Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ տեղեկացնում է BBC-ն: ԱՄՆ իշխանությունների որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներով՝ ներառյալ 2020-ին անցկացված նախագահի ընտրություններին ենթադրյալ միջամտությունը: Հինգշաբթի ակնկալվող պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի ավելի քան 30 իրավաբանական անձանց և ներառում են առնվազն 10 անձի վտարումն ԱՄՆ-ից: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր կստորագրի, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հունիսից կարգելվի ռուբլով տրվող պարտատոմսերի գնումը: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում ԱՄՆ-ը խիստ է գործելու:  Մոսկվան բազմիցս հերքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած կիբեռհարձակումների մեղադրանքը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դրա համար ապացույցներ չկան, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առնչություն չի ունեցել կիբեռհանցագործության հետ:
12:34 - 15 ապրիլի, 2021
Հայ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին՝ ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով |armenpress.am|

Հայ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին՝ ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով |armenpress.am|

armenpress.am: Հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ին նրա ամենամյա ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով։ Նամակն ստորագրել են Հայաստանի պատմաբանների միությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը: Հայ պատմաբանները նամակում նշում են, որ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չեն հետապնդում: Անհանգստությունը կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ «Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված ԼՂ խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով ԼՂ-ում կրկին իրեն պահեց որպես սերիական  մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար»,-ասված է նամակում: Նշվում է, որ փաստացի միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավարությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների նման՝  վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ իր բոլոր հարեւանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: «Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը,  որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխավորող կարմիր գծերը, որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը եւ նոր ցեղասպանությունների կանխարգելումն առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։ Բալկանյան թերակղզուց մինչեւ Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարևանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորությունների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ  խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձեւավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով»,-ասված է բաց նամակում: Հայ պատմաբանները նկատել են՝ միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաեւ ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու եւ անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման եւ իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետեւողականորեն արեւելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի   վտանգավոր հավակնությունների հետագա ծավալմանն ու ընդարձակմանը։ «Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլեւ բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով»,-նշված է ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում։
17:37 - 13 ապրիլի, 2021
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստորագրահավաք է սկսվել՝ Բայդենից Ցեղասպանության ճանաչման պահանջով |armtimes.com|

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստորագրահավաք է սկսվել՝ Բայդենից Ցեղասպանության ճանաչման պահանջով |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ նախագահ Բայդենից պահանջելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ANCA-ն՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակը: Նշվում է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։ Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ։ Նախագահ Բայդենին ուղղված նամակի տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․ «Մեծարգո նախագահ Բայդեն  Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»: Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը: Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ․ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո: Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»:  Կոնգրեսականներ Ադամ Շիֆ Գուս Բիլիրակիս Ֆրենկ Փալոն Դեյվիդ Գ. Վալադաո Ջեքի Սփյեր
15:04 - 09 ապրիլի, 2021
Պուտինը ստացել է Վաշինգտոնում կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը |azatutyun.am|

Պուտինը ստացել է Վաշինգտոնում կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Պուտինը ստացել է Ջո Բայդենի հրավերը՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ «Այժմ դիվանագիտական խողովակներով՝ Վաշինգտոնում մեր դեսպանատան և Մոսկվայում Ամերիկայի դեսպանատան միջոցով հստակեցվում են մանրամասները», - այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ ռուսական կողմը փորձում է պարզել՝ ինչպես է հանդիպումն ընթանալու և ով է դրան մասնակցելու։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել էր, թե 40 պետությունների ղեկավարների հրավիրել է Վաշինգտոն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ Սպիտակ տան հաղորդմամբ, հավաքը տեղի կունենա այս ամսվա վերջին, հրավիրյալների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Գերմանիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, զարգացած արդյունաբերություն ունեցող մի քանի տասնյակ այլ պետությունների ղեկավարներ։
14:48 - 02 ապրիլի, 2021
Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում |factor.am|

Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ ու ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում, Թուրքիայում, Արևելյան Եվրոպայում ու Արևմտյան Բալկաններում։ Այս մասին վերջինս հայտարարել է տեսակապի միջոցով դիմելով Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում են Սպիտակ տնից։ ԱՄՆ նախագահը նաև կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի ու Չինաստանի հարցերով փոխգործակցությանը։ Բայդենը կոչ է արել Բրյուսելին սերտ համագործակցել ընդհանուր խնդիրների լուծման հարցում, այդ թվում նաև՝ կորոնավիրուսի ու կլիմայի փոփոխության, տնտեսական կապերի խորացման հարցում։ «Նախագահը նաև ցանկություն է հայտնել համատեղ աշխատել արտաքին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համագործակցությունը Թուրքիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Բալկաններում », – ասված է հաղորդագրության մեջ:
13:53 - 26 մարտի, 2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը: «Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները: Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
13:27 - 20 մարտի, 2021
ԱՄՆ 38 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 |1lurer.am|

ԱՄՆ 38 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը |1lurer.am|

1lurer.am: 38 սենատոր նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով։ «Պարոն նախագահ, խստորեն պահանջում ենք պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Նախկինում Դուք Հայոց ցեղասպանությունը դատապարտել էիք որպես ցեղասպանություն, այդ թվում և 2020 թ. ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնն անել նաև որպես նախագահ»,- նշված է նամակի ներածական մասում։  Ներկայացնելով 1915-1923 թթ. տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները նաև շեշտում են, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նահատակներին ոգեկոչելու հարցում։ Սենատորները հիշեցնում են, որ գործող վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների նկատմամբ։   Սենատի արտաքին կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների օրենսդիրի զույգ պալատները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
21:48 - 19 մարտի, 2021
Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի առաջնորդն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին և ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։ «Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ով ինքն է հաճախ կոշտ հայտարարություններ և վիրավորական արտհայտություններ հնչեցնում ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին։ «Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա [Պուտինը] շատ խելացի և շքեղ պատասխան է տվել»,- թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Թուրքիայի առաջնորդը։
16:15 - 19 մարտի, 2021
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը. Լավրով |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։ «Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում) իրականում հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասել է Լավրովը։ Նա հիշեցրել է ավելի վաղ հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ կլինի համագործակցել ԱՄՆ-ի հետ «միայն այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են ՌԴ-ին, և միայն երկրին ձեռնտու պայմաններով»։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։  Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։
13:46 - 19 մարտի, 2021