Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են
21:51 - 11 մարտի, 2021

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Երեկ amnew.site հասցեով անհայտ ծագման կայքը մի հրապարակում էր արել, որում տեղադրված էր Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատների տեսանյութ։ Այս հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրելով․ «Արցախում էլ այն նույն մղձավանջն են արել, ինչ Հայաստանում։ Աշխատավարձով սա ո՞նց եք «կառուցել»։ Ասեք, մենք էլ ունենանք, կառուցենք։ Անչափ կուզենայի իմանալ, թե ում դղյակներն են տեսանյութում։ Իսկ բանակն ինչո՞ւ այսպես շլացնող չէր»։

Այս գրառմանն արձագանքել է տելեգրամյան Mediaport ալիքը՝ Սաֆարյանի տարածածը որակելով կեղծ տեղեկություն։ Ալիքը, մասնավորապես, գրել էր․ «Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին։ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալաչիներին»»: Տելեգրամյան ալիքը պարզել էր, որ հրապարակման գլխավոր նկարի տունը Լոս Անջելեսում է։

Նկատենք, որ հրապարակման գլխավոր նկարը տեսանյութից չէր, եւ այն իսկապես ո՛չ Հայաստանում է, ո՛չ Արցախում, բացի այդ՝ առկա է մի շարք կայքերում։

Mediaport ալիքը, սակայն, անտեսել էր մի կարեւոր փաստ․ Սաֆարյանը գրառմանը կից, ինչպես վերեւում նշեցինք, հարցրել էր, թե ում դղյակներն են տեսանյութում։ 

Սաֆարյանն այսօր նույն թեմայի վերաբերյալ դարձյալ գրառում արեց՝ նշելով, որ իրեն նույնպես պարզ էր, որ գլխավոր նկարի առանձնատունը վերցված էր համացանցից, սակայն տեսանյութն արված է Արցախում։

Infocom-ն ուսումնասիրեց տեսանյութը՝ պարզելու, թե որտեղ է նկարահանվել այն իրականում եւ դրանում ներկայացված առանձնատներն իսկապե՞ս Արցախում են։ 

Քննարկվող տեսանյութը Յութուբ հարթակ է ներբերռնել Armenian Stream ալիքը, որն էլ սոցիալական ցանցում տարածել է Arthur Osipyan օգտատերը։ Տեսանյութում ներկայացված 7 առանձնատները, ինչպես պնդում է դրա հեղինակը, կառուցված են Ստեփանակերտում։

Մեր ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տեսանյութի 24-րդ վայրկյանում երեւացող շինությունը Ստեփանակերտի «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի» հարեւանությամբ է՝ Նելսոն Ստեփանյան 9 հասցեում։

Շինության մոտ կառուցված բարձրահարկ շենքը նույնպես երեւում է տեսանյութում, դրա մոտ երեւում է նաեւ կարմիր տանիքով շենքի կտուրից մի հատված, որի միջոցով էլ հնարավոր եղավ տեղորոշել շինության հասցեն։

Տեսանյութի 1-ին րոպեում երեւացող առանձնատունը Հայկավանում է՝ կոորդինատային այս հասցեում։ Այն «Կոբրա» բլրի ստորոտին է, որի վրա կառուցված է հուշահամալիր։ 

Եթե համեմատենք տեսանյութի առանձնատունը վերոբերյալ նկարի հետ, ապա կտեսնենք, որ դա հենց նույն առանձնատունն է՝ լողավազանով եւ հարակից շինություններով։ 

Տեսանյութի 00։30-րդ վայրկյանում երեւացող առանձնատունը նույնպես Արցախում է․ նկարը հնարավոր եղավ տեղորոշել վերին աջ անկյունում երեւացող այն հուշահամալիրի միջոցով, որի մասին արդեն նշեցինք վերեւում։ 

Տեսանյութի 01։24-րդ րոպեում երեւացող առանձնատունն էլ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (հայտնի Տատիկ-պապիկ) արձանի հարեւանությամբ է՝ կոորդինատային այս հասցեում։ Համոզվելու համար կարող ենք համեմատել առանձնատան տարածքի լողավազանը եւ հարեւան շինությունները։

Այսպիսով՝ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ չնայած այն հրապարակման գլխավոր նկարի առանձնատունը կապ չուներ Արցախի կամ Հայաստանի հետ, այնուամենայնիվ տեսանյութը նկարահանված է Արցախում եւ նշված շինությունները հենց այնտեղ են։

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել