Ինֆոքոմ

Եթե ԱՄՆ-ում որոշել են, որ Ցեղասպանությունը ճանաչելով պետք է Թուրքիային պատժեն, ապա հետ չեն կանգնելու այդ մտքից․ Վահրամ Այվազյան

Եթե ԱՄՆ-ում որոշել են, որ Ցեղասպանությունը ճանաչելով պետք է Թուրքիային պատժեն, ապա հետ չեն կանգնելու այդ մտքից․ Վահրամ Այվազյան

Ինչպես ամեն տարի ապրիլին, այնպես էլ այս տարի համացանցում եւ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ այս տարի ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրեցին նաեւ միջազգային տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Jerusalem Post-ը եւ Los Angeles Times-ը։ Los Angeles Times-ի խմբագրականում ասված է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ոսկե հնարավորություն ուներ կատարելու նախընտրական խոստումն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ճանաչելու պատմական փաստը: Այդուհանդերձ, Օբաման վերջին պահին հետքայլ արեց եւ փոխարենն օգտագործեց Ցեղասպանության համար հայերենում օգտագործվող «Մեծ եղեռն» եզրույթը: Նույնն արեց նաեւ հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թարմփի վարչակազմը: Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերի կարծիքով էլ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը ԱՄՆ-ից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Նրա համոզմամբ՝ ճանաչման ժամանակը հիմա է։ Հայոց ցեղասպանության ճանաչման, դրա հնարավորությունների ու տարածաշրջանային հնարավոր լարվածության մասին Infocom.am-ը զրուցել է «Ցանցային պետություն» նախաձեռնության հիմնադիր, ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռի թիմակից Վահրամ Այվազյանի հետ։  - Պարո՛ն Այվազյան, Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դարձյալ ակտիվ քննարկումների առիթ է՝ ինչպես ամեն տարի ապրիլին։ Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ն այս տարի կճանաչի՞ ցեղասպանության փաստը, ի՞նչ զարգացումներ տեղի կունենան։ - Իրականում սպասելի է, որովհետեւ նախ միջազգային հարաբերությունների համակարգը Մերձավոր Արեւելքում, Կովկասում բավականին փոխվել է Արցախյան երկրորդ պատերազմից եւ մեր կապիտուլյացիայից հետո, բայց, ամեն դեպքում, մենք պետք է հիշենք, որ Ցեղասպանությունը եւ Ցեղասպանության ճանաչման այդ ճնշումը, ճանաչման պահանջատիրությունը աշխարհաքաղաքական գործոն է, որը, կարծես թե, Հայաստանի ժողովրդի մեծ մասը եւ, ցավոք սրտի, նաեւ կառավարող շրջանակները չեն հասկացել։ Մենք Արցախն ունեինք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ կորցրինք, եւ այժմ Ցեղասպանության փաստը կարող ենք եւ պետք է օգտագործենք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ մեր ճնշումները գործադրելու հարեւան երկրի վրա, բայց չենք օգտվում դրանից, ինչը ցավալի իրականություն է, որ պետք է արձանագրենք։ Միացյալ Նահանգները փոփոխված տարածաշրջանում է գործում, ես լավ հիշում եմ, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն տարածեց, թե այն տարածաշրջանները, որտեղից ԱՄՆ-ն դուրս եկավ, քաոսի մեջ են հայտնվում։ Դա հաղորդագրություն էր՝ ուղղված տարածաշրջանների՝ այսպես ասած տերություններին։ Կարծում եմ, որ նկատի ուներ նաեւ այս տարածաշրջանը՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ այլն։ Ըստ իս՝ այս հաղորդագրությունը կապ ունի Ցեղասպանության ճանաչման այս արշավի հետ, որովհետեւ ԱՄՆ-ն միշտ էլ Ցեղասպանության ճանաչման այդ սպառնալիքը օգտագործել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Իրականում ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ գիտեք, որ ԱՄՆ Սենատը ճանաչեց Ցեղասպանությունը, եւ 1981 թվականին առաջին անգամ Ռոլանդ Ռեյգանն արտաբերեց ցեղասպանություն բառը։ Իրականում այս տարի շատ մեծ կարեւորություն է ստացել, որովհետեւ մենք գտնվում ենք այս ռուս- թուրքական տանդեմի աքցանի մեջ, որին ես անվանում եմ «Պուտողան»՝ Պուտին գումարած Էրդողան, միջազգային մամուլում նույնպես այս տերմինը շրջանառվում է։ Այսինքն՝ Պուտողանի աքցանի մեջ լինելով՝ ԱՄՆ-ն կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որ Միացյալ Նահանգներն այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ավելի ճիշտ Բայդենը կարտաբերի ցեղասպանություն բառը, որը, կարծում եմ, մեծ իրադարձություն կլինի, քանի որ Միացյալ նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի շատ երկրներ ավտոմատ ճանաչելու են, եւ դա մեծ ճնշում է լինելու Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ի նման գերտերության կողմից Ցեղապսանության ճանաչումը մեծ վտանգներ է պարունակում։ Նախ՝ առաջին հերթին ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ համաձայն չէ ռուս-թուրքական մերձեցման նման մակարդակի հետ, այսինքն՝ պարզ է, որ ռուս-թուրքական մերձեցումը խորքային պետությունների պայմանավորվածությունների պայմաններում եղել է ինչ-որ մակարդակի, որից ավելի հնարավորություն չունեին գնալու, բայց, կարծես թե, թուրքերն ու ռուսները մի փոքր առաջ են շարժվել, ինչը Միացյալ Նահանգներին այդքան էլ դուր չի գալիս։ Սա կլինի առաջին լուրջ հաղորդագրությունը, որ մենք կարող ենք ձեզ պատժել ու շատ դաժան ձեւով։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգները սրանով ցույց կտա, որ ինքը վերադառնում է տարածաշրջան եւ կարող է խաղացնել հայկական քարտը՝ Թուրքիայի դեմ ճնշումներ իրականացնելու համար։ Եթե Ցեղասպանությունը ճանաչի ԱՄՆ նման գերտերությունը, միջազգային մամուլը ուղղակի ողողվելու է այս փաստով, ինչը նշանակում է, որ թուրքական պետության մեջ բավականին լուրջ սենսացիաներ են առաջանալու՝ քաղաքական երկրաշարժ, որովհետեւ թուրքական պետության մեջ ժխտման գիծ է տարվել, իսկ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել ճշմարիտը եւ հասանելին տեսնելու, այդ պատճառով, երբ միջազգային մամուլը ողողվի լուրերով, թուրքիայի բնակչությունը կսկսի ինքն իրեն հարց տալ՝ «փաստորեն, եթե ցեղասպանություն է եղել, ապա հնարավոր է, որ ես թուրք չեմ, հնարավոր է, որ ես հայ եմ, քուրդ եմ, ասորի եմ, հույն եմ» եւ այլն։ Կառաջանա էթնիկ ճգնաժամ, դրա համար Թուրքիան վախենում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Այդ գործընթացը վարակի պես տարածվելու է ամբողջ աշխարհով եւ ներսից պայթեցնելու է Թուրքիան։ Ես կարծում եմ, որ եթե Բայդենը որոշի կամ եթե առհասարակ Ամերիկայում որոշել են, որ պետք է Թուրքիային պատժեն, ապա նրանք որեւէ ձեւ հետ չեն կանգնելու այդ մտքից։ Որեւէ իրադարձություն իրենց հետ չի կանգնեցնի, եթե իրենք ուզում են գնալ Թուրքիային պատժելու ճանապարհով, որովհետեւ Թուրքիան տարածաշրջանում ավելի շատ անկախություն է դրսեւորում, քան ԱՄՆ-ն թույլ է տալիս։  - Դուք չեք բացառում, որ հավանականություն կա՝ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանության փաստը։ Տարբեր շրջանակներ ու անհատներ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ հարց են բարձրացնում՝ ի՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը ե՛ւ ֆինանսատնտեսկան առումով, ե՛ւ հոգեբանական։  - Հանրությանը եւ Հովիկ Աղազարյանին կպատասխանեմ, որ Ցեղասպանությունը 10 փուլից է բաղկացած, որից վերջինը ժխտումն է։ Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակականությունն է, թուրքական պետությունը մինչեւ այժմ իրականացնում է ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, դա պետք է հստակ արձանագրենք, հասկանանք եւ ընկալենք, որպեսզի կարողանանք շարժվել առաջ։ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, մենք այստեղ ենթարկվում ենք ցեղասպանության, քանի որ ժխտումը բերում է ցեղասպանության շարունակության՝ սա միջազգային տերմին եւ կանոն է, որից մենք չենք կարող շեղվել։ Ի՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը․ առաջին հերթին՝ ցեղասպանության ավարտ, ինչը շատ կարեւոր է։ Երկրորդ՝ հոգեբանական տեսանկյունից մեկուկես միլիոն զոհերը եւ փրկվածների սերունդները այդ բեռը հոգեբանորեն կթոթափեն իրենց վրայից, սա նույնպես շատ կարեւոր է․ հանրությանը, Հովիկ Աղազարյանին եւ բոլորին կխնդրեմ հաշվի նստել այս կարեւոր կետերի հետ։ Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես արդեն նշեցի, թուրքական պետությանը ուղղակի ենթարկելու է քաղաքական երկրաշարժի։ Քաղաքական երկրաշարժ, որից Թուրքիան չի կարողանալու դուրս գալ, դա բացառվում է։ Իրականում սա Թուրքիայի տակ դրված ռումբ է, որը Ցեղասպանության ճանաչմամբ կարող է աշխատել, եւ Թուրքիան սարսափում է դրանից։ Չորրորդ՝ իրավական հետեւանքները․ Ցեղասպանության ճանաչումը իրավական կատեգորիա է, եւ թուրքական պետությունը պարտավոր է մեզ փոխհատուցել ֆինանսական առումով, եւ մեր պահանջատիրությունը պետք է ընդգծվի նաեւ տարածքային առումներով, իհարկե, սա ոմանց կարող է ուտոպիստական թվալ, բայց, իրականում, եթե ուշադիր նայենք, թուրքական պետությունը 1923 թվականին է ստեղծվել, մինչեւ այդ՝ 1921 թվականին, Մոսկվայի պայմանագիր է ստորագրել Լենինյան Ռուսաստանի հետ․ ոչ մեկը, ոչ մյուսը ճանաչված, միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին։ Այսինքն՝ միայն Սեւրի պայմանագիրն է, որն իրականում կնիքը վրան փաստաթուղթ է, որը ստորագրվել է միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից։ Տարածքային պահանջների առումով նույնպես պետք է հստակ ընդգծենք մեր դիրքորոշումը։ Ցավոք, ներկայիս կառավարությունն ընդհանրապես հեռու է դրանից, եւ Թուրքիայի հետ սին հաշտության եզրեր են փորձում գտնել մի դեպքում, երբ Թուրքիան չի ուզում այդ հաշտությունը, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է 100 տարի ընկնել նույն ծուղակը։ Երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, նույն ծուղակն ընկավ, ինչպե՞ս կարող ենք նորից ընկնել այդ ծուղակը։ Հանրության համար լավ լուր ունեմ․ հաստատ իմացեք՝ եթե Միացյալ Նահանգները որոշել է ճանաչել Ցեղասպանությունը, ինքը չի նայելու, թե Նիկոլ Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում, ԱՄՆ-ը՝ որպես պետական ապարատ, ի տարբերություն մեզ՝ կայացած է եւ իր հստակ գիծը առաջ է տանում։ Իրենք իրենց որոշումները չեն կայացնում որեւէ այլ երկրի ժողովրդի վարքագծի հիման վրա։ Ամեն դեպքում, հանրությունը պետք է նաեւ իմանա, որ եթե թուրքական պետությունը ողողվի լուրերով, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Ցեղասպանությունը, թուրքական պետությունը ուղղակի այդ ամենի տակից չի կարողանալու դուրս գալ։ Ընդ որում՝ այս պայմաններում ԱՄՆ-ն ոչ միայն կարող է ուղղակի ճանաչել, այլ նաեւ կարող է ճնշումներ գործադրել՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ ճնշումներ։ Այդ ամենը շատ կարեւոր է, եւ կարեւոր է, որ մեր հանրությունը գիտակցի մի շատ կարեւոր հարց, եթե Թուրքիան մեզ հետ հաշտություն չի ուզում, մենք որքան էլ ուզենք, ինքը չի հաշտվելու։ Դա մեծ թակարդ է, որի մեջ ընկնում է մեր ժողվորդի մի ստվար զանգված, դա բացառվում է, որովհետեւ Թուրքիան նույնպես Միացյալ նահանգների նման ունի իր քաղաքական գիծը, իրենք որոշել են՝ չեն հաշտվելու, ինչ ուզում է անենք՝ լաց լինենք, խնդրենք, ժպտանք, ծաղիկներով դիմավորենք, թե իսկանդերով, ամեն դեպքում իրենք թշնամաբար են ընդունելու մեզ։ Ես սա ցավով եմ ասում, բայց դա է փաստը։  - ԱՄՆ բոլոր նախագահները ընտրություններից առաջ միշտ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ հայ համայնքի քվեն ստանալու համար, բայց ընտրություններից հետո, փաստացի, մոռացել են իրենց խոստումների մասին։ Ի՞նչ կկատարվի ԱՄՆ ներքաղաքական կյանքում, ինչպիսի՞ զարգացումներ՝ միջազգային հարթակներում, եթե ճանաչեն Ցեղասպանությունը։ - ԱՄՆ-ն այնքան մեծ պետություն է, որ միջազգային հարթակներում շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ գնահատական տան Նահանգների քայլերին։ Երկրորդը՝ ներքաղաքական կյանքում, չեմ կարծում, թե նշանակալի փոփոխություններ կլինեն։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է, նաեւ ակցիաներ, բայց դրանք շատ աննշան կլինեն Նահանգների տարածքում։ Այո, ԱՄՆ նախագահները հայ ընտրազանգվածի համար օգտագործել են Ցեղասպանության գործոնը եւ այլն, բայց դա չի նշանակում, որ դա շատ կարեւոր գործոն է եղել ԱՄՆ հանրապետականների կամ դեմոկրատների համար, ես դա բացառում եմ, ուղղակի խնդիրն այն է, որ հնարավոր է՝ ԱՄՆ որոշում կայացնողների շրջանում լինեն նման շահարկումներ, որ եթե ճանաչեն, ապա ինչպե՞ս են մանիպուլացնելու ե՛ւ հայերին, ե՛ւ թուրքերին, քանի որ մինչ այս Ցեղասպանության թեմայի շնորհիվ երկուսին էլ կարողացել են մանիպուլացնել, բայց գալիս է մի պահ, երբ իրավիճակը հասունանում է։ Ասեմ, որ մենք նախատեսում ենք Միացյալ նահանգների դիվանագիտական եւ նախագահական ապարատ ուղարկել «Ցանցային պետության» վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ պետք է հստակ նշվի, որ «Ցանցային պետություն» նախաձեռնությունը պահանջում է Հայոց ցեղասպանաության ճանաչումը Թուրքիայի կողմից, պահանջատեր է, չի ընդունում Մոսկվայի պայմանագիրը եւ «Ցանցային պետությունը» պետք է անի ամեն ինչ, որպեսզի Հայաստանում նույնպես քրեական պատասխանատվության ենթարկվի Ցեղասպանության ժխտումը։ «Ցանցային պետությունը» նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ներկայացնում աշխարհասփյուռ հայերի շահերը։ Այնպես որ, այս միջակ եւ ոչ կոմպետենտ կառավարության գործողությունները եւ հայտարարությունները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը, եւ այդ ժողովրդի մեծ մասը հասկանում է իր կենսական շահերը։ Այս ամենի նպատակով մենք ուղարկելու ենք այդ փաստաթուղթը, իհարկե այն ուղարկելու ենք նաեւ աշխարհի մյուս մեծ պետությունների դեսպանատներ, ինչպես նաեւ էլեկտրոնային տարբերակով այդ երկրների ԱԳՆ-ներ, որպեսզի իրենք տեսնեն, որ մենք պահանջատեր ենք։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ գործոնը Ցեղասպանության ճանաչումն է։ Կճանաչեն՝ կվերականգնեն արդարությունը, այդ դեպքում մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել իրենց հետո, ոչ, ուրեմն ոչ։ Սա պետք է հստակ հաղորդագրություն լինի։  - Երբ Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանային իրավիճակը, եւ ի՞նչ կերպ կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները։ - Հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունները միակողմանի են եւ լինելու են միակողմանի, որովհետեւ Հայաստանը, որպես այդպիսին, չունի տնտեսություն, ինչը նշանակում է, որ թուրքական տնտեսությունն է հայտնվելու այստեղ։ Երկրորդը՝ ԱՄՆ-ի՝ Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան հստակ հաղորդագրություն է ստանում, որ իրեն պետք է խելոք պահի, այսինքն՝ Թուրքիան, եթե մտածում է, որ աշխարհաքաղաքական առումով այդքան անկախացել է, եւ այդքան հզորացել է, որ Միացյալ Նահանգներին անտեսելով սկսի ռազմական գործողություններ, դա շատ հետաքրքիր եւ մեզ համար ավելի լավ ավարտ կարող է ունենալ, որովհետեւ չեմ կարծում, թե Էրդողանին կհաջողվի ինչ-որ լուրջ հաջողությունների հասնել։ Բացառվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ինչքան էլ թուրքասեր հայկական կառավարությունը փորձի ինչ-որ խաղեր անել, Թուրքիան որոշել է՝ մենք մեր հարցերը Հայաստանի հետ լուծելու ենք թշնամանքի ճանապարհով։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ազդեցությունը այս ամենի վրա շատ կարեւոր է, որովհետեւ մենք Արցախը որպես աշխարահաքաղաքական գործոն կորցրինք, եւ Թուրքիային տվեցինք դեպի տարածաշրջան կողպեքի բանալին։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ թուրքերը հանդգնեն երկրորդ անգամ Ամերիկայի դեմ դուրս գալ եւ ռազմական գործողություններ սկսել, ես դա քիչ իրատեսական եմ համարում։ Ես նույնպես կցանկանամ, որ հայ-թուրքկան հարաբերությունները լավ լինեն, բայց դա իրատեսական չէ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ աշխարհը մեզ վրա թքած չունի, ուղղակի մենք թիմ չենք ստեղծում։ Աշխարհի ցանկացած երկրի հետ լավ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ունենալ լավ թիմ, անգամ, երբ Սիլիկոնյան հովտում ստարտափի շրջանակներում ներկայացնում ես քո բիզնեսը միլիոնատերերին, այդ ներդրողները առաջին հարցը տալիս են՝ ով է թիմդ։ Նույնը դիվանագիտական, աշխարհաքաղաքական հարցերի դեպքում Է։ Եթե տեսնում են լավ թիմ ունես, ներդրում անպայման կանեն։ - Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը։ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։  - Իմ կարծիքով՝ ռուսները շատ են վախենում այդ զարգացումից։ Մեր հանրությունը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերությունները միայն զենքով չեն, կա նաեւ փափուկ ուժի ֆակտորը, երբ Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը, Հայաստանի բնակչության 70-80 տոկոսը մեկ օրում կդառնա պրոամերիկյան։ Ստացվում է՝ պրոռուսական դիրքերը միանգամից թուլանում են, եւ եթե Ռուսաստանին թվում է, թե կարող է զենքի ուժով պահել դա․․․ եթե պահող լինեին չէին թողնի, որ թուրքերը մտնեին Արցախ։ Ամեն դեպքում, երկարաժամկետ առումով Ռուսաստանի շահերը ոտնահարվել են։ Արցախյան երկրորդ պատերազմում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան մնացին լուսանցքում, բայց այս առումով էլ լավ նորություն ունեմ․ ո՛չ Պուտինին, ո՛չ Էրդողանին, ո՛չ էլ Ալիեւին չի հաջողվում ստորագրել տալ մի փաստաթուղթ, որը կհաստատեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Միջազգային հարաբերություններում շատ կարեւոր է իրավական կողմը, եթե մի կողմը հաղթանակ է տանում, շատ կարեւոր է, որ դա ամրագրվի, բայց հիմա չի ամրագրվում՝ օդում կախված է։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետությունների հետ աշխատելու ոճ չունենք։ Մեր պետական կառավարման ինստիտուտները, օրինակ՝ ԱԳՆ-ն, որը պարապուրդի է մատնված, պետք է հասկանային, որ պետությունների հետ աշխատում ես հստակ, պետք է ներկայացնես քո շահերը եւ ասես՝ մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել այս, այս ոլորտներում։ Մենք ոչինչ չենք արել, ինչ-որ powerpoint պրեզենտացիաներով փորձել ենք հարաբերություններ ստեղծել, ինչը, իհարկե, ձախողել ենք։ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո հայ-ռուսական հարաբերությունները կարող են սրվել, Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ դա հայերի համար կարող է լինել ազգային զարթոնք, որովհետեւ հայ ժողովուրդը ամեն ինչ զրոյից է սկսում, եւ մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդում, եւ դա կարող է բարձրանալու կատալիզատորը լինել։ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Հայաստանի, իր պետական որոշումներ կայացնողների մակարդակում ունի էթնոհոգեբաններ, որոնք ե՛ւ Նահանգներում, ե՛ւ Հայաստանում բնակվող հայերին շատ լավ ուսումնասիրել են եւ հստակ գիտեն, թե մենք ինչ եւ ինչպես ենք մտածում։ Ամեն դեպքում, եթե որոշել են, ապա կգնան այդ քայլին, քանի որ հստակ տեսնում են նաեւ իրենց շահը։ Ցանակցած պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ դրա մասին բարձրաձայնումը լավ լուր է մեզ համար եւ հավելյալ ճնշում է Թուրքիայի վրա։ Ես անցյալ տարի պատերազմից հետո հրապարակեցի «Էրդողանոկրատիա» հոդվածը, որտեղ գրել եմ՝ Էրդողանն այնքան սանձարձակ է դարձել, որ իր երկրում կարողացավ դառնալ, այսպես ասած, միահեծան եւ հիմա փորձում է «էրդողանոկրատիան» արտահանել միջազգային հարաբերություններ, իսկ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Մերձավոր Արեւելքում որեւէ երկիր նման անկախ եւ սանձարձակ քաղաքականություն վարի։ Համոզված եմ, որ Էրդողանի հարցերը Միացյալ Նահանգները կլուծի, որովհետեւ իրենց պահած, չաղացրած խոզը իրենք պետք է մորթեն, իսկ դրա համար շատ մեթոդներ կան՝ լիրայի անկում եւ այլն։ Ցեղասպանության ճանաչումն էլ Էրդողանին ճնշելու միայն մի կատալիզատորն է։  - Հանրության մի հատված այն կարծիքին է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի գերտերությունները ճանաչեն Ցեղասպանության փաստը, մի մասն էլ կարծում է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք Արցախի հարցի, Արցախի անկախության ճանաչման ու գերիների վերադարձի վրա։ Կան պնդումներ, որ մինչեւ Ցեղասպանությունը չճանաչվի, Արցախի անկախության ճանաչման մասին խոսելն անիմաստ է։  - Նախ ասեմ, որ հանրությունը որեւէ կերպ իրավուք չունի 106 տարի առաջ 1,5 միլիոն զոհերի վրա ստվեր գցելու եւ հանրությունը չի որոշողը՝ ճանաչեն, թե ոչ, եւ հերթականություն սահմանելու իրավունք նույնպես չունի։ Ցեղասպանությունը համամարդկային հանցագործություն է եւ Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1914 թվականին, շարունակվում է ցայսօր, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, ցեղասպանության ժխտումը ենթադրում է ցեղասպանության շարունակություն։ Երկրորդը՝ Արցախի անկախությունը կեղծ օրակարգ է, որը մտցվեց 1994 թվականին՝ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ինչը աղետի ենթարկեց Հայաստանի Հանրապետությունը։ «Ցանցային պետության» հռչակագրում, որը շուտով կհրապարակվի, հստակ նշել ենք՝ «Ցանցային պետությանը» միացող ցանկացած քաղաքացի հաստատում է, որ մենք հղում ենք անում ՀՀ երրորդ հանրապետության՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին կնքված Անկախության հռչակագրին, որով նշվում է, որ Հայաստանը եւ Արցախը պետք է միավորվեն։ Արցախի նկատմամբ պատերազմական հանցագործությունները պետք է որեւէ կապ չունենան Հայոց ցեղասպանության հետ, դրանք տարբեր բաներ են։ Պետք է կարողանանք հստակ տարանջատել իրավական երեւույթները։ Միեւնույն ժամանակ մենք կարող ենք ասել, որ Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում, որովհետեւ տեղահանվում են մարդիկ, ցեղասպանության համար պետք չէ, որ մեկ միլիոն մարդ սպանվի։ Ցեղասպանության մասին կոնվենցիայում ասվում է՝ մտադրությունը՝ վերացնելու կրոնական, էթնիկ եւ այլ խմբերի․․․ այդ մտադրությունը այս պատերազմի ժամանակ նույնպես եղել է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների, վաչապետերի մոտ, կառավարող շրջանակներում այդ մտադրությունը միշտ կա, բայց դրանք իրար կապելը անմտություն է։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եւ մեր հանրությունը պետք է մի փոքր ավելի գրագետ հայացք նետի իրերի եւ երեւույթների վրա։ Թուրքիան երբեք չի գնալու հարաբերությունների լավացման, ինչ ուզում է՝ լինի․ կա էթնիկ հակամարտություն, եւ այդ պատերազմը տարածքային չէ, այլ քաղաքակրթական։ Մենք պետք է պահանջատեր լինենք անգամ Արցախի եւ Հայաստանի միավորմանը։ Թուրքիային պետք է ստիպել, որ հենց իրենք ճանաչեն Ցեղասպանությունը եւ վերականգնումներ ու նաեւ տարածքային պահանջներ ներկայացնենք։ Մենք մեր քայլերով պետք է վստահություն ներշնչենք աշխարհի երկրներին եւ ունենանք թիմ, ու կլինեն պետություններ, որոնք կօգնեն։  Ասպրամ Փարսադանյան
18:10 - 23 ապրիլի, 2021
Կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցությունն առաջիկայում կհայտնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ

Կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցությունն առաջիկայում կհայտնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ

Այսօր կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի սկզբում ելույթ ունեցավ Մհեր Տերտերյանը։ Նա նշեց, որ կուսակցությունն իր առջև նպատակ է դրել շատ կարճ ժամանակում ճանաչելիություն ձեռք բերել: «Մենք հրաժարվում ենք դատապարտել գործող և նախկին իշխանություններին, ժամանակը չէ, որ թողնենք մեր վտանգված ապագան և քննադատենք Պողոսին կամ Պետրոսին»,- ասաց Տերտերյանը: Նրա խոսքով՝ իրենց կուսացությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ բիզնես հատվածի, զինվորականների հետ, այցելել մարզեր, գյուղացիների հետ հանդիպել և նրանց խնդիրները հավաքագրել։ Մհեր Տերտերյանը նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն սկսել է աշխատել կառավարության ծրագրի վրա։ «Միասնական հայրենիք»-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ։ Տերտերյանի ելույթից հետո հիմնադիր համագումարին ներկա եղողները միաձայն կողմ քվեարկեցին, որ հիմնադրվի «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մհեր Տերտերյանն առաջադրվեց որպես կուսակցության նախագահ։ Նա ևս ընտրվեց միաձայն։ Կուսակցության նախագահի ընտրությանը հաջորդեց վարչության անդամների փակ, գաղտնի քվեարկությունը։ Ձայների մեխամասնությամբ վարչության անդամեր ընտրվեցին Նաիրի Իսրայելյանը, Լուսինե Ավագյանը, Էդուարդ Աբովյանը, Տիգրան Պարսամյանը, Մելիք Փինաչյանը, Ավետիս Հովսեփյանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը կմասնակցի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին։  
15:58 - 23 ապրիլի, 2021
Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Սահմանադրական դատարանն օրեր առաջ որոշել էր կարճել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա քննվող գործի վարույթը։ Այս մասին հայտնել էր ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Այն երկու օր առաջ արդեն հրապարակվել է։ Կոստանյանը, մասնավորապես, վիճարկել էր խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին եւ կարգին, մեղադրյալի հետախուզմանը եւ Վերաքննիչ դատարանի լիազորություններին վերաբերող հոդվածները, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասը, 259-րդ հոդվածի 2-րդ մասը, 394-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը։ 168.am կայքն որոշման հրապարակման օրը դրա վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Կոստանյանից, որի խոսքով, ըստ լրատվամիջոցի, Սահմանադրական դատարանն ըստ էության արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը: Ստորեւ ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման պատճառաբանությունը, որից հետո կանդրադառնանք Կոստանյանի՝ 168-ին տված մեկնաբանությանը։ Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այս գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան հոդվածների համաձայն։ ՍԴ-ի որոշման պատճառաբանության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 202-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկող Դիմողի հիմնավորումները կապված են վերջինիս նկատմամբ նշված դրույթի ենթադրյալ սխալ կիրառության հետ:  ՍԴ-ն, ուսումնասիրելով Դիմումը, եկել է եզրահանգման, որ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, իրականում փորձ է անում բարձրացնել իր նկատմամբկայացված դատական ակտերի իրավաչափության հարց: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա ՍԴ-ն փաստում է, որ այս մասով ընդհանրապես բացակայում են բավարար հիմնավորումներն առ այն, թե որն է Դիմողի կողմից վիճարկվող հոդվածի անհամապատասխանությունը Սահմանադրությանը, ինչպես նաեւ՝ թե ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ:  ՍԴ-ի համոզմամբ՝ դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, նույն կերպ ձեւականորեն բարձրացնելով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, ըստ էության բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ՝ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատական տալու հարց: Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում հենց վերաքննիչ դատարանն ինքն է գնահատել քննիչի՝ դիմողին մեղսագրվող արարքին տրված որակման «սխալ» լինելը։  Սահմանադրական դատարանը հարկ է համարել փաստել, որ վերաքննիչ դատարանն իր դատական ակտով կալանքի իրավաչափության դատական ստուգումն իրականացնելիս Դիմողին վերագրվող ենթադրյալ արարքին չի տվել այնպիսի ենթադրյալ «սխալ» քրեաիրավվական գնահատական, որի պարագայում հնարավոր լիներ գնահատել դրույթի սահմանադրականությունը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս մասով «վերջնական դատական ակտով» ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառված չլինելու պարագայում Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: ՍԴ որոշման համաձայն՝ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այդպիսով բարձրացնում է կոնկրետ գործով տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:  Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ եւ հետագա մի շարք այլ որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, եւ ի՞նչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ։  Դիմողի՝ Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքին՝ բացահայտելու ՔՕ 308-րդ հոդվածի իմաստով «պաշտոնատար անձի» բովանդակությունը եւ պատասխանելու՝ թե արդյոք ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը 2012-2017թթ. «...քրեաիրավական իմաստով հանդիսացել է պաշտոնատար անձ, թե ոչ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «պաշտոնատար անձ» եզրույթի բովանդակությունը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 3-րդ մասում ինքնին բացահայտված է, ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ավելի է հստակեցրել դրա բովանդակությունը, իսկ թե կոնկրետ դեպքում անձը հանդիսացել է «պաշտոնատար անձ», թե ոչ, դա ոչ թե Սահմանադրական դատարանի գնահատման առարկա է, այլ գնահատման է ենթակա քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ գործով դատարանի կողմից` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում: Ի վերջո, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման եւ միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, եւ դիմողի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորմամբ։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը որոշել է Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել։ Այժմ, վերադառնալով Կոստանյանի՝ լրատվական կայքին տված մեկնաբանությանը, փաստերի համադրությամբ կարող ենք եզրակացնել, որ վերջինս նախքան որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումը՝ արդեն որոշակիորեն ծանոթ է եղել դրան, եւ սա այն դեպքում, երբ ՍԴ-ի խորհրդակցական սենյակում կայացված որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումից առաջ, բացի խորհրդակցական սենյակում եղած դատավորներից, որոշման բովանդակությանը որեւէ այլ անձ ծանոթ լինել չի կարող։ Մինչեւ որոշման պատճառաբանական մասի հրապարակումը՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից՝ հետաքրքրվելով՝ ՍԴ-ի՝ Կոստանյանի գործի կարճման որոշման պատճառն իսկապե՞ս այն է, որ գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ Վճռաբեկ դատարանո՞ւմ, եւ եթե այո, ապա Կոստանյանն ինչպե՞ս կարող էր ծանոթ լինել դեռեւս չհրապարակված որոշման բովդանդակությունը։ Թովմասյանի մեկնաբանության համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են գործի վարույթը կարճելու մի շարք հիմքեր, սակայն ինքն այդ պահի դրությամբ չգիտեր՝ որ հիմքով կամ հիմքերով է կարճվել գործը, քանի որ նախքան ՍԴ-ի՝ խորհրդակցական սենյակում կայացվող որեւիցե որոշման պաշտոնական հրապարակումը՝ որոշման բովանդակության մասին տեղյակ են միայն խորհրդակցական սենյակում գտնվող դատավորները․ «Իսկ թե ինչու է Գեւորգ Կոստանյանը հայտարարել այն, ինչ Դուք մեջբերեցիք, ճիշտ կլինի, որ հենց ինքը պատասխանի»,- եզրափակել էր մեր զրուցակիցը։ Փաստորեն, չնայած Գեւորգ Կոստանյանը, որը չէր կարող մասնակցել գործի քննությանը եւ ներկա լինել որոշման կայացմանը, ըստ էության ծանոթ է եղել որոշման՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված բովանդակությանը, ինչն ակնհայտ է դառնում արդեն հրապարակված պատճառաբանությունը կարդալիս, որտեղ նշված է, որ վիճարկվող հարցերը եղել են ոչ թե ՍԴ-ի, այլ եռաստիճան դատական համակարգի քննարկման տիրույթում։ Նշենք, որ Կոստանյանից ու նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հայարփի Բաղդասարյան
14:58 - 23 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստումն ավարտվել է․ որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Այս հայտարարությունների իսկության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մերժեց մեզ տեղեկություն տրամադրել՝ հիմնավորելով, որ հայցվող տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտեցինք՝ Սարգսյանի համանման հայտարարությունները համարվո՞ւմ են պետգաղտնիքի բացահայատում։ Պարզվեց՝ Դատախազության դիմումի հիման վրա ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում, սակայն արդյունքում, ինչպես նշեցինք, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել։ Այսինքն՝ ըստ Ռազմական ոստիկանության՝ Սարգսյանի հայտարարությունները պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Փաստորեն՝ ՊՆ-ն ու ՌՈ-ն պետական գաղտնիքի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։ Հայարփի Բաղդասարյան
12:35 - 22 ապրիլի, 2021
Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Ռազմականացված մասկուլինության և ապակոնտեքստուալացված ռացիոնալության գերիշխող ձայնը այնքան բարձր է հնչում մեր մշակույթում, որ որևէ այլ ձայն դժվար լսելի լինի մինչև այն պահը․․․ երբ այդ ձայնը ապալեգիտիմացվի»։ Քերոլ Քոն[1]   Այս վերլուծությունը միտված է վեր հանելու այն սոցիալ-լեզվաբանական առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են պատերազմով։ Տեքստը չունի խորքային հետազոտության հավակնություն, ավելի շուտ նպատակ ունի ցույց տալու, թե ինչ կապ կա պատերազմի, լեզվի և գենդերային ինքնության միջև, և ինչ հավելյալ շերտեր կան նշված թեմայի հետագա ուսումնասիրման համար։ Հայտնի է, որ ռազմական հռետորաբանությունը հիմնված է բռնության լեզվի վրա[2], իսկ բռնությունը սերտորեն փոխկապակցված է գենդերային ինքնության հետ։ Լեզուն դիտարկվում է որպես բռնությունը, այդ թվում և պատերազմը ռացիոնալացնելու և արդարացնելու գործիք, եթե անգամ այդ պատերազմը անցանկալի է հանրության լայն շերտերի համար։ Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է կոնկրետ լեզվամտածողությամբ, տվյալ հասարակությունում անձի վարքագծի, հայացքների և զգացմունքների նկատմամբ առկա վերահսկողությամբ, հարաբերությունների և սոցիալական կապերի բարդ համախմբերով, ազգային գաղափարախոսությամբ, մարդկային հարաբերությունների վրա հիմնված սոցիալական կառույցներով, որոնք անընդհատ դինամիկ փոփոխության մեջ են։ Ղարաբաղյան առաջին պատերազմում (1992-1994 թթ․) հայկական կողմի «հաղթանակը» առկա բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտների միջոցով ռոմանտիզացվեց, և պատերազմի ու դրան սպասարկող բոլոր օղակների քննադատությունը տաբուացվեց։ Պատերազմի խոսույթը դարձավ տղամարդկանց մենաշնորհը, իսկ կանայք, որոնք կրել էին պատերազմի տնտեսական ու սոցիալական հիմնական բեռը, մնացին անտեսանելի ու լռեցված[3]։ Արդյո՞ք վերջին պատերազմը փոխեց այս իրավիճակը, արդյո՞ք պարտությունը հնարավորություն է տալիս վերաձևակերպելու հայրիշխանական պատերազմական լեզուն և վերադիրքավորվելու։   Մեդիան, խոսույթը և լռությունը Մեդիան/սոցիալական մեդիան նպաստել է, որ կանանց ձայնը վերջին տարիներին և, մասնավորապես, վերջին պատերազմի ժամանակ ավելի լսելի դառնա, եթե անգամ այդ ձայնը հնչում է հայրիշխանական դիրքերից։ Պատերազմի օրերին շատ քիչ էին մարդիկ, որոնք հակապատերազմական մտքեր էին արտահայտում, կոչերով հանդես գալիս կամ գրառումներ անում հանրային տարածքում, ու, որպես կանոն, դրանք կանայք էին։ Ավելի հաճախ նման քննարկումները տեղի էին ունենում նեղ վստահելիության և համախոհության շրջանակներում։  Եթե փորձենք որոշակիորեն համակարգել այն տեքստերը, որոնք տարածվում էին պատերազմի օրերին, ապա կարելի է առանձնացնել հանրային և ոչ հանրային տեքստեր, դիրքորոշում արտահայտող և զգայական/զգացմունքային տեքստեր։ Զարմանալի չէ, որ կանանց խոսույթում վերջին տիպի տեքստերը գերակայում էին։ Այն կանայք, որոնց որդիները, ամուսինները կամ եղբայրները ռազմի դաշտում էին, մասնավոր տարածքում միանշանակ քննադատում էին պատերազմը և ուզում էին, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։ Այս քննադատությունները, սակայն, գրեթե կամ երբեք չէին հնչում հանրային տարածքում։ Պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու հանրային պահանջը լսելի չէր,  իսկ տարածաշրջանային և ներհայաստանյան անվտանգության հարցերի չլուծվածությունը նպաստում էր լռության ամրապնդմանը։ Հանրային տարածքում չխոսելու վախը/տաբուն նախ և առաջ պայմանավորված էր կանացի որոշակի սոլիդարությամբ, որը ենթադրում էր, որ պատերազմի ավարտից հետո կլինեն բազմաթիվ մայրեր, որոնց որդիները և մյուս հարազատները զոհվել են կամ վիրավորվել, և նրանք ապրիորի կփորձեն հիմնավորել, որ այդ մահերը անիմաստ չեն եղել, ու, հետևաբար, պատերազմն էլ անիմաստ չէր։ Ընդհակառակը, «եթե որդին չի զոհվել պատերազմում, իրավունք չունի խոսելու»․ գոյություն ուներ հստակ լռեցվածություն հայրիշխանական մեր հասարակությունում։ Այս մտայնությունը նպաստեց ավելի ռազմատենչ պատերազմական և որդեծնության կոչերի ակտիվ տարածմանը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո[4]։ Արդյո՞ք նման կոչերով հանդես եկող մարդիկ պատրաստ էին զոհաբերել իրենց երեխաներին/հարազատներին «պատերազմի աստծուն», թե՞ նման խոսույթը գիտակցված չէր, ուներ մանիպուլյատիվ բնույթ և կոչված էր սպասարկելու պետության ռազմականացված քաղաքականությանը։ Բոլոր դեպքերում մենք բախվում ենք դասական հայրիշխանական մոտեցմանը, համաձայն որի՝ կինը երեխա/զինվոր ծնող/արտադրող մեքենա է, իսկ կնոջ՝ երեխա ունենալ-չունենալու որոշումը՝ պետության մենաշնորհը։ Սոցիալական մեդիան նպաստեց նաև նրան, որ հայհոյանքը դարձավ «նորմավորված» լեզու հայ հասարակության համար։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ագրեսիվ, հայհոյանքներով հարուստ տեքստերը դարձան համատարած ու անցան կանանց խոսույթի դաշտ։ Վերջիններս ևս սկսեցին լայնորեն օգտագործել բռնության և հայհոյանքի լեզուն, ինչն առավել ակնհայտ արտահայտվեց քաղաքական գործիչների մեդիա հրապարակումների ներքո և ադրբեջանական համացանցային գրառումների տակ։ Այս պատերազմը որոշակիորեն ցույց տվեց, որ տեղի է ունեցել կանանց լեզվի ապանորմատիվացում։ Թվում է, որ նման փոփոխությունը տանում է կանանց ազատականացման, սակայն, մյուս կողմից, երևույթն ունի ագրեսիվության զգալի լիցք և հասարակության մեջ խորացնում է մասկուլին խոսույթը։   Սիմվոլիզմի լեզուն և կնոջ ապրանքայնացումը Վիզուալ սիմվոլիզմը` որպես լեզու, շատ հաճախ օգտագործվում է ընդհանուր հռետորաբանությանը զուգահեռ քաղաքական և հասարակական գործիչների իմիջը կերտելու և ուղերձը ավելի թիրախային դարձնելու համար։ 2018 թ․-ի հեղափոխությունից հետո Աննա Հակոբյանը հանդես եկավ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությամբ[5], որի շրջանակներում կազմակերպվեցին տարատեսակ քննարկումներ, մարտավարական հիմունքների դասընթացներ և հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում վերջինս ներկայացավ զինվորական համազգեստով և ծաղիկներով։ Այս ոչ միանշանակ ուղերձը նախապես ուներ խաղաղարարական ենթատեքստ, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ ստացավ արտահայտված միլիտարիստական ձևակերպում։ Թեման մեծապես շահարկվեց մեդիայի կողմից և լայն քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը Արցախի ԶՈՒ-ի բունկերում է։ Հասարակության զգալի մասն այս քայլը դիտարկեց որպես «վտանգավոր շոու», և դրա հիմնավորումը եղավ այն, որ կինը/վարչապետի տիկինը իրավունք չունի գտնվելու ստրատեգիկ անվտանգային օբյեկտում։ Մյուս կողմից երևույթը բացասաբար ընկալվեց հակամիլիտարիստ քաղհասարակության կողմից, որն Աննա Հակոբյանի նման արարքը որակեց որպես ռազմական գործողությունների մեջ ընդգրկվելու սիմվոլիկ կոչ` ուղղված հայ կանանց։ Այս վիզուալ ուղերձը գուցե նախապես միտված էր խաղաղարարությանը, բայց բովանդակային առումով հստակորեն պաշտպանում էր նույն հայրիշխանական գիծը և ուներ պատերազմը ռոմանտիզացնելու աղերս։ Սիմվոլիզմի տեսանկյունից հետաքրքիր և դրական ուղերձի փորձ էր Շուշան Ստեփանյանի նշանակվելը որպես պաշտպանության նախարարության խոսնակ։ Սակայն սա ևս միանշանակ չընկալվեց հայ հասարակության կողմից, քանի որ պատերազմի օրերին նրա անգամ շատ ավելի հավասարակշռված և ինֆորմատիվ հաղորդագրությունները նույն ազդեցությունը չէին գործում հանրության վրա, ինչ տղամարդ խոսնակի՝ պաթետիկ և ստահոդ հաղորդագրությունները։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ պաշտպանության նախարարությունը ռազմականացումը ձևակերպող և դրան սպասարկող հիմնական կառույցն է, որում անգամ կին կադրերի ընդլայնումը չի տանում երկրի և հասարակության ապամիլիտարիզացիայի։ Կանանց ներգրավվածությունն այս պատերազմում անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկինում։ Վերոնշյալ երևույթի թվացյալ ազատականացնող բաղադրիչն իրականում ուներ այլ տրիքստերային կողմ․ ներգրավվելով պատերազմի մեջ՝ կանայք դառնում էին միլիտարիստական խոսույթի կրողը և բազմապատկողը։ Բացի դրանից՝ այս պատերազմի ամենատարբեր մակարդակներում իրենց մասնակցությամբ կանայք նաև նպաստեցին դրա կոմերցիալացմանը՝ չկարողանալով հորինել այլ բան, քան իրենց, պատերազմին մասնակցելու դիմաց, որպես պարգև առաջարկելը։ Պատերազմի դաշտ ուղարկվող շոկոլադների՝ «Սնիկերսների» վրա փակցված էին գրություններ՝ «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք», «Արի՛, որ երեխեքս քեզ պապա ասեն[6]», որոնք իռացիոնալ էին, ոչ միշտ ռեֆլեքսիայի ենթարկված, և որոնք անմիջապես որսացին խոշոր ձեռնարկատերերը՝ օգտագործելով այս հանգամանքը շոկոլադի վաճառքն ընդլայնելու համար։ Հայ կանանց այս թվացյալ անմեղ, արմատաբուխ նախաձեռնությունը և նմանօրինակ այլ նախաձեռնություններ կոչվեցին սպասարկելու պատերազմի կապիտալիզմին։   *** Այսպիսով, եթե ամփոփենք այս համառոտ ակնարկը, միանշանակ կարող ենք պնդել, որ թվացյալ ազատականացնող մի շարք երևույթներ՝ լեզվի ապանորմատիվացումը, կանանց ներգրավվածության ընդլայնումը պատերազմում, ՊՆ կին խոսնակի նշանակումը, իրենց բնույթով խորացնում են հայրիշխանական, միլիտարիստական մշակույթը հայ հասարակությունում։ Խաղաղության մասին խոսելը մեզանում դիտարկվում է որպես թուլություն/դավաճանություն և ռեցեսիվ խոսույթ, այդ իսկ պատճառով այն հաճախ վերագրվում է կանանց։ Ցավոք սրտի, այս պատերազմի ընթացքում անգամ կանանց շրջանակում այն չդարձավ գերակա և հանրայնորեն լսելի։ Տվյալ վերլուծական տեքստի ձևակերպման և դրա շուրջ մտափոխանակման համար շնորհակալ եմ Սոնա Մանուսյանին, Լուսինե Խառատյանին, Գայանե Այվազյանին, Ռիմա Գրիգորյանին և Համլետ Մելքումյանին։ Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Ղազարյանին և Սոնա Մանուսյանին:   [1] Carol Cohn. Sex and Death in the Rational World of Defense Intellectuals. Signs: Journal of Women in Culture and Society 12 (1987): 687-718. [2] Բռնության մշակույթը Հայաստանում, խմբ․՝ Գ․ Տեր-Գաբրիելյան, Երևան. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2020:  [3] Մարտիրոսյան Ա․, Գալֆայան Ա․, Շահնազարյան Ա․, Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն, հրապարակման ամսաթիվ՝ 25.02.2021, URL: https://epress.am/2021/02/25/radical_choice_statement_1226.html : [4] Ավետյան Ա․, Վերականգնել կորուստները՝ թեկուզ օրենքը խախտելով, հրապարակման ամսաթիվ՝ 09.02.2021, URL: https://www.aliqmedia.am/2021/02/09/6009/?fbclid=IwAR3ALQGcTZH7pyup6z1I3x7GOS4dUBVBoXVjk1PUyEvJ_RoQZ0HSjY5ucyc: [5]«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն (մեկնարկել է՝ 24․07.2018), URL: https://bit.ly/3styVGJ : [6] Պողոսյան Ժ․, «Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին, հրապարակման ամսաթիվ՝ 02.10.2020, URL: https://m.armeniasputnik.am/society/20210401/27018427/odanavakayan-taqsi-spitak-meqena-mec-gumar.html ; «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք». շարունակում են զինվորներին «Սնիկերսներ» ուղարկել, հրապարակման ամսաթիվ՝ 13․10․2020, URL: https://www.aysor.am/am/news/2020/10/13/%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80/1756403:
20:14 - 21 ապրիլի, 2021
Սյունեցիները ակցիա արեցին՝ Փաշինյանին կոչ անելով հեռանալ Սյունիքից

Սյունեցիները ակցիա արեցին՝ Փաշինյանին կոչ անելով հեռանալ Սյունիքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է։ Վարչապետի հետ մարզ են մեկնել նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և այլք։ Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ նրանք այցելել էին Շուռնուխ բնակավայր, հանդիպել քաղաքացիների հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Մեղրիում էր, որտեղ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ կոչ անելով վարչապետին հեռանալ Սյունիքից։ Տեղում աշխատում էին ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցները։ Վերջիններիս և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ քաշքշուկ էր տեղի ունենում։ Սյունեցիները փակեցին Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը, ինչից հետո վերջինս իջավ մեքենայից և սկսեց քայլերթ իրականացնել՝ քաղաքացիների՝ «Նիկոլ, վարչապետ», «Նիկոլ, կապիտուլյանտ» և այլ վանկարկումների ներքո։  Մի քանի քաղաքացիների հետ զրուցելով՝ վարչապետը հասավ ավտոշարասյանը, որի ճանապարհն արդեն բաց էր, նստեց ավտոմեքենան և հեռացավ։
11:23 - 21 ապրիլի, 2021
Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Ապրիլի 6-ին՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ժամանակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ուսուցիչների՝ դասղեկության համար նախատեսված գումարը կրճատվել է։ «Ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, էդ բոլոր փողերը հանում ա, արդյունքում ուսուցիչներին ավեի շատ աշխատավարձ չի տվել»,- մասնավորապես, ասել է նա։ Ինչի՞ մասին է խոսում Հրանտ Բագրատյանը։  Ուսուցիչների վարձատրության բանաձևը սահմանվում է կառավարության համապատասխան որոշմամբ։ Այս պահին գործում է N 1262-Ն որոշումը։ Ուսուցիչների աշխատավարձի չափը որոշող բանաձևն առաջիկայում նախատեսվում է փոփոխությունների ենթարկել։ Անցած տարի փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններով նախապես առաջարկվում էր սահմանել դասարանի ղեկավար հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսել հավելավճար, որի տրամադրման կարգը կսահմաներ ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, առաջարկեց «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը։ Չնայած, ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի վրա, սակայն գործադիրը գտնում էր, որ կա լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։ «Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են՝ կախված սովորողների թվից, հետևաբար՝ որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը։ Ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը  լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա նշյալ ուսումնական  հաստատությունների համար»,- ասված էր կառավարության առաջարկում։ Բացի այդ՝ կառավարությունը նշում էր, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ, և առաջարկում էր այդ հարցը կանոնակարգել կառավարության N 1262-Ն որոշման շրջնակում։ Այս որոշման մեջ ներառված բանաձևով, հիշեցնենք, հաշվարկվում են ուսումնական հաստատություններին տրվող ֆինանսները։ Փաստորեն, այս պահին դպրոցների տնօրենների հայեցողությանն է թողնված՝ ուսուցիչներին դասղեկության համար լրավճար տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Հանրակրթական ուսումնական հաստատության աշխատողներին  լրավճարներ հատկացնելու հարցը քննարկվում է դպրոցի խորհրդի կողմից՝ ելնելով հաստատության բյուջետային միջոցների հնարավորություններից:  ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին դասղեկության, գրավոր աշխատանքները ստուգելու համար լրավճարներ կամ այլ վճարներ և այդ վճարների մեծությունը սահմանող իրավական որևէ կարգավորումներ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Եթե նախկինում ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում էր՝ ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից, ապա 2020-ի ամռանը կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ հանրակրթական ծրագրերի՝ հաշվի չառնելով աշակերտների թիվը։  Կառավարությունը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել էր «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչ այս ֆինանսավորվում էին՝ ըստ աշակերտների թվի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարվա ամռանը տեղեկացրեց, որ հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ՝ համաձայն որի՝ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ապահովվելու է ընդհանուր բանաձևով։ Նախագծում ներկայացված նոր բանաձևում ներառված է նաև դասղեկության համար նախատեսվող լրավճարը։ ԿԳՄՍՆ-ից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ սահմանվող նոր բանաձևում դասղեկության համար լրավճարը պարտադիր է դառնալու պետական ուսումնական կրթական բոլոր հաստատությունների համար: «Նախագծով նախատեսվում  է դասղեկության համար, մեթոդ միավորման ղեկավարին տրվող և բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարներ: Որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում»,- տեղեկացրել են նախարարությունից։ Փաստորեն, Հրանտ Բագրատյանի այն պնդումը, թե դասղեկության համար ուսուցիչներին տրող վճարները հանվում են, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ դասղեկության համար լրավճար տալու հարցը թողնված է դպրոցի հայեցողությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի հաշվարկման բանաձևում պարտադիր ներառել նաև դասղեկության համար տրվող վճարը։ Աննա Սահակյան  
15:00 - 19 ապրիլի, 2021
Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատելի աճել են գենդերային հավասարությանն ուղղված քննարկումներն ու դիտարկումները, քանի որ այն դարձել է ցանկացած հասարակությունում, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական օրինաչափ արժեքները զարգացնելու հիմքերից մեկը: Գենդերային ոլորտի՝ 2010 թ. ընդունված կարևորագույն փաստաթղթերից «Գենդերային քաղաքականության հայեցակարգը» ևս մատնանշում է այն գաղափարի կարևորությունը, որ ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ձևավորման նախադրյալը գենդերային հավասարությունն է՝ որպես ժողովրդավարական գերակա արժեք, մարդու հիմնարար իրավունքներից մեկը և սոցիալական արդարության հասնելու նախապայման: Սակայն ինչպես բոլոր հայրիշխանական, կարծրատիպային և կոլեկտիվ մշակույթներում, այնպես էլ Հայաստանում գենդերային քննարկումները լայն լսարան չեն գտնում: Կարծրատիպերն առաջնային խոչընդոտներ են, և վերջիններիս հաղթահարմանն ուղղված միջոցները միայն կարող են նպաստել  հասարակությունում  նմանօրինակ քննարկումների ծավալմանը: Այս գործընթացում շատ կարևոր է նաև գենդերային իրազեկվածության աստիճանի բարձրացումը, քանի որ հաճախ նման քննարկումները որակավորվում են որպես «Արևմուտքից ներմուծված», «մեր ավանդույթները խարխլող» և այլ արժեքներ: Հետաքրքիր է՝ ինչպես են ձևավորվում այս կարծրատիպերը, «կարելիները», «չի կարելիներն» ու ինչպես են կարողանում կառավարել/ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Երեխաների մեծ մասն աշխարհում ծնվում է մոտավորապես նույն օժտվածությամբ, և բոլոր երեխաներին անհրաժեշտ է հիմնական խնամքի նույն մակարդակը՝ սնունդ, պաշտպանություն, հարմարավետություն, ֆիզիկական շփում, ուշադրություն և այլն: Այս հիմնական կարիքներն ամրագրված են նաև «Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայում» (1989թ), սակայն միջմշակութային տարբերություններից ելնելով` երեխաները մեծանում են ընտանեկան տարբեր պայմաններում: Երեխաների մանկությունը որոշվում է նյութական և էկոլոգիական միջավայրով, մշակութային համայնքում գործող արժեքներով, համոզմունքներով: Նրանց կյանքը կառուցվում է այն վարքի ու համոզմունքերի հիման վրա, որոնք կարևոր են համարվում սոցիալական խմբում լիարժեք անդամակցություն ստանալու համար: Երեխայի գենդերային ու սոցիալական դերերի առաջնային պատկերացումները ձևավորվում են ընտանիքում: Ըստ ընդունված կարգի՝ թվում է, թե մեր իրականությունում երեխաների դաստիարակությամբ երկու ծնողներն էլ զբաղվում են հավասարապես, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հայրերը դաստիարակության մեջ ներգրավվում են, երբ կարիք է լինում երեխաներին սաստելու, նկատողություն անելու, կամ կա որևէ խնդիր, որն առնչվում է իր հեղինակությանը[1]:  Բացի նշված առանձնահատկությունից՝ հայկական իրականության մեջ, եթե ընտանիքում կան աղջիկ և տղա, ապա հստակ որոշված են նրանց դաստիարակության կանոներն ու տարբերությունները` պայմանավորված սեռով:  Դեռ փոքր տարիքից սկսած` աղջիկ երեխաների մեջ դրվում են «կնոջը բնորոշ» և «կնոջ համար կարևոր» հատկանիշներ (զբաղվել տնային տնտեսության գործերով, երեխաների, մեծահասակների խնամքով և այլն), իսկ տղաների մոտ` «տղամարդուն բնորոշ» (հայրենիքի/ընտանիքի պաշտպան, քաջություն, սյուն, ժառանգորդ, խելացի և այլն)[2]: Ընդ որում, երեխայի դաստիարակության՝ սեռով պայամանավորված տարբերությունը ծնողները բացատրում են ավանդույթի ուժով և վերահաստատում իրենց ապրելակերպով: Ընտանիքից հետո անձի սոցիալիզացիայի առաջնային օղակներից են համարվում տարրական դպրոցը և այնտեղ ստացած գիտելիքները, որոնք հետագայում կարող են կայունանալ, ամրապնդվել և վերարտադրվել: Ընտանիքում արդեն երեխայի մեջ դրված գենդերային դերերի պատկերացումներն առավել ամրապնդվում են դպրոցում: Տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերը գերակշռում են իգական դերերի նկատմամբ, որոնք, բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են մասնագիտական, սոցիալական դերեր, հատկանիշներ[3]: Աշակերտը, ամեն օր դասագրքերում տեսնելով նկարներ, որտեղ  հստակ բաժանված են սեռային դերերն ու նրանց գործունեությունը, ընկալում է այդ տեղեկությունը, վերարտադրում և դարձնում իր սեփականությունը: Ավելի բարձր դասարաններում՝ մասնագիտական ընտրության ժամանակ, կրկին առաջնորդվում ենք գենդերային դերերի նկատմամբ մեր ունեցած կարծրատիպային պատկերացումներով: Աղջիկները, ցանկալի է, ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը հետագայում չի խանգարի իրականացնել իրենց առաջին և կարևոր սեռային դերակատարմանը: Աղջիկներն իրենց ցանկություններում ու մասնագիտական ընտրություններում պետք է արտացոլեն, բացի մասնագիտական կայացումից, նաև ապագա ընտանիքի և ընտանեկան դերերի վերաբերյալ ակնկալիքները: Այսպիսով, կյանքի սկզբնական փուլից մեր մեջ դրվում են կարծրատիպային պատկերացումներ ու մոտեցումներ՝ մեր իսկ սոցիալական դերակատարման մասին: Հատկապես կանանց մոտ պահպանողական պատկերացումները նպաստում են ունենալ առավել համեստ հավակնություններ, որոնք չեն ենթադրում հասարակական բարձր դիրք կամ մասնագիտական ձեռքբերումներ և այսպես նպաստում են ընտանիքներում առկա գենդերային անհավասար կարգավիճակների ամրապնդմանը: Գենդերային դերերի նկատմամբ կարծրատիպային պատկերացումները, որոնք գոյություն ունեն կրթական համակարգում, իրենց հերթին չեն կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, ավելին՝ նպաստում են մասկուլին հասարակության վերարտադրմանն ու ամրապնդմանը, ինչն էլ բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Էվիյա Հովհաննիսյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   [1] «Առօրյայի անտեսանելի կողմը, գենդերային կարծրատիպերը կենցաղում», World Vision, 2018 [2] Նույն տեղում:   [3] Ռուզաննա Ծատուրյան, «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում»: Մշակութաբան
13:19 - 17 ապրիլի, 2021