Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

ՌԴ դեսպանը Տավուշի մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ |armenpress.am|

ՌԴ դեսպանը Տավուշի մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ներառյալ ` միջտարածաշրջանային համագործակցությունը: Բարձր գնահատելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դինամիկան ՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Տավուշի մարզի կապերի ներկայիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները` այդ թվում  հաշվի առնելով գործարար շրջանակների էական փոխադարձ հետաքրքրությունը։ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն մարզի վարչակազմին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի գործարար համայնքների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման հնարավոր ձևաչափերի մասին: Կոպիրկինն իր երախտագիտությունն է հայտնել մարզի վարչակազմին ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում ՝ ռուսաց լեզվի ուսուցմանն աջակցելու համար: Զրույցի ընթացքում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզպետարանին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու շրջանակներում Ռուսաստանի համակարգային ջանքերի մասին: Կոպիրկինը մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ: Դեսպանը և մարզպետը նաև այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև «Ռուսական կենտրոն»։
16:55 - 25 մարտի, 2023
Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով սահմանային մի հողամաս որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ համայնքային սեփականության հողատարածքը դարձել  է պետական սեփականություն։ Խոսքը սահմանամերձ Ոսկեպարի այն տարածքի մասին է, որից գրեթե 1 կմ հեռավորության վրա նախանցյալ տարի՝ 2021 թ․ ամռանը, տեղակայվել էին ռուս սահմանապահները։  Այդ ժամանակ՝ վերջիններիս տեղակայման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով այդ տեղեկությունն ու պարզաբանելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակում նշված հատվածում շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ ՊՆ-ն չէր մանրամասնել, թե ինչու եւ իրավական ինչ հիմքով են սահմանապահները այդտեղ տեղակայվել, հետագայում էլ ՊՆ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԳՆ-ին ուղղված մեր այդ եւ այլ հարցեր լիարժեք պատասխաններ չէին ստացել։ Նվիրատվության կարգով ՀՀ-ին տրամադրված հողատարածքի կոորդինատները՝ համաձայն ՏԿԵՆ-ից 09․12․22 թ․ ստացված պատասխանի, ռուս սահմանապահների՝ 2021 թ․ տեղակայման կոորդինատները՝ Hetq.am-ի Նվիրատվության որոշումից հետո Infocom-ը մի շարք հարցումներ է հղել պետական կառույցներին եւ ՏԻՄ-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակով է նման որոշում կայացվել, շինարարական ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով է դա առնչվում ռուս սահմանապահների հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հատվածում կառուցված կացարանում տեղակայվել են հենց ՌԴ զինված ուժերի ծառայողներ։ Շուրջ կես տարվա գրագրության արդյունքում Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը այդպես էլ չեն ցանկացել հստակ պատասխանել մեր այդ հարցերին՝ ամեն կերպ շրջանցելով եւ փորձելով անգամ հերքել շինարարության փաստը, որը, սակայն, հավաստվում է թե՛ արբանյակային, թե՛ մեր հեղինակային լուսանկարներով եւ տեսանյութերով։ Ստորեւ ներկայացնում ենք մեր լուսանկարները, որոնք հնարավոր է սլաքի միջոցով թերթել եւ տեսնել, թե ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարվել հիշյալ հողատարածքը։   Ըստ համայնքապետարանի՝ հողամասը նվիրատվության կարգով տրամադրվել է ՀՀ-ին՝ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով Համայնքային հողամասը պետությանը որպես նվիրատվություն տրամադրելու որոշումը կայացրել է Նոյեմբերյան համայնքի ավագանին նախորդ տարվա՝ 2022 թ․ հուլիսի 13-ին հրավիրված արտահերթ նիստում։ Կողմ են քվեարկել ավագանու 14 անդամներ, դեմ եւ ձեռնպահ անձինք չեն եղել։ Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ այն 71․33 հա հողամասից առանձնացված 2 հա մակերեսով մի հատված է՝ հարակից H53 մայրուղուն, որի թե՛ նպատակային, թե՛ գործառնական նշանակությունը հատուկ նշանակության է։  ՀՀ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը եւ օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:  Նոյեմբերյանի ավագանու որոշումը՝ ըստ համայնքի պաշտոնական կայքի  Որոշման հրապարակումից շաբաթներ անց՝ 2022 թ․ օգոստոսի 8-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ նպատակով է ավագանին նման որոշում կայացրել։ Միաժամանակ հետաքրքրվել ենք, թե երբ եւ ում կողմից են տվյալ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել որպես հատուկ նշանակության։ Առանց օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետ խնդրելու Նոյեմբերյանի համայնքապետարանը հարցմանը պատասխանել է գրեթե մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 71.33 հա մակերեսով հողամասից առանձնացված 2.0 հա մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվել է ՀՀ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով: Ըստ համայնքապետարանի՝ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել են որպես հատուկ նշանակության 07.06.2022թ-ին՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։  Նշենք, որ  հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն են։ Այդպիսի հողերում քաղաքաշինական աշխատանքների իրականացումը կարգավորվում է Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված հատուկ կարգով, մյուս դեպքերում, երբ խոսքը համայնքային ոչ հատուկ նշանակության հողերի մասին է՝ վարչական ղեկավարի թույլտվությամբ։ Համայնքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ հողամասը դասակարգվել է որպես հատուկ նշանակության այն նվիրատվության կարգով տրամադրելու մասին ավագանու որոշումից ավելի քան 1 ամիս առաջ։ Այնուհանդերձ, նույն հարցմամբ նշել էինք՝ եթե նախքան հատուկ նշանակության հողատարածք դասակարգվելը տվյալ հատվածում իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, ապա խնդրում ենք տրամադրել կառուցապատման նպատակով վարչական ղեկավարի թույլտվությունը (կամ եթե առկա է մերժում, դրա հիմքերը)։ Դրանից բացի, խնդրել ենք տրամադրել ստույգ տեղեկություններ նախատեսվող/իրականացվող շինարարության եւ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները։ Վերջիններս սահմանում են, որ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։  Նոյեմբերյանի համայնքապետարանը հիշյալ հողամասում քաղաքաշինական գործունեության դեպք չի արձանագրել Վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնել են, որ նախքան հատուկ նշանակության դասակարգվելը եւ նախքան 13.07.222թ-ն այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացվելու դեպք չի արձանագրվել, եւ կառուցապատման թույլտվություն ստանալու համար Նոյեմբերյանի համայնքապետարան ոչ ոք չի դիմել․ «Իսկ նշված մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվելուց հետո ծագած հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ կառավարություն»,- ասված է պատասխանում։ Չնայած համայնքապետարանի այս պատասխանին՝ Sentinel-hub արբանյակային տվյալների մշակման կայքի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ հիշյալ հողատարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացվել է նախքան 13․07․22-ը, այսինքն՝ նախքան համայնքապետարանի կողմից այն պետությանը տրամադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է տրված լինի շինթույլտվություն։ Մասնավորապես, առնվազն հուլիսի 7-ից սկսած՝ նշված հատվածում, որը նախորդ ամսվա լուսանկարում ամբողջությամբ կանաչապատ էր, նկատվում են փորված հատվածներ։ Տեղաշարժելով սպիտակ շրջանը՝ հնարավոր է տեսնել այդ տարբերությունը։   Դրանից բացի, հուլիս ամսին մեր նկարահանող խումբը եւս եղել է Ոսկեպարում եւ արձանագրել օրեր շարունակ այնտեղ ընթացող շինարարությունը։ Ստորեւ տեղադրված տեսանյութերը, օրինակ, նկարահանվել է 2022 թ․ հուլիսի 12-ին՝ դարձյալ նախքան ավագանու որոշումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրացուցիչ հարցմամբ դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ կից ուղարկելով արբանյակային լուսանկարները եւ խնդրելով պարզաբանել նախորդ հարցմանը տրված պատասխանը։ Հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից հայտնել են․ «Նախորդ պատասխանում ոչ թե նշված է, որ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել, այլ նշված է, որ նախքան 13․07․22  այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպք չի արձանագրվել։ Այսինքն՝ եթե անգամ քաղաքաշինական գործունեություն իրականացվել է, դա համայնքապետարանի կողմից չի հայտնաբերվել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, մինչեւ նշված ժամկետն այնտեղ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել»,- ասված է պատասխանում։ Ինչպես արդեն նշեցինք, մի քանի օր Նոյեմբերյան համայնքում գտնվելով՝ մեր նկարահանող խումբն է անգամ այնտեղ արձանագրել քաղաքաշինական գործունեությունը, հետեւաբար տարակուսելի է համայնքապետարանի այն պատասխանը, թե եթե անգամ իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, դա իրենց կողմից չի հայտնաբերվել։ Դրանից բացի, ուշագրավ է, որ տեսանյութում երեւացող տրակտորի վրա առկա է «Նոյեմբերյան համայնք» գրությունը։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցմանը չպատասխանելու համար Հաշվի առնելով, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն են՝ հոկտեմբերի 13-ին մենք գրավոր հարցումներով դիմել ենք նաեւ այդ մարմինների ղեկավարներին՝ ի թիվս այլնի, խնդրելով հայտնել, թե ի՞նչ է կառուցվում նշված հողատարածքում, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների գործառույթների հետ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք պարզաբանել՝ ինչպես է կապված եւ  իրավական ինչ հիմքով։ Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը կտրամադրվի մեկամյսա ժամկետում։ Նոյեմբերի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնն ուղարկել է գրություն՝ հայտնելով հետեւյալը․ «ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին գրավոր հարցման մեջ նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանու կողմից ՀՀ նվիրատվության կարգով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո տվյալ գույքը որպես նվիրատվություն ընդունվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս համապատասխան որոշում չի ընդունել, հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:  Հատկանշական է, որ ԱԱԾ-ի հատուկ նշանակության հողատարածքների լիազոր մարմին լինելը պայմանավորված չէ Կառավարության կողմից նվիրատվությունն ընդունած լինել-չլինելու հանգամանքով, հետեւաբար անկախ այդ որոշման առկայությունից՝ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, տվյալ տեղեկության տնօրինողն է։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, այն եւս պատասխանն ուղարկել է նոյեմբերի 14-ին, թեեւ հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ մենք գրավոր չենք ծանուցվել։ Ըստ ստացված պատասխանի՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հողատարածք չի հատկացվել, հետեւաբար, համապատասխան տեղեկություն չի կարող տրամադրվել։  Նկատենք, սակայն, որ ոչ ավագանու որոշման, ոչ էլ մեր հարցման մեջ խոսքը ՊՆ-ի կարիքների համար հատկացված հողատարածքի մասին չէր, ՊՆ-ն, ըստ Կառավարության հիշյալ որոշման, հատուկ նշանակության հողատարածքի լիազոր մարմիներից մեկն է, ինչով պայմանավորված էլ՝ հարցումն ուղղել էինք նաեւ այնտեղ։ Իսկ եթե տվյալ դեպքում որպես լիազոր մարմին ընտրվել է ԱԱԾ-ն, ապա հարկ էր պատասխանում նշել այդ մասին։ Նախքան նվիրատվությունն ընդունելը Կառավարությունը եւս անհնարին է համարել տեղեկության տրամադրումը Նոյեմբերի 16-ին գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով՝ կառավարությունն ընդունե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ընդունել նվիրատվությունը։ Եթե այո, ապա ե՞րբ եւ պետական ո՞ր մարմնի հետ է կնքվել/կնքվելու նվիրատվության պայմանագիրը, իսկ թե առայժմ չի ընդունել, ապա ինչ պատճառաբանությամբ։ Միաժամանակ դարձյալ խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հիշյալ հողատարածքը տրամադրվել ՀՀ-ին, ինչ նպատակով եւ ինչ է կառուցվում այնտեղ, դա որեւէ կերպ կապված է ռուս սահմանապահների գործառույթներին, եթե այո, ապա ինչպես եւ իրավական ինչ հիմքով։ Հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 24-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ հիշյալ հողամասի նվիրատվությունն ընդունելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է քննության փուլում։ Ըստ պատասխանի՝ որոշումն այդ պահի դրությամբ դեռեւս ընդունված չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ իրավական նախագիծը մինչ ընդունվելն անցնում է նախապատրաստական փուլ։ Դրանով պայմանավորված էլ մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը Կառավարությունն անհնարին է համարել։ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է  նվիրատվությունը Նվիրատվությունից շուրջ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նվիրատվությունն ընդունելու եւ ՀՀ ԱԱԾ-ին ամրացնելու մասին։ Միեւնույն ժամանակ վարչապետը հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել  նվիրատվության պայմանագրի կնքման եւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ՀՀ ԱԱԾ միջոցների հաշվին: Հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ նվիրատվությունը դեռ չի ընդունվել, մենք դարձյալ դիմել ենք ԱԱԾ-ին՝ խնդրելով նվիրատվությունն ընդունված լինելու պայմաններում տրամադրել հիշյալ տարածքում շինթույլտվության որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում տրամադրել հայցվող տեղեկությունները։ Մասնավորապես, խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել ՀՀ-ին, ի՞նչ է կառուցվում այնտեղ, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս է կապված եւ իրավական ի՞նչ հիմքով։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կապվա՞ծ է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ թե՞ ոչ։ Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված՝ նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, կառուցապատողը համաձայնեցնում է նաեւ համայնքի ղեկավարի եւ անհրաժեշտության դեպքում` պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ, այսինքն՝ համայնքը, ամեն դեպքում, անմասն չի մնում այդ գործընթացից, իսկ գաղտնի տեղեկությունների բացակայության դեպքում նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը եւ շինարարության թույլտվությունը միայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ի տիրույթում է։ ԱԱԾ-ն դարձյալ մեկամսյա ժամկետ է խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Ըստ այդմ, պատասխանն ուղարկել է այս տարի՝ 2023 թ․ հունվարի 27-ին։ Հարցման պատասխանում ԱԱԾ-ն արձանագրել է այն, ինչն առանց դրա էլ պարզ էր․ «Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ 13.07.2022 թվականի 118-Ա որոշման մեջ նշված չէ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական սահմաններում գտնվող 2 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ նվիրատվության կարգով հանձնելու նպատակը»։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական-վարչության եւ Նոյեմբերյան համայնքի կողմից նշանակված լիազոր անձի միջև 12.01.2023 թ․-ին Նոյեմբերյանի նոտարական գրասենյակում կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը մուտքագրվել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում եւ 23.01.2023 թ-ին ստացվել անշարժ գույքի վկայական․ «Վերոնշյալ հասցեում ՀՀ ԱԱԾ-ի կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»,-ասված է պատասխանում։ Նկատենք, սակայն, որ հարցմամբ չէինք էլ նշել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Այսպիսով, սահմանամերձ Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ շինարարություն է այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով դա կապ ունի ռուս զինծառայողների հետ, ամիսներ տեւած գրագրության արդյունքում այդպես էլ մնացին չպարզված՝ պայմանավորված պետական կառույցների խուսափողական պատասխաններով։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
15:31 - 22 մարտի, 2023
Խաշթառակում ֆիզիկական ուժեղ ցավի և հոգեկան ուժեղ տառապանքի ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու որոշում է կայացվել

Խաշթառակում ֆիզիկական ուժեղ ցավի և հոգեկան ուժեղ տառապանքի ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ 2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից: Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:   Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք: Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին: Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին: Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով: 2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:46 - 20 մարտի, 2023
Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան
 |news.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան |news.am|

news.am: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ընդունել է որոշում: 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։ Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։ Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։ Լուսանկարը՝ Հետքի/Տավուշի մարզ
13:58 - 23 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: 2022 թվականին գրանցվել է սպանության երեք դեպք (2021 թվականին սպանության դեպք չի արձանագրվել): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և դրա փորձի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները: 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 11 ուսումնասիրություն. դրանց արդյունքում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, երեք ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վեցը գտնվում են ուսումնասիրության փուլում: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ Սևան ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգություն գտնվում է իր անմիջական հսկողության ներքո: Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021): 2022 թվականին աճ է արձանագրվել  միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6): Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն: Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը:  
11:15 - 21 փետրվարի, 2023
Բերդի նախկին համայնքապետը որդուն առաձնատուն կառուցելու համար կեղծ փաստաթղթեր է տրամադրել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է նախաքննության ավարտի մասին

Բերդի նախկին համայնքապետը որդուն առաձնատուն կառուցելու համար կեղծ փաստաթղթեր է տրամադրել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է նախաքննության ավարտի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու՝ ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաև որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Փոխարենը՝ 2017 թվականի մարտի 13-ին, որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձևականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրև ապագայում իրականացված լինելու ժամկետները և այլ տվյալներ: Այնուհետև՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել և տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին և ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: Արդյունքում՝ Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով  (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նշենք, որ քրեական վարույթը Հարություն Մանուչարյանի մասին է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
17:43 - 06 փետրվարի, 2023
Հայոց բանակի օրվա կապակցությամբ Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ

Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասը, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Այնուհետև Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, Իջևանի Մշակույթի տանը տեղի է ունեցել միջոցառում։     Միջոցառումը մեկնարկել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։   Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով են պարգևատրվել ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։ Միջոցառումն ուղեկցվել է ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։  
17:14 - 28 հունվարի, 2023
Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ

Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն Մովսես գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։ Այս մասին հալտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով․  «Չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում  հայտնել հետևյալը. Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանիցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (գողությունը՝ գաղտնի հափշտակությունը), իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել)։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղությամբ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արտառոց դեպքեր են տեղի ունեցել Տավուշի շրջանի սահմանամերձ Մովսես գյուղում։ Մովսեսի համայքապետ Զավեն Պապյանը tert.am-ի հետ զրույցում դեպքի առթիվ ասել էր․ «Անհայտ անձը գյուղի  թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։  Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալիս նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Թե ովքե՞ր են եղել, ի՞նչ է պատահել, դեռ հայտնի չէ։ Ոստիկանները ու ոստիկանության փրկարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, այս գիշեր հանգիստ է եղել, ոչ մի արտառոց բան չի պատահել»,- ասաց Զավեն Պապյանը։
14:23 - 24 հունվարի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Բերդ քաղաքում հողաշերտի փլվածքի հետևանքով մեկ մարդ է մահացել

Բերդ քաղաքում հողաշերտի փլվածքի հետևանքով մեկ մարդ է մահացել

Բերդ քաղաքում հողաշերտի փլվածքի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Հունվարի 20-ին՝ ժամը 14:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ՓԾ-ն պարզել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։ «Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը»,- ասվում է գերատեչության հաղորդագրության մեջ։   Լուսանկարը՝ ՓԾ մամուլի ծառայության
15:26 - 20 հունվարի, 2023
Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան և 2022թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով քաղաքացիների կորցրած և/կամ սահմանն անցած գյուղատնտեսական նշանակության կենդանիների արժեքի փոխհատուցման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Որոշմամբ նախատեսվում է նաև գումար հատկացնել «Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի ձախ ճյուղի հիմնանորոգման աշխատանքներ» օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն, գյուղատնտեսական նշանակության կենդանիներ կորցրած քաղաքացիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչություններ՝ կրած վնասները փոխհատուցելու խնդրով։ Քննարկման արդյունքներով որոշվել է փոխհատուցել քաղաքացիներին՝ կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով։ Համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ քաղաքացիների կրած վնասի չափը կազմում է 545186.8 հազ. դրամ, որի 70 տոկոսը կազմում է 381 630.7 հազ. դրամ։ Մեկ այլ որոշմամբ էլ գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով: Գործադիրն ընդունել է որոշում՝ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից նոյեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
16:28 - 22 դեկտեմբերի, 2022
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
11:20 - 19 նոյեմբերի, 2022