Չորս կողմերի բլուրների արանքում փռված է Տեղ համայնքի Խնածախ գյուղը՝ Սյունիքի ամենահյուրընկալ անկյուններից մեկը։ Այդ բլուրների գլխին, սակայն, միայն ամպերը չեն նստում․ պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։
Խնածախը
Թեպետ փետրվարն է, թվում է՝ շատ ցուրտ պիտի լինի, բայց գյուղ մտնելուն պես ջերմություն ես զգում, հատկապես երբ անցող-դարձողն օտար դեմք տեսնելիս բարեւ են տալիս, որպիսություն հարցնում, գյուղի մեծերը՝ հետեւում ճանապարհիդ ու ուղղությունդ տեսնելիս մտահոգվում՝ ոտքով չե՞ս հոգնի, «մաշին-պյան կա, կտանի»։
Առանց իմանալու՝ ուր եմ քայլում ու դեռ ինչքան պիտի՝ գնում եմ Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ուղղությամբ, որ կառուցվել է 1600-ականներին։ Գյուղի կենտրոնում է եկեղեցին։ Տեղանքը մեծ թեքություն ունի, այդ պատճառով կառույցի մի կողմը հողով է ծածկվել։
Սբ․ Հռիփսիմե եկեղեցին
Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Չորսհարյուրամյա այս եկեղեցին տարիքը չի թաքցնում, տանիքին խոտ է աճել, չորացել, ներսից անշուք է ու անխնամ, բայց շատ լուցկիներով, որ երեւի շատ մոմեր վառվեն ու շատ աղոթքներ ուղարկվեն երկինք, որը գյուղի ճամփով վեր բարձրանալիս ավելի մոտիկ է դառնում։
Եկեղեցու մոտով նեղ ճանապարհը տանում է գյուղի վերջին տների ուղղությամբ։ Լուսանկարելու ժամին երեխաներին արդեն մանկապարտեզից ու դպրոցից տուն են տարել, անասուններով էլ զբաղվելու ժամը չէ դեռ, ուստի բակերում շարժը քիչ է։
Դեպի ամենավերի տները բարձրանալիս լսվում է մի տատի ձայն, որ ասում է՝ ե՜կ-ե՜կ, էդ ի՞նչ ես նկարում։ Ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ տատն անծանոթ հյուրին է սպասում։ Ասում է՝ այ այդպես, նկարի, ցույց տուր աշխարհին, թող տեսնեն՝ էս կողմերն ինչ կա։ Հարց ու փորձ է անում, տուն հրավիրում։
Արփիկ Լալայանը
Արփիկ տատն է՝ Տեղ համայնքի ավագանու նախկին անդամ Արգամ Լալայանի մայրը։ Դուռը բաց է անում, որդուն ասում՝ հյուր եմ բերել։
Արգամ Լալայանը
Լալայանների ընտանիքը գյուղում 3 հա հողատարածք է ունեցել։ Պատերազմից հետո մեկ հեկտարը մնացել է չեզոք գոտում։ Հիմա այդ հողակտորն այլեւս չեն կարող օգտագործել։
«Պետությունն էդ հարցով չի աջակցում։ Մենակ ես չեմ, իմ նման շատ ընտանիքներ կան»,- ասում է Արգամ Լալայանը՝ մտահոգ հայացքն անորոշ կետի հառելով։
Այս գյուղում, ինչպես Արավուսում, մարդիկ ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց մեկ տարի առաջ ստիպված վաճառել են՝ դարձյալ արոտավայրերը կորցնելու պատճառով։
Լալայանն ու այլ գյուղացիներ դիմել են իրավասու մարմիններին, որպեսզի իրենց կորցրած հողերի համար փոխհատուցում տրվի՝ հողատարածքի ձեւով։
Լալայանն ասում է, որ ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտ են հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ ամեն պահի սադրում են, քարեր են նետում, անվայելուչ արտահայտություններ անում․
«Մարդիկ հոգեբանորեն ընկճված են, որովհետեւ քանի անգամ եղել է՝ գյուղացիները տներից մի քիչ վերեւ ձին կապում են, թուրքը իջնում, պարանը հանում, տանում է։ Անասունը պատահական անցնում է [սահմանը], վերցնում տանում են։ Հենա, քեռուս տղու անասունն անցավ, ռուսների միջամտությամբ յոթ հատը հետ տվեցին, մի հատը պահեցին։ Շատ են եղել նման դեպքեր»,- պատմում է զրուցակիցս։
Ի դեպ, այդ դեպքի մասին նաեւ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջն էր հաղորդագրություն տարածել, սակայն նշել էր, թե սահմանն անցել են յոթ կովեր, յոթն էլ վերադարձվել են։
Լալայանների տան պատշգամբից երեւում են բլուրները, որոնց տարբեր հատվածներում մեր ու հակառակորդի դիրքերն են։
Գյուղում ցանկացած տուն դիտարկվում է, ցանկացած շենք՝ դպրոցից սկսած՝ ինչպես փաստում են բնակիչներն ու ինքը՝ Խնածախի վարչական ղեկավարը՝ Սեյրան Միրզոյանը, որի տունն էլ ադրբեջանցիների դիրքին շատ մոտ է։
Խնածախի գյուղապետարանի պատին փակցված է գյուղի արոտավայրերի քարտեզը, որի վրա մատիտով նշում է արված՝ «հանել ցուցակը»․ այն արոտավայրերն են, որոնք Խնածախը կորցրել է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ ադրբեջանական հսկողության տակ է անցել մոտ 22 հա հողատարածք։
Միրզոյանն ասում է, որ կան բնակիչներ, որոնք վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, բայց պահողներ դեռ կան։
Սեյրան Միրզոյանը
Այն մարդիկ, որոնք արոտավայր կամ արտ են կորցրել, դիմել են գյուղապետին՝ փոխհատուցման համար։ Միրզոյանը նշում է, որ կան վարձակալական հողեր, որոնք կարող են տրամադրել գյուղացիներին, որ մշակեն։ Ասում է՝ սկզբի համար կփորձեն հարցերն իրենց միջոցներով լուծել, մինչեւ «տեսնենք՝ ինչ է լինում»։
Գյուղում գազի խողովակներ կան, որոնք նոր են։ Բայց բոլոր տները չէ, որ գազաֆիկացված են․ գիծն իրենց միջոցներով պետք է տուն տանեն, բայց այդ միջոցները սուղ են, այդ պատճառով շատերը փայտի վառարանով են տաքանում։ Գյուղապետն ասում է՝ այս ձմռան համար Կարմիր խաչի կազմակերպությունը 280 հազարական դրամներ է հատկացրել ընտանիքներին՝ վառելաֆայտի ու անասնակերի համար։ Գյուղի բնակիչ Արփիկ տատն էլ մտահոգվում է՝ այս ձմեռը կհանեն, բա հետո՞։
Որոշ հարկերից սահմանամերձ գյուղի բնակիչներին ազատված են․ հողի համար գումար չեն տալիս, բայց հարցն այն է, որ հող էլ շատ չկա։
Գյուղապետարանին մոտ զրուցարանում երկու տղամարդ նստած խոսում են, լսում եմ․ «Պետությունը ոչ թողում ա ապրես, հարստանաս, ոչ թողում ա՝ մեռնես, բայց պետք ա մնաս, ստեղ գոյատեւես։ Բայց ո՞ւր գնաս»։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)