Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը
14:58 - 23 ապրիլի, 2021

Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Սահմանադրական դատարանն օրեր առաջ որոշել էր կարճել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա քննվող գործի վարույթը։ Այս մասին հայտնել էր ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Այն երկու օր առաջ արդեն հրապարակվել է։

Կոստանյանը, մասնավորապես, վիճարկել էր խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին եւ կարգին, մեղադրյալի հետախուզմանը եւ Վերաքննիչ դատարանի լիազորություններին վերաբերող հոդվածները, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասը, 259-րդ հոդվածի 2-րդ մասը, 394-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը։

168.am կայքն որոշման հրապարակման օրը դրա վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Կոստանյանից, որի խոսքով, ըստ լրատվամիջոցի, Սահմանադրական դատարանն ըստ էության արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը: Ստորեւ ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման պատճառաբանությունը, որից հետո կանդրադառնանք Կոստանյանի՝ 168-ին տված մեկնաբանությանը։

Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այս գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան հոդվածների համաձայն։

ՍԴ-ի որոշման պատճառաբանության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 202-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկող Դիմողի հիմնավորումները կապված են վերջինիս նկատմամբ նշված դրույթի ենթադրյալ սխալ կիրառության հետ: 

ՍԴ-ն, ուսումնասիրելով Դիմումը, եկել է եզրահանգման, որ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, իրականում փորձ է անում բարձրացնել իր նկատմամբ
կայացված դատական ակտերի իրավաչափության հարց:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա ՍԴ-ն փաստում է, որ այս մասով ընդհանրապես բացակայում են բավարար հիմնավորումներն առ այն, թե որն է Դիմողի կողմից վիճարկվող հոդվածի անհամապատասխանությունը Սահմանադրությանը, ինչպես նաեւ՝ թե ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ: 

ՍԴ-ի համոզմամբ՝ դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, նույն կերպ ձեւականորեն բարձրացնելով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, ըստ էության բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ՝ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատական տալու հարց:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում հենց վերաքննիչ դատարանն ինքն է գնահատել քննիչի՝ դիմողին մեղսագրվող արարքին տրված որակման «սխալ» լինելը։ 

Սահմանադրական դատարանը հարկ է համարել փաստել, որ վերաքննիչ դատարանն իր դատական ակտով կալանքի իրավաչափության դատական ստուգումն իրականացնելիս Դիմողին վերագրվող ենթադրյալ արարքին չի տվել այնպիսի ենթադրյալ «սխալ» քրեաիրավվական գնահատական, որի պարագայում հնարավոր լիներ գնահատել դրույթի սահմանադրականությունը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս մասով «վերջնական դատական ակտով» ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառված չլինելու պարագայում Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

ՍԴ որոշման համաձայն՝ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այդպիսով բարձրացնում է կոնկրետ գործով տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: 

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ եւ հետագա մի շարք այլ որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, եւ ի՞նչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ։ 

Դիմողի՝ Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքին՝ բացահայտելու ՔՕ 308-րդ հոդվածի իմաստով «պաշտոնատար անձի» բովանդակությունը եւ պատասխանելու՝ թե արդյոք ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը 2012-2017թթ. «...քրեաիրավական իմաստով հանդիսացել է պաշտոնատար անձ, թե ոչ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «պաշտոնատար անձ» եզրույթի բովանդակությունը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 3-րդ մասում ինքնին բացահայտված է, ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ավելի է հստակեցրել դրա բովանդակությունը, իսկ թե կոնկրետ դեպքում անձը հանդիսացել է «պաշտոնատար անձ», թե ոչ, դա ոչ թե Սահմանադրական դատարանի գնահատման առարկա է, այլ գնահատման է ենթակա քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ գործով դատարանի կողմից` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում:

Ի վերջո, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման եւ միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, եւ դիմողի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորմամբ։

Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը որոշել է Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել։

Այժմ, վերադառնալով Կոստանյանի՝ լրատվական կայքին տված մեկնաբանությանը, փաստերի համադրությամբ կարող ենք եզրակացնել, որ վերջինս նախքան որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումը՝ արդեն որոշակիորեն ծանոթ է եղել դրան, եւ սա այն դեպքում, երբ ՍԴ-ի խորհրդակցական սենյակում կայացված որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումից առաջ, բացի խորհրդակցական սենյակում եղած դատավորներից, որոշման բովանդակությանը որեւէ այլ անձ ծանոթ լինել չի կարող։

Մինչեւ որոշման պատճառաբանական մասի հրապարակումը՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից՝ հետաքրքրվելով՝ ՍԴ-ի՝ Կոստանյանի գործի կարճման որոշման պատճառն իսկապե՞ս այն է, որ գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ Վճռաբեկ դատարանո՞ւմ, եւ եթե այո, ապա Կոստանյանն ինչպե՞ս կարող էր ծանոթ լինել դեռեւս չհրապարակված որոշման բովդանդակությունը։

Թովմասյանի մեկնաբանության համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են գործի վարույթը կարճելու մի շարք հիմքեր, սակայն ինքն այդ պահի դրությամբ չգիտեր՝ որ հիմքով կամ հիմքերով է կարճվել գործը, քանի որ նախքան ՍԴ-ի՝ խորհրդակցական սենյակում կայացվող որեւիցե որոշման պաշտոնական հրապարակումը՝ որոշման բովանդակության մասին տեղյակ են միայն խորհրդակցական սենյակում գտնվող դատավորները․

«Իսկ թե ինչու է Գեւորգ Կոստանյանը հայտարարել այն, ինչ Դուք մեջբերեցիք, ճիշտ կլինի, որ հենց ինքը պատասխանի»,- եզրափակել էր մեր զրուցակիցը։

Փաստորեն, չնայած Գեւորգ Կոստանյանը, որը չէր կարող մասնակցել գործի քննությանը եւ ներկա լինել որոշման կայացմանը, ըստ էության ծանոթ է եղել որոշման՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված բովանդակությանը, ինչն ակնհայտ է դառնում արդեն հրապարակված պատճառաբանությունը կարդալիս, որտեղ նշված է, որ վիճարկվող հարցերը եղել են ոչ թե ՍԴ-ի, այլ եռաստիճան դատական համակարգի քննարկման տիրույթում։

Նշենք, որ Կոստանյանից ու նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել