Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում: Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են: «Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը: Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի  90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից  հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը: Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը:
15:02 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու: «Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին: Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:
13:56 - 27 դեկտեմբերի, 2021
Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար |armenpress.am|

Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար 2021 թվականը եղել է հետպատերազմյան իներցիան հաղթահարելու, նոր ծրագրեր մեկնարկելու, բարեփոխումներ իրականացնելու ժամանակահատված: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ ամփոփելով 2021 թվականի աշխատանքները: «Շարունակում ենք արցախահայությանն ուղղված աջակցությունն ամենատարբեր ուղղություններով: Արձանագրենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծամասամբ կարողացել է անդրադառնալ բոլոր մարտահրավերներին, կարողացել է մեղմել սոցիալական լարվածության մի շարք խնդիրներ՝ պայմանավորված պատերազմով: Պետք է անդրադառնալ այն փաստին, որ սոցիալական պաշտպանության ոլորտն այդ մարտահրավերներին արձագանքելու համատեքստում չի տուժել: Ավելին՝ ոչ միայն կարողացել ենք անդրադառնալ սոցիալական պաշտպանության ոլորտին, այլ նոր ծրագրերի ու բարեփոխումների սկիզբ դրել»,-ասաց նախարարը: Ներկայացնելով պատերազմի հետևանքով Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախահայությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը: Պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացրել է շուրջ երկու տասնյակ աջակցության ծրագրեր ուղղված Արցախին ու արցախահայությանը: Աշխատանքները եղել են տարբեր ուղղություններով՝ ֆինանսական աջակցություն, կացարանի տրամադրում, զբաղվածության ծրագրեր: «Այս ծրագրերի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթահարել հետպատերազմյան ժամանակահատվածում եղած մարտահրավերները, լուծել արցախահայության մի շարք խնդիրներ: Ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ: Նրանց մի մասը շարունակում է ՀՀ-ում մնալ ու լինել մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Արցախահայությանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022 թվականի առաջին եռամսյակում՝ միևնույն ժամանակ խրախուսելով զբաղվածության ու աշխատանքի բաղադրիչը:  
13:19 - 27 դեկտեմբերի, 2021
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ կտրվածքով:
11:30 - 23 դեկտեմբերի, 2021
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության անդամներն այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանություն տվեցին որոշման նախագծին, ըստ որի` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա:  Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագիծը բխում է Կառավարության ծրագրի՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի առաջանցիկ աճն ապահովելու նպատակից: «Նշեմ նաև պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված է որպես սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:  1) նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն).   2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն). բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն). գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն).   3) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։   Կբարձրացվեն  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կենսաթոշակների շարունակական բարձրացումը Կառավարության պարտավորությունն է, մյուս կողմից ընդգծեց, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցն իրենք տեսնում են առավել արդյունավետ և առավել զարգացած և զարգացող տնտեսություն ունենալու մեջ:   «Տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսելու սոցիալական կարիքների վրա, և ուզում եմ մի այսպիսի զուգահեռ բերել. մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարի գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր և ֆինանսավորում ենք ավելացնում. մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտներում մեր կատարած ներդրումները ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ և էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ:   Սա Կառավարության մոտեցումն է տնտեսությանը, սոցիալական համակարգին, և այս ուղղությամբ մենք պետք է լրջորեն առաջ շարժվենք:   2022 թվականին մենք տնտեսական աճի հավակնոտ նշաձող ենք դրել, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,- ասաց վարչապետը:
12:08 - 16 դեկտեմբերի, 2021
Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։  Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։  «Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»:  ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար:  Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։  «Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։  ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։  ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 
19:01 - 14 դեկտեմբերի, 2021
2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

2022թ․հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։ Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։ 75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։ Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։ Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։ Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։ Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։ Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։
19:50 - 09 դեկտեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել կազմակերպության դերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման գործում։ «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով՝  ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունների մշակում, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, համագործակցություն՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և այլն»,– նշել է նախարարը։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվում հաշմանդամության գնահատման համակարգի վերափոխման և անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև e-disability համակարգի ստեղծման և ներդնման ուղղությամբ: Քրիստինե Վայգանդը նույնպես բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության հետ երկարատև համագործակցության դերը՝ առանձնակի շեշտելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը։ Վերջինիս խոսքով՝ համատեղ ուշադրության են արժանի ոլորտային չորս հիմնական ուղղություններ, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, սոցիալական պաշտպանություն, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. «Մենք պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Ցանկանում ենք նաև ավելի ներգրավված լինել առկա խնդիրների անմիջական արձագանքման գործընթացում՝ ի հայտ բերելով սահմանամերձ համայնքների կարիքները և նրանց առնչվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանքել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։ Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կառուցողական երկխոսությունը համագործակցության նոր ուղղություններ կստեղծի՝ նպաստելով ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանն ու նոր ռազմավարությամբ սահմանվելիք նպատակների և ծրագրերի իրականացմանը։
22:49 - 06 դեկտեմբերի, 2021
Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի․ նախարար

Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի․ նախարար

Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը` դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Գրառման մեջ նախարարը մասնավորապես շեշտել է. «Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ 2000-ականների սկզբից, որոնք, սակայն, առայժմ չեն հանգեցրել շոշափելի արդյունքի։ Ընդգծելով կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նշեմ, որ  ՀՀ վարչապետի աշխատակազմ արդեն իսկ ներկայացվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերջինիս ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, կհստակեցվեն ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: Սրանով մենք կստեղծենք համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացքում առկա խոչընդոտներն ու  կամավորության ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ առաջընթացի»,- ասված է Մկրտչյանի գրառման մեջ։
17:42 - 05 դեկտեմբերի, 2021
Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներին, որոնք այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն ՀՀ-ում կամ Արցախի Հանրապետությունում։ Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող այդ 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Այլ առանձնահատկությունները կսահմանվեն հուշագրով:  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետությունում գտնվող անչափահաս 3000 երեխաներ կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարտավոր է 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել նշված գումարի փոխըմբռնման հուշագիր եւ ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:Իսկ ֆինանսների նախարարը գումարի մուտքագրման համար պետք է ապահովի ՀՀ գանձապետարանում հաշվի բացումը։
12:57 - 02 դեկտեմբերի, 2021
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է, կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում և չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բոլորին կոչ արեց պատվաստվել, պատգամավորը, ելնելով տարբեր երկրների, օրինակ՝ Շվեդիայի դրական փորձից, համոզված է, որ դա կլուծի խնդիրը: «Սակայն Շվեդիան այս մասով ամենաազատականն է, բայց ամենալավ արդյունքն ունի: Մարդը ոչ թե չի պատվաստվում, որովհետև դուք իրեն չեք պատժել, այլ չի պատվաստվում, որովհետև այդ համոզման չի եկել: Այդ համոզման պետք է մենք իրեն մղենք, դա պետք է լինի բացատրական, կանխարգելիչ աշխատանքներով»,-հարցրեց պատգամավորը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
14:18 - 30 նոյեմբերի, 2021
Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ

Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։ Խնամքի նպաստի չափը 2020-ի հուլիսի 1-ից սահմանված է 26.500 դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետի՝ ի կատարումն «Պետական նպաստների մասին» օրենքի։ Նախարարության ներկայացրած նախագծում նշված է, որ, դիտարկելով որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, «ՀՀ 2022թ․ պետբյուջեի մասին» օրենքի նախագծի կազմման հիմքում ընկած հաշվարկներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ընդունված է 28600 դրամ: Եւ, հաշվի առնելով, սա, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ՝ խնամքի նպաստը եւս դարձնելով 28․600 դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այս որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա: Ի հավելումն նշենք, որ, ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից (https://www.mlsa.am/?p=27989), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ այս պահին 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։  Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։
17:47 - 29 նոյեմբերի, 2021
ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում Վարդենիսի տուն-ինտերնատի շենքային պայմանների ամբողջական պատկերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում Վարդենիսի տուն-ինտերնատի շենքային պայմանների ամբողջական պատկերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում հրապարակված խնդիրների վերաբերյալ, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման համար՝ այդուհանդերձ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում ՄԻՊ-ի կողմից հրապարակված խնդիրների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ․ Նշենք, որ տուն-ինտերնատում, որը նախատեսված է 450 անձի համար, այժմ փաստացի խնամվում է 447 շահառու։ Ինչ վերաբերում է վերջիններիս կեցությանն, ապա ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները, ցավոք, չեն արտացոլում հաստատության շենքային պայմանների ամբողջական պատկերը։ ՊՈԱԿ-ի բաժանմունքների մի մասը վերանորոգված է․ բարեկարգման մյուս աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Բաժանմունքների մուտքերի հիմնական մասն ապահովված է թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամյալները կարող են անխոչընդոտ տեղաշարժվել։ Շահառուների սենյակներում վարդակների բացակայությունը պայմանավորված է նրանց անվտանգությամբ՝ հոգեբույժի ցուցումով: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի կողմից ներկայացված ապաստարանի լուսանկարին, նշենք, որ այն նկուղային պահեստարան է, որտեղ պահեստավորվում է այս պահին չօգտագործվող գույքը։ Շենքային մյուս պայմանների վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ երեք տասնյակից ավելի սանհանգույցներն արդեն իսկ վերանորոգված են, մի քանիսը նախատեսվում է վերանորոգել։ Դրանցից միայն մեկն ունի շտապ վերանորոգման անհրաժեշտություն, գտնվում է շենքի չգործող հատվածում, որն էլ արտացոլվել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարում։ Հաստատության բաժանմունքների ճաշարաններն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, որը հասանելի է բոլոր խնամյալներին: Ճաշարանների 80%-ը վերանորոգված է, մնացածի վերանորոգումը նախատեսվում է։ 2022 թվականին նախատեսվում է նաև ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկա, այդ թվում՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան և այլն։ Ինչ վերաբերում է ժամկետանց բժշկական պարագաներին և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութերին, նշենք, որ փաստացի չօգտագործված ժամկետանց նյութերը խոտանվում են՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Ուստի, անհրաժեշտ էր արձանագրել, որ նշվածները խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ ՊՈԱԿ-ում դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս չկա․ անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվում՝ հոգեբույժի կողմից սահմանված բուժման սխեմաների հիման վրա և «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Բացի այդ, տուն-ինտերնատի շահառուն հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակիչ և լիարժեք օգտվում է ոչ միայն տեղի հիվանդանոցի և պոլիկլինիկայի, այլև հանրապետության բոլոր նեղ մասնագիտական բուժհիմնարկների պետպատվերի ծառայություններից։ Հարկ է նշել նաև, որ դեղորայքի պահպանումն իրականացվում է դեղատանը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի անձնակազմին, ապա աշխատակիցների՝ համավարակի և պատերազմի պատճառով հետաձգված վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։ Թափուր հաստիքների, այդ թվում՝ հոգեբույժների ներգրավման ուղղությամբ նախարարության կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվում։ Հրապարակման մեջ ներկայացվում է, որ անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը, մինչդեռ, ՊՈԱԿ-ում բոլոր բժշկական փաստաթղթերը վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձևաչափերի։ Այն, որ արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, պետք է փաստել, որ տուն-ինտերնատը հոգեբուժարան չէ, այլ շուրջօրյա խնամքի հաստատություն, որտեղ անհրաժեշտ է գրեթե բացառել զսպման մեխանիկական մեխանիզմների կիրառումը։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում խնամարկյալների զբաղվածության ապահովմանն, ապա պետք է նշել, որ տուն-ինտերնատում գործում է զբաղվածության կենտրոն, որտեղ շահառուներն, ըստ նախընտրության, կարող են  մասնակցել՝ նկարչության, գորգագործության և ձեռագործության այլ դասընթացների։ Հարկ է նշել, որ շահառուների՝ հարազատների կամ համապատասխան մարմինների հետ կապի հաստատումն իրականացվում է սոցիալական աշխատողի և ավագ բուժքրոջ միջոցով՝ ինչպես տեսակապի, այնպես էլ հեռահար կապի միջոցով։ Խնամարկյալների համար՝ նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաների պակաս երբևէ չի եղել։ Այդ մասին կարող են փաստել նրանց կողմից գրված բազմաթիվ նամակները, ստեղծագործող շահառուների աշխատանքները, գնման պլանում նախատեսված և իրականացված գրենական պիտույքների վերաբերյալ գնումները։ Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ նախարարությունն արժևորում է ՄԻՊ-ի կողմից մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքների դերն ու վստահեցնում է, որ արձանագրված խնդիրների և բացթողումների վերացման ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ»։
20:25 - 26 նոյեմբերի, 2021