Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|
12:21 - 09 դեկտեմբերի, 2020

Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ հատկապես այս իրավիճակում պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, և պետբյուջեն հենց այդ առաջիկա ժամանակահատվածի ծրագիրն է: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ հետպատերազմյան շրջանում:

«Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Պետբյուջեն՝ ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ, սահմանվում է որպես պետության՝ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր ճանաչվում է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ անձ: Եվ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, աշխարհը ճանաչում է պետությանը և ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե որպես փոփոխականների (ներողություն եմ խնդրում բոլոր անհատներից), որովհետև ենթադրվում է, որ մենք բոլորս կարողանում ենք մեր սեփական շահերը ստորադասել հանրայինին»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ինստիտուցիոնալ ներդրողներին՝ Ջանջուղազյանն ասաց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ նրանք կարո՞ղ են 10, 30 կամ ավելի տարով ներդրում անել մի միջավայրում, մի պետության մեջ, կամ այդ պետության որևէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից, և հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները ո՞ր ուղղությամբ են առաջնորդելու տվյալ երկրին»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ դա գործնականում անհնար է:

Նախարարը կարևորեց ներկայացնել նաև, թե երկիրը ինչ զարգացումների արդյունքում է հասել այսօրվան: Անդրադառնալով 2019-ի տնտեսական միջավայրին՝ Ջանջուղազյանն ասաց. «Մենք ունեցել ենք հարաբերական կայուն ընթացիկ հաշվի պակասուրդ, որը ցույց է տալիս արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները՝ մասնավորապես արտաքին առևտրի դիրքը: Համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա հիշեցրեց՝ 2017-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 222 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 1.9 տոկոսը, 2018-ին՝ 247 մլն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին՝ 397 մլն՝ շուրջ 60 տոկոսով ավելի, քան 2018-ին կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Մշակող արդյունաբերության ճյուղը 2019-ին ունեցել է առաջանցիկ աճ:

Անդրադառնալով բյուջետային հատվածին՝ Ջանջուղազյանը նշեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 267 մլն դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 4.8 տոկոսը: Դա հանգեցրել է նրան, որ մենք վերանայել ենք մեր վերաբերմունքը հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որպեսզի կառավարելի միջակայքում պահենք մեր պետական պարտքը: 2018-ին ունեցել ենք 105 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 1.8 տոկոսը, 2019-ին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը: Սա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վկայությունն է»,-ասաց նախարարը:

Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել