Հայաստան

Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի  նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար: «Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»,-ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության  օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը:  Ի միջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը: Հայաստանի վարչապետը կարևորեց, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել հորդորները Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել: «Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին»,-նշեց վարչապետը:
16:57 - 11 մայիսի, 2022
Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ-ի նկատմամբ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում. Փաշինյան

 |armenpress.am|

Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ-ի նկատմամբ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից  գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն  կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան: «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնեց Փաշինյանը: Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծեց, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել: «Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասաց Փաշինյանը:     Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտեց, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն: «Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում:  Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:  
16:45 - 11 մայիսի, 2022
ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը
 |panarmenian.net|

ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը |panarmenian.net|

panarmenian.net: Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։  
23:36 - 10 մայիսի, 2022
Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

 |armenpress.am|

Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ անկախ մամուլի խրախուսմանը ամբողջ աշխարհում, եւ որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր՝ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ նաև Հայաստանում: Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագրեր ստորագրեց հայաստանյան վեց մեդիա կազմակերպության հետ նրանց դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ: Նիդերլանդական կառավարության դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը, խոսքի ազատության եւ անկախ մամուլի զարգացման խրախուսմանը: «Այսօր տարբեր կարևոր պայմանագրեր ստորագրեցինք մամուլի ազատության ոլորտում: Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է աջակցել ձեր կազմակերպություններին: Նախորդ տարի մենք սկսեցինք մտածել մարդու իրավունքների ոլորտում մեր առաջնահերթությունների մասին եւ հասկացանք, որ մեդիան չի կարող դուրս մնալ այդ շարքից, մենք պետք է աջակցենք ազատ մամուլի զարգացմանը աշխարհի այնքան երկրներում, որքան կարող ենք: Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Մամուլի դերը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է», - ողջունելով իր հյուրերին՝ հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: Ստորագրված փաստաթղթերով Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհներ են ստանալու «Հետք» առցանց պարբերականը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հ/կ-ն, «EVN Report» անգլալեզու լրատվական կայքը եւ «Բուն TV»-ն: Դրամաշնորհների տրամադրման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը առնչված էր մամուլի միջազգային օրվան, սակայն տեխնիկական պատճառներով այն մեկ շաբաթ հետաձգվել էր:
21:15 - 10 մայիսի, 2022
ՀՀ ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ

ՀՀ ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 10-ին անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսի, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսի գլխավորած պատվիրակությունները: «Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և եռակողմ ձևաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել են 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը (Հայաստանի և Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022թ. ծրագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբեր ամսին): Նշվում է, որ ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ:
19:54 - 10 մայիսի, 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։ Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։ Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։ «Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։   Նորա Վանյան  
18:35 - 10 մայիսի, 2022
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ
 |factor.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին ու հայտարարել, որ ԱՄՆ-ը կոչ է անում իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։ Այս մասին Փրայսը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ: «Ինչպես գիտեք՝ մենք անցյալ շաբաթ ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ վերահաստատեցինք մեր փոխադարձ նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը հայտնեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:
17:31 - 10 մայիսի, 2022
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին

 |armenpress.am|

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը:  Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում: «Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ասաց Վիկտորինը: Ըստ Անդրեա Վիկտորինի՝ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի առաջընթաց գրանցվի բանակցություններում: «Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»,- եզրափակեց ԵՄ դեսպանը:
17:22 - 10 մայիսի, 2022
Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

 |armenpress.am|

Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին:  Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Վիկտորինը ասաց, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը: «Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և ,իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին: Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների  դեպքում»,- ասաց Վիկտորինը:
17:21 - 10 մայիսի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին

 |factor.am|

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին |factor.am|

factor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ լուրերը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նա հղում կատարեց դեռևս ապրիլի 25-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Հարցին՝ արդյո՞ք ստեղծվել է հանձնաժողովը և հաստատվել է կազմը, Հունանյանը հորդորեց հավելյալ տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել։  
14:48 - 10 մայիսի, 2022
Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am:  Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:  –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: –Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)`  Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:   –Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:
14:00 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»: Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը» Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։ Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա: Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»: «Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։
12:36 - 10 մայիսի, 2022
Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
 |1lurer.am|

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն: Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը։ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:
14:27 - 09 մայիսի, 2022
ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան

 |factor.am|

ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է մի շարք հարցերի։  -Պարո՛ն Գրիգորյան, տեղեկացանք, որ Հայաստանը խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան՝ իր առաջարկներն է ներկայացրել՝ վեց կետերից բաղկացած: Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը և Բաքուն արդեն ունեն ըմբռնում, որ պետք է բանակցություններն ընթանան այդ 5+6 օրակարգով՝ Բաքվի և Երևանի առաջարկների: Կխնդրեմ պարզաբանեք, որո՞նք են Երևանի 6 առաջարկները: -Այստեղ կարևոր է ոչ թե թվերին ուշադրություն դարձնելը, այլ ենթատեքստին, թե ինչն է Հայաստանի համար կարևոր: Ադրբեջանի առաջարկած հինգ կետերով անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանութան և անվտանգության խնդրին: Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, որ մեր առաջարկություննները ևս հնչեցրել ենք: Մենք առաջարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: Ինչպես երեկ նշել եմ՝ և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: -Արցախի ինքնորոշման տարրը կա՞ Հայաստանի առաջարկներում: -Ինչպես նշեցի, առաջարկներում նշված է անվտանգության և իրավունքների հարցը, և նաև ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցերին լուծում տրվի, բայց մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը, և այս առումով ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են լինելու ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: -Պարո՛ն Գրիգորյան, իշխանություններին շատ են քննադատում, ասելով, որ չունեք Արցախի հարցի լուծման ձեր ծրագիրը, ձեր տեսլականը: Կխնդրեմ հիմա ավելի բաց և ազնիվ ներկայացնել, թե որ ձեզ համար տարբերակն է ընդունելի: Օրինակ՝ այս տարբերակը կարո՞ղ է լինել ընդունելի Հայաստանի համար. ենթադրենք բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը տալիս է արցախցիների անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում դրանք ապահովելու համար, Հայաստանն այդ երաշխիքներով կբավարարվի՞ և կհամարի, որ Արցախը կարող է անվտանգ լինել, բայց միաժամանակ թողնվել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս տարբերակն ընդունելի կլինի՞: -Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները: Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք:   Առավել մանրամասն՝ factor.am-ում
21:50 - 06 մայիսի, 2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Սիրվարդ Գևորգյանը խոսել է նոտարական համակարգի շարունակական բարեփոխումների մասին։ Նա նշել է, որ նոտարական համակարգի բարեփոխումները մշտապես եղել են արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և այս համատեքստում իրականացվել են մի շարք առանցքային նշանակություն ունեցող փոփոխություններ, որոնք ոչ միայն հնարավորություն են տվել մեծացնելու նոտարական գործողությունների շրջանակը, այլև կարևոր դեր են խաղացել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման գործում։ «Տևական ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում էր արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար և ծախսատար էր, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ ապահովել ծառայությունների առավել արագ մատուցումը՝ նոտարներին առանձին տեսակի իրավաբանական փաստերի հաստատման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձն սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորությունը», - իր խոսքում նշել է Սիրվարդ Գևորգյանը։ Անդրադարձ է կատարվել նաև նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի վերականգնմանը, որը գործում էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում։ «Ֆրանսիայի մեր գործընկերները, որպես Հայաստանում իրականցված կարևոր բարեփոխում, առանձնացրել են նաև էլեկտրոնային նոտարիատի համակարգի ստեղծումը՝ առանձնակի գնահատանքով նշելով Նախարարության և Նոտարական պալատի սերտ աշխատանքային կապն ու հարաբերությունների բարձր արդյունավետությունը։Սիրվարդ Գևորգյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում են լիազորագրերի, ժառանգությունների գործերի էլեկտրոնային շտեմարանները, ներդրվել է էլեկտրոնային եղանակով կնքված գործարքները նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելու գործարքների անվտանգությունը և ապահովելու սպասարկման բարձր որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նոտարիատի բնագավառում Ֆրանսիայում իրականացված բարեփուխումները ևս դարձնել խորն ուսումնասիրության առարկա և ապահովել արդյունավետ ու շարունակական համագործակցություն։
19:52 - 06 մայիսի, 2022
Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են
 |azatutyun.am|

Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - անդրադառնալով Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։ Ավելի վաղ Պեսկովը նույնպես անդրադարձել էր բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ
16:47 - 06 մայիսի, 2022