Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի շենքի մոտ |news.am|
13:35 - 26 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի շենքի մոտ |news.am|

news.am: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ:

Նրանցից ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր ոչ լուր չունի իր երեխայի մասին. «Պարոն Փաշինյանը, ժողովուրդն արդեն հուսալքության մեջ է: Դիմում եմ ձեզ որպես զինվորի ծնող: Ակնկալում է զինվորի ծողի աչքերով նայել ժողովրդին ու ձեր խոսքն ասել ժողովրդին, որը հիմա ներսում է գտնվում:

Պարոն Պապիկյան, արդեն ուղիղ 13 օր է, ոչ մի լուր չունեմ իմ երեխայից եւ մնացած երեխաներից: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր: Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշատակ պլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց նա:

Զինծառայողի հոր խոսքով, վերջին անգամ որդու հետ կապ ունեցել են սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան:

«Այդ հատվածն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, ինչու նույն օրը նախահարձակ չեն եղել, որ դիրքերը հետ վերցնի, զինվորներին նահանջի հրաման տրվի, որ այսքան գերիներ, զոհեր չունենայինք: Որոնողական աշխտանքներ այդտեղ չկան»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը, զինծռայողի հայրը պատասխանեց. «Հիմա չեմ ասի, տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերը այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարված է, զոհված է, թե կորած»։

Անհետ կորած զինծառայող Սամվել Աթանյանի հայրն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ասել են՝ սպասեք, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, իրենց կտեղեկացնեն:

«Սամվելը ծառայում է Ներքին Հանդում: Երկու ամսվա ծառայող էր: Առանց որեւէ պատասխանատուի ուղարկել են մարտական դիրքեր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը երեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու:

Ասում են՝ կան զոհվածներ, անհետ կորածներ, անտառի մեջ երեխեք լցված, բայց հստակ չգիտենք: Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա: Դիվիզիոնի հրամանատարը ողջ է, բայց չենք տեսել, երբ գնում ենք, ասում են՝ գնացել է դիրքեր: Դիրքեր ենք գնում, ասում են՝ իջել է զորամաս:

Որոնումներ անում են անտառապահները, որոնք անտառին ծանոթ են, զինվորականներ չեն մասնակցում, հետախուզություն չկա: Մեզ ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող անտառ մտնել»,-ասաց նա:

Անհետ կորածի ծնողը հայտարարեց, որ այսօրվա հանդիպումը իրենց ոչինչ չտվեց. «Երկու զինվոր դեռ ունենք բանակում՝ Սամվելի եղբայրը եւ քրոջս որդին: Նույն Կապանի զորամասում են: Գնալու եմ երկուսին էլ բերեմ, թող ոստիկանությունը գա հետեւներից»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել