Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ-ն։Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
14:00 - 25 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդգծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը: 
13:33 - 21 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 11-ին ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպման սկզբում Արմեն Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը: Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի՝ ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:
13:15 - 11 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|

Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և համանախագահող երկրները, ակտիվ լինելու դեպքում, կարող են կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և, կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի հնարավորություն լինի երկարաժամկետ լուծում գտնել: «Քանի դեռ լուծում չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում գտնենք»,- եզրափակեց Գրիգորյանը:
14:09 - 10 փետրվարի, 2022
Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար |1lurer.am|

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման, բայց իբր Հայաստանը նոր նախապայմաններ է առաջ քաշում: «Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, իրագործվեն: Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,- հայտնեց նա: ԱԽ քարտուղարը նշեց, որ այդտեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել: «Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
13:19 - 10 փետրվարի, 2022
Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի օրակարգում Միութենական պետության մաս դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին: Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ տվյալ հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են: «ՀՀ-ն արձագանքել է. արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել: Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերությունից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
12:35 - 10 փետրվարի, 2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ

ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ

Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը:
17:22 - 31 հունվարի, 2022
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը

Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը: 
16:32 - 26 հունվարի, 2022
ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում հայ ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ

ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում հայ ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 21-ին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը: Կողմերը, ողջունելով միմյանց, գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:  Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ ընդգծել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:
12:07 - 21 հունվարի, 2022
Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ակնկալում ենք, որ համանախագահների տարածաշրջան այցը ու հետագա քայլերը հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը: Նրա խոսքով՝ այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների, քաղաքական գործիքակազմի միջոցով պետք է փորձել լուծումներ գտնել: Նա նկատեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում: Ահա, այդ հարցերի լուծումը գտնելով, խաղաղության պայմանագրի համար կստեղծվեն հիմքեր: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է հիմնախնդրի լուծում գտնել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
15:20 - 20 հունվարի, 2022
Բաքվից գրավոր արձագանք չենք ստացել․ Արմեն Գրգորյանը՝ սահմանազատման վերաբերյալ ՀՀ առաջարկությունների մասին

Բաքվից գրավոր արձագանք չենք ստացել․ Արմեն Գրգորյանը՝ սահմանազատման վերաբերյալ ՀՀ առաջարկությունների մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սահմանազատման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները վերաբերում են սահմանին բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մեկնարկի․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի արձագանքին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքվից դեռևս գրավոր արձագանք չեն ստանցել․ «Մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք գրավոր արձագանք»,-ասաց նա։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին հայտարարել էր, որ հայկական կողմը սահմանազատման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ՝ ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց, որ այդ առաջարկները միտված են սահմանագոտում լարվածության նվազմանը։ Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ իրենց համար «անընդունելի են Երևանի նախապայմանները»։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բայրամովին՝ նշելով, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի։ 
12:39 - 20 հունվարի, 2022
Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն․ Իրանի Մեջլիսի պատգամավորն ասել է ՀՀ ԱԽՔ–ին

Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն․ Իրանի Մեջլիսի պատգամավորն ասել է ՀՀ ԱԽՔ–ին

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար:Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի  կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը:
17:29 - 22 դեկտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի պայմանների ապահովումը:
15:17 - 22 դեկտեմբերի, 2021