Հայաստան

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին |1lurer.am|

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին |1lurer.am|

1lurer.am: Անկարան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը: «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»,- ասված է հայտարարության մեջ: Ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Երևանին ուղղված հրավերի մասին դեռ հունվարին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի ԱԳՆ քարտուղար Վահան Հունանյանը երեկ հաստատել էր նախարար Միրզոյանի մասնակցությունը: Ֆորումին հրավիրված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, նրա մասնակցության մասին դեռ պաշտոնական հաստատում չկա:
15:16 - 08 մարտի, 2022
Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, որում ասվում է․  «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին: Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը: Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝  հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:
19:54 - 07 մարտի, 2022
Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանվելու, ևս մեկի հրազենով վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
18:46 - 07 մարտի, 2022
ԱԱԾ-ն չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա զինծառայողներ, Արցախի պետական մարմինների աշխատակիցներ

ԱԱԾ-ն չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա զինծառայողներ, Արցախի պետական մարմինների աշխատակիցներ

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում  բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական  կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները: Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել  Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:   Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված  են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները: Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով  հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։ Միաժամանակ, հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել Ծառայության հետ և օժանդակել հետագա վնասը կանխելուն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:36 - 07 մարտի, 2022
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել:  ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Հարց-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Պատասխան – ՀՀ կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: Հարց – Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ: Պատասխան – Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
13:25 - 07 մարտի, 2022
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

2022 թվականի հունիսի 1-3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը՝ տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից: Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության լիազոր մարմինների ներկայացուցիչներից անմիջապես տեղեկանալ իրենց երկրներում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակի, նախաձեռնվող քայլերի վերաբերյալ։ Նիստի Հայաստանում կազմակերպումը էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանը և նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչն էլ կնպաստի Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը, ճանաչելիության բարձրացմանն ու ՄԱԿ ԶՀԿ այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը։
11:24 - 07 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը

 |armenpress.am|

Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։ -Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։ -Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։ -Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։ -Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։   Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ 
23:27 - 03 մարտի, 2022
Մակրոնը Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին

Մակրոնը Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից հրապարակված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձից, որը նվիրված է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ֆրանսիայի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: «Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման: Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը։ «Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին: Հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»,- ընդգծել է Մակրոնը:
20:45 - 03 մարտի, 2022
Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները. սենատոր Մենենդեզ

 |armenpress.am|

Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները. սենատոր Մենենդեզ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով պարզվել է, որ, ըստ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը»։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ավելին, ըստ նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չբավարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին իր առաջնորդության համար: Հաշվի առնելով 2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառ սանձազերծած պատերազմը և Ադրբեջանի կողմից իրականացվող հրադադարի շարունակական խախտումները, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի հաշվետվողականության պահանջների չկատարելը՝ մենք կոչ ենք անում Կոնգրեսին ամբողջությամբ կիրառել 907 բանաձևը»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Համաձայն սենատոր Մենենդեզի մամուլի հաղորդագրության, GAO-ի զեկույցի հիմնական բացահայտումները հետևյալն են. Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա: Պետդեպարտամենտի հիմնավորման հուշագրերը պարունակում էին սահմանափակ կամ ընդհանրապես չէին պարունակում մանրամասներ՝ կապված օգնության չափի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության կարգավիճակի, ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ աջակցության ազդեցության կամ խաղաղության բանակցությունների վրա աջակցության ազդեցության հետ: Պետդեպարտամենտի 2021թ.-ի ուղեցույցում չէին տրամադրվել մանրամասն հրահանգներ գործակալություններին՝ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնելու պահանջների վերաբերյալ: Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը չեն փաստագրել 2014-2020թթ.-ի ֆինանսական տարիների կասեցման պահանջների իրենց դիտարկումը, ներառյալ այն, թե ինչպես են նրանք որոշել, որ օգնությունը չէր օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: «Համագումարն ակնկալում է աշխատել նախագահ Մենենդեզի հետ՝ օրենքի այս սկզբունքային դրույթն առավել ամրապնդելու համար»,– հավելել է Խալոյանը:  Ամբողջական զեկույցն՝ այստեղ։  
20:10 - 03 մարտի, 2022
Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա: Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- ասված է Հարությունյանի շնորհավորական ուղերձում:
15:42 - 03 մարտի, 2022
ԵՏՀ-ի ուշադրության կետրոնում է ԵԱՏՄ-ի սելեկցիայի և սերմնաբուծության ազգային համակարգերի զարգացումը․ Արմեն Հարությունյան |armenpress.am|

ԵՏՀ-ի ուշադրության կետրոնում է ԵԱՏՄ-ի սելեկցիայի և սերմնաբուծության ազգային համակարգերի զարգացումը․ Արմեն Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությամբ նախատեսված է գյուղատնտեսական բույսերի և անասնաբուծության ոլորտում անդամ պետությունների մրցունակության բարձրացման միջոցառումների իրականացում: Հետևողական աշխատանք է տարվում գյուղատնտեսական բույսերի սերմերի և տոհմային արտադրանքի ընդհանուր շուկաների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով Միությունում մշակվել և ընդունվել են երկու առանցքային միջպետական համաձայնագրեր, որոնք վերաբերվում են գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության և գյուղատնտեսական կենդանիների սելեկցիոն-տոհմային աշխատանքի իրականացման միասնական աշխատանքներին։ Այս երկու թեմաները մարտի սկզբին կգտնվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ուշադրության կենտրոնում՝ ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ: Մարտի 4-ին ԵՏՀ պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի խոշորագույն ագրոհոլդինգի «Միրատորգ» գենոմային սելեկցիայի կենտրոն, իսկ մարտի 5-ին հանձնաժողովի խորհրդի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի հետ կմասնակցի «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանին առաջատար Բելառուսական պետական գյուղատնտեսական ակադեմիայի հարթակում՝  միության երկրների գյուղատնտեսության նախարարների, ուսումնական հաստատությունների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն մասին, թե ինչպես է ԵԱՏՄ-ում ձևավորվում սերմերի ընդհանուր շուկան պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ -Պարոն Հարությունյան, որքանո՞վ են մեր երկրների տնտեսավարող սուբյեկտները ապահովված ԵԱՏՄ-ի շրջանակներում արտադրված սերմերով:  -Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից անդամ պետությունների ագրոարդյունաբերական ոլորտում նկատվում է Միության երկրներից ծագող պարենային ապրանքների արտադրության և ընդհանուր շուկայի հագեցվածության կայուն աճ: 2021 թվականի արդյունքներով գյուղատնտեսական արտադրությունը կազմել է 135,7 մլրդ դոլար (աճը 2014 թվականի համեմատ կազմել է 14,4 տոկոս), որից մոտ 57 տոկոսը բաժին է ընկնում բուսաբուծությանը: Գյուղատնտեսական արտադրության աճն ապահովվել է ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման հաշվին (օրինակ ՝ հացահատիկային և լոբազգիների ՝ 1,5 մլն հա-ով (2,2 տոկոս), արևածաղկի ՝ 2,9 մլն հա-ով (37,4 տոկոսով), ճակնդեղի ՝ 85 հազար հա-ով (8,2 տոկոս), այնպես էլ ինտենսիվացման, այդ թվում՝ ագրոտեխնոլոգիաների, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համակարգերի կատարելագործման շնորհիվ, ինչպես նաև հիմնականում բարձր արդյունավետ սորտերի ներդրման և բարձրորակ սերմերի օգտագործման շնորհիվ, որոնք երաշխավորում են անհրաժեշտ որակով բարձր բերքատվություն: Ինչպես ասում էր ականավոր ռուս սելեկցիոներ Իվան Վլադիմիրի Միչուրինը՝ «Բուսաձևը որոշում է աշխատանքի հաջողությունը»: Լավագույն, հարմարեցված բուսաձևի օգտագործումը հանդիսանում է ագրարային արտադրության արդյունավետության բարձրացման ելակետը։ Յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ անդամ պետություններում ցանքի համար անհրաժեշտ է ավելի քան 12 մլն տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրություն: Զգալի չափով միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի սերմերի պահանջարկը ապահովվում է մեր սելեկցիոներների մշակումների և սեփական սերմնաբուծության հաշվին։ Մասնավորապես, հացահատիկային հիմնական մշակաբույսերի համար Միության երկրներում սեփական արտադրության սերմացուի տրամադրումը հասնում է ավելի քան 90 տոկոսի: Ընդ որում, նկատվում է երրորդ երկրներից մի շարք ռազմավարական նշանակության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի զգալի ներմուծում, որը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ Երրորդ երկրներից ներկրվում է ճակնդեղի սերմերի ավելի քան 90 տոկոսը, արևածաղկի սերմերի 60 տոկոսը։ Այսպես, 2021 թվականին ԵԱՏՄ պետությունները միության սահմաններից դուրս գրեթե 140 մլն դոլարի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր են ներմուծել, 64 մլն դոլարի պտուղ-հատապտղային մշակաբույսերի տնկիներ, 268,2 մլն դոլարի արեւածաղկի եւ 124 մլն դոլարի ճակնդեղ:   -Ի՞նչ աշխատանք է իրականացնում հանձնաժողովը անդամ պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով ՝ փոխադարձ առեւտրի զարգացման, ինչպես նաև սելեկցիոներների և սերմնաբույծների կոոպերացիայի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: - Այս տարի լրացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ վերազգային մարմնի 10-ամյակը, որը ապահովում է միության գործունեությունը, զարգացումն ու հետագա ինտեգրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։ Չնայած տնտեսական ինտեգրման համար համեմատաբար երիտասարդ տարիքին՝ սերմնաբուծությունը մեր ուշադրության կենտրոնում է 2012 թվականից. արդեն այն ժամանակ սկսվեց միջազգային պայմանագրի նախագծի մշակումը։ Աշխատանքի արդյունքը դարձել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագրի ստորագրումը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականին: Այս նորմն ապահովելու համար հանձնաժողովը հաստատել է սերմացուի սորտային որակների որոշման միասնական մեթոդները, այդ թվում՝ սորտային մշակաբույսերի (տնկիների) ապրոբացիայի և գյուղատնտեսական բույսերի հողային վերահսկողության եղանակները։ Հարկ է նշել, որ մեթոդները միջազգայնորեն ճանաչված տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բուսաձևերի սերտիֆիկացման ուղեցույցների և առաջարկությունների հիման վրա են: Մեր երկրներում ավելի վաղ գոյություն ունեցող ապրոբացիայի տեխնիկայի հիմնական կատարելագործումը դարձել է բույսերի ընտրության անհրաժեշտության վերացումը, այսպես կոչված ապրոբացիոն խուրձը։ Ապրոբացիան իրականացվում է փորձադաշտերում բույսերի տեսողական զննության և հատուկ հաշվարկային աղյուսակների օգտագործմամբ հայտնաբերված ատիպիկ բույսերի քանակով սորտի մաքրության որոշման միջոցով։ Դա բարելավում է որոշման ճշգրտությունը և հեշտացնում է ինքնին ընթացակարգը: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքատարածությունների սահմանմանը, ապա նման մեթոդները կանոնակարգված են ԵԱՏՄ անդամ պետությունների միջպետական և ազգային ստանդարտներով կամ այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով: Հանձնաժողովը հաստատել է գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքատարածությունների որոշման միասնական մեթոդների համապատասխան ցանկը։ Միության շրջանակներում միասնական մեթոդների կիրառումն ապահովում է սերմերի որակի վերաբերյալ փաստաթղթերը՝ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման նպատակով։ Անհրաժեշտ է նշել, որ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների մասով սերմերի ազատ շրջանառության ապահովման համար կիրառվում են միությունում միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ, կարանտինային օբյեկտների ցանկ, ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կարանտինային բուսասանիտարական վերահսկողության իրականացման կարգը:   -Հանձնաժողովը ձեւավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր: Ի՞նչ նպատական ունի այն։ -Այդպիսի ռեեստրի ձևավորումը նախատեսված է համաձայնագրով։ Այսօրվա դրությամբ հանձնաժողովը արդեն ընդունել է անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, իրականացվում են տեխնիկական աշխատանքներ ՝ ապագա ռեեստրի ինտեգրացիոն հատվածի մշակման ուղղությամբ։ Բելառուսական եւ ռուսական կողմերն արդեն տեղեկացրել են ազգային հատվածների փոխգործակցության թեստավորման պատրաստակամության մասին: Ռեեստրում արդիական տեղեկատվություն է պարունակվելու Միության երկրների գյուղատնտեսական բույսերի բոլոր սորտերի տնտեսական և կենսաբանական հատկությունների մասին, ինչը գյուղարտադրողներին կօգնի բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ սորտերի ընտրության հարցում: Ռեեստրը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:46 - 03 մարտի, 2022