Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա, և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության. ՀՀ վարչապետ

Ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա, և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա, և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք մեր բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնենք մեր երկրի, մեր պետության և ինստիտուտների կայացման աստիճանի մեջ: Որովհետև այստեղ ինչի մասին էլ խոսենք, մեր երկրում առկա ինչ խնդրի մասին էլ խոսենք, ի վերջո, հանգելու ենք որևէ ինստիտուցիոնալ պրոբլեմի և դրանից բխող պատճառահետևանքային կապերի: Նույն անվտանգության ոլորտում հիմա արդեն կարող ենք ասել, որ այլոց շարքում, այդ թվում՝ արդարադատության ոլորտի, մեր բացերն են արտահայտված, որովհետև այն բոլոր խնդիրները և ձախողումները, որ տեսնում ենք, դրանք նաև հետևանք են, օրինակ՝ նախկինում չհարուցված կամ սխալ կարճված քրեական գործերի, քրեական և, ընդհանրապես, արդարադատության ոչ հետևողականության, երբեմն՝ հատվածականության, երբեմն՝ ընտրողականության, և մեր քաղաքական մոտեցումն է, ու մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ ահա այս բոլոր երևույթները պետք է բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով: «Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք: 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա երկու քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Մենք այս որոշումները կայացրել ենք շատ երկար և խորը քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում, և նաև ինստիտուցիոնալ կայացման մեր տեսլականն է, որ բերել է նման որոշումների: Ուզում եմ հատուկ ընդգծել և կարևորել, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետությունում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո: Սա, կարծում եմ, նույնպես մի շատ կարևոր փոփոխություն է, որը Հայաստանը դասում է քաղաքակիրթ երկրների շարքին: Նաև սրանով խնդիր ենք դնում խնայել պրոֆեսիոնալ քննիչներին, ովքեր գիտեն ինտելեկտուալ միջոցներով աշխատել քրեական գործերի վրա, իմանալով և տիրապետելով հոգեբանական նրբությունների, կարողանալով գնահատել ճշտված և ճշգրիտ փաստերի ուժը, դրանց համոզչականությունը և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Քննչական կոմիտեում աշխատավարձերի գրեթե կրկնապատկումը: «Ընդ որում, Քննչական կոմիտեն միակը չէ այս առումով, մենք այս ընթացքում աշխատավարձերի բարձրացում ենք ունեցել և դատական համակարգում, և դատախազությունում, Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե արդեն բարձր աշխատավարձերով էր հիմնադրվել: Ուզում եմ ընդգծել, որ իհարկե, սրանով մեր վստահությունն է արտահայտվում մեր քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ, բայց նաև այս հարցում իմ անձնական մոտեցումը հետևյալն է՝ այստեղ կա և՛ ինստիտուցիոնալ խնդիր, և՛ էֆեկտիվության, և՛ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր: Վերջերս, երբ պետական միջավայրում քննարկում էինք և ուզում հասկանալ, թե աշխատավարձի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում, դատարաններում, քննչական համակարգում, և երբ այդ դրույքաչափերը դրվեցին իմ սեղանին՝ ես ուզում եմ ուղիղ ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ շատ լավ զգացի, այդ թվում՝ այն պատճառով, որ այսօր Քննչական կոմիտեի բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում: Ոմանք ասում են՝ սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ես համարում եմ, որ դա ավելի քան նորմալ է, որովհետև սա է ինստիտուցիոնալ անկախությունը և էֆեկտիվությունն ապահովելու միջոցը և ճանապարհը»,- շեշտել է Կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր գործառույթ է իրականացնում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու տրամաբանությամբ: «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այս տարի տեղափոխվեց Քննչական կոմիտեի համակարգ: Ուրախ եմ տեսնել նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ծառայություններն արդյունավետ կերպով համագործակցում են Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ: Այս առումով էլ փաստորեն այս տարի առերեսվեցինք հարկային եկամուտներ վճարելու, այսպես ասած, տեխնոլոգիական նոր եղանակների հետ: Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ թեկուզ խոշոր մեկ գործի բացահայտումն ամենևին էլ բավարար չէ, որովհետև եթե այդ մեխանիզմը կա, ենթադրել, որ այդ մեխանիզմից օգտվում են մեկ-երկու տնտեսվարողներ, մեր կողմից առնվազն միամտություն կլինի: Ես այդ խնդիրն առաջադրել եմ նաև ՊԵԿ-ին, իրավասու մյուս օպերատիվ մարմիններին, այդ խնդիրը դրված է նաև Քննչական կոմիտեի առաջ, որ հետևողականորեն շարունակենք, որպեսզի այդ տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական միջոցներով հարկերից խուսափելու այդ տրամաբանությունը կարողանանք արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից, որովհետև չվճարված հարկը մեր երեխաների չստացած կրթությունն է, նրանց ֆիզիկական պատշաճ պատրաստություն ունենալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, առողջապահական պատշաճ ծառայությունների սակավությունը, անվտանգության ոլորտի ամենատարբեր խնդիրների լուծումը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն. «Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով անվտանգության ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Մենք որքան ենք ցավում մեր երկրում հատկապես անվտանգության ոլորտում ի հայտ եկող խնդիրների կապակցությամբ: Շատ դժվար է գտնել մի մարդ, որը մինչև սրտի խորքն այդ ցավը գենետիկ մակարդակում չի զգում, բայց տեսեք, Հայաստանում 2023 թվականին քրեական գործեր են բացահայտվում զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու վերաբերյալ, նենգափոխելու վերաբերյալ: Այդ գործերն ովքեր են անում, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք, ամենաբարձր ծառայության կոչում ունեցող մարդիկ՝ բժիշկները և զինվորականները: Սա խորը սոցիալ հոգեբանական հակասություններ է ի հայտ բերում: Մենք պետք է հասկանանք, լավ մեզ հետ ի՞նչ է կատարվել և մեզ հետ ի՞նչ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ պետք է շատ հստակ լինի, այս ամեն ինչը մեզ համար կարմիր գիծ է, որովհետև այստեղից են այն պրոբլեմները ծագում:Չնայած նորից պետք է արձանագրել, որ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, որ հասկանում ենք այն բոլոր պրոբլեմները և ճանաչում ենք այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր առաջ են: Այսօր տեսեք՝ աշխարհում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ոչ մի բանաձևի և ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում, և աշխարհը, իրականությունը, հարաբերությունները շատ դինամիկ պրոցեսի մեջ են, և նորից եմ ասում՝ սրա համար մեր ճանապարհն ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելն է, որպեսզի մեր պետական և հանրային օրգանիզմը հնարավորինս լինի առողջ: Առողջ լինելու համար մի ճանապարհ կա՝ հետևողական պայքարել հիվանդությունների, ախտերի, բացերի դեմ: Դրա ճանապարհին ամենակարևոր առաքելություններից մեկը պատկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին: Եվ ես ուզում եմ ձեզ և մեզ՝ բոլորիս, հաջողություն մաղթել այս ճանապարհին»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր պահանջը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության անխուսափելիությունը: «Եվ նորից ուզում եմ հիշեցնել, հորդորել և խնդրել բոլորիդ, որ երկու ուղղություն չափազանց կարևոր են՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի հետապնդման և ոչ մի մեղավոր չպետք է խուսափի պատասխանատվությունից: Այս բանաձևի հետևողական կատարումն է այսօր, վաղը և ընդմիշտ ամենամեծ ծառայությունը հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և համոզմունք հայտնել, որ այսօր հենց այդ բանաձևն է դրված բոլորի աշխատանքի հիմքում», -ասել է Կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ իրեն ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իր առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ, քանի որ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որ կտա նման հրահանգ և Հայաստանի Հանրապետությունում չկան քննիչներ, ովքեր կկատարեն այդ հրահանգը: «Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվության անխուսափելիությունը: Եվ ես ուզում եմ ձեզ մաղթել, ակնկալել և հավատալ, որ աներեր կանգնած եք այս սկզբունքների, այս արժեքների պաշտպանության դիրքերում, որովհետև այդ արժեքներն ընկած են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և ապագայի հիմքում»,- ասել է վարչապետը:
18:03 - 09 հոկտեմբերի, 2023
ՔԿ նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

ՔԿ նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։ Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել, իսկ Կոմիտեի և Հանդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։ Դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ նկատել է, որ վերջին շրջանում Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում։ Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է մեր երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։ Երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ տիկին դեսպանի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ իրավական հարաբերությունների առաջընթացի համար։
17:58 - 14 սեպտեմբերի, 2023
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել միջգերատեսչական ամուր կապերի նշանակությունը միջպետական հարաբերությունների կայուն զարգացման, երկու երկրներում օրինականության պահպանման, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ փոխգործակցության կայուն ավանդույթները, երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա փոխադարձ վստահությունը կարևոր նախադրյալներ են ստեղծում միմյանց բարձրացրած խնդիրների լուծմանը նախանձախնդրությամբ վերաբերվելու, քննչական հարցումների կատարման, հանցագործություններին արագ հակազդման համար։ Արգիշտի Քյարամյանը և Վախթանգ Գոմելաուրին մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, փորձի փոխանակման մշտապես գործող կառուցակարգերի գործարկման կարևորության մասին։    
15:57 - 07 սեպտեմբերի, 2023
Արգիշտի Քյարամյանն ու Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հարցեր

Արգիշտի Քյարամյանն ու Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հարցեր

Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքային այցը Վրաստան։ Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրաստանի գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակներում իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր։ Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն ձգտում է հնարավորինս զարգացնել Վրաստանի իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը՝ ելնելով քրեական վարույթների շրջանակներում նախաքննության արդյունավետության բարձրացման, փորձի փոխանակման և անդրազգային հանցագործություններին դիմակայելու ընդհանուր կարիքներից։  Իրակլի Շոթաձեն և Արգիշտի Քյարամյանը միմյանց ներկայացրել են իրենց ղեկավարած համակարգերի գործառույթների շրջանակն ու առանձնահատկությունները։ Կարևորվել է երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության հետևողական խորացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել վերջերս ՀՀ և Վրաստանի գլխավոր դատախազների՝ Վրաստան և Հայաստան կատարած այցերին։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել նպաստելու երկու երկրների իրավապահ մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման նոր հնարավորությունների իրացմանը։
13:03 - 07 սեպտեմբերի, 2023
Քյարամյանն ու Սոբհանին ՀՀ ՔԿ-ի և Իրանի դեսպանության միջև գործակցությունն ընդլայնելու մասով մտքեր են փոխանակել

Քյարամյանն ու Սոբհանին ՀՀ ՔԿ-ի և Իրանի դեսպանության միջև գործակցությունն ընդլայնելու մասով մտքեր են փոխանակել

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:   ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհավորել է պարոն Սոբհանիին՝ Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ի շահ դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ընդհանուր նպատակների և սերտ համագործակցության։   Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ երկու պետությունների իրավապահ համակարգերի միջև ձևավորվել է ջերմ հարաբերությունների բարձր մակարդակ, որին հասնելու գործընթացին մեծապես նպաստել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։   «Անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, այս ոլորտում երկկողմ գործակցության ճկուն կառուցակարգերը, որոնք նպաստել են քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց արդյունավետ լուծմանը, փաստում են վերջին տարիներին օրեցօր խորացող երկկողմ համագործակցության մասին»,- իր խոսքում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը` հավելելով, որ հայ-իրանական բարձրարժեք հարաբերությունների լավագույն դրսևորում է հանդիսանում նաև ՀՀ Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը:   Դեսպան Սոբհանին վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ դեսպանատան միջև հաստատված վստահելի, ջերմ հարաբերությունների հենքի վրա հնարավոր է լինելու ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Դեսպանն ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների՝ մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության, մարդկանց ապօրինի սահմանահատումների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման կարևորությունը, միաժամանակ երկուստեք միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները հարևան երկրների քաղաքացիների փոխայցելությունների, տնտեսական հարաբերությունների և հատկապես զբոսաշրջային այցելությունների առկա ինտենսիվությունը պահպանելու և զարգացնելու առումով։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության միջև հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության ապահովման, հաղորդակցության գործող կառուցակարգերի արդյունավետության առավել բարձրացման խնդիրներին:
18:20 - 16 օգոստոսի, 2023
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության հիմքի վրա, ինչը դրսևորվում է նաև իրավական համագործակցության ոլորտում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Նիդերլանդների իրավասու մարմիններին ուղղված՝ քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննչական բոլոր հարցումները կատարվում են շատ կարճ ժամկետներում և բարձր օպերատիվությամբ։ Ներկա պահին չկան ինչպես ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված, այնպես էլ՝ Նիդերլանդների համապատասխան մարմիններից ստացված՝ չկատարված կամ ձգձգվող իրավական հարցումներ։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ակտիվ գործունեության արդյունքում երկու երկրների իրավապահ համակարգերի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի կզարգանան։ Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սխերմերսն իր հերթին շեշտել է իրավապահ ոլորտում Հայաստանի և Նիդերլանդների անխափան գործակցության արդյունավետությունը՝ վստահեցնելով, որ դեսպանատունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ դրան խթանում է նաև այն հանգամանքը, որ Նիդերլանդներում են տեղակայված Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի (Europol) կենտրոնական գրասենյակները, որոնց հետ ՀՀ իրավապահ մարմինները սերտ համագործակցություն են ծավալում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի առանձին ոլորտներում փորձագիտական աջակցությանը, ինչպես նաև՝ տեղեկատվության և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան միջև հաղորդակցության օպերատիվությունը բարձրացնելու եղանակները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 
16:27 - 19 հուլիսի, 2023
Քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն, ինչով պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները: Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  
12:23 - 11 հուլիսի, 2023
ՔԿ նախագահը ու Եվրոպոլի գործադիր տնօրենը ձեռք են բերել համագործակցությունն առարկայական դարձնելու պայմանավորվածություն

ՔԿ նախագահը ու Եվրոպոլի գործադիր տնօրենը ձեռք են բերել համագործակցությունն առարկայական դարձնելու պայմանավորվածություն

Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, բացի Եվրոպայի միության անդամ երկրներից, նաև ԵՄ-ի հետ համագործակցող երկրներին փորձագիտական, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու՝ Եվրոպոլի առաքելությունը։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ տիկին գործադիր տնօրենի այցը նոր էջ կբացի Եվրոպոլի և ՀՀ քննչական կոմիտեի միջև սերտ համագործակցության համար։ Քննչական կոմիտեի նախագահը դրա անհրաժեշտությունը պայմանավորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաև՝ երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերվող կապիտալի վերադարձմանը և ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Ըստ աղբյուրի՝ Քեթրին դը Բոլը շեշտել է իր այցի կարևորությունը՝ ՀՀ իրավապահ համակարգի հետ գործակցության ընդլայնման, Հայաստանին Եվրոպոլի աջակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու առումով։ Նա նշել է, որ Եվրոպոլը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է օժանդակելու ԵՄ անդամ կամ գործընկեր հանդիսացող երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը, որի նախադրյալներն արդեն դրվել են։ Հաղորդակցության միջազգային այս հարթակը հնարավորություն կտա նաև ՀՀ քննչական կոմիտեին կտրուկ բարձրացնելու ցանցում ընդգրկված երկրների իրավասու կառույցների հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, իրավական խնդիրներին արձագանքելու օպերատիվությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ձեռք են բերվել համագործակցությունն առարկայական դարձնելուն ուղղված պայմանավորվածություններ։ 
18:52 - 28 հունիսի, 2023
Արգիշտի Քյարամյանի միջնորդությամբ՝ երկու քննիչ ազատվել է պաշտոնից

Արգիշտի Քյարամյանի միջնորդությամբ՝ երկու քննիչ ազատվել է պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի` քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի: Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։ Դրա հիման վրա ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից»- ասված է ՔԿ հաղորդագրությունում:
16:44 - 27 հունիսի, 2023
«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք».  Տիգրան Առաքելյան |news.am|

«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք». Տիգրան Առաքելյան |news.am|

news.am: Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ավելի վաղ ահազանգել էր ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին, հայտնում է, որ իրեն գործարք են առաջարկել։ «Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակում մի փոքր փոփոխություն կա. ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ  խոշտանգել է,  իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ... Գործարք... Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսին էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ, արի այսքանով սահմանափակվենք»։ Իրոք, սխալվել են։ Հիմա ասեմ ամենակարևորը. հնարավոր չէ անել այդպես մի պատճառով. ինձ գետնին գցած խոշտանգելուց մորս մահվան օրն ինձ մեր են քրֆում։ Ասում եմ՝ ինձ մի քրֆի մեր, մերս մահացած է։ Ինքը  դրանից հետո մորս դագաղն է քրֆում։ Արգիշտի Քյարամյան... Ես գետնին ընկած ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, խնդրում եմ հինգ տարեկան երեխա ունեմ տանը, ասում են՝ էն չաղկալ երեխեն հինգ տարեկան, բերելու ենք աչքիդ դեմը... Ինքը չի պատկերացնում այդ հայհոյանքով ինչ է ինձ արել։ Բացառվում է  գործարք։ Պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տիգրան Առաքելյանը։ Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Ավելլի ուշ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:
12:40 - 23 հունիսի, 2023
Իրավական փոխօգնության ասպարեզում Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ. Զոհուրի

Իրավական փոխօգնության ասպարեզում Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ. Զոհուրի

Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման համար։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանում պարոն Զոհուրիի բեղուն գործունեության ընթացքում էապես բարձրացել է քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բնորոշմամբ՝ իրավական ոլորտում խորացող երկկողմ կապերը լիովին համապատասխանում են երկու երկրների ջերմ, բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։ Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախընթաց ժամանակահատվածում Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված աշխատանքային անմիջական հաղորդակցության շնորհիվ հաջողվել է բազմաթիվ հարցերի տալ հրատապ լուծումներ։ Այդ տեսանկյունից դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաստատված համագործակցության մոդելը, ըստ դեսպան Զոհուրիի, կարելի է հաջողված օրինակ համարել։ Դեսպան Զոհուրին հավելել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարում կողմերը հասել են երկու երկրների քաղաքացիների իրավունքներից, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ընդհանուր նպատակներից բխող կարևոր արդյունքների, որոնք դեռևս զարգացնելու տեղ կա։ Նա նշել է, որ բազում ոլորտներում, այդ թվում նաև՝ իրավական փոխօգնության և գործակցության ասպարեզում, Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ, և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն դրան։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Զոհուրիին՝ ծավալած ակտիվ, նախանձախնդիր և երկու բարեկամ ժողովուրդների շահերից բխող գործունեության համար՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում ԻԻՀ նոր դեսպանը արդեն ձևավորված փոխգործակցության հարուստ փորձի հենքի վրա հնարավորություն կունենա առավել զարգացնելու և ամրապնդելու հարաբերությունները։  
19:15 - 19 հունիսի, 2023
Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որոնց կազմում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ստրասբուրգում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների չափորոշիչների կիրարկման, ինչպես նաև ոլորտային շարունակական բարեփոխումների համատեքստում ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությանը, գործունեության առաջնահերթություններին, ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ ՔԿ-ից հիշեցնում են, որ պատվիրակության անդամների այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Այն ուղղված է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմի գործարկմանն աջակցություն ցուցաբերելուն և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների միջև երկխոսության, քննարկումների խթանմանը։
13:03 - 12 մայիսի, 2023
Շուշին ընկել է, եւ դա մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. Քյարամյան |news.am|

Շուշին ընկել է, եւ դա մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. Քյարամյան |news.am|

news.am: Շուշին ընկել է եւ դա մեր բոլորի պարտությունն է., ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի. Դա հայ ժողովրդի եւ ազգի պարտությունն է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում նշեց Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Դիտարկմանը, որ այս իշխանության օրոք է Շուշին ընկել, նա ասաց. «Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա: Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով Գործը գտնվում է դատաքննության փուլում»: Քյարամյանը նշեց, որ ինքը պատերազմի օրերին որպես կամավոր է եղել Արցախում. «Շտ ուրախ կլինեի, որ շատ-շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին եւ միգուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք»: Հարցին, թե արդյոք ինքը վարչապետին խորհուրդ չի տալիս չխոսել, քանի որ շատ գործեր գտնվում են քննչական կոմիտեի վարույթում եւ նախաքննական գաղտնիքներ կան, Քյրամյանը պատասխանեց. «Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել, ես էլ  որեւէ մեկին չեմ զեկուցում»: Անդրադառնալով 11 հազար դասալիքների մասին հայտարարությունենրին, նա նկատեց. «Հայաստանում կան բազմաթիվ քրգործեր հարուցված դասալքության, տարբեր թեմաներով, ես չէի ուզենա դրան անդրադառնալ: Թվեր չեմ ասի»: Նա հավելեց, որ որ չի տիրապետում 11 հազար դասալիքի մասին տեղեկություններին:
10:32 - 09 մայիսի, 2023