Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: «Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է: Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ:
18:28 - 02 մայիսի, 2022
Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։ Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարների պայմանավորվածությունն՝ ամրապնդել արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցությունը։ Նախարար Անդրեասյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժային կենտրոնի, արդարադատության տների և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունն, ինչպես նաև արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցեր։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի վարչապետի «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։ Այս համատեքստում հաստատվել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
16:28 - 02 մայիսի, 2022
Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին
 |hetq.am|

Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կքննարկվեն տարբեր քայլեր, որոնք կձեռնարկվեն առաջիկայում։ Այս մասին թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ հայտարարել էԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ակնարկել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ Բացի այդ, Չավուշօղլուն հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունների մասին։ «Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,- ասել է Չավուշօղլուն: Հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։   Լուսանկարը՝ AP File Photo-ի
14:33 - 02 մայիսի, 2022
Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։ «Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։
14:30 - 02 մայիսի, 2022
Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԱԾ

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԱԾ

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։   «Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:   Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
14:52 - 01 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին: Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:
17:09 - 30 ապրիլի, 2022
Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ մասին հայտարարեց առաջին անգամ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները: «Նշեցինք, որ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առեւտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն. սրանք այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում», - շեշտեց Վրաստանի նախարարը: Խոսելով երկկողմ հարաբերությունների պատմության մասին՝ Իլիա Դարչիաշվիլին հիշեցրեց, որ 2022 թվականին Վրաստանն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը երկու երկրներում նշվում է համապատասխան միջոցառումներով: ՆԱ մեկտեղ շեշտեց՝ սակայն մեր երկրների պատմական եւ բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը նույն ձեւով կշարունակվի: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարեւոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից», - նշեց Դարչիաշվիլին: Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները եւ երկու երկրների համատեղ ջանքերն ուղղված այդ մարտահրավերներին: «Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին», - հայտարարեց նա: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին շեշտեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, իսկ փոխգործակցությունը երկրների միջեւ, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, բարձր մակարդակի վրա է: Հանդիպման ընթացքում նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժին: Դարչիաշվիլիի խոսքով՝ դա «կրիտիկական» նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Հայաստանի համար: «Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները: Տնտեսական համագործակցության առումով կարեւոր ենք համարում առկա ներուժի լիարժեք իրացումը: Ուրախ եմ, որ երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Մենք ապագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել: Ես խորապես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը: Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար ու նաեւ իր պատրաստակամությունը հայտնել Միրզոյանին հարմար ժամանակահատվածում հյուրընկալելու նրան Թբիլիսիում:
14:53 - 30 ապրիլի, 2022
ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։ Նորին Սրբությունը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։ Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։
14:17 - 30 ապրիլի, 2022
Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների հարցին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը:
12:47 - 30 ապրիլի, 2022
Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները: Պատասխան – Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
10:19 - 30 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո: Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը: Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը:
20:01 - 29 ապրիլի, 2022