Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։
Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։
comment.count (0)