ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: «Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ  «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ և 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր: Մաքսանենգության  դեպքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ,  ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.-ն։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային փոստային առաքանին «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքից  ստանալուց հետո ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ՀՀ քաղաքացին: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է: Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
15:58 - 01 մարտի, 2024
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման կարևորությունը։   Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության և վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին և  մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունական ընթացքը։  
11:11 - 01 մարտի, 2024
ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցում։ Այս ամենը տեղի է ունենում Գյումրիում Yerevan City և «Բասեն» սուպերմարկետների սրված մրցակցության ֆոնին։ ՍիվիլՆեթը փետրվարի 28-ին գրել էր, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցի՝ Գյումրի մուտքին զուգահեռ ճնշումներ են գործադրվում նրա մրցակից «Բասեն» սուպերմարկետների ցանցի նկատմամբ։ Մասնավորապես, բոլոր մատակարարները պահանջել էին «Բասեն»-ից բարձրացնել մատակարարվող ապրանքների գները։ Սրա արդյունքում Գյումրիի Yerevan City-ում գները կարող են ավելի էժան լինել, քան «Բասեն»-ում։ Պետեկամուտների կոմիտեն ստուգումները «Բասեն»-ում սկսել է փետրվարի 28-ից, երբ երկու սուպերմարկետների ցանցի միջև մրցակցության ամենաթեժ փուլն է։ «Բասեն»-ի հիմնադիր Գևորգ Եղիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ՊԵԿ աշխատակիցները հանձնարարագիր են ներկայացրել ստուգումներ անցկացնելու նպատակով․ «Դա ինչի՞ հետ կարող է կապված լինել, չգիտեմ։ Իրենց հանձնարարականների շրջանակում ուզում են աշխատողների թվաքանակի, հասույթի, ապրանքների տեսակների, մնացորդի մասին տեղեկություններ։ Երեկ են ներկայացրել հանձնարարագիրը, ստուգումները երկու ամսով են, ես չգիտեմ՝ ինչ կարող են գտնել, ինչ կարող է լինել։ Ինչ ինֆորմացիա իրենց պետք է, վերցրել են»,- ասաց Եղիկյանը՝ հրաժարվելով գնահատական տալ այն փաստին, որ ՊԵԿ-ի այդ գործողությունները տեղի են ունենում Գյումրիում Yerevan City-ի մուտքի արդյունքում առաջացած մրցակցային խնդիրների ֆոնին։ ՊԵԿ-ն արձագանքել է իր կողմից «Բասեն» խանութների ցանցում ստուգմանը` հայտնելով, որ շեշտադրումները չեն համապատախանում իրականությանը. «Ստվերի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողությունները տարբերակված բնույթ չեն կրում’ բոլոր տնտեսվարողների համար ապահովելով համահավասար պայմաններ։ Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների նկատմամբ իրականացվող հսկողությանը’ ցանկացած լրատվամիջոց, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու ցանկության դեպքում, կարող է ուսումնասիրել ՊԵԿ պաշտոնական կայքէջը և գտնել յուրաքանչյուր ամիս հրապարակվող հսկողական գործողությունների արդյունքների մասին տեղեկատվություն»,- հայտնել են կառույցից ու շեշտել, որ անցած տարի նմանաբնույթ խախտումներ են գրանցվել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 
18:22 - 29 փետրվարի, 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն. ՊԵԿ

Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տնտեսվարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն, hեռ․ 080 00 10 08 կամ 060 84 44 44։ Մանրամասները տեսանյութում։    
12:29 - 29 փետրվարի, 2024
Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք. Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին
 |armenpress.am|

Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք. Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին: «Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն ունեցել իրար հետ փոխադարձաբար տեղեկությունների փոխանակման գործող համակարգ, որ իրար տեղեկություններ տան՝ միմյանց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ: Եվ այդ համակարգը բոլորովին վերջերս գործարկվել է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օրենքը մինչև այս չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել: Նա ընդգծեց, որ ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել: Կառավարությունը քաղաքացիներին իրազեկել է գոյություն ունեցող օրենսդրության մասին: Կառավարությունը, ի պատասխան քաղաքացիների, փորձել է նրանց բացատրել, ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը: «Խոսքը ՀՀ քաղաքացիների և ՀՀ օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին է: Մենք 2017  թվականի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք, խոսքը 1 տրլն-ից ավելի գումարի մասին է: Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք: Եթե քաղաքացիները մտածում են, թե հարկն այն է, որ կառավարությունն իրենց ձեռքից խլում է, սխալ ընկալում է»,-ասաց Փաշինյանը: Կառավարության նպատակն է քաղաքացիներին ներկայացնել համակարգերի պատճառահետևանքային կապերը, որ պետական բյուջեի միջոցներն օգտագործվում են մանկապարտեզներ, դպրոցներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար: Վարչապետը բերեց Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման օրինակը, որի համար ծախսվել է 3 մլրդ դրամ: Ըստ Փաշինյանի՝ կարող է քաղաքական առումով թվալ, թե անտրամաբանական քայլ է արվում: Անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչու է դա անում՝ նա ասաց. «Կառավարության մոտիվացիան ՀՀ-ի և քաղաքացու նկատմամբ տածած սերն է բառիս բուն իմաստով: Մենք մեր պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերենք կոնսենսուս: Եվ, եթե մենք գնանք շատ սովորական տրամաբանությամբ, որ շրջանցենք, հարցերի հետ չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Այլ բան, որ մենք այդ երկխոսության մեջ պետք է լսենք նաև քաղաքացիների տեսակետը, տեսնենք, թե այդ հարցը մյուս կողմից ոնց է երևում, դուրս բերենք ամենաարդարացված փաստարկները, որոնց վերաբերյալ հակափաստարկներ չկան, դրանք ընդունենք, օրենսդրորեն հասցեագրենք: Բայց պետք է իրագործենք այդ իրողությունները, որ կմնան այդ քննարկման արդյունքում՝ որպես անառարկելի փաստարկ»: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի են առել և փոփոխություններ են նախատեսել: Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:
17:28 - 28 փետրվարի, 2024
Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին
 |armenpress.am|

Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կսահմանափակվի մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին: Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները՝ թե սպառողների շահերի պաշտպանության, թե ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»,-ասաց Բադասյանը: Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն: Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։ Սահմանվել են խաղին մասնակցելու սահմանափակումներ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Այսպիսով՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը խաղերին, ովքեր օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աջակցության որևէ ծրագրից՝ օգտվելուց հետո որոշակի ժամանակահատվածում: Արգելվում է նաև այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են կամ, եթե ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ, կամ, եթե հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Սահմանվել են նաև խաղաղային գործունեության կարգավորման օպերատորի, կազմակերպչի պարտականությունները: Ըստ օրենքի նախագծի՝ կազմակերպիչն ապահովում է խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված և սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով՝ խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում: Կազմակերպիչը պարտավոր է ապահովել խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում, խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը և այլն:
14:57 - 27 փետրվարի, 2024
Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրինի արտահանման փորձ է կանխվել

Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրինի արտահանման փորձ է կանխվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի  ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձը: Գումարի մի մասը՝ 15 միլիոն ՌԴ ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հզ-ը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։ Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
11:35 - 27 փետրվարի, 2024
Իրանից Հայաստան ժամանած ավտոբուսի մեջ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

Իրանից Հայաստան ժամանած ավտոբուսի մեջ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այս մասին մանրամասն նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:    «Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի  քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում  Շնագիտական բաժնի «կենտրոն» հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված  9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված  «կոկաին»  տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։ Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով: Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:   Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև իրանի քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:58 - 23 փետրվարի, 2024
Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
 |armenpress.am|

Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում նախատեսված է եղել, որ Հայաստանի ռեզիդենտը եկամտահարկ վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ստացած եկամուտների համար։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին։ Նրա խոսքով՝ նախկինում որևէ մեխանիզմ չի եղել օրենքով սահմանված այդ պարտականությունը կյանքի կոչելու համար։ «ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը, և, ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք վարչարարություն իրականացնել․ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-հայտնել է Բադասյանը։ Նա նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից կան նաև  օբյեկտիվ հիմքեր ունեցող հարցադրումներ և դժգոհություններ։ Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, քանի որ սովորույթի ուժով երբևէ հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, ապա առաջին անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնած անձանց  վերաբերյալ՝ որոշակի տույժեր են հաշվարկվել։ «Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասել է ՊԵԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին, ընթանում են այն ուղով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
12:56 - 23 փետրվարի, 2024
Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

civilnet.am: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունից հետո ստվերից դուրս է եկել շուրջ 21 հազար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր․ կառավարության փետրվարի 23-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ 15 392 քաղաքացի ներկայացրել է վարձակալությանը վերաբերող շուրջ 21 հազար հայտարարագիր։ «Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։ Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
11:00 - 23 փետրվարի, 2024
ՊԵԿ-ը մշակում է նոր նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում
 |armenpress.am|

ՊԵԿ-ը մշակում է նոր նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։ «Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները  ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում: Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով»,-տեղեկացրին կոմիտեից:
14:15 - 22 փետրվարի, 2024
Հայաստանում կարգելվեն օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերը |armenpress.am|

Հայաստանում կարգելվեն օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղաղային ոլորտում իրական ժամանակում հսկողություն իրականացնել և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները  դարձնել ստուգելի։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը սպառողների պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կլինի ստուգելի, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարված խաղադրույքների ծավալը կլինի ստուգելի և կդառնա վերահսկելի, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա»,-նշեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց նախագծով առաջարկվող հիմնական կարգավորումները։ «Նախագծով նախատեսվում է կարգավորել խաղային ոլորտում իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություններ ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները։ Նախագծում առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը և ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ։Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, սույն օրենքի շահառուների շահերի պաշտպանություն»,-ասաց Բադասյանը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ օրենքով արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։ «Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, իսկ դրա անհնարինության դեպքում նաև ԿԲ-ն պարտավոր է հսկողություն սահմանել, որպեսզի առևտրային բանկերի նման հաշվեհամարներին փոխանցումը արգելափակվի»,-ասաց Բադասյանը։
12:47 - 21 փետրվարի, 2024
Քննարկվում է օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու հարցը. ՊԵԿ

Քննարկվում է օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու հարցը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %): Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Այսինքն, եթե ՀՀ ռեզիդենտ քաղաքացին աշխատել է այլ պետությունում, ապա նա ունի օտարերկրյա պետությունում վճարված և ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափի տարբերության չափով եկամտային հարկի վճարման պարտավորություն: Իսկ, եթե օտարերկրյա պետությունում վճարված եկամտային հարկի դրույքաչափը գերազանցում է ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափը, ապա այս դեպքում՝ քաղաքացու համար Հայաստանի Հանրապետությունում վճարման որևէ պարտավորություն չի առաջանում:
11:00 - 21 փետրվարի, 2024