ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
20:02 - 12 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր։
18:46 - 12 մայիսի, 2022
Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել.  «Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վալդիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք: Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.  «Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան՝ և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով, մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք: Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն: Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
17:30 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: «Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը: Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
16:55 - 12 մայիսի, 2022
Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։ Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։ Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։ Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։ Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։   Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։ Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։ Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։ Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։   Իրաք Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։ Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։   Լիբիա Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։ Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։   Իրան ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։ Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։   Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։ Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։ Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է: «ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։   Նորա Վանյան
16:51 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է, թե երկիրը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները: Նրա խոսքով, «Արևմուտքի սանկցիոն մոլուցքը Եվրամիության բնակիչների համար կստեղծի ծանրագույն հետևանքներ և սով կառաջացնի աշխարհի առավել աղքատ երկրներում»: «Շատ առումներով հենց այդ պատժամիջոցներն են համաշխարհային ճգնաժամ հարուցում: Դրանց կարճատես հեղինակները, ղեկավարվելով քաղաքական հավակնություններով և ռուսատյացությամբ, իրենց իսկ ազգային շահերին, սեփական տնտեսություններին և իրենց բնակիչների բարեկեցությանն են հարվածում»,- հայտարարել է Պուտինը: Նա ասել է, թե մի շարք երկրներում արդեն կա սովի սպառնալիք, և դրա համար մեղավոր է «բացառապես Արևմուտքի վերնախավը»: Ռուսաստանի ղեկավարը պնդել է նաև, որ ազգային տարադրամը՝ ռուբլին, աշխարհի բոլոր արժույթների շարքում «ունի առավել կայուն դինամիկան»:
15:48 - 12 մայիսի, 2022
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

«Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները նշանակում են, որ ՌԴ-ն նրանց հետ ոչ մի հարաբերություն չի ունենալու, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Գազպրոմի»՝ Եվրոպայում գտնվող  նախկին և ներկայիս դուստր-ընկերությունների դեմ պատժամիջոցները կբարդացնեն գազի մատակարարումը՝ Պեսկովն ասել է․ «Դրանք պատժամիջոցներ են, որոնք արգելափակում են մտցնում այս ընկերությունների նկատմամբ […], այդ պատճառով էլ այս ընկերությունների հետ փոխհարաբերություններ չեն լինելու, դրանք պարզապես արգելված են»։ Այն հարցին, թե ինչպես է դա ազդելու Եվրոպային գազ մատակարարելու վրա, Պեսկովը պատասխանել է․ «Այդ ընկերություններն այլևս չեն կարող մասնակցել գործընթացին, հավանաբար ուրիշ ընկերություններ կմասնակցեն դրան»։ Ռուսաստանը մայիսի 11-ին արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել Gazprom Germania խմբի նկատմամբ, որն այժմ Գերմանիայի կառավարությանն է ենթարկվում։ Այսօր ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել էր, որ Գերմանիայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունները երեկվանից դադարել են գազ ստանալ Ռուսաստանից, սակայն շուկան թույլ է տալիս դա փոխհատուցել։ Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետները «մշտադիտարկում են իրավիճակն ու պատրաստ են դրան»։ «Շուկան կարող է փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», - ասել էր նա։ Նորա Վանյան
15:42 - 12 մայիսի, 2022
Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 16-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ գագաթնաժողով կանցկացվի Մոսկվայում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Դա լինելու է և առաջնորդների հանդիպում, և նրանց առանձին շփումներ՝ աշխատանքային նախաճաշի շրջանակում», - ասել է նա։ Այս միջոցառման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում է ՌԴ և Բելառուսի նախագահների երկկողմ հանդիպումը։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նորա Վանյան  
14:44 - 12 մայիսի, 2022
«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև մայիսի 19-ը |armenpress.am|

«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև մայիսի 19-ը |armenpress.am|

armenpress.am: «Ռոսավիացիա»-ն 13-րդ անգամ երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում: «Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 19-ը, Մոսկվայի ժամանակով 03։45-ը: Սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և էլիստայի օդանավակայաններին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ուղևորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում: ՌԴ-ի ներսում թռիչքների սահմանափակումները «Ռոսավիացիա»-ի կողմից մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:59 - 12 մայիսի, 2022
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը աջակցություն են հայտնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումին։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. տեղեկացնում է ֆինլանդական «Helsingin Sanomat»-ը: Նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ Պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան պետք է հրատապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Նրանց խոսքով իրենք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն քննարկի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար: Ըստ պաշտոնյաների՝ ժամանակ է անհրաժեշտ եղել ինչպես միջազգային շփումների, այնպես էլ ներքաղաքական դիրքորոշում ունենալու համար՝ թե՛ խորհրդարանում, թե՛ առհասարակ հանրության շրջանում: Հաջորդիվ նախագահը և կառավարությունը պաշտոնական դիմումի որոշում կկայացնեն, խորհրդարանը կքննարկի հարցը, և Ֆինլանդիան կտեղեկացնի ՆԱՏՕ-ին ռազմական դաշինք մտնելու իր ցանկության մասին: Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին: Միաժամանակ Պենտագոնից ասել էին, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ «Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը»:
11:50 - 12 մայիսի, 2022
Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը
 |hetq.am|

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը |hetq.am|

hetq.am: Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Գազպրոմից»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մատակարարման մասին պայմանավորվել են Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսին։ Ապրիլի վերջին Բուլղարիան հրաժարվել էր ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Դրանից հետո «Газпром»-ը դադարեցրել էր այդ երկիր սեղմված բնական գազի արտահանումը։  Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, համաձայն որի սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազի համար ԵՄ անդամ երկրները պետք է վճարեն ռուսական ռուբլով։  Լուսանկարը՝ theusaprint.com-ից      
21:00 - 11 մայիսի, 2022
Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են» ուկրաինական զորքերի պաշտպանությունն ու «դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է այն մասին, թե ինչով է վտանգավոր այդ քաղաքի կորուստն ուկրաինական բանակի համար, և ինչ վտանգներ է դա պարունակում ռուսական զորքերի համար։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։   «Մարտեր՝ Պոպասնայայի համար Պոպասնայան համեմատաբար ոչ մեծ քաղաք է Լուգանսկի շրջանի արևմուտքում, պատերազմից առաջ այնտեղ բնակվում էր շուրջ 20 հազար մարդ։ 2014 թ-ին Դոնբասում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում, սակայն արդյունքում՝ մնաց Կիևի վերահսկողության տակ։ Մինսկի համաձայնագրերի ստորագրումից հետո Պոպասնայան հայտնվեց ճակատային գծում, ժամանակ առ ժամանակ այն ենթարկվում էր գնդակոծության։ Ուկրաինական ուժերը Պոպասնայայում և դրա մերձակայքում լավ ամրացված շրջան են սարքել։ Քաղաքը գրոհի ենթարկվեց մարտի սկզբին, և միայն ապրիլի կեսերին հարձակվող զորքերին հաջողվեց հասնել դրա կենտրոն։ Սակայն մարտերը չէին դադարում։ Ռուսական բանակը Պոպասնայայից մինչև Իզյում և դեպի հյուսիս հսկայական ուժեր է կենտրոնացրել, ասված է ամերիկյան RAND հետազոտական կենտրոնի վերջին հայտարարությունում։ Չնայած շաբաթներ տևած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը՝ ռուսական զորքերին չի հաջողվում ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնբասում։ Միայն երբ ուկրաինական զինվորականներն այլևս պաշտպանելու բան չունեն, նրանք մարտավարական նահանջ են կատարում՝ շրջափակման մեջ չընկնելու համար, նշում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։ Հենց այսպիսի բան տեղի ունեցավ Կրեմեննայա քաղաքում ապրիլին։ «Կրեմեննայայում մենք հասկացանք, որ, եթե պարզապես հողին կպած մնանք, տղաները կզոհվեն, իսկ թշնամուն դրանից վնաս չի լինի, այդ պատճառով էլ վերախմբավորվեցինք և հեռացանք», - ասել էր Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի կորուստն ուկրաինական բանակի համար Սակայն Պոպասնայայի պարագայում՝ այդ բնակավայրի կորուստը կարող է լրջորեն բարդացնել այդ ուղղությամբ ուկրաինական զորքերի դրությունը։ Քաղաքը բարձունքի վրա է՝ ծովի մակարդակից շուրջ 260 մ բարձրության վրա։ Նրա դիրքն ավելի բարձր է, քան մյուս հարակից քաղաքներինը՝ դեպի հյուսիս տեղակայված Լիսիչանսկինը ու Սևերոդոնեցկինը, հարավում գտնվող Սվետլոդարսկինը ու արևմուտքում տեղակայված Բախմուտինը։ Կենտրոնացված գնդակոծությունն ու հակառակորդին աստիճանաբար դուրս մղելն այն մարտավարությունն է, որը կիրառում է ռուսական բանակն այսպես կոչված հատուկ ռազմական գործողության երկրորդ փուլում։ Առաջին փուլում այն շեշտը դնում էր տանկային շարասյուներով արագ ճեղքման վրա, սակայն այս մարտավարությունը մեծ մասամբ անհաջող էր։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքներն են, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Ակնկալվում է, որ ռուսական զորքերն ուժեղացնելու են ճնշումն այս ուղղությամբ։ Ինչպես նշում է Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, Սևերոդոնեցկի հարակից գյուղերում լարված իրավիճակ է, բնակավայրերի համար մշտական մարտեր են ընթանում։ Պոպասնայայի գրավումը ռուսական զորքերին հնարավորություն է տալիս այնտեղ պլացդարմ սարքել, վերախմբավորել ուժերն ու նոր հարվածի համար ուղղություն որոշել։ Օրինակ՝ Իզյումի խմբավորման հետ միասին գրոհել Կրամատորսկն ու Սլավյանսկը՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժերը շրջափակման մեջ գցելու նպատակով։ Հաջողություն գրանցելու գործոնը նույնպես կարևոր է․ «մինչև հաղթական ավարտը պատերազմելու» ռուսաստանցի կողմնակիցները դրական նորությունների կարիք ունեն, իսկ ՌԴ ՊՆ և քարոզչության հաղորդագրությունները ոչ այնքան հայտնի ուկրաինական գյուղեր գրավելու մասին, նրանց մոտ մոտալուտ հաղթանակի զգացում չէին առաջացնում։ Սակայն այստեղ ստորջրյա խութեր էլ կան։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի հետ կապված իրավիճակը ռուսական բանակի համար Ռազմական մասնագետները չեն սիրում այնպիսի ելուստներ, ինչպիսին առաջացել է Պոպասնայայի դեպքում։ Սեպաձև առաջխաղացումը դեպի թշնամու տարածքի խորքը մեծապես երկարացնում է մատակարարման գիծը, պարզ ասած, դժվարացնում է զինամթերքի, տեխնիկայի, պարենի մատակարարումը, նոր ստորաբաժանումների ներմուծումն ու վիրավորների դուրսբերումը։ Եվ, որ ամենավատն է, հարձակողական զորքերը խոցելի է դարձնում թևերից։ Հակառակորդի մոտ գայթակղություն և հնարավորություն է առաջանում «կաթսա» (շրջափակում – խմբ․) սարքելու՝ պատասխան հարվածներ հասցնելով հյուսիսից և հարավից, և որքան երկար է ելուստն, այնքան ավելի բարդ է հակագրոհի ուղղությունը որոշելը։ Իսկ ուկրաինական բանակը զգալի պահեստազոր ունի, որը դեռևս մարտի մեջ էլ չի մտցվել։ Ուկրաինական հակագրոհի և հետագա շրջափակման վտանգը ռուսական հրամանատարությանը ստիպում է Պոպասնայայի մոտ խոշոր խմբավորումներ պահել թևերում այն դեպքում, երբ ճակատի մյուս հատվածներում զորքերի պակաս է զգացվում։ Շարունակվում է ուկրաինական բանակի գրոհը Խարկովից դեպի ռուսական սահման․ այն կասեցնելու համար ռուսական բանակը ստիպված է պայթեցնել կամուրջները։ Եվս մեկ դժվարություն է այն, որ բավական չէ միայն զբաղեցնել տարածքը, այն պետք է նաև պահել։ Պոպասնայայի գրավումից հետո ռուսական հարձակողական զորքերը հայտնվում են պաշտպանվողի կարգավիճակում, իսկ ուկրաինական բանակը, շնորհիվ ՆԱՏՕ-ի մատակարարումների, օրեցօր համալրվում է ծանր հեռահար հրետանիով։ Պոպասնայայի հանձնումը բացատրելիս ուկրաինական կողմը հայտարարում էր, որ քաղաքն ամբողջությամբ ավերված է, և այնտեղ պաշտպանելու ոչինչ չկա»։   Նորա Վանյան
19:07 - 11 մայիսի, 2022
Կրեմլը մեկնաբանել է Խերսոնի մարզը ՌԴ կազմ ներառելու հավանականությունը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Խերսոնի մարզը ՌԴ կազմ ներառելու հավանականությունը |tert.am|

tert.am: Խերսոնի մարզի բնակիչները պետք է իրենք որոշեն՝ դիմել, թե ոչ՝ մարզը Ռուսաստանի կազմում ընդգրկելու համար, բացի այդ, նման գործընթացը պետք է ունենա հստակ իրավական հիմնավորում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։«Իհարկե, նման դիմումի (Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու մասին) լինել-չլինելու հարցը պետք է որոշեն Խերսոնի մարզի բնակիչները, և իրենց ճակատագիրը ևս պետք է որոշեն Խերսոնի մարզի բնակիչները», - ասել է Պեսկովը։Նրա խոսքով, բացի այդ, «սա այն հարցն է, որը պետք է հստակ ու մանրակրկիտ ստուգվի ու գնահատվի փաստաբանների ու իրավաբանների կողմից»։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Խերսոնի մարզի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մարզը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար։
15:32 - 11 մայիսի, 2022