Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներ՝ Ազգային պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի անդամ, Ու-դը-Սենի յոթերորդ շրջանի պատգամավոր Ժակ Մարիլոսյանին, Մարսելի քաղաքային խորհրդական, Բուշ-դյու-Ռոնի առաջին շրջանի պատգամավոր Ժուլիեն Ռավիերին և խորհրդարանական այլ ներկայացուցիչների։ Նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունն՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունն, ինչպես նաև իրադարձություններին արագ արձագանքելու և սատարելու պատրաստակամությունը։ Նախարարը նշել է նաև, որ ֆրանսիական տասնյակ կազմակերպությունների և նախարարության սերտ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես ուղղված են քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովմանը։ Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և վերջին ամիսներին արդյունավետ համագործակցության համար նախարարին հանձնել Ֆրանսիայի պառլամենտական մեդալ։ Հյուրերի խոսքով՝ վերջիններս, Հայաստան այցի շրջանակում, նպատակ ունեն փաստահավաք աշխատանքի միջոցով համապարփակ պատկերացում ստանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև գտնել տնտեսական և սոցիալական համագործակցության հնարավոր տարբերակներ։ Ներկաները հետաքրքվել են արցախահայության զբաղվածության ապահովման, սոցիալական բնակարաշինության, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող ծառայությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներով։
19:48 - 23 նոյեմբերի, 2021
ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ |armenpress.am|

ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։ Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն): Շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք  օտարած չլինելու դեպքում:
13:29 - 23 նոյեմբերի, 2021
Ներկայացվել են պատերազմի հետևանքով վիրավորված, հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուներին տրամադրվող աջակցության կամ փոխհատուցման եղանակները

Ներկայացվել են պատերազմի հետևանքով վիրավորված, հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուներին տրամադրվող աջակցության կամ փոխհատուցման եղանակները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է` Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։ Համագործակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ․ արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։
11:26 - 22 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։         Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների վերացմանը, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։  Այս համատեքստում կարևորվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումն ու դրա կիրառումն ապահովող մեխանիզմների ուղղությամբ աշխատանքները։ Կարևորելով Միացյալ Նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումը։ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում մեր հիմնական աշխատանքներն ընթանում են երեք ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, հանրային իրազեկում և վերապատրաստումների, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում՝ թիրախային խմբերի շրջանում։ Կարևորում ենք նաև օրենսդրական բարեփոխումների, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական աջակցության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը»,- նշել է նախարարը։   Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․   «Մենք կարևորում ենք նաև ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարման, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը։ Լիահույս ենք, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա և կնպաստի երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարին»։ 
17:52 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ: «Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ: Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր: «Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:
15:46 - 17 նոյեմբերի, 2021
2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

tert.am: Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ»,-ասաց նա և նշեց, որ այս տվյալները հոկտեմբեր ամսվա տվյալներ են։ Նա հայտնեց, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
15:27 - 17 նոյեմբերի, 2021
2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է  ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50․000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է․ «Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը»:
15:43 - 12 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։ Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։  
13:50 - 12 նոյեմբերի, 2021
2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակի վճարման կարգով տրամադրվող նպաստները կվճարվեն անկանխիկ

2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակի վճարման կարգով տրամադրվող նպաստները կվճարվեն անկանխիկ

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը  կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․ •  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, •   14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները: Այսպիսով, բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)․ դիմելու վերջնաժամկետը 2021թ․ դեկտեմբերի 30-նն է։ Եթե քաղաքացին ընտրում է Հայփոստն, ապա Հայփոստի հետ պետք է նախապես կնքի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման ու համալրման պայմանագիր, և այդ պայմանագիրը կնքած լինելը հավաստող տեղեկանքը (տեղեկանքը տրամադրվում է Հայփոստի կողմից) ներկայացնի դիմումին կից։    Բանկ ընտրելու դեպքում՝ քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացնում։ Այնուհանդերձ, եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա ՀՀ քաղաքներում 2022 թ․ հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ստանալու եղանակով։ Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։ Հիշեցնենք, որ  կենսաթոշակների, նպաստների վճարման հետ կապված համանման ընթացակարգն արդեն իսկ կիրառվել է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ․ հուլիսի 1-ից։
10:51 - 09 նոյեմբերի, 2021
Նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ |1lurer.am|

Նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը Կառավարության հնգամյա ծրագրի կետերից մեկն է: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր Կառավարության հնգամյա ծրագրի մաս է կազմում: Մինչև 2026 թվականը այն ցուցանիշները, որ Կառավարության ծրագրում գրվել են, հասնելու ենք այդ ցուցանիշներին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: Նվազագույն կենսաթոշակը 2021 թվականին 26 հազար 500 դրամ է: 2022 թվականին այն բարձրանալու է 2100 դրամով: «Արդյունքում կբարձրանա շուրջ 15 հազար 600 աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, ինչի համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 269 միլիոն դրամ: Իսկ շուրջ 5256 զինկենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացման համար պետական բյուջեից կհատկացվի 159.7 միլիոն դրամ»,- ասաց Մկրտչյանը:
13:20 - 05 նոյեմբերի, 2021
Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

tert.am: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով  այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների,  զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման և մի շարք այլ կարևոր ծրագրերին հատկացվող գումարները։ Բարձրացված հարցերին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է և անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի և կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական և ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա։ Այդ ճգնաժամերը հաշվի առնելով՝ նախարարությունն իրականացնում է մի շարք խնդիրներ»։ Ավելին՝ tert.am-ում
13:06 - 05 նոյեմբերի, 2021
Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|

Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի հայրենակիցներին: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ  աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Նախարարն անդրադառնալով «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրին՝ ասաց. «2020-ի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5 878 շահառուի համար: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8 125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7 900 շահառուի»: 2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին: Մինչ այս այդ իրավունքը տրված էր մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին: «Նաև քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնելու Արցախի մեր հայրենակիցներին, որոնք խնայբանկում ավանդներ ունեն: Դա գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:
11:49 - 05 նոյեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին: «Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը: Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար: Մյուս ծրագիրը անապահով սոցիալական խմբերի վերաբերում է աջակցությանը: «2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված  եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- ասաց նախարարը:
11:18 - 05 նոյեմբերի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Պետբյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է»,-ասաց նախարարը: Նա դա բնական համարեց, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են: Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որոնք ներառում են 93 միջոցառումներ: «2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեովնախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
10:30 - 05 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am-ի Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։ Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար:    Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․)։ Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․  «Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։  Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։ Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։ Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։  Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։  Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
19:26 - 03 նոյեմբերի, 2021