիգարխիային»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ դա իր անդառնալի հետևանքներն է թողել մեր պետության վրա:
11:52 - 09 դեկտեմբերի, 2020
Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները |armenpress.am|

Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը: «Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը: Օրենքի նախագծով սակագների փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու և այլ ծառայություններում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով:
11:26 - 09 դեկտեմբերի, 2020
Քաղաքացիներն ավելի հեշտ կկարողանան փոխել անունը, գրանցել ամուսնությունը. նախագիծն ընդունվեց |armenpress.am|

Քաղաքացիներն ավելի հեշտ կկարողանան փոխել անունը, գրանցել ամուսնությունը. նախագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի:  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 2 ձեռնպահ ձայներ: Նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայությունների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում: Գրեթե բոլոր գործընթացներում կնվազի վարչարարությունը: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: 
10:52 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 79 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:  Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
10:41 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին |armenpress.am|

ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը: Նիստի դռնփակ հատվածից հետո հիմնական զեկուցող ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ընդունել ԱԺ ուղերձ, ընթերցեց ուղերձի տեքստը.  «ՀՀ ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա. Հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաեւ դիերը. Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները. Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում. Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած եւ համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն եւ թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու եւ բռնության այլ դրսեւորումների հերոսացմանը՝, ուղերձով դիմում է Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին եւ անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Եվ ԱԺ-ն կոչ է անում՝ հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց. պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ. պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական եւ քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ցանկացած այլ դրսեւորման մեջ. առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների եւ ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը. գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ փակ նիստի ֆորմատում չեն ստացել ոչ մի պատասխան՝ այն հուզող հարցերին, որոնց շուրջ այսօր գնում են քննարկումներ: Քվեարկությամբ ուղերձն ընդունվեց միաձայն՝ ստանալով 100 կողմ ձայն:
16:44 - 08 դեկտեմբերի, 2020
Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ներկայացրեց «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի» փոփոխությունների նախագիծը: Պատգամավորն ընդգծեց, որ հատկապես այսօր շատ կարևոր է ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալը, նաև այնպիսի կուսակցություններ ունենալը, որ կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձնակենտրոն, ավելի հաշվետու ու թափանցիկ: «Փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության խրախուսման մի շարք մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, պարտադիր գումարման պարբերականության հաճախականացումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը՝ որպես օրենքի պահանջ»,- ասաց Դանիելյանը: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է՝ նշեց պատգամավորը: «Ավելացվել են մի շարք հստակեցումներ, այդ թվում՝ նաև նվիրատվության, մուտքի վճարների, անդամավճարների հետ կապված՝ միասնական և առավելագույն շեմ սահմանելով ֆիզիկական անձանց համար և արգելելով իրավաբանական անձանց կողմից՝ բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը: Այս նախագծով կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողության լիազորությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Միաժամանակ շատ կոնկրետ պատժամիջոցներ են նախատեսված՝ վարչական ու քրեական բնույթի կուսակցությունը ապօրինի ֆինանսավորելու կամ կուսակցության ներկայացուցչի կողմից ապօրինի կերպով ֆինանսավորում ներգրավելու տեսակետից: Այսուհետ կուսակցությունների մուտքերն ու ելքերը պետք է լինեն բացառապես անկանխիկ»,- նշեց Դանիելյանը: Նաև կուսակցությունների ղեկավար կազմի անդամների միջոցները նույնպես հասանելի կլինեն հանրությանը՝ նախատեսելով կուսակցությունների ղեկավարների միջոցների հայտարարագիր նախատեսելով: 2000-ականների սկզբից գործող կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայներ հավաքած կուսակցությունները ստացել են ֆինանսավորում՝ յուրաքանչյուր քվեի դիմաց տարեկան 40 դրամի շրջանակներում: Առաջարկվող նախագծով փոխվում է մոտեցումը: «Այդ մոտեցումը նշանակում էր, որ հիմնականում իշխող կուսակցությունները ստանում են այդ ֆինանսի մեծ մասը: Մեր առաջարկած բանաձևով նախատեսվում է, որ համեմատաբար ավելի քիչ ձայներ ստացած կուսակցությունը կստանա ավելի մեծ կշռով գումար, որը նպատակ ունի նվազեցնել խոշոր և փոքր կուսակցությունների միջև ֆինանսական անհավասարությունը գոնե հանրային ֆինանսավորման մասով»,- հայտարարեց Դանիելյանը:
16:19 - 08 դեկտեմբերի, 2020