Ինֆոքոմ

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ արցախա-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։ Տարածքներին առնչվող մյուս կետում նշված էր, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը:  Փաստացի՝ տարածքներն Ադրբեջանին հանձնվել են այս հայտարարության հիմքով, որտեղ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, ինչպես երեւում է, հիշատակում չկա։ Այս երկու շրջանների՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածների շուրջ խնդրահարույց դրվագներ եղան։ Դրանց մասին ոչ մանրամասնորեն, սակայն հետագայում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, այնուամենյանիվ, անպատասխան մնացին հարցերը, թե ինչպես են մեր ուժերը հետ քաշվել մինչեւ այդ շրջաններ, ապա ինչ հիմքով ու երբ են հանձնվել հայտարարության ստորագրման պահին մեր վերահսկողության տակ եղող հատվածները, ու արդյոք հանձնելու նպատակը, որը հետագայում պարզաբանեց Փաշինյանը, արդարացվեց։ Ե՞րբ են հանձնվել Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղող հատվածները Այսպես, 2020թ․ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց, որ երեք երկների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա այդ շրջանների մասին, որովհետեւ փաստաթղթի ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են եղել․ այդ հատվածներում, Փաշինյանի խոսքով, պետք է տեղի ունենար սահմանների ճշգրտում:  Օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին․ «Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչեւ 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով։ Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Եռակողմ համաձայնագրի մեջ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վրաբերյալ որեւ է բան չկա»։ Մոտ տասը օր անց՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին՝ դարձյալ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի ուղիղ խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ Սյունիքի անվտանգությունն ապահովելու տրամաբանությամբ․ «Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ, ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու եւս մեկ անգամ կրկնեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ․ «Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար։ Էդ հարցին մի պատասխան կա, բայց էդ հատվածները, ցավոք սրտի, էդպես ձեւավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում, մենք այդ կետից տասնյակ եւ հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, եկել հետ ենք հասել էդտեղ, եւ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին։ Այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը»։ Փաշինյանը հարցազրույցում, փաստորեն, նշել է՝ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր հսկողության տակ եղող հատվածները հանձնելու շուրջ բանավոր ըմբռնում է եղել։ Այսինքն՝ ըստ էության չի պահպանվել համաձայնագրի այն կետը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, եւ այդ դիրքերի ծառայողներն ու պաշտպանության մասնակիցներին հրամայվել է հետ քաշվել, ինչի մասին հայտարարել է Կապանի քաղաքապետը։ ՊՆ-ն ժամկետների խախտումով մերժում է տեղեկություն տրամադրել 2020թ․ դեկտեմբերի 23-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Ավելի քան մեկ ամիս անց՝ 2021թ․ հունվարի 25-ին, ՊՆ-ն պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը, 12-րդ հոդվածը (ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկություններ) եւ ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N173 որոշմամբ հաստատաված ցանկի 2-րդ կետի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին)։ Կառավարությունը եւս խուսափում է տեղեկություն տրամադրել Քանի որ ՊՆ-ն մերժեց տեղեկություն տրամադրել եւ չպատասխանեց հարցերին, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ, նույն հարցադրումներով հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից արձագանքեցին, որ հարցումը հասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 23-ին ուղարկած մեր այս հարցմանը պատասխանելու համար նախարարությունը խնդրել էր լրացուցիչ ժամանակ, ապա նոր 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժել տեղեկության տրամադրումը։ Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, ինչպես վերեւում նշել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին, ուստի փոքր-ինչ անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ ՊՆ-ն մերժման հիմքի համար է խնդրել 30 օր, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Հունվարի 28-ին մեկ այլ հարցումով դիմեցինք ՀՀ վարչապետին՝ ճշտելու՝ արդյոք հնարավո՞ր է բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին հանձնվեն Ստեփանակերտի մի հատվածը եւ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մի հատվածը՝ օրինակ։ Հաջորդ օրը ստանում ենք հարցման պատասխանը՝ «ոչ, հնարավոր չէ»։ Մինչ կառավարությունն ու նախարարությունը կպատասխանեին, կամ, ավելի ճիշտ, չէին պատասխանի հարցումներին, փետրվարին համացանցում հայտնվեց «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին» վերտառությամբ հուշագիր, որի կետերից մեկով էլ սահմանվում էր, որ Զանգելանն ու Կուբաթլուն Ադրբեջանին պետք է հանձնվեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 18-ը։ «Հետք»-ն, անդրադառնալով այս հուշագրին, փետրվարի 20-ին գրել էր, որ կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված այդ մեմորանդումը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովին վերապահված լիազորություններն առանձնացնելու համար մոտ 30 օր անհրաժեշտ եղավ Զուգահեռաբար հարցումներ ուղարկեցինք նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն մեխանիզմներ ՀՀ վարչապետի կողմից բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին Ստեփանակերտի մի հատվածի հանձնման իրավիճակ ստեղծվելու դեպքում այդ գործընթացը կանխելու համար։ Արցախի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանն անմիջապես կապ հաստատեց մեզ հետ՝ բանավոր պատասխանելով, որ ինքը նման իրավիճակ բացառում է, սակայն եթե երբեւէ այդպիսի դրություն ստեղծվի եւ Ստեփանակերտի՝ մերը մնալ-չմնալու հարց առաջ գա, ապա քաղաքի հանձնմամբ կարելի է համարել, որ Արցախն այլեւս չկա։  Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցմանն ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը կտրամադրվի մինչեւ փետրվարի 27-ը։ Պատասխան, սակայն, խոստացած ժամկետում չստացանք։ Մարտի 3-ին կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ հարցման պատասխանը կլինի։ Մարտի 5-ին դարձյալ կապ հաստատեցինք տիկին Աննա Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ հարցման պատասխանը չենք ստացել։ Վերջինս արձագանքեց, որ տեխնիկական խնդիր է եղել, պատասխանը կստանանք երեքշաբթի՝ մարտի 9-ին։ Մարտի 9-ին աշխատանքային ժամի ավարտին պատասխան դարձյալ չունեցանք, եւ քանզի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքային հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան, կապ հաստատեցինք ԱԺ լրատվական բաժնի աշխատակցի հետ, որը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել տիկին Աննա Գրիգորյանին։ Մարտի 10-ի առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին եւս մեկ անգամ տեղեկացրինք, որ պատասխան դեռ չենք ստացել, ինչից ժամեր անց, ի վերջո, ստացանք պատասխան, որի բովանդակությունը հետեւյալն է․ «ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որի հոդված 1 կետ 3-ի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»։ Փաստորեն, ՀՀ ԱԺ աշխատակազմին անհրաժեշտ եղավ 28 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու եւ առանձնացնելու Ազգային ժողովին վերապահված լիազորությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե վերոնշյալ պատասխանը տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը լրացուցիչ ինչ աշխատանք է կատարել, կիմանա միայն ԱԺ աշխատակազմը։ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը Ինչպես վերը մեջբերեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածները բանավոր ըմբռնմամբ հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվատնգությունը։ Ռազմական գործողությունների ավարտից անցել է մոտ 4 ամիս, հիշյալ երկու շրջանների հանձնումից՝ 2 ամսից ավելի։ Այս ընթացքում Սյունիքում անվտանգային հարցերի մասին քննարկումները չեն դադարել, իսկ դրա համար եղել են նաեւ պատճառներ։ Առնվազն մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է․ «Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։ Կրակոցների մասին ՄԻՊ-ն ահազանգել է նաեւ հունվարին՝ նշելով, որ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաեւ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաեւ հարբած վիճակում։ Անվտանգությունը վերին աստիճանի չէ նաեւ Սյունիքի՝ արդեն սահմանամերձ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերում։ Հունվարի 4-ից Շուռնուխ համայնքի 12 տներ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում։ Շուռնուխի հայկական ու ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածներն իրար շատ մոտիկ են։ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների ճշգրտման հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ են անցել նաեւ Որոտանի որոշ հատվածներ, այդ թվում՝ համայնքապետի եղբոր տունն ու հարակից տարածքը, այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ։  Այսպիսով, փաստորեն, Զանգելանի ու Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածները հանձնվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց վերաբերյալ որեւէ նշում չի եղել եռակողմ հայտարարության մեջ։  Դրանք, դեպքերի համադրությունից ենթադրելի է, հանձնվել են դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը շրջանների հանձնման վերաբերյալ արձանագրում կա համացանցում շրջանառված հուշագրում, որի իսկության վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս՝ այդպիսով չհերքելով դրա գոյությունը։ Կառավարությունն ու ՊՆ-ն մերժում են տեղեկություն տրամադրել հիշյալ շրջաններից մեր զորքերի դուրսբերման մասին, ընդ որում՝ ՊՆ-ն մերժում է խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Իսկ Ազգային ժողովին մոտ մեկ ամիս է անհրաժեշտ՝ ԱԺ-ին վերապահված լիազորություններն առանձնացնելու ու եռատող պատասխան տրամադրելու համար, եւ տասը օր՝ տեխնիկական խնդիրները լուծելու ու պատասխանն ուղարկելու  համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիշյալ տարածքները հանձնվել են՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար, առնվազն խնդրահարույց է՝ վերջին ամիսներին այնտեղ տեղի ունեցող անհանգստացնող դրվագները դիտարկելու դեպքում։ Հայարփի Բաղդասարյան
20:29 - 15 մարտի, 2021
Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել։ Այս մասին Civilnet-ում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ԱԽ նիստում այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ռազմական իրավիճակի մասին։ «Նա խոսել է մի քանի թեմաների մասին․ F16-երի մասին և դրանց խնդիրների մասին, խոսել է մեր կողմից կիրառվող Սմերչերի և դրանց հաջողությունների մասին, խոսել է Ջաբրայիլում որոշակի, շատ փոքր հաջողությունների մասին, նաև ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չկա, ևբանակը շարունակելու է կատարել իր խնդիրները։ Այդ օրվա ԱԽ նիստում որևէ մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել։ Իսկ պատերազմի զեկույցի մասում նշված մտքերը որևիցե ձև չեն համապատասխանում այդ ասածին»,- նշել է նա։ Գրիգորյանն ընդգծել է, որ առաջին անգամ այդպիսի խոսակցություն եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում, որտեղ նշվել է, որ 2,3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է։ «Ավելին՝ նույնիսկ այդպիսի միտք չի հնչել, որ կարող է երկիմաստություն ունենա»,- հավելել է նա։ Լրագրողի ճշտող հարցին, թե Արմեն Գրիգորյանը հերքո՞ւմ է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, վերջինս ասաց․ «Ես ասում եմ այն, ինչ եղել է ԱԽ նիստում։ Ասում եմ հիմա, որովհետև քաղաքակաան դաշտում շահարկվում է այս թեման։ Բոլոր քաղաքական գործիչները սրա մասին հայտարարություն են անում․ իրողությունն այն է, ինչ նկարագրեցի»։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
18:00 - 13 մարտի, 2021
«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան

«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը նախօրեին ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, որ 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։ Ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ  ճանաչվել է հանրային գերակա շահ, դրանից հետո տարբեր խնդրահարույց դրվագներ են եղել։ Տարածքը ձեռք է բերել այժմ մի շարք քրեական հոդվածներով մեղադրվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը: Նախնական տվյալներով տարածքում նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել, այդ թվում նաեւ բնակելի շենք եւ կանաչապատման աշխատանքներ։ Վերոնշյալ գործընթացը կարգավորվում է 2006 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։ Գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից մեկն այն է, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, ապա գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։ Ի դեպ՝ հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ, սակայն այն կարող է վիճարկվել դատական կարգով։ Infocom-ի հետ զրույցում պարոն Ավանյանը մանրամասնում է, որ խնդիրն այս կետին հասել էր մոտ մեկուկես տարի առաջ, բայց Աժ-ում տեղի ունեցած լսումներից հետո այն տպավորությունն է ունեցել, թե հարցը լուծվում է։ Մեր զրուցակիցը երկու օր առաջ է ստացել նամակը, որտեղ, փաստորեն, նշված է եղել, որ տարածքն ազատելու համար 15 օր ունեն։ Ավանյանը մանրամասները դեռեւս չգիտի, թե ինչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որովհետեւ այն ժամանակ, երբ իրենք հարցում ենք ուղարկել, կոնկրետ պատասխան չեն ստացել, այլ միայն բանավոր նկարագրություն, թե ինչ պետք է անեն․ «Բայց, իմ կարծիքով, եղել է միայն կենտրոնի այդ «ֆիլե մինիոնն» իրենց ձեռքը վերցնելու ցանկություն։ Կապ չունի՝ ինչ կանեն, բայց հիմա ես փաստեր չունեմ ասելու, թե իրենք այդտեղ պատրաստվում են ինչ-որ բան անել, որովհետեւ այն տարածքները, որոնք արդեն իրենց ձեռքում են, իրենք ուղղակի հանձնել են վարձակալության»,- նկատում է «Դոլմամայի» սեփականատերը, որ համոզմունք ունի՝ այս ողջ զարգացումների միակ նպատակն այդ տարածքը ձեռք բերելն է։   Նա հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է մի մարդու սեփականությունը մեկ այլ մարդու համար դառնալ ավելի գերակա․ «Ամենակարեւորն այն է, որ մեր Սահմանադրությամբ անձնական սեփականությունը պետք է պաշտպանվի այսպիսի որսորդներից, որոնք ցանկացած ժամի կարող են թաքնված գալ, գողանալ որեւէ բիզնես կամ որեւէ տարածք վերցնել իրենց ձեռքը»։ Մեր զրուցակիցն ասում է՝ որոշել է՝ չի տալու տարածքը․ «Ես չեմ պատկերացնում, որ կարող է հարկայինի ինչ-որ աշխատող գա, բռնի ուժով ինձ հանի իմ տարածքից։ Այսինքն՝ ինձ պետք է ծեծեն, որ հանեն այդտեղից։ Ես կարծում եմ, որ եթե հենց այսօր իմ շրջապատին խնդրեմ հավաքել մոտ 10.000 հոգի, նրանք կհավաքվեն եւ թույլ չեն տա։ Երկրորդը՝ ես սփյուռքահայ ներդրող եմ եւ ԱՄՆ քաղաքացի, չեմ կարծում, որ իրենց դուր կգա, երբ ԱՄՆ դեսպանատունը խառնվի այս գործին։ Մինչեւ հիմա ես մտածել եմ այսպես, որ սա իմ հայրենիքն է եւ այստեղ ես ինքս պետք է լուծեմ իմ հարցերը, դրա համար չեմ փորձել նման բաներ։ Սա ինձ համար անակնկալ էր, անգամ ծիծաղելի անակնկալ, անսպասելի ու անհավատալի էր, որ մեր այս իրողության մեջ դեռ կա այդ խնդիրը»։ Այս դեպքում հայտարարվող գերակա շահը Ավանյանը համարում է կողոպուտի ձեւ։ Ըստ նրա՝ որեւէ մեկը, անգամ անողը չի կասկածում, որ կողոպտելու համար է արվում։   Ավանյանի դիտարկմամբ՝ միշտ այդպես է եղել, որ սեփականատիրոջից վերցրել են տարածքը, ճանաչել գերակա շահ եւ տվել մեկ այլ մարդու։ Վերջինս զուգահեռ է անցկացնում՝ սա այն է, ինչ եղավ Հյուսիսային պողոտայի դեպքում․ տարածքը մեկհարկանի տան գնով վերցրին սեփականատիրոջից, դրա վրա կառուցեցին եւս 13 հարկ եւ վաճառեցին ու ունեցան 11 հարկ մաքուր օգուտ․ «Բացի պետական նախագծից՝ այլ բան չի կարող լինել գերակա շահ, այսինքն՝ պետությունը այդտեղ օդանավակայա՞ն է ուզում սարքել, գնացքի կանգա՞ռ է ուզում սարքել, թե՞ մայրուղի՝ դեպի Ստեփանակերտ։ Ուրիշ ոչ մի բան չի կարող լինել մարդու ձեռքից իր սեփականությունը խլելու պատճառ»,- նշում է մեր զրուցակիցը։ Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ այս տարածքն էլ նույն բախտին կարժանանա, ինչ Արամի 30-ի դեպքում, երբ քանդեցին գիշերով, ինչպե՞ս կարող է կանխել հնարավոր այդ զարգացումը, Ավանյանը նկատում է՝ այն ժամանակ իր պայքարի տարբերությունն այն էր, որ Արամի դեպքում առանձին կանգնած շենք էր, իսկ հիմա, նրա խոսքով, նպատակը «Դոլմամայի» 1/4-ը սեփականացնելն է․ «Իրենք այդ սեփականության հաշվին չեն կարող ամբողջ շենքը քանդել, քանի որ այնտեղ նաեւ բնակիչներ կան։ Ռեստորանի տարածքը 4 մասից է բաղկացած՝ բացօթյա տարածքը, ներքին տարածքը՝ բաղկացած երկու մասից, որից մի մասը կնոջս անունով է, մյուսը՝ իմ, եւ պահեստների հատվածը։ Այդ բոլոր չորս մասերի վերաբերյալ էլ ընթանում են դատական գործընթացներ, եւ մինչեւ կառավարությունը չկարողանա այս հարցը մտցնել Աժ եւ չվերացնի գերակա շահ հասկացությունը կամ չփոփոխի բովանդակությունը, չներկայացնի հստակ, թե ինչը կարող է հանդիսանալ գերակա շահ, այս խնդիրը չի լուծվելու»,- ասում է Ավանյանն ու հավելում, որ կամ էլ դատավորները պետք է անաչառ լինեն։ Նրա խոսքով՝ չի եղել այնպես, որ երբ մյուս կողմը սխալ է եղել, ինքը դա կարողացել է օգտագործել։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ դատարաններն ունեցել են հրահանգ, որ այս հարցը ինչքան հնարավոր է՝ շուտ անցկացվի․ «Այսօրվա դեպքերն ուղղակի իներցիոն շարունակությունն են այն ամենի, ինչը եղել է ժամանակին` հրահանգով աշխատող դատավորներ եւ այլն։ Այսինքն՝ հարկադիրի արածն ապօրինի չէ, որովհետեւ իրենք ուղղակի հրահանգ են ստացել կատարել այս գործարքը, որովհետեւ դատարանն է որոշում, ոչ թե հարկադիրը»,- ասում է Ժիրայր Ավանյանը՝ հիշեցնելով՝ կան նաեւ միջազգային դատարաններ, որոնց կդիմի ըստ անհրաժեշտության․ «Այդպես կպայքարեմ։ Իմ «Դոլմաման» մնալու է ինձ»։ Ի դեպ՝ Ժիրայր Ավանյանը դեռեւս 2018 թվականին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցին։ Ավանյանը, մասնավորապես, գրել էր. «Վերջին ավելի քան 10 տարիներին պայքարում եմ «գերակա շահ» կոչված երեւույթի դեմ։ Այս ընթացքում արդեն հասցրել եմ պարտվել ինձ պարտադրված ճակատամարտերից մեկում, երբ ինձնից բռնի խլվեց ու ավերվեց Արամի 30 հասցեում գտնվող իմ շենքը (հավանաբար կհիշեք մեծ աղմուկ հանած այդ դեպքը, երբ գիշերն ավազակաբար քանդեցին այն)։ Այդ տարածքը գործող բիզնես էր եւ ինձ ապահովում էր ստաբիլ եկամուտ: Զուգահեռաբար շարունակում եմ պայքարը մեկ այլ ճակատով՝ պահպանելու Պուշկին փողոցի պետականորեն պատմական եւ մշակույթային ժառանգություն հանդիսացող շենքերը, որոնց շարքում նաեւ իմ սեփականություն հանդիսացող «Դոլմամա» ռեստորանն է»։  Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը, ով գործարար է  այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ։ 2020 թվականի մարտի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալել շինարարության ոլորտում, «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: Ասպրամ Փարսադանյան
22:12 - 11 մարտի, 2021
Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Երեկ amnew.site հասցեով անհայտ ծագման կայքը մի հրապարակում էր արել, որում տեղադրված էր Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատների տեսանյութ։ Այս հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրելով․ «Արցախում էլ այն նույն մղձավանջն են արել, ինչ Հայաստանում։ Աշխատավարձով սա ո՞նց եք «կառուցել»։ Ասեք, մենք էլ ունենանք, կառուցենք։ Անչափ կուզենայի իմանալ, թե ում դղյակներն են տեսանյութում։ Իսկ բանակն ինչո՞ւ այսպես շլացնող չէր»։ Այս գրառմանն արձագանքել է տելեգրամյան Mediaport ալիքը՝ Սաֆարյանի տարածածը որակելով կեղծ տեղեկություն։ Ալիքը, մասնավորապես, գրել էր․ «Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին։ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալաչիներին»»: Տելեգրամյան ալիքը պարզել էր, որ հրապարակման գլխավոր նկարի տունը Լոս Անջելեսում է։ Նկատենք, որ հրապարակման գլխավոր նկարը տեսանյութից չէր, եւ այն իսկապես ո՛չ Հայաստանում է, ո՛չ Արցախում, բացի այդ՝ առկա է մի շարք կայքերում։ Mediaport ալիքը, սակայն, անտեսել էր մի կարեւոր փաստ․ Սաֆարյանը գրառմանը կից, ինչպես վերեւում նշեցինք, հարցրել էր, թե ում դղյակներն են տեսանյութում։  Սաֆարյանն այսօր նույն թեմայի վերաբերյալ դարձյալ գրառում արեց՝ նշելով, որ իրեն նույնպես պարզ էր, որ գլխավոր նկարի առանձնատունը վերցված էր համացանցից, սակայն տեսանյութն արված է Արցախում։ Infocom-ն ուսումնասիրեց տեսանյութը՝ պարզելու, թե որտեղ է նկարահանվել այն իրականում եւ դրանում ներկայացված առանձնատներն իսկապե՞ս Արցախում են։  Քննարկվող տեսանյութը Յութուբ հարթակ է ներբերռնել Armenian Stream ալիքը, որն էլ սոցիալական ցանցում տարածել է Arthur Osipyan օգտատերը։ Տեսանյութում ներկայացված 7 առանձնատները, ինչպես պնդում է դրա հեղինակը, կառուցված են Ստեփանակերտում։ Մեր ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տեսանյութի 24-րդ վայրկյանում երեւացող շինությունը Ստեփանակերտի «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի» հարեւանությամբ է՝ Նելսոն Ստեփանյան 9 հասցեում։ Շինության մոտ կառուցված բարձրահարկ շենքը նույնպես երեւում է տեսանյութում, դրա մոտ երեւում է նաեւ կարմիր տանիքով շենքի կտուրից մի հատված, որի միջոցով էլ հնարավոր եղավ տեղորոշել շինության հասցեն։ Տեսանյութի 1-ին րոպեում երեւացող առանձնատունը Հայկավանում է՝ կոորդինատային այս հասցեում։ Այն «Կոբրա» բլրի ստորոտին է, որի վրա կառուցված է հուշահամալիր։  Եթե համեմատենք տեսանյութի առանձնատունը վերոբերյալ նկարի հետ, ապա կտեսնենք, որ դա հենց նույն առանձնատունն է՝ լողավազանով եւ հարակից շինություններով։  Տեսանյութի 00։30-րդ վայրկյանում երեւացող առանձնատունը նույնպես Արցախում է․ նկարը հնարավոր եղավ տեղորոշել վերին աջ անկյունում երեւացող այն հուշահամալիրի միջոցով, որի մասին արդեն նշեցինք վերեւում։  Տեսանյութի 01։24-րդ րոպեում երեւացող առանձնատունն էլ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (հայտնի Տատիկ-պապիկ) արձանի հարեւանությամբ է՝ կոորդինատային այս հասցեում։ Համոզվելու համար կարող ենք համեմատել առանձնատան տարածքի լողավազանը եւ հարեւան շինությունները։ Այսպիսով՝ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ չնայած այն հրապարակման գլխավոր նկարի առանձնատունը կապ չուներ Արցախի կամ Հայաստանի հետ, այնուամենայնիվ տեսանյութը նկարահանված է Արցախում եւ նշված շինությունները հենց այնտեղ են։ Նարեկ Մարտիրոսյան
21:51 - 11 մարտի, 2021
Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Լուսանկարը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից Արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից ու, մասնավորապես, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ խնդրահարույց իրավիճակներ են լինելու ոչ միայն ԱՀ տարածքում, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ։ Խոսքը հատկապես Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերին է վերաբերում, ինչի մասին անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում նա շեշտեց, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում սահմանի հետ կապված որոշակի ցավոտ իրավիճակներ կարող են առաջանալ։ Այժմ, փաստացի, Շուռնուխի եւ Որոտանի որոշ հատվածներ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո են։ Այս տարվա փետրվարի 7-ին Infocom-ի նկարահանող խումբն այցելել էր Սյունիք՝ զրուցելու Որոտան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչների հետ, ծանոթանալու տիրող մթնոլորտին եւ լուսաբանելու առկա իրավիճակն ու քաղաքացիների տրամադրությունները։ Բայց տեղում բախվեցինք մի իրավիճակի, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները թույլ չտվեցին մտնել Շուռնուխ։ Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեցին, որ ԱԱԾ-ից հատուկ թույլտվություն է պետք, ինչի մասին, սակայն, մինչ այդ պահը հայտնի չէր։ ԱԱԾ մամուլի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց, ուստի կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գիծ» ծառայության աշխատակցի հետ, որը տեղեկացրեց, որ կան լուսաբանման սահմանափակումներ, ու Շուռնուխ մտնելու համար պետք է ԱԱԾ տնօրենի թույլտվությունը։ Մեր այն դիտարկումներին, որ որեւէ սահմանափակման մասին հաղորդագրություն չի հրապարակվել, իրազեկում չի եղել, այդ դեպքում լրագրողը որտեղի՞ց պետք է իմանար հատուկ թույլտվություն ստանալու մասին, ԱԱԾ աշխատակիցը չկարողացավ պատասխանել ու ժամանակ խնդրեց՝ որեւէ լուծում գտնելու համար, ապա մոտ մեկ ժամ անց տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողի ուղեկցությամբ կարող ենք մտնել գյուղ, ինչը մեզ համար, ըստ էության, արտառոց չէր։ ԱԱԾ ՍԶ ծառայողը, սակայն, տեղեկացրեց, որ միայն մի քանի լուսանկար անելու հնարավորություն ունենք։ Մեր ճշտող հարցին՝ իսկ քաղաքացիների հետ զրուցել, նրանց նկարահանել չե՞նք կարող, բացասական պատասխան ստացանք։ Դարձյալ կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գծի» ծառայողի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տրամաբանությամբ է արգելվում զրուցել քաղաքացիների հետ,  նրանց խոսքի ազատության իրավունքն ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում, արդյոք Շուռնուխից դուրս կարո՞ղ ենք զրուցել ու նկարահանել Շուռնուխի բնակիչներին, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել սահմանափակումների մասին․ մեր հարցերն անպատասխան մնացին, միակ մեկնաբանությունն այն էր, որ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի գրավոր կամ բանավոր թույլտվությունը։ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը պնդեց, որ մնացյալ հարցերն ուղղենք աշխատանքային որեւէ օր, քանի որ այդ օրը կիրակի է, եւ, ըստ ծառայողի մեկնաբանության, աշխատում է միայն «Թեժ գիծը»։ Նույն իրադրությունը վերաբերում էր նաեւ Որոտան համայնքին, ուղղակի այստեղ սահմանափակման մասին մեզ տեղեկացրեց համայնքապետը։ Եւ քանզի որեւէ այլ պատասխանատուի հետ կապ հաստատել չհաջողվեց, փետրվարի 9-ին գրավոր հարցում ուղարկեցինք Ազգային անվտանգության ծառայություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ ինչ իրավական ակտով է կարգավորվում Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում լուսաբանման եւ քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը։  Մինչ կստանայինք հարցման պատասխանը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկացնելով, որ «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»: Հաջորդ օրը ԱԱԾ-ն ստիպված եղավ պարզաբանում տարածել իր նախորդ հաղորդագրության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այն չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ, ուստի հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Ծառայության պնդմամբ՝ իրենց իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է: Փետրվարի 16-ին Infocom-ն ի վերջո ստացավ գրավոր հարցման պաշտոնական արձագանքը։ Ի պատասխան մեր հարցերի՝ Որոտան եւ Շուռնուխ ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք, լուսաբանման արգելք, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա, ապա ի՞նչ իրավական ակտի հիմքով, ԱԱԾ-ից հղում են արել նախորդիվ տարածած իրենց հաղորդագրություններին, որոնք, փաստացի, հրապարակվել էին մեր հարցումից հետո միայն․ «ՀՀ քաղաքացիների մուտքի, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում առկա չէ, իսկ լուսաբանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածել են իրազեկում եւ վերջինիս կապակցությամբ համապատսախան պարզաբանում»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։ Ծառայությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հիշյալ երկու համայնքների՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներ Ադրբեջանի քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա կամ չկա, ապա ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում նրանց տեղաշարժը։ Ըստ ԱԱԾ-ի պատասխանի՝ նշված բնակավայրերի տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող ճանապարհահատված մուտք են գործում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները՝ իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի շրջանակներում այդ մասին տեղեկացնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Ի հակասություն ԱԱ ծառայության այս մեկնաբանության՝ «Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 4-ին հրապարակված ռեպորտաժում Շուռնուխի բնակիչներից մեկը պատմում է, որ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն՝ ասելով՝ խաղաղությամբ են եկել, իրենք էլ զարմացած հրավիրել են ներս ու հյուրասիրել։ Այսինքն, ինչպես ակնհայտ է գյուղի բնակիչների մեկնաբանությունից, ադրբեջանցիները ոչ միայն իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով են անցնում հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով, այլ նաեւ այցելում են բնակիչներին։ Տեսանյութից, ամեն դեպքում, պարզ չէ՝ տուն եկած ադրբեջանցիները ծառայողնե՞ր են եղել, թե՞ սովորական բնակիչներ։ Այդուհանդերձ, լուսաբանման թույլտվություն տալու ընթացակարգն ու հիմքերը հասկանալու համար ս․թ․ մարտի 2-ին էլեկտրոնային տարբերակով դիմում ուղարկեցինք ԱԱԾ՝ Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում մարտի 6-ին եւ 7-ին տեսալուսանկարահանում, բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Երկու օր անց՝ մարտի 4-ին, զանգահարեցինք ԱԱԾ մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ մեր դիմումի վերաբերյալ առարկություն չունեն, եւ որ կարող ենք կապ հաստատել ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցչի հետ, որը կկարգավորի մնացյալ հարցերը։ Մամուլի պատասխանատու պարոն Արթուր Գեւորգյանը շեշտեց, որ այսպիսով նրանք ոչ թե խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, այլ աջակցում։  Մարտի 5-ին ճշտող հարցում ուղարկեցինք՝ հասկանալու՝ ի՞նչ ընթացակարգով է քննարկվել մեր դիմումը եւ իրավական ինչ հիմքով է թույլատրվել տեսալուսանկարահանում եւ բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնել հիշյալ համայնքներում։ Ի պատասխան՝ մարտի 10-ին ստացել ենք պարզաբանում, որ դիմումը քննարկվել է դիմումների քննարկման ընթացակարգերը սահմանող օրենսդրական պահանջներին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է իրավական հիմքին, ԱԱԾ-ն հղում է արել փետրվարի 11-ին տարածած իր պարզաբանմանը, որտեղ նշված է՝ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ և այդ տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Այսպիսով, ԱԱԾ-ն միայն մեր գրավոր հարցումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Սյունիքի՝ արդեն սահմանամերձ բնակավայրերում լուսաբանման սահմանափակումների մասին, իսկ թե մինչ այդ Որոտան ու Շուռնուխ գնացող լրագրողներն ինչպես պետք է տեղեկանային ԱԱԾ տնօրենի թույլտվությունը ստանալու պահանջի մասին՝ անհասկանալի է։ ԱԱԾ-ի՝ մեր գրավոր հարցմանն ուղարկած պատասխանից այդպես էլ չերեւաց՝ ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում տեղի բնակիչների խոսքի ազատության իրավունքը, ապա թե ինչ իրավական հիմքով է թույլատրվում նկարահանում ու հարցազրույց իրականացնելը։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ի մեկնաբանությունը, թե ադրբեջանցիները հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով անցնում են իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով, հակասում է Շուռնուխի բնակչի խոսքերին, ըստ որոնց՝ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն։  Հայարփի Բաղդասարյան
18:41 - 11 մարտի, 2021
Չվճարված աշխատավարձի բռնագանձման վերաբերյալ դեպքերը դատարաններում շարունակում են գերակշռել

Չվճարված աշխատավարձի բռնագանձման վերաբերյալ դեպքերը դատարաններում շարունակում են գերակշռել

Տարիներ շարունակ Հայաստանում խոսվել է աշխատողների իրավունքների խախտումների մասին։ Մեզանում գերակշռում են հատկապես աշխատավարձի չվճարման դեպքերը։ Գաղտնիք չէ նաեւ, որ մարդիկ աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներով հաճախ չեն դիմում դատարան՝ վստահություն չունենալով, որ իրենց խնդիրը կլուծվի։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2019-2020թթ․ ստացվել է 610 դատական գործ։ Հաշվետվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ստացված դատական գործերում ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գերակշռել են չվճարված աշխատավարձի եւ/կամ այլ վճարների բռնագանձման վերաբերյալ դեպքերը։ Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերից վարույթ է փոխանցվել  479-ը, 102-ը վերադարձվել է, 17-ը՝ մերժվել, իսկ մնացած 12 գործերի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել։  ՀՀ դատական դեպարտամենտից Infocom-ին հայտնեցին, որ դրանք կներառվեն հաջորդ հաշվետվության մեջ։  Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2019-ից 2020 թվական է փոխանցվել 503 դատական գործ, որոնցից 28-ը՝ կասեցված վիճակում։ Փոխանցված գործերի զգալի մասը՝ 225-ը, կրկին վերաբերել է չվճարված աշխատավարձի եւ/կամ այլ վճարների բռնագանձմանը։ 2020 թվականին  ավարտված գործերի ընդհանուր թիվը 422-ն է, որից 96-ը կարճվել է, ընդ որում՝ 14-ի դեպքում հաստատվել է համաձայնություն, 43-ի դեպքում հիմք է հանդիսացել դիմումից հրաժարումը։ Ըստ հաշվետվության՝ 206 դատական ակտ բողոքարկվել է, որոնցից 191-ը՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերով, իսկ 15-ը՝ միջանկյալ դատական ակտերով։  Բեկանված դատական ակտերից գործն ըստ էության լուծող դատական ակտերով եղել է 20 դատական գործ, իսկ 6-ը եղել են միջանկյալ դատական ակտերով։    Այսպիսով՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները 2020 թվականին ստացել են 104465 դատական գործեր, այդ թվում՝ դիմումներ եւ հայցադիմումներ, որոնցից աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ եղել են 610 դատական գործերը։ Նույն ժամանակահատվածում ավարտվել են 120319 գործեր, 442-ը՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ։ Սեդա Առաքելյան
17:07 - 10 մարտի, 2021
ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների համար փոխհատուցում է ստացել 112,429 քաղաքացի․ ամփոփ տվյալներ

ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների համար փոխհատուցում է ստացել 112,429 քաղաքացի․ ամփոփ տվյալներ

ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների համար արդեն տարիներ շարունակ տրամադրվում է փոխհատուցում։ Այս գործընթացը սկսվել է 2006 թվականից։ «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N8 հավելվածի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների համար ավանդատուներին տրամադրվում է փոխհատուցում՝ յուրաքանչյուր 1 ռուբլու համար 84 դրամ։ Յուրաքանչյուր մեկ ռուբլու համար սահմանված փոխհատուցման չափի, ինչպես նաեւ գործընթացի սկսելուց մինչ օրս տրամադրված փոխհատուցման չափի վերաբերյալ ամփոփ տվյալներ ստանալու համար Infօcom-ը պաշտոնական հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայն մեզ տրամադրած պատասխանի՝ մինչեւ 1000 ռուբլի ներդրած ավանդի համար, որպես փոխհատուցում, մեկ ռուբլու դիմաց տրամադրվում է 84 դրամ։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլու դեպքում արդեն 1000-ից ավելի յուրաքանչյուր ռուբլու համար հաշվարկվում է 29,4 դրամ փոխհատուցում, այսինքն՝ առաջին 1000 ռուբլու համար տրամադրվում է 84,000 դրամ, դրանից ավելի յուրաքանչյուր ռուբլու դիմաց՝ 29,4 դրամ։ 3000 խորհրդային ռուբլին գերազանցող յուրաքանչյուր մեկ ռուբլին հաշվարկվում է 16,8 ՀՀ դրամ, 5000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 8, իսկ 10,000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 4 ՀՀ դրամ։ Օրինակ՝ եթե անձի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը կազմում է 8000 խորհրդային ռուբլի, ապա ավանդի դիմաց փոխհատուցման գումարը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 176,400 + ((8000-5000) x 8) = 200,400 ՀՀ դրամ։ Ինչպես արդեն նշեցինք՝ փոխհատուցման գործընթացը սկսել է 2006 թվականից։ Մինչեւ 2021 թվականը վճարված անձանց թվաքանակի, ինչպես նաեւ վճարված գումարի չափի վերաբերյալ տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայի միջոցով։ Ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում փոխհատուցում է ստացել շուրջ 112,429 քաղաքացի։ Փոխհատուցման ընդհանուր գումարը եղել է 19 մլրդ 480 մլն 602 հազար ՀՀ դրամ։   Նարեկ Մարտիրոսյան
12:19 - 10 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում կանգնած տաքսիներից մեկին ենք մոտենում․ ազատ է՝ նստում ենք, խնդրում տանել «Տատիկ-պապիկի» մոտ։ Շատ բարեկիրթ ու բարեհամբույր վարորդ է։ Հետդարձի ճամփին հարցնում ենք՝ կարո՞ղ եք մեզ Մարտունի, Ասկերան ու այլ բնակավայրեր տանել, պատասխանում է՝ ինչի՞ չեմ կարող, բայց հայացքը նկատելիորեն մռայլվում է, տխրում։ Հետո, երբ Ամարաս գնալու ճանապարհին անցնում ենք Սարուշեն գյուղի կողքով, վարորդ Արթուրն անկեղծանում է՝ ինքն այս տեղանքում տուն է կորցրել։ Շատ հարցեր չենք տալիս, որ չցավեցնենք, որ սիրտը տա՝ ինքը կխոսի։ Եւ խոսում է։ Պատմում է, որ պատերազմի օրերին գյուղացիներով պահել են բնակավայրը, սկզբում մոտ 40 հոգով են եղել, բայց հետո մնացել են 7-8 հոգով, ու քանզի այդ շրջանն ակտիվ ռմբահարվել է, ստիպված հետ են քաշվել այս ճանապարհահատված, որտեղով անցնում ենք։ Հոկտեմբերին հակառակորդը գրավել է վարորդի գյուղը։ Պատմում է՝ մի քանի անգամ երեկոներին ընկերներով իջել են Սարուշեն՝ իրենց բնակավայրը գոնե հեռվից տեսնելու, բայց ադրբեջանցիներն աղաղակել են, հայհոյել, սպառնացել, իրենք էլ չեն կարողացել երկար մնալ։ Վարորդ Արթուրն ընտանիքի հետ հիմա ապրում է Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղային հարկում, ապրուստը վաստակում է տաքսիստի աշխատանքով, իսկ առաջ գյուղի ջրամատակարարման ցանցի աշխատակից է եղել։ Ավելին չի խոսում, չենք հարցնում։ Շարժվում ենք դեպի Ամարաս՝ ճանապարհին անցնելով Կարմիր Շուկայով, որ մեր դիրքերի թիկունքում է։ Գյուղը պատերազմի ընթացքում ինտենսիվ հրթիռակոծվել է Սմերչ կայանքից։ Մարտունու շրջանում, որտեղ եւ Կարմիր Շուկան է, ավելի ցուրտ է, քան Ստեփանակերտում․ գյուղի նեղլիկ փողոցներում շատ մարդ չկա։ Բայց մի փոքրիկ տղայի եմ տեսնում, որ ճամփեզրով քայլում է մեր մեքենային հանդիման՝ խաղ անելով ձեռքի տոպրակի հետ։ Վարորդին խնդրում եմ մի քանի րոպե կանգնել, գնամ-զրուցեմ տղայի հետ։ Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Վազում եմ հետեւից, խնդրում մի րոպե սպասել, զարմացած ինձ է նայում։ Ասում եմ՝ բարեւ, ես Հայարփին եմ, չե՞մ խանգարի՝ երկու րոպե զրուցենք, ուսերը վեր է ձգում՝ առարկություն չունի։ 12-ամյա Դավիթն է, ապրում է Կարմիր Շուկայում, ուզում է դառնալ «բաքսյոր», մնալ Արցախում։ Իսկ դպրոցում ամենաշատը մաթեմ է սիրում, թեեւ բազմապատկման աղյուսակը դեռ լավ չգիտի, բայց համաձայնության ենք գալիս՝ ոչինչ, էսօր չէ, վաղը կսովորի։ 12-ամյա Դավիթ Գաբրիելյանը, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Դավիթն այցելության է գնում հորաքրոջ տուն, որն իրենց տանից այնքան էլ հեռու չի ապրում։ Հարցնում եմ՝ նվեր ե՞ս տանում հետդ՝ ցույց տալով ձեռքի տոպրակը, ժպտալով գլխով է անում։  Դավիթենց տանից հակառակորդի դիրքերը երեւում են, բայց ինքը չի վախենում, ասում է՝ մեր տղերքն էլ են կանգնած, ինքն էլ երբեմն գնում, մեր զինվորների հետ խոսում է։ Պատերազմի ժամանակ Երեւանում է եղել, բայց, ասում է, իրենց գյուղը շատ էր կարոտել։ Վերադարձել են, ապրում են։  Ցտեսություն ենք ասում, խոստանում՝ հիշել իրար։ Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Կարմիր Շուկայի ճամփից հեռվում երեւում է Թաղավարդ գյուղը, որը եւս հակառակորդի Սմերչի թիրախում է եղել։ Թաղավարդի մի կեսը՝ Կալլեր Թաղավարդ կոչվող հատվածը, հայկական կողմինն է, մյուս մասը՝ ադրբեջանական վերահսկողության տակ։  Հեռվում` Թաղավարդը Կարմիր Շուկայից շարժվում ենք դեպի Ամարասի վանք։ Հասնելուն պես վարորդ Արթուրն առաջինն է դուրս գալիս մեքենայից, շրջում տեղանքում, հետո ասում, որ մենք էլ կարող ենք իջնել։ Հակառակորդն Ամարասից շատ հեռու չէ, Խազազի թումբ կոչվող հատվածում է տեղակայվել, որտեղից վանքը տեսանելի է։ Դեռեւս դեկտեմբերին վանքի վրա դրվել է ՌԴ դրոշը, մարդիկ համալիր կարողացել են այցելել խաղաղապահների ուղեկցությամբ։ Ամարասի պարսպին այժմ ծածանվում է Արցախի դրոշը, ներքեւում հայկական դիրքերն են։ Պատերազմի ընթացքում ու նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը՝ առաջանալով մինչեւ Ամարաս, սակայն հետ է մղվել։ Ամարասի պաշտպանության ժամանակ վիրավորվել է նաեւ ամենամոտիկ գյուղի՝ Մաճկալաշենի գյուղապետը՝ Լեռնիկ Ավանեսյանը։ Գյուղապետը մեր զրույցում վստահեցնում է՝ Ամարաս այցելելն արդեն անվտանգ է, միայն կիրակնօրյա ժամերգությունների ժամանակ, երբ շատ մարդ է լինում, խաղաղապահներն էլ են գալիս՝ հնարավոր վտանգը վերահսկելու համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ կրակոցներ չկան։ Վանքի գլխավոր մուտքը, որ նայում է հակառակորդի դիրքին ու որը տեղացիները պատերազմից հետո մի ընթացք փակել էին, այժմ բաց է։  Համաձայն պատմիչների վկայության՝ Ամարասի վանքը՝ որպես նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն, հանդես է գալիս 4-րդ դարի սկզբից, երբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնադրել է եկեղեցի, որի կառուցումն ավարտին է հասցրել իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։  19-րդ դարի երկրորդ քառորդում՝ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Ամարասի վանական համալիրը օգտագործվել է որպես սահմանամերձ ամրոց, իսկ 1832-1847թթ․ եղել է ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թ․ Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցնում Գանձասարանի մետրոպոլիտ տեր Բաղդասարը։ Եկեղեցին վերակառուցվում է 1858թ․՝ շուշեցիների նյութական օժանդակությամբ։ Ասկերան Մառախուղն Ասկերանի ճամփին իջնում է մինչեւ գետին․ փետրվարին այստեղ ծառի ճյուղից մինչեւ քար սառցե ցողի տակ է։ Մեքենայով հասնում ենք Ասկերանի վերջը, որտեղից սկսվում է Աղդամը։ Հեռվում ռուս խաղաղապահների պահակետն է, որին չենք մոտենում։ Մեքենան թեքվում, կանգնում է Ասկերանի տանկ-հուշարձանի կողքին։ Տանկի փողը նախկինում ուղղված էր դեպի Շուշի, այժմ՝ դեպի Աղդամ, դեպի հակառակորդը։ Գլխին ծածանվում է Արցախի դրոշը։ Այս հուշարձանին ամեն տարվա հունիսի 12-ին՝ Ասկերանի պաշտպանության օրը, ծաղիկներ էին խոնարհում․ ծաղիկներ կան նաեւ հիմա՝ ի հիշատակ այս ու նախորդ պատերազմի զոհերի։ Ստեփանակերտ դարձի ճամփին՝ Ասկերանի Մյասնիկյան փողոցի խանութներից մեկի մոտով անցնելիս, տեսնում եմ զինվորական ձմեռային բաճկոնով կանգնած երկու տղամարդու։ Իրար կողքի են, բայց չեն զրուցում, ծխում են։ Մոտենում եմ, ողջունում, որպիսություն հարցնում ու ներկայանում։ Ասում եմ՝ էս վերարկուներից ենթադրում եմ՝ պատերազմին մասնակցած կլինեք, հա՞։ Տղամարդկանցից մեկը, որ ծերունի է, լուռ հեռու է գնում, մյուսը հաստատում է, բայց ասում, որ պապիկը շատ ծեր է, պատերազմի օրերին Երեւանում է եղել։ 34-ամյա Ալիկն է՝ Ասկերանի Խնապատ գյուղից։ Ցուրտը նախընտրել է մենակությունից, գյուղից իջել քաղաք՝ տեղացիների հետ մի երկու բառ փոխանակելու։ Թեեւ Արցախում չի ծնվել, բայց քսան տարի է՝ Արցախում է ապրում։  Ասում է՝ չէր պատկերացնում, որ այսքան երկար կտեւի, ու մինչ հարազատներին անվտանգ տեղ կտաներ, կպատրաստվեր մեկնելուն՝ փողոցում ռազմական ոստիկանությունը տեսել է իրեն, ասել՝ ուզում ես փախչել։ Վստահեցնում է՝ փախչելու միտք չի ունեցել․ ուզենար՝ առաջին օրն էլ մեքենայով կգնար Երեւան։ Այսպես պատերազմի սկսվելուց օրեր անց գնացել է Հադրութ, հետո շուրջ 46 օր Քիրսավանում է եղել։ «Դժվարը դժվար էր, շատ դժվար էր։ Շատ մարդկանց բերել էին, ոչ բռոնի էին տվել, ոչ կասկա, մեր մոտ կային մարդիկ՝ չգիտեին ոնց կռվեն։ Բայց պատերազմ էր, էղավ, անցավ։ Հիմա խաղաղապահները կանգնած են, ազերները բան չեն անում։ Հեն ա (ձեռքով ցույց է տալիս Աղդամի կողմը,- հեղ․), էն վերջում ռուսների պոստն ա, դրանից էն կողմ իրանցն ա»։ Պատերազմից հետո Ալիկը գնացել է Երեւան՝ քրոջ տուն, բայց մի քանի օրից վերադարձել է․ «Կռիվը պրծավ, գնացի Հայաստան, երեք օր մնացի, եկա։ Ճիշտն ասած՝ չեմ կարում ընդեղ մնամ, քանի տարի ա՝ ստեղ եմ, ստեղ եմ ուզում։ Տուն էլ չունեմ հիմա, վարձով եմ մնում Խնաբադում։ Իջել եմ մարդկանց հետ շփվեմ, գնամ տուն, մենակ չմնամ»,- ասում է Ալիկը։ Տունը կորցրել է Լաչինում, աշխատանքն էլ՝ Աղդամում․ տեղի այգիներում է աշխատել, որոնք մնացել են հակառակորդի վերահսկողության տակ։ Միակ բանը, որը հիմա Ալիկին անհանգստացնում է, աշխատանքի բացակայությունն է․ «Աշխատանք չկա, մի օր գործ կա, մի շաբաթ չկա։ Խաղաղապահները կան, վտանգ չկա հիմիկվա դրությամբ, բայց աշխատանք չկա»։ Լաչինում տունը կորցնելուց հետո, երբ իմացել է Արցախի կառավարության աջակցության մասին, դիմել է, սակայն պատասխան է ստացել՝ հաշվառված չէ։ Ալիկը չի հասկանում՝ ինչպես կարող է հաշվառված չլինել, երբ բոլոր փաստաթղթերը կան, իրեն էլ ընտրությունների ժամանակ կանչել են Լաչին՝ քվեարկելու։ Հիմա տվյալները վերցրել են, սպասում է՝ աջակցությունը փոխանցեն, մինչ այդ էլ հույս ունի աշխատանք գտնել։  Հաջողություն եմ մաղթում, շարժվում դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին անցնում ենք 1750-ականներին կառուցված Մայրաբերդի մոտով, որի պարիսպը կիսվել է ավտոճանապարհով։ Բերդը Կարկառ գետի ստորին հատվածում է։  Կրկնակի պարիսպներն ու հարմար դիրքը ժամանակին թշնամիների համար ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ: Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվել են նեղ միջանցքներով: Պարիսպները ներսից բազմաթիվ խորշերով ու հրակնատներով են: Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը` 9մ:  Հ․Գ․ Ստեփանակերտից Կարմիր Շուկա, Կարմիր Շուկայից Ամարաս, Ամարասից Մարտունի, Մարտունուց Ասկերան ու հետ Ստեփանակերտ մեզ պտտելուց, ամեն հինգ րոպեն մեկ իմ խնդրանքով կանգնելուց հետո վարորդը գումար չէր վերցնում՝ ասելով՝ էսքան եկել, հասել եք, որ հիմա փո՞ղ տաք։ Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ Հայարփի Բաղդասարյան
19:12 - 08 մարտի, 2021
Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Վայ, էս աղջիկը մինչև քստքստալով տեղ հասնի, մենք կծերանանք։ Թե ասա, մի քիչ արագ շարժվի, էլի, սենց ինչքա՞ն պիտի սպասենք, քար ե՞ս քաշել, տնաշե՛ն»։ Այս խոսքերն ուղղված էին մեկ օր առաջ երեխա ունեցած ընկերուհուս, որն իր առաջին հղիության 8-րդ ամսում ապագա զավակին կորցնելուց մոտ մի տարի անց նորից ծննդաբերում էր նույն հաստատությունում, որի բուժաշխատողները՝ ներառյալ այդ անկրկնելի բառամթերքը շռայլողները, քաջ տեղյակ էին, թե ինչ դժոխքի ու վախերի միջով է անցել «քստքստալով» քայլող երիտասարդ մայրիկը ոչ վաղ անցյալում։  Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը երրորդ դեմքով պատմեր նրա պատմությունն ու ասեր, որ ծննդատան աշխատակիցները, նրա հղիության նախապատմությունն իմանալով, «պատիվ են արել» իրենց հեգնանքով ու ամենահայկական մուննաթով, ես, հավանաբար, չէի հավատա։  Բայց ժամանակի հետ ինքս էլ համոզվեցի, որ Հայաստանում մայրերը, որոնց սակրալ առաքելության մասին թնդում են ճառերն ամենաբարձր ամբիոններից, ու որոնց «սուրբ» կենացները խմվում են ցանկացած առիթի ժամանակ, ամենակարևոր օղակներում հաճախ անտեսված են, չհարգված, ճնշված, չհասկացված, մենակ ու անաջակից։  Պատկերացնելու համար, թե ինչ խոր անդունդ է բաժանում Հայաստանին ու իրապես գիտակից, կրթվող, զարգացող և մարդակենտրոն հասարակությանը, կարելի է պարզապես հպանցիկ թերթել ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող խմբերը, որտեղ քննարկվում են հղիության, ծննդօգնության, երեխայի խնամքի, կերակրման ու առողջության վերաբերյալ հարցերը։  Խառնաշփոթը սկսվում է դեռ ծննդատներից, որտեղ շատ հաճախ ապագա մայրերը հանդիպում են անփույթ, անուշադիր, կոպիտ վերաբերմունքի, որը ոչ միայն ազդում է նրանց հոգեհուզական վիճակի վրա, այլև իր հետքն է թողնում նաև ֆիզիկական մակարդակում՝ նպաստելով լարված, բացասական ծննդաբերական փորձառություն ունենալուն։  Կանայք ստիպված են լինում գրեթե ամեն րոպե կռիվ տալ ծննդաբերության պրոցեսն առանց իրենց իմացության արագ «հորով-մորով» անելու համար օգտագործվող տարբեր բժշկական միջամտությունների, արհեստական կաթնախառնուրդ «նաղդող» բուժքույրերի ու կրծքով կերակրման պրոցեսում կրթության և ճիշտ ուղղորդման կատարյալ բացակայության, շատ դեպքերում՝ բժշկական հիմնավոր ցուցում չունեցող «արագ և ապահով» կեսարյան հատումների հետ։  Եթե ինչ-որ մեկը վստահ չէ, թե այս երևույթներն ինչպես են կոչվում, ես կհուշեմ․ վերը թվարկվածները բռնության տեսակներ են՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական։  Կանայք՝ ապագա մայրերը, Հայաստնում ենթարկվում են բռնության, և այս գործընթացն իրականացվում է շարունակաբար և բացեիբաց՝ առանց կոծկելու փորձ անգամ անելու։    Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]   Պետությունն ու հանրային լայն շրջանակները, որ առավոտից երեկո խոսում են ծնելիության խթանման, ազգային գենոֆոնդը մեծացնելու կարևորության մասին, տեղյա՞կ են, որ Հայաստանում չկա համակարգային մոտեցում՝ կանանց, մանկահասակ երեխաների առողջության և ծնողավարության բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։  Պետությունն ու հանրությունն առհասարակ ցանկանու՞մ են իսկապես աջակցել առողջ սերնդի ձևավորման գործընթացին, թե՞ մենք ամեն դեպքում որոշել ենք որպես ուղենիշ վերցնել «մեր տատերն ու պապերը պակա՞ս սերունդ են մեծացրել» իմպոտենտ կարգախոսը։  Համաձայն համաշխարհային վիճակագրության՝ մայրերի 97%-ը կարո՛ղ է կերակրել իր երեխային, եթե ստանա  անհրաժեշտ գիտելիք և աջակցություն, սակայն, սրան զուգահեռ, արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների տոկոսը Հայաստնում ամեն տարի գնալով աճում է՝ հասնելով մինչև 40% և ավելիի։ Այստեղ հարց է առաջանում. մայրերը չե՞ն ցանկանում ստանալ գիտելիք, թե՞ նրանց որևէ մեկը չի էլ տալիս այն:  Մի՞թե այստեղ չկա անելիք, մի՞թե առողջ սերունդ մեծացնելն այսքան ոչ առաջնահերթ է մեր պետության և հասարակության համար։ Մի՞թե այդքան անկարող ենք, որ երազանք է թվում այն օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր ծննդատուն կունենա գոնե 1 արդի գիտելիքներով կերակրման մասնագետ, որն ապագա ու նոր մայրերին բավականաչափ գիտելիք կփոխանցի ու օգնություն ցույց կտա, որ մայրերը հույսները չդնեն ֆեյսբուքյան խմբերում խորհրդատվություն ստանալու վրա։ Նշեմ, որ ներկայումս մեր բուժհաստատություններում բացակայում են կրծքով կերակրման սրետիֆիկացված մասնագետները․ այս կարևոր առաքելությունը բաժան-բաժան է արված տեղի բուժքույրերի ու մանկաբույժների միջև։   Մի՞թե պոպուլիզմի ճիրաններում տառապող կառավարությունները չեն ուզում այս խիստ պոպուլիստական քայլն անել՝ գոնե այս դեպքում մի շոշափելի օգուտ բերելով հանրային առողջությանը։  Իսկ ի՞նչն է խանգարում, որ ամեն քայլափոխի հանդիպող Աստվածաշնչյան մեջբերումներով պաստառների կողքին հայտնվի նաև տեղեկատվություն մոր և մանկան առողջության պահպանման մասին։ Շարունակ խոսվում է կրծքագեղձի քաղցկեղի սարսափելի վիճակագրության մասին, բայց ես չեմ հանդիպել գեթ մեկ ինստիտուցիոնալ քարոզչություն այն մասին, որ այդ քաղցկեղի ռիսկը էականորեն նվազում է կրծքով կերակրման շնորհիվ։ Մեր ազգային բնութագրի մա՞սն է դարձել պատճառը գտնելու փոխարեն միայն հետևանքը վերացնել փորձելը։  Շատերը, ամեն դեպքում, գուցե այդպես էլ չպատկերացնեն, թե մեր հասարակությունում ինչքան են ատում մայրերին։ Այո՛, ատում են․ եթե չատեին, հենց կանայք, որոնցից շատերը անցել են այս շրջափուլի միջով, այգում կամ հանրային վայրում կերակրող կամ մանկահասակ երեխայի հետ սրճարան այցելող մորը ամոթանք տալով չէին թիրախավորի ու հորդորի «մնալ տանը, մինչև երեխան մեծանա»։  Ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը պատրաստ չեն ընդունել ու սատարել մայրերին, իսկ քանի դեռ այսպես է, պիտի մայրերի ամեն օրը դառնա հասկացված, ընդունված ու կարևորված լինելուն ուղղված պայքար։ Այնպես որ, սիրելի՛ կանայք, խորը և դանդաղ շո՛ւնչ քաշեք և էլ ավելի դանդաղ արտաշնչե՛ք. այս կատարյալ քաոսից դուրս գալու միակ ելքը մնացել է մեր ինքնահզորացումն ու այս խնդիրների մասին հնարավորինս շատ բարձրաձայնելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Աբրահամյանին և Էմմա Արզիևային: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  Հղիների յոգայի ուսուցիչ, ծննդաբերության դուլա (օգնական)
17:04 - 08 մարտի, 2021