Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյանն ասել է France24-ին |armenpress.am|

Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյանն ասել է France24-ին |armenpress.am|

armenpress.am: Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում: «Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք»,-ասել է ՀՀ վարչապետը: Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից՝ Փաշինյանն ասաց՝ իհարկե: «Ես կասկած չունեմ դրա վերաբերյալ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ Փաշինյանն ասաց. «Թուրքիայի այդ անդամը երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի վրա: Եկեք տեսնենք, թե Թուրքիան ինչ է անում Միջերկրական ծովում, ինչ է անում Սիրիայում, Իրաքում: Թուրքիան հիմա հստակ նպատակ ունի՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Եվ չզարմանաք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենա, չզարմանաք, եթե նրանք փորձեն ընդգրկել այդ կայսրության մեջ ոչ միայն հունական կղզիները, այլ ավելի ընդարձակվեն դեպի մայրցամաքային Եվրոպա և մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք նրան Վիեննայում»,-ասել է Փաշինյանը: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե այլ լուծում չի՞ տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելը և պայքարը շարունակելը՝ վարչապետն ասաց, որ հարցի խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: «Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան ունի ասելու: « Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը»,-եզրափակել է Փաշինյանը:
11:29 - 03 հոկտեմբերի, 2020
Հունաստանի հայերը հայտարարել են Լեռնային Ղարաբաղ կամավորականների զորակոչի մասին |lragir.am|

Հունաստանի հայերը հայտարարել են Լեռնային Ղարաբաղ կամավորականների զորակոչի մասին |lragir.am|

lragir.am: Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ: Մշակույթի կենտրոնի ակտիվիստներից Մինաս Սահակյանի խոսքով` կամավորները հիմնականում հայերը են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ երկքաղաքացիություն ունեցողներ: «Կան նաեւ հույներ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է Սահակյանի խոսքերը: Նրա խոսքով` հիմնականում երիտասարդներ են գնում, բայց կան նաեւ 40 տարեկան մարդիկ: «Կանայք կան: 42-ամյա մի կին գրանցվել է որպես կամավոր` ամուսնացած, ունի երեխա, նա գնում է բանակ` օգնելու: 18 տարեկան աղջնակ կա: Իմ աղջիկը եւս որպես կամավոր է գնում»,- ասել է Սահակյանը: Նրա խոսքով` կամավորների զորակոչը հայտարարվել է ամբողջ աշխարհում: «Ամերիկայում հաշվառված է 10 հազար մարդ: Առաջին ինքնաթիռն արդեն թռել է Հայաստան: Ամերիկայում ավելի քան մեկ միլիոն հայ է ապրում: Ֆրանսիայում կան շատ կամավորներ: Ռուսաստանում հինգ հազար մարդ է գրանցվել որպես կամավոր»,- ասել է նա: Աղո անունով 30-ամյա հայը, ով գրանցվել է որպես կամավոր, ասել է, որ իր ընտանիքը 20 տարի ապրում է Հունաստանում: «Ես 12 ամիս ծառայել եմ հունական բանակի զրահատանկային ստորաբաժանումներում` Էվրոսում` Թուրքիայի հետ սահմանին: Ես ռազմական պատրաստություն ունեմ, զենքի հետ վարվել գիտեմ: Բայց երբ ես բանակում էի 11 տարի առաջ, այդպիսի բախումներ չեն եղել, երբ կրակեն միմյանց վրա»,- ասել է Աղոն: Ծնողներն անհանգստացած են, բայց սատարում են որդու որոշումը, ասել է Աղոն: «Մայրս անհանգստացած է, բայց ասաց, որ հպարտ է ինձանով: Կրտսեր եղբայրս նույնպես անհանգստացած է, բայց նա ասում է` գնա: Հայրս մահացել է, երբ ես փոքր էի, իսկ խորթ հայրս, ով հույն է, լիովին աջակցեց ինձ»,- ասել է Աղոն` հավելելով, որ «այսօր-վաղը» սպասում է Հայաստան մեկնելուն:
11:26 - 03 հոկտեմբերի, 2020
Սարդարապատ է․․․ Ժիրայր Սեֆիլյան

Սարդարապատ է․․․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ Արցախյան ճակատում վիճակը ծանր է:Թշնամին նորանոր ուժեր է նետում մարտադաշտ:Անգամ պատերազմական վիճակում շարունակվում է Արցախի անկախության կեղծ մոտեցումից բխող տրամաբանությունը, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունը ներկայանում և մասամբ նաև գործում է Արցախին աջակցողի դիրքից:Դրա հետևանքով ռազմաճակատի գիծը տեղայնացվել է միայն Արցախյան հատվածում , ինչի շնորհիվ թշնամին կարողանում է իր ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ և ծանր կորուստներ պատճառել մեզ:Ստեղծված իրավիճակում կա միայն մեկ լուծում:Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ժամ առաջ հայտարարի սարդարապատային վիճակ և ապահովի հաղթանակի համար անհրաժեշտ համազգային մոբիլիզացիան:Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դուրս գալ Կրեմլի ստեղծած մահացու փակուղուց, դադարեցնել նրա խաղի կանոններով իշխանությունը պահպանելու բանակցությունները և ճիշտ արտաքին քաղաքական դիրքավորում որդեգրելով այլ ուժային կենտրոններից ստանալ գործնական դաշնակցային աջակցություն, այդ թվում՝ անհրաժեշտ զենքի և զինամթերքի մասով, որն, ի դեպ, այս օրերին հույժ կարևոր է մեզ համար:Զուգահեռաբար, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ է անել հետևյալը.1. Բեռը չթողնել միայն Արցախի ճակատի վրա, այլ ուրիշ ուղղություններով, առաջին հերթին՝ Հյուսիս-արևելյան հատվածից նոր ճակատ բացել և թիրախավորել թշնամու ուժերն ու միջոցները և ենթակառուցվածքները, որպեսզի թշնամին ստիպված լինի Արցախյան ճակատից դեպի նոր ճակատ տեղափոխել իր ուժերի մի մասը:2. Առանց հապաղելու գործադրել ՀՀ Զինված ուժերի ծանր սպառազինությունն ու տեխնիկան՝ թշնամու հարձակումները խափանելու և նրան հակահարված տալու համար:3. Զորահավաքային ռեսուրսից ՀՀ տարածքի խորքում պատրաստել նորանոր ստորաբաժանումներ և ուղարկել ռազմաճակատ:Ցավալի է, որ մենք ամենաբարձր մակարդակով փորձել ենք մեր աջակցությունն առաջարկել, սակայն մինչ օրս արձագանք չենք ստացել:Մինչդեռ փորձառու հրամանատարներն այսօր շատ անհրաժեշտ են՝ որպես խորհրդականներ կամ ճակատի որոշակի հատվածների պատասխանատուներ:Անձամբ ես պատրաստ եմ իմ հրամանատարությամբ կամավորագրվածների հետ միասին ստանձնել ճակատի որևէ ծանր հատվածի պատասխանատվությունը, ինչպես նաև խորհրդականի կարգավիճակով աջակցել մեր երիտասարդ հրամանատարներին:Համոզված եմ, որ Սարդարապատի ոգով ու տրամաբանությամբ գործելու դեպքում մենք ոչ միայն կջախջախենք թշնամուն, այլև, դաշնակցելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ, կկազմալուծենք այդ արհեստական պետությունը, կհասնենք Քուռ գետին և մեր երկրի արևելյան թիկունքը մեկընդմիշտ կապահովենք թշնամական ոտնձգությունից:
11:16 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|

Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն Պարոն Վասաձե, հետևո՞ւմ եք Արցախում ծավալվող պատերազմին։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը։ Ես կարծում եմ, որ այսօր Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին: Դա անմիջականորեն առնչվում է մեզ: Իսկ գնահատականը պարզ է՝ սա պատերազմ է, ընդ որում ռազմական գործողությունների էսկալացիան անխուսափելի էր և այդ մասին գիտեին բոլորը, որոնք պրոֆեսիոնալ կերպով հետևում են իրադարձությունների զարգացմանը:Հայ–վրացական որոշակի լարումը ում է ձեռնտու։ Հայաստանը ավելին է սպասում Վրաստանից, քան նա կարող է տա՞լ։ Ես արդեն գրել եմ Facebook-ի իմ էջում, որ երբ երկու շաբաթ առաջ ադրբեջանական սոցիալական ցանցերում եղավ հակավրացական արշավ, ես շատ տրամաբանորեն դրա մեջ տեսա Մոսկվայի ձեռքը: Նույնը կարող եմ ասել նաև հիմա: Լարվածությունը հայ-վրացական հարաբերություններում ակնհայտորեն ձեռնտու չէ ոչ Վրաստանին, ոչ Հայաստանին: Եվ այն մարդիկ, որոնք այսօր մասնակցում են հակավրացական արշավին, առաջին հերթին գործում են սեփական երկրի դեմ: Դա պետք է հասկանան և իշխանությունները, և Հայաստանում հասարակական կարծիքի առաջնորդները: Նույնը վերաբերում է այն վրացիներին, որոնք այսօր բացահայտ հակահայկական ինչ-որ բաներ են գրում: Բարեբախտաբար, այդպիսիք այնքան էլ շատ չեն, որոնք գործում են ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Վրաստանի: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:23 - 03 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|

ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|

tert.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում անկարևոր ուղևորություններից:  «ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երևանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ: Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ: Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին: Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից և հանրահավաքներից, ինչպես նաև իրազեկել ընկերներին և ընտանիքներին իրենց անվտանգության մասին:
09:35 - 03 հոկտեմբերի, 2020
Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում |azatutyun.am|

Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: «Արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - ասել է Կանադայի վարչապետը և հավելել. - «Ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու` Կանադայի ակնկալիքները»: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: «L3Harris Wescam պաշտոնյաները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել», - հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
09:24 - 03 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում, անցել է հարձակման․ թեժ մարտեր են ընթանում․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում, անցել է հարձակման․ թեժ մարտեր են ընթանում․ Շուշան Ստեփանյան

Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշում է, որ հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։  Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ինքը մեկնում է առաջնագիծ։ Նա բոլորին կոչ արեց անհապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ 
08:32 - 03 հոկտեմբերի, 2020
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․ Արայիկ Հարությունյան

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան հանդես է եկել կոչով։   «Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր,  Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր,   Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր։ Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:   Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:   Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:   Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:   Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին:   Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի:   Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով: Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:   Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով:   Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։ Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք: Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ: Ի զե՛ն: Պատիվ ունենք»,- գրել է Արցախի նախագահը:
08:03 - 03 հոկտեմբերի, 2020
«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|

«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ից Արցախի, ապա նաև Հայաստանի դեմ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնածավալ ռազմական գործողությունն էր 1994թ.-ի հրադադարի հաստատումից ի վեր: Այն հայտ է ներկայացնում՝ դառնալու տարածաշրջանային անվտանգության լրջագույն սպառնալիք՝ ներառելով այլ պետությունների և ահաբեկչական խմբերի: Արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու փաստը: Պետությունները (բացառությամբ՝ Ֆրանսիայի և Կիպրոսի) առայժմ զերծ են մնում Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը արձանագրելուց: Անգամ Ֆրանսիան այդ հարցում փոխզիջման էր գնացել, և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հայտարարության վերջնական տեքստում դա արձանագրված չէր: Միաժամանակ Հայաստանի խորհրդարան մտավ Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումը, որի շուրջ, սակայն, զգուշավորություն է պահպանվում, և դատելով եռանախագահների հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքից՝ Հայաստանը չի բացառում վերադարձը բանակցային հին տրամաբանությանը, ինչը, իմ կարծիքով, ճակատագրական սխալ է ներկա իրավիճակում և հանգեցնելու է նոր պատերազմի: Այս հոդվածով փորձելու եմ հիմնավորել այդ կանխավարկածը: Չնայած «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» մարդասիրական հնչող մոլորության՝ իրականում ամենավատ բանակցություններն ուղղակիորեն սնում են պատերազմի հրեշին: Այսպես, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցությունները հանգեցրին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ կողմերը (այդ թվում՝ Ադրբեջանը) համաձայնել էին հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկին: Այդ պայմանավորվածությունների իմաստը ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը բացառելն էր և այդպիսով կողմերին խաղաղ բանակցությունների հարցում այլընտրանք չթողնելը: Սակայն, այդ պայմանավորվածություններից Ադրբեջանը հետագայում միակողմանիորեն հրաժարվեց, սկսեց տորպեդահարել դրա իրականացումը, իսկ հայկական կողմը շարունակեց բանակցել առանց այդ մեխանիզմների ներդրման, ինչը, փաստորեն, Ադրբեջանին տալիս էր պահեստային ճանապարհ՝ հարցը ռազմական դաշտ տեղափոխելու հարցում: Թե՛ եռանախագահները, թե՛ Հայաստանը, չպատժելով Ադրբեջանին պայմանավորվածությունից հետ կանգնելու համարա, ազատ տարածք թողեցին Ադրբեջանին՝ բանակցություններից ցանկացած պահի հրաժարվելու և պատերազմ վարելու հարցում: Ընդ որում, անելու դա՝ ագրեսիան ներկայացնելով որպես «հայկական  կողմի սադրանքին պատասխան գործողություն», որովհետև մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների բացակայության դեպքում միջազգային հանրությունը զրկված է հասցեական մեղադրանքներ հնչեցնելու հիմքերից, քանզի ամրագրված չէ, թե ով կրակեց առաջինը: Հիմա տեղի է ունենում հենց դա, և միջազգային հանրության անդեմ կոչերը հենց վերը նկարագրվածի հետևանքն են: Պատժի մեխանիզմի բացակայությունը դառնում է խրախուսանքի մեխանիզմ ագրեսիայի համար: Եվ Հայաստանը ամեն անգամ առանց որևէ պատիժ սահմանելու վերադառնալով պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին՝վերահաստատում է Ադրբեջանի այն համոզմունքը, որ ցանկացած պահի կարելի է թողնել բանակցային սեղանը, պատերազմել, անհաջողության դեպքում ԵԱՀԿ ՄԽ կոչերի և ջերմ հրավերների պայմաններում վերադառնալ ու պատրաստվել հաջորդ փորձին: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան  Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
02:08 - 03 հոկտեմբերի, 2020
Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո
 |amerikayidzayn.com|

Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն հոկտենմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին։ «Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործույուններ: Այս քալը նույն հետևանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն։ Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, և ընդգծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետևողական տեսակետ այս կապակցությամբ: «Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը: «Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ու Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ից հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունը ուղղեց Թուրքիային երեկ կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Պոմպեոն:  
01:12 - 03 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ հանդիսացող երեք երկրների ղեկավարների սույն հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը՝ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ, որն ավելի վաղ արտահայտվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԽ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլև հետևողականորեն և միտումնավոր կերպով ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաև միջազգային ահաբեկչության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերի մեջ: Արցախի Հանրապետությունն այսուհետ ևս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձևավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, ողջ համաշխարհային հանրության համար սպառնալիք ներկայացնող Անկարայի և Բաքվի հակաօրինական գործողությունները դադարեցնելու համար: Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի:
00:27 - 03 հոկտեմբերի, 2020