Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ՀՀ առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն կցուցաբերի արցախահայությանը օգնելու համար։ Այդ մասին նշվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։
«Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Գարեգին 2–րդն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։
Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի նաև Կիպրոսի ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
comment.count (0)