«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան
22:12 - 11 մարտի, 2021

«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը նախօրեին ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, որ 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։

Ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ  ճանաչվել է հանրային գերակա շահ, դրանից հետո տարբեր խնդրահարույց դրվագներ են եղել։ Տարածքը ձեռք է բերել այժմ մի շարք քրեական հոդվածներով մեղադրվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը: Նախնական տվյալներով տարածքում նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել, այդ թվում նաեւ բնակելի շենք եւ կանաչապատման աշխատանքներ։

Վերոնշյալ գործընթացը կարգավորվում է 2006 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։ Գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից մեկն այն է, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, ապա գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։

Ի դեպ՝ հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ, սակայն այն կարող է վիճարկվել դատական կարգով։

Infocom-ի հետ զրույցում պարոն Ավանյանը մանրամասնում է, որ խնդիրն այս կետին հասել էր մոտ մեկուկես տարի առաջ, բայց Աժ-ում տեղի ունեցած լսումներից հետո այն տպավորությունն է ունեցել, թե հարցը լուծվում է։ Մեր զրուցակիցը երկու օր առաջ է ստացել նամակը, որտեղ, փաստորեն, նշված է եղել, որ տարածքն ազատելու համար 15 օր ունեն։

Ավանյանը մանրամասները դեռեւս չգիտի, թե ինչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որովհետեւ այն ժամանակ, երբ իրենք հարցում ենք ուղարկել, կոնկրետ պատասխան չեն ստացել, այլ միայն բանավոր նկարագրություն, թե ինչ պետք է անեն․

«Բայց, իմ կարծիքով, եղել է միայն կենտրոնի այդ «ֆիլե մինիոնն» իրենց ձեռքը վերցնելու ցանկություն։ Կապ չունի՝ ինչ կանեն, բայց հիմա ես փաստեր չունեմ ասելու, թե իրենք այդտեղ պատրաստվում են ինչ-որ բան անել, որովհետեւ այն տարածքները, որոնք արդեն իրենց ձեռքում են, իրենք ուղղակի հանձնել են վարձակալության»,- նկատում է «Դոլմամայի» սեփականատերը, որ համոզմունք ունի՝ այս ողջ զարգացումների միակ նպատակն այդ տարածքը ձեռք բերելն է։  

Նա հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է մի մարդու սեփականությունը մեկ այլ մարդու համար դառնալ ավելի գերակա․

«Ամենակարեւորն այն է, որ մեր Սահմանադրությամբ անձնական սեփականությունը պետք է պաշտպանվի այսպիսի որսորդներից, որոնք ցանկացած ժամի կարող են թաքնված գալ, գողանալ որեւէ բիզնես կամ որեւէ տարածք վերցնել իրենց ձեռքը»։

Մեր զրուցակիցն ասում է՝ որոշել է՝ չի տալու տարածքը․

«Ես չեմ պատկերացնում, որ կարող է հարկայինի ինչ-որ աշխատող գա, բռնի ուժով ինձ հանի իմ տարածքից։ Այսինքն՝ ինձ պետք է ծեծեն, որ հանեն այդտեղից։ Ես կարծում եմ, որ եթե հենց այսօր իմ շրջապատին խնդրեմ հավաքել մոտ 10.000 հոգի, նրանք կհավաքվեն եւ թույլ չեն տա։ Երկրորդը՝ ես սփյուռքահայ ներդրող եմ եւ ԱՄՆ քաղաքացի, չեմ կարծում, որ իրենց դուր կգա, երբ ԱՄՆ դեսպանատունը խառնվի այս գործին։ Մինչեւ հիմա ես մտածել եմ այսպես, որ սա իմ հայրենիքն է եւ այստեղ ես ինքս պետք է լուծեմ իմ հարցերը, դրա համար չեմ փորձել նման բաներ։ Սա ինձ համար անակնկալ էր, անգամ ծիծաղելի անակնկալ, անսպասելի ու անհավատալի էր, որ մեր այս իրողության մեջ դեռ կա այդ խնդիրը»։

Այս դեպքում հայտարարվող գերակա շահը Ավանյանը համարում է կողոպուտի ձեւ։ Ըստ նրա՝ որեւէ մեկը, անգամ անողը չի կասկածում, որ կողոպտելու համար է արվում։  

Ավանյանի դիտարկմամբ՝ միշտ այդպես է եղել, որ սեփականատիրոջից վերցրել են տարածքը, ճանաչել գերակա շահ եւ տվել մեկ այլ մարդու։ Վերջինս զուգահեռ է անցկացնում՝ սա այն է, ինչ եղավ Հյուսիսային պողոտայի դեպքում․ տարածքը մեկհարկանի տան գնով վերցրին սեփականատիրոջից, դրա վրա կառուցեցին եւս 13 հարկ եւ վաճառեցին ու ունեցան 11 հարկ մաքուր օգուտ․

«Բացի պետական նախագծից՝ այլ բան չի կարող լինել գերակա շահ, այսինքն՝ պետությունը այդտեղ օդանավակայա՞ն է ուզում սարքել, գնացքի կանգա՞ռ է ուզում սարքել, թե՞ մայրուղի՝ դեպի Ստեփանակերտ։ Ուրիշ ոչ մի բան չի կարող լինել մարդու ձեռքից իր սեփականությունը խլելու պատճառ»,- նշում է մեր զրուցակիցը։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ այս տարածքն էլ նույն բախտին կարժանանա, ինչ Արամի 30-ի դեպքում, երբ քանդեցին գիշերով, ինչպե՞ս կարող է կանխել հնարավոր այդ զարգացումը, Ավանյանը նկատում է՝ այն ժամանակ իր պայքարի տարբերությունն այն էր, որ Արամի դեպքում առանձին կանգնած շենք էր, իսկ հիմա, նրա խոսքով, նպատակը «Դոլմամայի» 1/4-ը սեփականացնելն է․

«Իրենք այդ սեփականության հաշվին չեն կարող ամբողջ շենքը քանդել, քանի որ այնտեղ նաեւ բնակիչներ կան։ Ռեստորանի տարածքը 4 մասից է բաղկացած՝ բացօթյա տարածքը, ներքին տարածքը՝ բաղկացած երկու մասից, որից մի մասը կնոջս անունով է, մյուսը՝ իմ, եւ պահեստների հատվածը։ Այդ բոլոր չորս մասերի վերաբերյալ էլ ընթանում են դատական գործընթացներ, եւ մինչեւ կառավարությունը չկարողանա այս հարցը մտցնել Աժ եւ չվերացնի գերակա շահ հասկացությունը կամ չփոփոխի բովանդակությունը, չներկայացնի հստակ, թե ինչը կարող է հանդիսանալ գերակա շահ, այս խնդիրը չի լուծվելու»,- ասում է Ավանյանն ու հավելում, որ կամ էլ դատավորները պետք է անաչառ լինեն։ Նրա խոսքով՝ չի եղել այնպես, որ երբ մյուս կողմը սխալ է եղել, ինքը դա կարողացել է օգտագործել։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ դատարաններն ունեցել են հրահանգ, որ այս հարցը ինչքան հնարավոր է՝ շուտ անցկացվի․

«Այսօրվա դեպքերն ուղղակի իներցիոն շարունակությունն են այն ամենի, ինչը եղել է ժամանակին` հրահանգով աշխատող դատավորներ եւ այլն։ Այսինքն՝ հարկադիրի արածն ապօրինի չէ, որովհետեւ իրենք ուղղակի հրահանգ են ստացել կատարել այս գործարքը, որովհետեւ դատարանն է որոշում, ոչ թե հարկադիրը»,- ասում է Ժիրայր Ավանյանը՝ հիշեցնելով՝ կան նաեւ միջազգային դատարաններ, որոնց կդիմի ըստ անհրաժեշտության․

«Այդպես կպայքարեմ։ Իմ «Դոլմաման» մնալու է ինձ»։

Ի դեպ՝ Ժիրայր Ավանյանը դեռեւս 2018 թվականին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցին։ Ավանյանը, մասնավորապես, գրել էր.

«Վերջին ավելի քան 10 տարիներին պայքարում եմ «գերակա շահ» կոչված երեւույթի դեմ։ Այս ընթացքում արդեն հասցրել եմ պարտվել ինձ պարտադրված ճակատամարտերից մեկում, երբ ինձնից բռնի խլվեց ու ավերվեց Արամի 30 հասցեում գտնվող իմ շենքը (հավանաբար կհիշեք մեծ աղմուկ հանած այդ դեպքը, երբ գիշերն ավազակաբար քանդեցին այն)։

Այդ տարածքը գործող բիզնես էր եւ ինձ ապահովում էր ստաբիլ եկամուտ: Զուգահեռաբար շարունակում եմ պայքարը մեկ այլ ճակատով՝ պահպանելու Պուշկին փողոցի պետականորեն պատմական եւ մշակույթային ժառանգություն հանդիսացող շենքերը, որոնց շարքում նաեւ իմ սեփականություն հանդիսացող «Դոլմամա» ռեստորանն է»։ 

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը, ով գործարար է  այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ։ 2020 թվականի մարտի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալել շինարարության ոլորտում, «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել