Հայաստան

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:
15:25 - 08 փետրվարի, 2022
Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը: Դեսպան Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարության համար Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն ունի: Դեսպանը հավելել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով: Ֆուկուշիմա Մասանորին վարչապետին է ներկայացրել Ճապոնիայի դեսպանության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
13:22 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասաենյակից։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
10:26 - 08 փետրվարի, 2022
Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում երեկ կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը: Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին: Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:
10:17 - 08 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին կարևորել է հայ գերիների վերադարձը Հայաստան՝  նշելով, որ Դաշինքն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: «Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,-այս մասին Կոլոմինան նշել է «Թվիթեր»-ում: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։  
20:32 - 07 փետրվարի, 2022
Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, որը «տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ». Լուկաշենկո |panarmenian.net|

Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, որը «տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ». Լուկաշենկո |panarmenian.net|

panarmenian.net: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։ «Մենք դա արդեն տեսնում ենք։ Բելառուսն արդեն իսկ այդ անվտանգության ընդհանուր տարածքում է, Ղազախստանի համար լավ դաս եղավ։ Եթե խոսում ենք 15 տարվա կտրվածքով, ապա Ուկրաինան էլ կարող է ապագայում միանալ Միութենական պետությանը, եթե սխալներ չգործենք․․․ Դե մյուսներն էլ, պարագծով․․․ Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան․․․Ադրբեջանը դուրս է այս շարքից, քանի որ այնտեղ էլ ենք շատ սխալներ թույլ տվել։ Իհարկե, Թուրքիան է շատ սատարում Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում գազը, նավթը․․․ Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը ևս, ելնելով տնտեսական անհրաժեշտությունից, կարծում եմ, կմիանան»,- ասել է Լուկաշենկոն։ Խոսելով ռուս-բելառուսական հարաբերությունների մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ երկու երկրի ապագա սերտ միավորումը անպայման պետք է լինի ինքնիշխան, բայց «ոչ անկախ» պետությունների միավորում։ Այսինքն ՝ պահպանելով դրոշը, զինանշանը, հիմնը, բայց, գուցե, ընդհանուր արժույթով։ Լուկաշենկոն նաև ասել է, որ Բելառուսը չի կարող անկախ լինել Ռուսաստանից, քանի որ կախված է վերջինիս էներգառեսուրսներից ու շուկայից։
18:30 - 07 փետրվարի, 2022
Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը, ձգձգում է նրանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման գործընթացը. Թագուհի Թովմասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը, ձգձգում է նրանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման գործընթացը. Թագուհի Թովմասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Նախագահ Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։ Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները: Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Հարգանքով՝ Թագուհի Թովմասյան»:
17:46 - 07 փետրվարի, 2022
Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Չորս կողմերի բլուրների արանքում փռված է Տեղ համայնքի Խնածախ գյուղը՝ Սյունիքի ամենահյուրընկալ անկյուններից մեկը։ Այդ բլուրների գլխին, սակայն, միայն ամպերը չեն նստում․ պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Խնածախը Թեպետ փետրվարն է, թվում է՝ շատ ցուրտ պիտի լինի, բայց գյուղ մտնելուն պես ջերմություն ես զգում, հատկապես երբ անցող-դարձողն օտար դեմք տեսնելիս բարեւ են տալիս, որպիսություն հարցնում, գյուղի մեծերը՝ հետեւում ճանապարհիդ ու ուղղությունդ տեսնելիս մտահոգվում՝ ոտքով չե՞ս հոգնի, «մաշին-պյան կա, կտանի»։ Առանց իմանալու՝ ուր եմ քայլում ու դեռ ինչքան պիտի՝ գնում եմ Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ուղղությամբ, որ կառուցվել է 1600-ականներին։ Գյուղի կենտրոնում է եկեղեցին։ Տեղանքը մեծ թեքություն ունի, այդ պատճառով կառույցի մի կողմը հողով է ծածկվել։  Սբ․ Հռիփսիմե եկեղեցին Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Չորսհարյուրամյա այս եկեղեցին տարիքը չի թաքցնում, տանիքին խոտ է աճել, չորացել, ներսից անշուք է ու անխնամ, բայց շատ լուցկիներով, որ երեւի շատ մոմեր վառվեն ու շատ աղոթքներ ուղարկվեն երկինք, որը գյուղի ճամփով վեր բարձրանալիս ավելի մոտիկ է դառնում։ Եկեղեցու մոտով նեղ ճանապարհը տանում է գյուղի վերջին տների ուղղությամբ։ Լուսանկարելու ժամին երեխաներին արդեն մանկապարտեզից ու դպրոցից տուն են տարել, անասուններով էլ զբաղվելու ժամը չէ դեռ, ուստի բակերում շարժը քիչ է։  Դեպի ամենավերի տները բարձրանալիս լսվում է մի տատի ձայն, որ ասում է՝ ե՜կ-ե՜կ, էդ ի՞նչ ես նկարում։ Ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ տատն անծանոթ հյուրին է սպասում։ Ասում է՝ այ այդպես, նկարի, ցույց տուր աշխարհին, թող տեսնեն՝ էս կողմերն ինչ կա։ Հարց ու փորձ է անում, տուն հրավիրում։  Արփիկ Լալայանը Արփիկ տատն է՝ Տեղ համայնքի ավագանու նախկին անդամ Արգամ Լալայանի մայրը։ Դուռը բաց է անում, որդուն ասում՝ հյուր եմ բերել։  Արգամ Լալայանը Լալայանների ընտանիքը գյուղում 3 հա հողատարածք է ունեցել։ Պատերազմից հետո մեկ հեկտարը մնացել է չեզոք գոտում։ Հիմա այդ հողակտորն այլեւս չեն կարող օգտագործել։  «Պետությունն էդ հարցով չի աջակցում։ Մենակ ես չեմ, իմ նման շատ ընտանիքներ կան»,- ասում է Արգամ Լալայանը՝ մտահոգ հայացքն անորոշ կետի հառելով։ Այս գյուղում, ինչպես Արավուսում, մարդիկ ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց մեկ տարի առաջ ստիպված վաճառել են՝ դարձյալ արոտավայրերը կորցնելու պատճառով։ Լալայանն ու այլ գյուղացիներ դիմել են իրավասու մարմիններին, որպեսզի իրենց կորցրած հողերի համար փոխհատուցում տրվի՝ հողատարածքի ձեւով։ Լալայանն ասում է, որ ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտ են հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ ամեն պահի սադրում են, քարեր են նետում, անվայելուչ արտահայտություններ անում․ «Մարդիկ հոգեբանորեն ընկճված են, որովհետեւ քանի անգամ եղել է՝ գյուղացիները տներից մի քիչ վերեւ ձին կապում են, թուրքը իջնում, պարանը հանում, տանում է։ Անասունը պատահական անցնում է [սահմանը], վերցնում տանում են։ Հենա, քեռուս տղու անասունն անցավ, ռուսների միջամտությամբ յոթ հատը հետ տվեցին, մի հատը պահեցին։ Շատ են եղել նման դեպքեր»,- պատմում է զրուցակիցս։  Ի դեպ, այդ դեպքի մասին նաեւ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջն էր հաղորդագրություն տարածել, սակայն նշել էր, թե սահմանն անցել են յոթ կովեր, յոթն էլ վերադարձվել են։  Լալայանների տան պատշգամբից երեւում են բլուրները, որոնց տարբեր հատվածներում մեր ու հակառակորդի դիրքերն են։ Գյուղում ցանկացած տուն դիտարկվում է, ցանկացած շենք՝ դպրոցից սկսած՝ ինչպես փաստում են բնակիչներն ու ինքը՝ Խնածախի վարչական ղեկավարը՝ Սեյրան Միրզոյանը, որի տունն էլ ադրբեջանցիների դիրքին շատ մոտ է։ Խնածախի գյուղապետարանի պատին փակցված է գյուղի արոտավայրերի քարտեզը, որի վրա մատիտով նշում է արված՝ «հանել ցուցակը»․ այն արոտավայրերն են, որոնք Խնածախը կորցրել է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ ադրբեջանական հսկողության տակ է անցել մոտ 22 հա հողատարածք։ Միրզոյանն ասում է, որ կան բնակիչներ, որոնք վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, բայց պահողներ դեռ կան։ Սեյրան Միրզոյանը Այն մարդիկ, որոնք արոտավայր կամ արտ են կորցրել, դիմել են գյուղապետին՝ փոխհատուցման համար։ Միրզոյանը նշում է, որ կան վարձակալական հողեր, որոնք կարող են տրամադրել գյուղացիներին, որ մշակեն։ Ասում է՝ սկզբի համար կփորձեն հարցերն իրենց միջոցներով լուծել, մինչեւ «տեսնենք՝ ինչ է լինում»։ Գյուղում գազի խողովակներ կան, որոնք նոր են։ Բայց բոլոր տները չէ, որ գազաֆիկացված են․ գիծն իրենց միջոցներով պետք է տուն տանեն, բայց այդ միջոցները սուղ են, այդ պատճառով շատերը փայտի վառարանով են տաքանում։ Գյուղապետն ասում է՝ այս ձմռան համար Կարմիր խաչի կազմակերպությունը 280 հազարական դրամներ է հատկացրել ընտանիքներին՝ վառելաֆայտի ու անասնակերի համար։ Գյուղի բնակիչ Արփիկ տատն էլ մտահոգվում է՝ այս ձմեռը կհանեն, բա հետո՞։  Որոշ հարկերից սահմանամերձ գյուղի բնակիչներին ազատված են․ հողի համար գումար չեն տալիս, բայց հարցն այն է, որ հող էլ շատ չկա։ Գյուղապետարանին մոտ զրուցարանում երկու տղամարդ նստած խոսում են, լսում եմ․ «Պետությունը ոչ թողում ա ապրես, հարստանաս, ոչ թողում ա՝ մեռնես, բայց պետք ա մնաս, ստեղ գոյատեւես։ Բայց ո՞ւր գնաս»։ Հայարփի Բաղդասարյան
15:55 - 07 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ: «Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: 
14:56 - 07 փետրվարի, 2022
Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները. Freedom House-ը՝ հայհոյանքի քրեականացման օրենքի մասին |tert.am|

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները. Freedom House-ը՝ հայհոյանքի քրեականացման օրենքի մասին |tert.am|

tert.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Այս մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան հայտարարության մեջ:«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:34 - 05 փետրվարի, 2022