Սահման

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ԱԳՆ

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ:  «Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։ Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասված է հայտարարության մեջ:
08:07 - 29 սեպտեմբերի, 2022
Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան - Մակրոն հանդիպումը

Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան - Մակրոն հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները: ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործղությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք: Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել: Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս: Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր` տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները: Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է, և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար: Ի վերջո, մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր: Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում: Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ: Շնորհակալություն»: Իր հերթին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի և ջերմ ընդունելության համար: Նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Կարծում եմ, ինչպես արդեն նշեցիք, պարոն նախագահ, այսօր ավելի շատ կկենտրոնանանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա: Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում: 2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն: Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն, ըստ էության, դառնում են պետական սահման, և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները: Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա: Համզոված եմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, և այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը: Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը` համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են: Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեծարգո նախագահ, հարգելի լրագրողներ, գործընկերներ, շնորհակալ եմ»:
21:54 - 26 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի շենքի մոտ |news.am|

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի շենքի մոտ |news.am|

news.am: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ: Նրանցից ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր ոչ լուր չունի իր երեխայի մասին. «Պարոն Փաշինյանը, ժողովուրդն արդեն հուսալքության մեջ է: Դիմում եմ ձեզ որպես զինվորի ծնող: Ակնկալում է զինվորի ծողի աչքերով նայել ժողովրդին ու ձեր խոսքն ասել ժողովրդին, որը հիմա ներսում է գտնվում: Պարոն Պապիկյան, արդեն ուղիղ 13 օր է, ոչ մի լուր չունեմ իմ երեխայից եւ մնացած երեխաներից: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր: Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշատակ պլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց նա: Զինծառայողի հոր խոսքով, վերջին անգամ որդու հետ կապ ունեցել են սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան: «Այդ հատվածն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, ինչու նույն օրը նախահարձակ չեն եղել, որ դիրքերը հետ վերցնի, զինվորներին նահանջի հրաման տրվի, որ այսքան գերիներ, զոհեր չունենայինք: Որոնողական աշխտանքներ այդտեղ չկան»,-ասաց նա: Հարցին, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը, զինծռայողի հայրը պատասխանեց. «Հիմա չեմ ասի, տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերը այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարված է, զոհված է, թե կորած»։ Անհետ կորած զինծառայող Սամվել Աթանյանի հայրն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ասել են՝ սպասեք, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, իրենց կտեղեկացնեն: «Սամվելը ծառայում է Ներքին Հանդում: Երկու ամսվա ծառայող էր: Առանց որեւէ պատասխանատուի ուղարկել են մարտական դիրքեր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը երեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու: Ասում են՝ կան զոհվածներ, անհետ կորածներ, անտառի մեջ երեխեք լցված, բայց հստակ չգիտենք: Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա: Դիվիզիոնի հրամանատարը ողջ է, բայց չենք տեսել, երբ գնում ենք, ասում են՝ գնացել է դիրքեր: Դիրքեր ենք գնում, ասում են՝ իջել է զորամաս: Որոնումներ անում են անտառապահները, որոնք անտառին ծանոթ են, զինվորականներ չեն մասնակցում, հետախուզություն չկա: Մեզ ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող անտառ մտնել»,-ասաց նա: Անհետ կորածի ծնողը հայտարարեց, որ այսօրվա հանդիպումը իրենց ոչինչ չտվեց. «Երկու զինվոր դեռ ունենք բանակում՝ Սամվելի եղբայրը եւ քրոջս որդին: Նույն Կապանի զորամասում են: Գնալու եմ երկուսին էլ բերեմ, թող ոստիկանությունը գա հետեւներից»,-ասաց նա:
13:35 - 26 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
23:03 - 24 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ: Այդ առնչությամբ դեռևս տեղեկություններ չկան:
17:49 - 24 սեպտեմբերի, 2022