Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին
11:50 - 12 մայիսի, 2022

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը աջակցություն են հայտնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումին։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. տեղեկացնում է ֆինլանդական «Helsingin Sanomat»-ը:

Նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ Պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան պետք է հրատապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»:

Նրանց խոսքով իրենք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն քննարկի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար: Ըստ պաշտոնյաների՝ ժամանակ է անհրաժեշտ եղել ինչպես միջազգային շփումների, այնպես էլ ներքաղաքական դիրքորոշում ունենալու համար՝ թե՛ խորհրդարանում, թե՛ առհասարակ հանրության շրջանում:

Հաջորդիվ նախագահը և կառավարությունը պաշտոնական դիմումի որոշում կկայացնեն, խորհրդարանը կքննարկի հարցը, և Ֆինլանդիան կտեղեկացնի ՆԱՏՕ-ին ռազմական դաշինք մտնելու իր ցանկության մասին:

Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին: Միաժամանակ Պենտագոնից ասել էին, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ «Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել