Տարիներ շարունակ Հայաստանում խոսվել է աշխատողների իրավունքների խախտումների մասին։ Մեզանում գերակշռում են հատկապես աշխատավարձի չվճարման դեպքերը։ Գաղտնիք չէ նաեւ, որ մարդիկ աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներով հաճախ չեն դիմում դատարան՝ վստահություն չունենալով, որ իրենց խնդիրը կլուծվի։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2019-2020թթ․ ստացվել է 610 դատական գործ։ Հաշվետվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ստացված դատական գործերում ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գերակշռել են չվճարված աշխատավարձի եւ/կամ այլ վճարների բռնագանձման վերաբերյալ դեպքերը։
Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերից վարույթ է փոխանցվել 479-ը, 102-ը վերադարձվել է, 17-ը՝ մերժվել, իսկ մնացած 12 գործերի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել։ ՀՀ դատական դեպարտամենտից Infocom-ին հայտնեցին, որ դրանք կներառվեն հաջորդ հաշվետվության մեջ։
Ըստ հաշվետվության՝ 206 դատական ակտ բողոքարկվել է, որոնցից 191-ը՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերով, իսկ 15-ը՝ միջանկյալ դատական ակտերով։
Բեկանված դատական ակտերից գործն ըստ էության լուծող դատական ակտերով եղել է 20 դատական գործ, իսկ 6-ը եղել են միջանկյալ դատական ակտերով։
Այսպիսով՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները 2020 թվականին ստացել են 104465 դատական գործեր, այդ թվում՝ դիմումներ եւ հայցադիմումներ, որոնցից աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ եղել են 610 դատական գործերը։ Նույն ժամանակահատվածում ավարտվել են 120319 գործեր, 442-ը՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ։
Սեդա Առաքելյան
comment.count (0)