Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակին, ինչպես նաև հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի գործադրումը ադրբեջանական ագրեսիայի կանխման և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։ Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը, դատապարտելով Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու Հայասատանի ու Արցախի անվտանգության և հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման հարցում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։
19:46 - 21 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հանարապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։ Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը։ Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։ Թող Քրիստոս մեր Փրկչի ողորմությունն ու շնորհները հովանի լինեն համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։
10:51 - 28 մայիսի, 2023
Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորեց օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։ Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։ Հայոց Հովվապետն աշակերտներին հորդորեց ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակեն իրենց ուսումնառությունը, ամբարեն նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնեն նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր Եկեղեցու: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայր Զաքարիային և ՀԵՊ ուսուցիչներին՝ պատանի հայորդիներին տարիներ շարունակ քրիստոեական և ազգային արժեհամակարգով կրթելու ու դաստիարակելու իրենց կատարած նվիրյալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունը աշակերտների արձանագրած հաջողություններն են։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
12:18 - 23 մայիսի, 2023
Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Նա անդրադարձել է Հնդկաստանում եկեղեցական կառույցների և, մասնավորապես, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը: Նորին Սրբությունն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։ Իր հերթին նորանշանակ դեսպանն, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:
17:52 - 04 մայիսի, 2023
Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռը հայտնել է, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությումբ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։ «Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:  Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:42 - 03 մայիսի, 2023
Կաթողիկոսն Արգենտինայի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը

Կաթողիկոսն Արգենտինայի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի, հայտնում են Մայր Աթոռից։ «Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում՝ կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։ Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:44 - 01 մայիսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։   «Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։   Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։   Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին», - ասված է հաղորդագրության մեջ։
20:31 - 30 ապրիլի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար: Անդրադառնալով տարածաշրջանում առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի  կողմից շարունակվող ոտնձգություններին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։  Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար:  Իր հերթին Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ղեկավար Բրունո Ռետայոն ընդգծեց, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը: Այս առիթով պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց Հայոց Հայրապետին, որ Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:
15:29 - 25 ապրիլի, 2023
Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|

Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|

armenpress.am: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ հորդորելով մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: «Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այն բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակների նկատմամբ»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին. «Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 
12:36 - 24 ապրիլի, 2023
Գարեգին Բ-ն չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը |news.am|

Գարեգին Բ-ն չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը |news.am|

news.am: Ն.Ս Օ Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթք հղեց՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանության հուշահամալիրում Սուրբ պատարագ մատուցվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի: Լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ դրանք լավ չեն Աստծո հետ, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է: «Այլևս ոչ մի հարց»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսն ու հեռացավ հոգևորականների ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողները Գարեգին Բ-ից հետաքրքրվել էին, թե արդյո՞ք շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, ինչին նա պատասխանել էր. «Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման»: Իսկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գարեգին Բ-ի հայտարարությանը, նշել էր. «Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու․ եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն քրիստոնեական տեսության»:
12:23 - 24 ապրիլի, 2023
Մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին․ Գարեգին Բ

Մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ, փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։ Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը։ Թող Երկնավոր Տերը խաղաղություն ու բարօրություն պարգևի Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, և թող հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկնային շնորհները և սերը բաշխվեն համայն մեր ժողովրդին ու ողջ մարդկությանը այսօր և միշտ. ամեն»։
09:19 - 24 ապրիլի, 2023
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան

Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան

Փորձ են անում ներկայացնել, որ լավ չեն կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության», -ԱԺ-ում ասաց Փաշինյանը՝ Պողոս առաքյալից մեջբերում կատարելով․  ««Չկա իշխանություն, որն Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կախված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Հետևաբար թող եկեղեցին ինքն իր էության, տեսության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, հզորացնել և խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։ Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը, պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը, ասաց, որ իրենք հայրական հորդոր էին ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում․ «Կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաեւ մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին», - նշել էր նա։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
20:51 - 21 ապրիլի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։ Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։ Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
11:35 - 12 ապրիլի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ Պատարագ է մատուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ Պատարագ է մատուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Սրբազան արարողությանը Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։    «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ մարդու Որդին գա, արդյոք   երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, Իր փրկագործությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգևեց մարդկանց, նաև զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։ Քրիստոսի խաչելությունից մինչ օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները արհավիրքներ են սփռում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի իրողությունների հանդիման, արդարև, նոր ուժգնությամբ է հնչում Քրիստոսի խոսքը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։ 21-րդ դարը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։ Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։ Մենք ևս անցանք 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող, վտանգալի երևույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող վիշտը մեր նահատակ, գերեվարված, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, որը մեծապես կարևոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։ Մեր կյանքում տեղ գտած նմանօրինակ ընթացքները, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավելի են ծանրացնում կրած վշտի ու կորուստների ցավը։ Եվ այսպիսի իրադրության մեջ ամենքիս համար առավել ուժգնությամբ է հնչում Քրիստոսի հարցադրումն ու հանդիմանությունը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18 8 ), «Ո՞ւր է ձեր հավատը» (Ղուկ. 8.25)։ Հիրավի, երբ պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործումների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի դեռ քինախնդրության և հիշաչարության մղումով սփռվում են զրպարտանք ու անիրավություն։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն և ընտանիք ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են և առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման։ Սիրելիներ, հարության հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի հաշտվողականությունը։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատքը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը և ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ, մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից, կառուցելու լուսավոր ապագա։ Արդ, ազգովի վերանորոգենք մեր հավատը մեր Փրկչի հրաշափառ Հարության տոնախմբությամբ և մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը և կերտենք հարուցյալ նոր իրականություն Քրիստոսի հետ։ Այս մաղթանքով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ամենայն բարյաց մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Սուրբ Հարության այս լուսաշող օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված և խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորոգ շնորհներով փոխակերպվի ու բարեզարդվի աշխարհը, և մարդկությունը երկնային զորակցությամբ հառնի տառապանքներից ու նեղություններից, հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում Փրկչից հատկապես Արցախի Մեր զավակների համար, որպեսզի խիզախ ու անկոտրում լինեն ոգով և արցախցուն բնորոշ ամուր և անհողդողդ կամքով հաղթահարեն իրենց առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո ապահովության ու բարօրության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
17:11 - 09 ապրիլի, 2023