Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման համար։
Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանում պարոն Զոհուրիի բեղուն գործունեության ընթացքում էապես բարձրացել է քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բնորոշմամբ՝ իրավական ոլորտում խորացող երկկողմ կապերը լիովին համապատասխանում են երկու երկրների ջերմ, բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։
Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախընթաց ժամանակահատվածում Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված աշխատանքային անմիջական հաղորդակցության շնորհիվ հաջողվել է բազմաթիվ հարցերի տալ հրատապ լուծումներ։ Այդ տեսանկյունից դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաստատված համագործակցության մոդելը, ըստ դեսպան Զոհուրիի, կարելի է հաջողված օրինակ համարել։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Զոհուրիին՝ ծավալած ակտիվ, նախանձախնդիր և երկու բարեկամ ժողովուրդների շահերից բխող գործունեության համար՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում ԻԻՀ նոր դեսպանը արդեն ձևավորված փոխգործակցության հարուստ փորձի հենքի վրա հնարավորություն կունենա առավել զարգացնելու և ամրապնդելու հարաբերությունները։
comment.count (0)