Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի 
 |factor.am|

Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար: Արտաքին սպառնալիքը, ներքին բևեռացումը և դեպի Եվրամիություն հետագա առաջընթացը Վրաստանի համար այսօր երեք հիմնական մարտահրավերներն են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»։ «Բևեռացումն ամենուր է՝ կուսակցությունների մեջ, լրատվամիջոցներում, նույնիսկ եկեղեցում… Բևեռացումն այն իմաստով, որ դուք այլևս չեք վստահում մյուսին, երբ կարծում եք, որ մյուսն արդեն թշնամի է, և դա այն դեպքում, երբ իրական թշնամին գտնվում է մեր սահմանի վրա։ Նման պահին բևեռացումը դառնում է հանցագործություն ազգի դեմ, քանի որ թուլացնում է երկիրը։ Սա այն է, ինչ թշնամին շահագործում է նույնիսկ առանց ուժային հարձակում գործելու»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նա հորդորել է չմոռանալ, որ ռուսական բազան գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի մոտ։ «Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, և չնայած դրան՝ մենք զարգացնում ենք ժողովրդավարական ճկունություն, թեև այն կատարյալ չէ»,- ընդգծել է նախագահը։  Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն» ապրեց, երբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստացավ։ 
15:35 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար: Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր: Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար: Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին: Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա: Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն: Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները: Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը: Անշուշտ, տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ: Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել երկկողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»: 
22:34 - 30 մայիսի, 2022
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և  Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:  Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Ուրախ եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնում եմ եղբայրական Վրաստան։ Համոզված եմ՝ որպես բարիդրացիական պետությունների նախագահներ՝ մեր նշանակալի ներդրումը կունենանք երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում»,- գրել է Հայաստանի նախագահը: Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, շատ գնահատելի է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակին, որոնք երկու երկրների համար սերտ բարեկամական հարաբերությունների 30 տարիներ են եղել, և այսպես էլ կշարունակվի։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, այդ թվում առանձնացվել են տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։     
20:41 - 30 մայիսի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022
Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային, հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի |1tv.ge|

Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային, հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և նշել, որ հույս ունի, որ Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի նրա դեմ։ Ինչպես նշել է Վրաստանի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ագրեսիվ գործողությունները երբեք արդյունք չեն տալիս։ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ գործընթացները կանցնեն երկխոսության ռեժիմի։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որն իր ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ։ Այս գործողությունները արդյունք չեն բերում։ Այսօրվա աշխարհն այլ է, 20-րդ դարի գործողություններն արդեն անախրոնիստական ​​են։ Այս ձևով և այս մոտեցումներով մենք՝ որպես ժողովրդավարական աշխարհ, Եվրոպա, չենք կարող հաղթահարել գլոբալ սպառնալիքները, որոնք բոլորս գիտենք, որ կան։ Այնպես որ, հուսով եմ, որ ամեն ինչ կտեղափոխվի երկխոսության ձեւաչափ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
12:17 - 29 հունվարի, 2022
Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված համաժողովում հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմից: «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզվաընտանիքի վրա, դա Եվրասիական մայրցամաքում ամենափոքր լեզվաընտանիքն է, սակայն այն տասնյակ լեզուներ է ընդգրկում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին՝  նշելով, որ պետք է փոխել ստեղծված իրավիճակը: «Դիմում եմ ձեզ՝ կազմակերպությանը մի նախաձեռնությամբ, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ու ներգրավվածությունը՝ սահմանելու կովկասյան լեզուների միջազգային օր: Մենք պետք է փրկենք դրանք»,- ասել է նա: Կովկասյան լեզվաընտանիքում հաշվվում է ավելի քան 30 լեզու, որոնք միավորված են 4 խմբում:
17:49 - 13 նոյեմբերի, 2021
Վրաստանի նախագահը չի պատրաստվում այլևս քննարկել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը |tert.am|

Վրաստանի նախագահը չի պատրաստվում այլևս քննարկել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ներում շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք... Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։ «Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։ Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սաակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։
11:02 - 04 նոյեմբերի, 2021
Հայաստանի վարչապետն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարները

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարները

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ զետեղելով հավերժական կրակի մոտ։ Հաջորդիվ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։ «Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Նիկոլ Փաշինյանին Վրաստանի նախագահի նստավայրում և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին հանդիպել նրան։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն թե՛ երկկողմ բարեկամության ամրապնդման, թե՛ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել հայ-վրացական քաղաքական երկխոսության ամրապնդման, առևտրատնտեսական գործակցության խորացման, հումանիտար կապերի սերտացման շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։ Վրաստանի նախագահը և Հայաստանի վարչապետն ընդգծել են հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորման կարևորությունը։ Երեկոյան, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունից կտրվի պաշտոնական ճաշ։  
21:17 - 08 սեպտեմբերի, 2021
Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահին

Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար։ Նամակում մասնավորապես ասվում է. «Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար: Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթու­թյան և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներ­գետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում: Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունա­վետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»: 
11:57 - 23 ապրիլի, 2021