Ինֆոքոմ

«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան

«Դոլմամայի» տարածքը գերակա շահ հայտարարելը կողոպուտի ձեւ է․ Ժիրայր Ավանյան

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը նախօրեին ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, որ 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։ Ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ  ճանաչվել է հանրային գերակա շահ, դրանից հետո տարբեր խնդրահարույց դրվագներ են եղել։ Տարածքը ձեռք է բերել այժմ մի շարք քրեական հոդվածներով մեղադրվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը: Նախնական տվյալներով տարածքում նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել, այդ թվում նաեւ բնակելի շենք եւ կանաչապատման աշխատանքներ։ Վերոնշյալ գործընթացը կարգավորվում է 2006 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։ Գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից մեկն այն է, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, ապա գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։ Ի դեպ՝ հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ, սակայն այն կարող է վիճարկվել դատական կարգով։ Infocom-ի հետ զրույցում պարոն Ավանյանը մանրամասնում է, որ խնդիրն այս կետին հասել էր մոտ մեկուկես տարի առաջ, բայց Աժ-ում տեղի ունեցած լսումներից հետո այն տպավորությունն է ունեցել, թե հարցը լուծվում է։ Մեր զրուցակիցը երկու օր առաջ է ստացել նամակը, որտեղ, փաստորեն, նշված է եղել, որ տարածքն ազատելու համար 15 օր ունեն։ Ավանյանը մանրամասները դեռեւս չգիտի, թե ինչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որովհետեւ այն ժամանակ, երբ իրենք հարցում ենք ուղարկել, կոնկրետ պատասխան չեն ստացել, այլ միայն բանավոր նկարագրություն, թե ինչ պետք է անեն․ «Բայց, իմ կարծիքով, եղել է միայն կենտրոնի այդ «ֆիլե մինիոնն» իրենց ձեռքը վերցնելու ցանկություն։ Կապ չունի՝ ինչ կանեն, բայց հիմա ես փաստեր չունեմ ասելու, թե իրենք այդտեղ պատրաստվում են ինչ-որ բան անել, որովհետեւ այն տարածքները, որոնք արդեն իրենց ձեռքում են, իրենք ուղղակի հանձնել են վարձակալության»,- նկատում է «Դոլմամայի» սեփականատերը, որ համոզմունք ունի՝ այս ողջ զարգացումների միակ նպատակն այդ տարածքը ձեռք բերելն է։   Նա հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է մի մարդու սեփականությունը մեկ այլ մարդու համար դառնալ ավելի գերակա․ «Ամենակարեւորն այն է, որ մեր Սահմանադրությամբ անձնական սեփականությունը պետք է պաշտպանվի այսպիսի որսորդներից, որոնք ցանկացած ժամի կարող են թաքնված գալ, գողանալ որեւէ բիզնես կամ որեւէ տարածք վերցնել իրենց ձեռքը»։ Մեր զրուցակիցն ասում է՝ որոշել է՝ չի տալու տարածքը․ «Ես չեմ պատկերացնում, որ կարող է հարկայինի ինչ-որ աշխատող գա, բռնի ուժով ինձ հանի իմ տարածքից։ Այսինքն՝ ինձ պետք է ծեծեն, որ հանեն այդտեղից։ Ես կարծում եմ, որ եթե հենց այսօր իմ շրջապատին խնդրեմ հավաքել մոտ 10.000 հոգի, նրանք կհավաքվեն եւ թույլ չեն տա։ Երկրորդը՝ ես սփյուռքահայ ներդրող եմ եւ ԱՄՆ քաղաքացի, չեմ կարծում, որ իրենց դուր կգա, երբ ԱՄՆ դեսպանատունը խառնվի այս գործին։ Մինչեւ հիմա ես մտածել եմ այսպես, որ սա իմ հայրենիքն է եւ այստեղ ես ինքս պետք է լուծեմ իմ հարցերը, դրա համար չեմ փորձել նման բաներ։ Սա ինձ համար անակնկալ էր, անգամ ծիծաղելի անակնկալ, անսպասելի ու անհավատալի էր, որ մեր այս իրողության մեջ դեռ կա այդ խնդիրը»։ Այս դեպքում հայտարարվող գերակա շահը Ավանյանը համարում է կողոպուտի ձեւ։ Ըստ նրա՝ որեւէ մեկը, անգամ անողը չի կասկածում, որ կողոպտելու համար է արվում։   Ավանյանի դիտարկմամբ՝ միշտ այդպես է եղել, որ սեփականատիրոջից վերցրել են տարածքը, ճանաչել գերակա շահ եւ տվել մեկ այլ մարդու։ Վերջինս զուգահեռ է անցկացնում՝ սա այն է, ինչ եղավ Հյուսիսային պողոտայի դեպքում․ տարածքը մեկհարկանի տան գնով վերցրին սեփականատիրոջից, դրա վրա կառուցեցին եւս 13 հարկ եւ վաճառեցին ու ունեցան 11 հարկ մաքուր օգուտ․ «Բացի պետական նախագծից՝ այլ բան չի կարող լինել գերակա շահ, այսինքն՝ պետությունը այդտեղ օդանավակայա՞ն է ուզում սարքել, գնացքի կանգա՞ռ է ուզում սարքել, թե՞ մայրուղի՝ դեպի Ստեփանակերտ։ Ուրիշ ոչ մի բան չի կարող լինել մարդու ձեռքից իր սեփականությունը խլելու պատճառ»,- նշում է մեր զրուցակիցը։ Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ այս տարածքն էլ նույն բախտին կարժանանա, ինչ Արամի 30-ի դեպքում, երբ քանդեցին գիշերով, ինչպե՞ս կարող է կանխել հնարավոր այդ զարգացումը, Ավանյանը նկատում է՝ այն ժամանակ իր պայքարի տարբերությունն այն էր, որ Արամի դեպքում առանձին կանգնած շենք էր, իսկ հիմա, նրա խոսքով, նպատակը «Դոլմամայի» 1/4-ը սեփականացնելն է․ «Իրենք այդ սեփականության հաշվին չեն կարող ամբողջ շենքը քանդել, քանի որ այնտեղ նաեւ բնակիչներ կան։ Ռեստորանի տարածքը 4 մասից է բաղկացած՝ բացօթյա տարածքը, ներքին տարածքը՝ բաղկացած երկու մասից, որից մի մասը կնոջս անունով է, մյուսը՝ իմ, եւ պահեստների հատվածը։ Այդ բոլոր չորս մասերի վերաբերյալ էլ ընթանում են դատական գործընթացներ, եւ մինչեւ կառավարությունը չկարողանա այս հարցը մտցնել Աժ եւ չվերացնի գերակա շահ հասկացությունը կամ չփոփոխի բովանդակությունը, չներկայացնի հստակ, թե ինչը կարող է հանդիսանալ գերակա շահ, այս խնդիրը չի լուծվելու»,- ասում է Ավանյանն ու հավելում, որ կամ էլ դատավորները պետք է անաչառ լինեն։ Նրա խոսքով՝ չի եղել այնպես, որ երբ մյուս կողմը սխալ է եղել, ինքը դա կարողացել է օգտագործել։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ դատարաններն ունեցել են հրահանգ, որ այս հարցը ինչքան հնարավոր է՝ շուտ անցկացվի․ «Այսօրվա դեպքերն ուղղակի իներցիոն շարունակությունն են այն ամենի, ինչը եղել է ժամանակին` հրահանգով աշխատող դատավորներ եւ այլն։ Այսինքն՝ հարկադիրի արածն ապօրինի չէ, որովհետեւ իրենք ուղղակի հրահանգ են ստացել կատարել այս գործարքը, որովհետեւ դատարանն է որոշում, ոչ թե հարկադիրը»,- ասում է Ժիրայր Ավանյանը՝ հիշեցնելով՝ կան նաեւ միջազգային դատարաններ, որոնց կդիմի ըստ անհրաժեշտության․ «Այդպես կպայքարեմ։ Իմ «Դոլմաման» մնալու է ինձ»։ Ի դեպ՝ Ժիրայր Ավանյանը դեռեւս 2018 թվականին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցին։ Ավանյանը, մասնավորապես, գրել էր. «Վերջին ավելի քան 10 տարիներին պայքարում եմ «գերակա շահ» կոչված երեւույթի դեմ։ Այս ընթացքում արդեն հասցրել եմ պարտվել ինձ պարտադրված ճակատամարտերից մեկում, երբ ինձնից բռնի խլվեց ու ավերվեց Արամի 30 հասցեում գտնվող իմ շենքը (հավանաբար կհիշեք մեծ աղմուկ հանած այդ դեպքը, երբ գիշերն ավազակաբար քանդեցին այն)։ Այդ տարածքը գործող բիզնես էր եւ ինձ ապահովում էր ստաբիլ եկամուտ: Զուգահեռաբար շարունակում եմ պայքարը մեկ այլ ճակատով՝ պահպանելու Պուշկին փողոցի պետականորեն պատմական եւ մշակույթային ժառանգություն հանդիսացող շենքերը, որոնց շարքում նաեւ իմ սեփականություն հանդիսացող «Դոլմամա» ռեստորանն է»։  Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը, ով գործարար է  այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ։ 2020 թվականի մարտի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալել շինարարության ոլորտում, «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: Ասպրամ Փարսադանյան
22:12 - 11 մարտի, 2021
Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Երեկ amnew.site հասցեով անհայտ ծագման կայքը մի հրապարակում էր արել, որում տեղադրված էր Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատների տեսանյութ։ Այս հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրելով․ «Արցախում էլ այն նույն մղձավանջն են արել, ինչ Հայաստանում։ Աշխատավարձով սա ո՞նց եք «կառուցել»։ Ասեք, մենք էլ ունենանք, կառուցենք։ Անչափ կուզենայի իմանալ, թե ում դղյակներն են տեսանյութում։ Իսկ բանակն ինչո՞ւ այսպես շլացնող չէր»։ Այս գրառմանն արձագանքել է տելեգրամյան Mediaport ալիքը՝ Սաֆարյանի տարածածը որակելով կեղծ տեղեկություն։ Ալիքը, մասնավորապես, գրել էր․ «Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին։ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալաչիներին»»: Տելեգրամյան ալիքը պարզել էր, որ հրապարակման գլխավոր նկարի տունը Լոս Անջելեսում է։ Նկատենք, որ հրապարակման գլխավոր նկարը տեսանյութից չէր, եւ այն իսկապես ո՛չ Հայաստանում է, ո՛չ Արցախում, բացի այդ՝ առկա է մի շարք կայքերում։ Mediaport ալիքը, սակայն, անտեսել էր մի կարեւոր փաստ․ Սաֆարյանը գրառմանը կից, ինչպես վերեւում նշեցինք, հարցրել էր, թե ում դղյակներն են տեսանյութում։  Սաֆարյանն այսօր նույն թեմայի վերաբերյալ դարձյալ գրառում արեց՝ նշելով, որ իրեն նույնպես պարզ էր, որ գլխավոր նկարի առանձնատունը վերցված էր համացանցից, սակայն տեսանյութն արված է Արցախում։ Infocom-ն ուսումնասիրեց տեսանյութը՝ պարզելու, թե որտեղ է նկարահանվել այն իրականում եւ դրանում ներկայացված առանձնատներն իսկապե՞ս Արցախում են։  Քննարկվող տեսանյութը Յութուբ հարթակ է ներբերռնել Armenian Stream ալիքը, որն էլ սոցիալական ցանցում տարածել է Arthur Osipyan օգտատերը։ Տեսանյութում ներկայացված 7 առանձնատները, ինչպես պնդում է դրա հեղինակը, կառուցված են Ստեփանակերտում։ Մեր ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տեսանյութի 24-րդ վայրկյանում երեւացող շինությունը Ստեփանակերտի «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի» հարեւանությամբ է՝ Նելսոն Ստեփանյան 9 հասցեում։ Շինության մոտ կառուցված բարձրահարկ շենքը նույնպես երեւում է տեսանյութում, դրա մոտ երեւում է նաեւ կարմիր տանիքով շենքի կտուրից մի հատված, որի միջոցով էլ հնարավոր եղավ տեղորոշել շինության հասցեն։ Տեսանյութի 1-ին րոպեում երեւացող առանձնատունը Հայկավանում է՝ կոորդինատային այս հասցեում։ Այն «Կոբրա» բլրի ստորոտին է, որի վրա կառուցված է հուշահամալիր։  Եթե համեմատենք տեսանյութի առանձնատունը վերոբերյալ նկարի հետ, ապա կտեսնենք, որ դա հենց նույն առանձնատունն է՝ լողավազանով եւ հարակից շինություններով։  Տեսանյութի 00։30-րդ վայրկյանում երեւացող առանձնատունը նույնպես Արցախում է․ նկարը հնարավոր եղավ տեղորոշել վերին աջ անկյունում երեւացող այն հուշահամալիրի միջոցով, որի մասին արդեն նշեցինք վերեւում։  Տեսանյութի 01։24-րդ րոպեում երեւացող առանձնատունն էլ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (հայտնի Տատիկ-պապիկ) արձանի հարեւանությամբ է՝ կոորդինատային այս հասցեում։ Համոզվելու համար կարող ենք համեմատել առանձնատան տարածքի լողավազանը եւ հարեւան շինությունները։ Այսպիսով՝ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ չնայած այն հրապարակման գլխավոր նկարի առանձնատունը կապ չուներ Արցախի կամ Հայաստանի հետ, այնուամենայնիվ տեսանյութը նկարահանված է Արցախում եւ նշված շինությունները հենց այնտեղ են։ Նարեկ Մարտիրոսյան
21:51 - 11 մարտի, 2021
Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Լուսանկարը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից Արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից ու, մասնավորապես, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ խնդրահարույց իրավիճակներ են լինելու ոչ միայն ԱՀ տարածքում, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ։ Խոսքը հատկապես Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերին է վերաբերում, ինչի մասին անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում նա շեշտեց, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում սահմանի հետ կապված որոշակի ցավոտ իրավիճակներ կարող են առաջանալ։ Այժմ, փաստացի, Շուռնուխի եւ Որոտանի որոշ հատվածներ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո են։ Այս տարվա փետրվարի 7-ին Infocom-ի նկարահանող խումբն այցելել էր Սյունիք՝ զրուցելու Որոտան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչների հետ, ծանոթանալու տիրող մթնոլորտին եւ լուսաբանելու առկա իրավիճակն ու քաղաքացիների տրամադրությունները։ Բայց տեղում բախվեցինք մի իրավիճակի, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները թույլ չտվեցին մտնել Շուռնուխ։ Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեցին, որ ԱԱԾ-ից հատուկ թույլտվություն է պետք, ինչի մասին, սակայն, մինչ այդ պահը հայտնի չէր։ ԱԱԾ մամուլի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց, ուստի կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գիծ» ծառայության աշխատակցի հետ, որը տեղեկացրեց, որ կան լուսաբանման սահմանափակումներ, ու Շուռնուխ մտնելու համար պետք է ԱԱԾ տնօրենի թույլտվությունը։ Մեր այն դիտարկումներին, որ որեւէ սահմանափակման մասին հաղորդագրություն չի հրապարակվել, իրազեկում չի եղել, այդ դեպքում լրագրողը որտեղի՞ց պետք է իմանար հատուկ թույլտվություն ստանալու մասին, ԱԱԾ աշխատակիցը չկարողացավ պատասխանել ու ժամանակ խնդրեց՝ որեւէ լուծում գտնելու համար, ապա մոտ մեկ ժամ անց տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողի ուղեկցությամբ կարող ենք մտնել գյուղ, ինչը մեզ համար, ըստ էության, արտառոց չէր։ ԱԱԾ ՍԶ ծառայողը, սակայն, տեղեկացրեց, որ միայն մի քանի լուսանկար անելու հնարավորություն ունենք։ Մեր ճշտող հարցին՝ իսկ քաղաքացիների հետ զրուցել, նրանց նկարահանել չե՞նք կարող, բացասական պատասխան ստացանք։ Դարձյալ կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գծի» ծառայողի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տրամաբանությամբ է արգելվում զրուցել քաղաքացիների հետ,  նրանց խոսքի ազատության իրավունքն ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում, արդյոք Շուռնուխից դուրս կարո՞ղ ենք զրուցել ու նկարահանել Շուռնուխի բնակիչներին, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել սահմանափակումների մասին․ մեր հարցերն անպատասխան մնացին, միակ մեկնաբանությունն այն էր, որ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի գրավոր կամ բանավոր թույլտվությունը։ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը պնդեց, որ մնացյալ հարցերն ուղղենք աշխատանքային որեւէ օր, քանի որ այդ օրը կիրակի է, եւ, ըստ ծառայողի մեկնաբանության, աշխատում է միայն «Թեժ գիծը»։ Նույն իրադրությունը վերաբերում էր նաեւ Որոտան համայնքին, ուղղակի այստեղ սահմանափակման մասին մեզ տեղեկացրեց համայնքապետը։ Եւ քանզի որեւէ այլ պատասխանատուի հետ կապ հաստատել չհաջողվեց, փետրվարի 9-ին գրավոր հարցում ուղարկեցինք Ազգային անվտանգության ծառայություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ ինչ իրավական ակտով է կարգավորվում Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում լուսաբանման եւ քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը։  Մինչ կստանայինք հարցման պատասխանը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկացնելով, որ «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»: Հաջորդ օրը ԱԱԾ-ն ստիպված եղավ պարզաբանում տարածել իր նախորդ հաղորդագրության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այն չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ, ուստի հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Ծառայության պնդմամբ՝ իրենց իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է: Փետրվարի 16-ին Infocom-ն ի վերջո ստացավ գրավոր հարցման պաշտոնական արձագանքը։ Ի պատասխան մեր հարցերի՝ Որոտան եւ Շուռնուխ ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք, լուսաբանման արգելք, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա, ապա ի՞նչ իրավական ակտի հիմքով, ԱԱԾ-ից հղում են արել նախորդիվ տարածած իրենց հաղորդագրություններին, որոնք, փաստացի, հրապարակվել էին մեր հարցումից հետո միայն․ «ՀՀ քաղաքացիների մուտքի, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում առկա չէ, իսկ լուսաբանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածել են իրազեկում եւ վերջինիս կապակցությամբ համապատսախան պարզաբանում»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։ Ծառայությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հիշյալ երկու համայնքների՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներ Ադրբեջանի քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա կամ չկա, ապա ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում նրանց տեղաշարժը։ Ըստ ԱԱԾ-ի պատասխանի՝ նշված բնակավայրերի տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող ճանապարհահատված մուտք են գործում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները՝ իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի շրջանակներում այդ մասին տեղեկացնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Ի հակասություն ԱԱ ծառայության այս մեկնաբանության՝ «Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 4-ին հրապարակված ռեպորտաժում Շուռնուխի բնակիչներից մեկը պատմում է, որ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն՝ ասելով՝ խաղաղությամբ են եկել, իրենք էլ զարմացած հրավիրել են ներս ու հյուրասիրել։ Այսինքն, ինչպես ակնհայտ է գյուղի բնակիչների մեկնաբանությունից, ադրբեջանցիները ոչ միայն իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով են անցնում հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով, այլ նաեւ այցելում են բնակիչներին։ Տեսանյութից, ամեն դեպքում, պարզ չէ՝ տուն եկած ադրբեջանցիները ծառայողնե՞ր են եղել, թե՞ սովորական բնակիչներ։ Այդուհանդերձ, լուսաբանման թույլտվություն տալու ընթացակարգն ու հիմքերը հասկանալու համար ս․թ․ մարտի 2-ին էլեկտրոնային տարբերակով դիմում ուղարկեցինք ԱԱԾ՝ Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում մարտի 6-ին եւ 7-ին տեսալուսանկարահանում, բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Երկու օր անց՝ մարտի 4-ին, զանգահարեցինք ԱԱԾ մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ մեր դիմումի վերաբերյալ առարկություն չունեն, եւ որ կարող ենք կապ հաստատել ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցչի հետ, որը կկարգավորի մնացյալ հարցերը։ Մամուլի պատասխանատու պարոն Արթուր Գեւորգյանը շեշտեց, որ այսպիսով նրանք ոչ թե խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, այլ աջակցում։  Մարտի 5-ին ճշտող հարցում ուղարկեցինք՝ հասկանալու՝ ի՞նչ ընթացակարգով է քննարկվել մեր դիմումը եւ իրավական ինչ հիմքով է թույլատրվել տեսալուսանկարահանում եւ բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնել հիշյալ համայնքներում։ Ի պատասխան՝ մարտի 10-ին ստացել ենք պարզաբանում, որ դիմումը քննարկվել է դիմումների քննարկման ընթացակարգերը սահմանող օրենսդրական պահանջներին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է իրավական հիմքին, ԱԱԾ-ն հղում է արել փետրվարի 11-ին տարածած իր պարզաբանմանը, որտեղ նշված է՝ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ և այդ տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Այսպիսով, ԱԱԾ-ն միայն մեր գրավոր հարցումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Սյունիքի՝ արդեն սահմանամերձ բնակավայրերում լուսաբանման սահմանափակումների մասին, իսկ թե մինչ այդ Որոտան ու Շուռնուխ գնացող լրագրողներն ինչպես պետք է տեղեկանային ԱԱԾ տնօրենի թույլտվությունը ստանալու պահանջի մասին՝ անհասկանալի է։ ԱԱԾ-ի՝ մեր գրավոր հարցմանն ուղարկած պատասխանից այդպես էլ չերեւաց՝ ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում տեղի բնակիչների խոսքի ազատության իրավունքը, ապա թե ինչ իրավական հիմքով է թույլատրվում նկարահանում ու հարցազրույց իրականացնելը։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ի մեկնաբանությունը, թե ադրբեջանցիները հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով անցնում են իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով, հակասում է Շուռնուխի բնակչի խոսքերին, ըստ որոնց՝ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն։  Հայարփի Բաղդասարյան
18:41 - 11 մարտի, 2021
Չվճարված աշխատավարձի բռնագանձման վերաբերյալ դեպքերը դատարաններում շարունակում են գերակշռել

Չվճարված աշխատավարձի բռնագանձման վերաբերյալ դեպքերը դատարաններում շարունակում են գերակշռել

Տարիներ շարունակ Հայաստանում խոսվել է աշխատողների իրավունքների խախտումների մասին։ Մեզանում գերակշռում են հատկապես աշխատավարձի չվճարման դեպքերը։ Գաղտնիք չէ նաեւ, որ մարդիկ աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներով հաճախ չեն դիմում դատարան՝ վստահություն չունենալով, որ իրենց խնդիրը կլուծվի։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2019-2020թթ․ ստացվել է 610 դատական գործ։ Հաշվետվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ստացված դատական գործերում ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գերակշռել են չվճարված աշխատավարձի եւ/կամ այլ վճարների բռնագանձման վերաբերյալ դեպքերը։ Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերից վարույթ է փոխանցվել  479-ը, 102-ը վերադարձվել է, 17-ը՝ մերժվել, իսկ մնացած 12 գործերի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել։  ՀՀ դատական դեպարտամենտից Infocom-ին հայտնեցին, որ դրանք կներառվեն հաջորդ հաշվետվության մեջ։  Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ 2019-ից 2020 թվական է փոխանցվել 503 դատական գործ, որոնցից 28-ը՝ կասեցված վիճակում։ Փոխանցված գործերի զգալի մասը՝ 225-ը, կրկին վերաբերել է չվճարված աշխատավարձի եւ/կամ այլ վճարների բռնագանձմանը։ 2020 թվականին  ավարտված գործերի ընդհանուր թիվը 422-ն է, որից 96-ը կարճվել է, ընդ որում՝ 14-ի դեպքում հաստատվել է համաձայնություն, 43-ի դեպքում հիմք է հանդիսացել դիմումից հրաժարումը։ Ըստ հաշվետվության՝ 206 դատական ակտ բողոքարկվել է, որոնցից 191-ը՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերով, իսկ 15-ը՝ միջանկյալ դատական ակտերով։  Բեկանված դատական ակտերից գործն ըստ էության լուծող դատական ակտերով եղել է 20 դատական գործ, իսկ 6-ը եղել են միջանկյալ դատական ակտերով։    Այսպիսով՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները 2020 թվականին ստացել են 104465 դատական գործեր, այդ թվում՝ դիմումներ եւ հայցադիմումներ, որոնցից աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ եղել են 610 դատական գործերը։ Նույն ժամանակահատվածում ավարտվել են 120319 գործեր, 442-ը՝ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ։ Սեդա Առաքելյան
17:07 - 10 մարտի, 2021
ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների համար փոխհատուցում է ստացել 112,429 քաղաքացի․ ամփոփ տվյալներ

ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների համար փոխհատուցում է ստացել 112,429 քաղաքացի․ ամփոփ տվյալներ

ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների համար արդեն տարիներ շարունակ տրամադրվում է փոխհատուցում։ Այս գործընթացը սկսվել է 2006 թվականից։ «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N8 հավելվածի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների համար ավանդատուներին տրամադրվում է փոխհատուցում՝ յուրաքանչյուր 1 ռուբլու համար 84 դրամ։ Յուրաքանչյուր մեկ ռուբլու համար սահմանված փոխհատուցման չափի, ինչպես նաեւ գործընթացի սկսելուց մինչ օրս տրամադրված փոխհատուցման չափի վերաբերյալ ամփոփ տվյալներ ստանալու համար Infօcom-ը պաշտոնական հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայն մեզ տրամադրած պատասխանի՝ մինչեւ 1000 ռուբլի ներդրած ավանդի համար, որպես փոխհատուցում, մեկ ռուբլու դիմաց տրամադրվում է 84 դրամ։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլու դեպքում արդեն 1000-ից ավելի յուրաքանչյուր ռուբլու համար հաշվարկվում է 29,4 դրամ փոխհատուցում, այսինքն՝ առաջին 1000 ռուբլու համար տրամադրվում է 84,000 դրամ, դրանից ավելի յուրաքանչյուր ռուբլու դիմաց՝ 29,4 դրամ։ 3000 խորհրդային ռուբլին գերազանցող յուրաքանչյուր մեկ ռուբլին հաշվարկվում է 16,8 ՀՀ դրամ, 5000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 8, իսկ 10,000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 4 ՀՀ դրամ։ Օրինակ՝ եթե անձի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը կազմում է 8000 խորհրդային ռուբլի, ապա ավանդի դիմաց փոխհատուցման գումարը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 176,400 + ((8000-5000) x 8) = 200,400 ՀՀ դրամ։ Ինչպես արդեն նշեցինք՝ փոխհատուցման գործընթացը սկսել է 2006 թվականից։ Մինչեւ 2021 թվականը վճարված անձանց թվաքանակի, ինչպես նաեւ վճարված գումարի չափի վերաբերյալ տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայի միջոցով։ Ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում փոխհատուցում է ստացել շուրջ 112,429 քաղաքացի։ Փոխհատուցման ընդհանուր գումարը եղել է 19 մլրդ 480 մլն 602 հազար ՀՀ դրամ։   Նարեկ Մարտիրոսյան
12:19 - 10 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում կանգնած տաքսիներից մեկին ենք մոտենում․ ազատ է՝ նստում ենք, խնդրում տանել «Տատիկ-պապիկի» մոտ։ Շատ բարեկիրթ ու բարեհամբույր վարորդ է։ Հետդարձի ճամփին հարցնում ենք՝ կարո՞ղ եք մեզ Մարտունի, Ասկերան ու այլ բնակավայրեր տանել, պատասխանում է՝ ինչի՞ չեմ կարող, բայց հայացքը նկատելիորեն մռայլվում է, տխրում։ Հետո, երբ Ամարաս գնալու ճանապարհին անցնում ենք Սարուշեն գյուղի կողքով, վարորդ Արթուրն անկեղծանում է՝ ինքն այս տեղանքում տուն է կորցրել։ Շատ հարցեր չենք տալիս, որ չցավեցնենք, որ սիրտը տա՝ ինքը կխոսի։ Եւ խոսում է։ Պատմում է, որ պատերազմի օրերին գյուղացիներով պահել են բնակավայրը, սկզբում մոտ 40 հոգով են եղել, բայց հետո մնացել են 7-8 հոգով, ու քանզի այդ շրջանն ակտիվ ռմբահարվել է, ստիպված հետ են քաշվել այս ճանապարհահատված, որտեղով անցնում ենք։ Հոկտեմբերին հակառակորդը գրավել է վարորդի գյուղը։ Պատմում է՝ մի քանի անգամ երեկոներին ընկերներով իջել են Սարուշեն՝ իրենց բնակավայրը գոնե հեռվից տեսնելու, բայց ադրբեջանցիներն աղաղակել են, հայհոյել, սպառնացել, իրենք էլ չեն կարողացել երկար մնալ։ Վարորդ Արթուրն ընտանիքի հետ հիմա ապրում է Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղային հարկում, ապրուստը վաստակում է տաքսիստի աշխատանքով, իսկ առաջ գյուղի ջրամատակարարման ցանցի աշխատակից է եղել։ Ավելին չի խոսում, չենք հարցնում։ Շարժվում ենք դեպի Ամարաս՝ ճանապարհին անցնելով Կարմիր Շուկայով, որ մեր դիրքերի թիկունքում է։ Գյուղը պատերազմի ընթացքում ինտենսիվ հրթիռակոծվել է Սմերչ կայանքից։ Մարտունու շրջանում, որտեղ եւ Կարմիր Շուկան է, ավելի ցուրտ է, քան Ստեփանակերտում․ գյուղի նեղլիկ փողոցներում շատ մարդ չկա։ Բայց մի փոքրիկ տղայի եմ տեսնում, որ ճամփեզրով քայլում է մեր մեքենային հանդիման՝ խաղ անելով ձեռքի տոպրակի հետ։ Վարորդին խնդրում եմ մի քանի րոպե կանգնել, գնամ-զրուցեմ տղայի հետ։ Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Վազում եմ հետեւից, խնդրում մի րոպե սպասել, զարմացած ինձ է նայում։ Ասում եմ՝ բարեւ, ես Հայարփին եմ, չե՞մ խանգարի՝ երկու րոպե զրուցենք, ուսերը վեր է ձգում՝ առարկություն չունի։ 12-ամյա Դավիթն է, ապրում է Կարմիր Շուկայում, ուզում է դառնալ «բաքսյոր», մնալ Արցախում։ Իսկ դպրոցում ամենաշատը մաթեմ է սիրում, թեեւ բազմապատկման աղյուսակը դեռ լավ չգիտի, բայց համաձայնության ենք գալիս՝ ոչինչ, էսօր չէ, վաղը կսովորի։ 12-ամյա Դավիթ Գաբրիելյանը, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Դավիթն այցելության է գնում հորաքրոջ տուն, որն իրենց տանից այնքան էլ հեռու չի ապրում։ Հարցնում եմ՝ նվեր ե՞ս տանում հետդ՝ ցույց տալով ձեռքի տոպրակը, ժպտալով գլխով է անում։  Դավիթենց տանից հակառակորդի դիրքերը երեւում են, բայց ինքը չի վախենում, ասում է՝ մեր տղերքն էլ են կանգնած, ինքն էլ երբեմն գնում, մեր զինվորների հետ խոսում է։ Պատերազմի ժամանակ Երեւանում է եղել, բայց, ասում է, իրենց գյուղը շատ էր կարոտել։ Վերադարձել են, ապրում են։  Ցտեսություն ենք ասում, խոստանում՝ հիշել իրար։ Կարմիր Շուկա, Մարտունու շրջան Կարմիր Շուկայի ճամփից հեռվում երեւում է Թաղավարդ գյուղը, որը եւս հակառակորդի Սմերչի թիրախում է եղել։ Թաղավարդի մի կեսը՝ Կալլեր Թաղավարդ կոչվող հատվածը, հայկական կողմինն է, մյուս մասը՝ ադրբեջանական վերահսկողության տակ։  Հեռվում` Թաղավարդը Կարմիր Շուկայից շարժվում ենք դեպի Ամարասի վանք։ Հասնելուն պես վարորդ Արթուրն առաջինն է դուրս գալիս մեքենայից, շրջում տեղանքում, հետո ասում, որ մենք էլ կարող ենք իջնել։ Հակառակորդն Ամարասից շատ հեռու չէ, Խազազի թումբ կոչվող հատվածում է տեղակայվել, որտեղից վանքը տեսանելի է։ Դեռեւս դեկտեմբերին վանքի վրա դրվել է ՌԴ դրոշը, մարդիկ համալիր կարողացել են այցելել խաղաղապահների ուղեկցությամբ։ Ամարասի պարսպին այժմ ծածանվում է Արցախի դրոշը, ներքեւում հայկական դիրքերն են։ Պատերազմի ընթացքում ու նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը՝ առաջանալով մինչեւ Ամարաս, սակայն հետ է մղվել։ Ամարասի պաշտպանության ժամանակ վիրավորվել է նաեւ ամենամոտիկ գյուղի՝ Մաճկալաշենի գյուղապետը՝ Լեռնիկ Ավանեսյանը։ Գյուղապետը մեր զրույցում վստահեցնում է՝ Ամարաս այցելելն արդեն անվտանգ է, միայն կիրակնօրյա ժամերգությունների ժամանակ, երբ շատ մարդ է լինում, խաղաղապահներն էլ են գալիս՝ հնարավոր վտանգը վերահսկելու համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ կրակոցներ չկան։ Վանքի գլխավոր մուտքը, որ նայում է հակառակորդի դիրքին ու որը տեղացիները պատերազմից հետո մի ընթացք փակել էին, այժմ բաց է։  Համաձայն պատմիչների վկայության՝ Ամարասի վանքը՝ որպես նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն, հանդես է գալիս 4-րդ դարի սկզբից, երբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնադրել է եկեղեցի, որի կառուցումն ավարտին է հասցրել իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։  19-րդ դարի երկրորդ քառորդում՝ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Ամարասի վանական համալիրը օգտագործվել է որպես սահմանամերձ ամրոց, իսկ 1832-1847թթ․ եղել է ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թ․ Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցնում Գանձասարանի մետրոպոլիտ տեր Բաղդասարը։ Եկեղեցին վերակառուցվում է 1858թ․՝ շուշեցիների նյութական օժանդակությամբ։ Ասկերան Մառախուղն Ասկերանի ճամփին իջնում է մինչեւ գետին․ փետրվարին այստեղ ծառի ճյուղից մինչեւ քար սառցե ցողի տակ է։ Մեքենայով հասնում ենք Ասկերանի վերջը, որտեղից սկսվում է Աղդամը։ Հեռվում ռուս խաղաղապահների պահակետն է, որին չենք մոտենում։ Մեքենան թեքվում, կանգնում է Ասկերանի տանկ-հուշարձանի կողքին։ Տանկի փողը նախկինում ուղղված էր դեպի Շուշի, այժմ՝ դեպի Աղդամ, դեպի հակառակորդը։ Գլխին ծածանվում է Արցախի դրոշը։ Այս հուշարձանին ամեն տարվա հունիսի 12-ին՝ Ասկերանի պաշտպանության օրը, ծաղիկներ էին խոնարհում․ ծաղիկներ կան նաեւ հիմա՝ ի հիշատակ այս ու նախորդ պատերազմի զոհերի։ Ստեփանակերտ դարձի ճամփին՝ Ասկերանի Մյասնիկյան փողոցի խանութներից մեկի մոտով անցնելիս, տեսնում եմ զինվորական ձմեռային բաճկոնով կանգնած երկու տղամարդու։ Իրար կողքի են, բայց չեն զրուցում, ծխում են։ Մոտենում եմ, ողջունում, որպիսություն հարցնում ու ներկայանում։ Ասում եմ՝ էս վերարկուներից ենթադրում եմ՝ պատերազմին մասնակցած կլինեք, հա՞։ Տղամարդկանցից մեկը, որ ծերունի է, լուռ հեռու է գնում, մյուսը հաստատում է, բայց ասում, որ պապիկը շատ ծեր է, պատերազմի օրերին Երեւանում է եղել։ 34-ամյա Ալիկն է՝ Ասկերանի Խնապատ գյուղից։ Ցուրտը նախընտրել է մենակությունից, գյուղից իջել քաղաք՝ տեղացիների հետ մի երկու բառ փոխանակելու։ Թեեւ Արցախում չի ծնվել, բայց քսան տարի է՝ Արցախում է ապրում։  Ասում է՝ չէր պատկերացնում, որ այսքան երկար կտեւի, ու մինչ հարազատներին անվտանգ տեղ կտաներ, կպատրաստվեր մեկնելուն՝ փողոցում ռազմական ոստիկանությունը տեսել է իրեն, ասել՝ ուզում ես փախչել։ Վստահեցնում է՝ փախչելու միտք չի ունեցել․ ուզենար՝ առաջին օրն էլ մեքենայով կգնար Երեւան։ Այսպես պատերազմի սկսվելուց օրեր անց գնացել է Հադրութ, հետո շուրջ 46 օր Քիրսավանում է եղել։ «Դժվարը դժվար էր, շատ դժվար էր։ Շատ մարդկանց բերել էին, ոչ բռոնի էին տվել, ոչ կասկա, մեր մոտ կային մարդիկ՝ չգիտեին ոնց կռվեն։ Բայց պատերազմ էր, էղավ, անցավ։ Հիմա խաղաղապահները կանգնած են, ազերները բան չեն անում։ Հեն ա (ձեռքով ցույց է տալիս Աղդամի կողմը,- հեղ․), էն վերջում ռուսների պոստն ա, դրանից էն կողմ իրանցն ա»։ Պատերազմից հետո Ալիկը գնացել է Երեւան՝ քրոջ տուն, բայց մի քանի օրից վերադարձել է․ «Կռիվը պրծավ, գնացի Հայաստան, երեք օր մնացի, եկա։ Ճիշտն ասած՝ չեմ կարում ընդեղ մնամ, քանի տարի ա՝ ստեղ եմ, ստեղ եմ ուզում։ Տուն էլ չունեմ հիմա, վարձով եմ մնում Խնաբադում։ Իջել եմ մարդկանց հետ շփվեմ, գնամ տուն, մենակ չմնամ»,- ասում է Ալիկը։ Տունը կորցրել է Լաչինում, աշխատանքն էլ՝ Աղդամում․ տեղի այգիներում է աշխատել, որոնք մնացել են հակառակորդի վերահսկողության տակ։ Միակ բանը, որը հիմա Ալիկին անհանգստացնում է, աշխատանքի բացակայությունն է․ «Աշխատանք չկա, մի օր գործ կա, մի շաբաթ չկա։ Խաղաղապահները կան, վտանգ չկա հիմիկվա դրությամբ, բայց աշխատանք չկա»։ Լաչինում տունը կորցնելուց հետո, երբ իմացել է Արցախի կառավարության աջակցության մասին, դիմել է, սակայն պատասխան է ստացել՝ հաշվառված չէ։ Ալիկը չի հասկանում՝ ինչպես կարող է հաշվառված չլինել, երբ բոլոր փաստաթղթերը կան, իրեն էլ ընտրությունների ժամանակ կանչել են Լաչին՝ քվեարկելու։ Հիմա տվյալները վերցրել են, սպասում է՝ աջակցությունը փոխանցեն, մինչ այդ էլ հույս ունի աշխատանք գտնել։  Հաջողություն եմ մաղթում, շարժվում դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին անցնում ենք 1750-ականներին կառուցված Մայրաբերդի մոտով, որի պարիսպը կիսվել է ավտոճանապարհով։ Բերդը Կարկառ գետի ստորին հատվածում է։  Կրկնակի պարիսպներն ու հարմար դիրքը ժամանակին թշնամիների համար ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ: Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվել են նեղ միջանցքներով: Պարիսպները ներսից բազմաթիվ խորշերով ու հրակնատներով են: Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը` 9մ:  Հ․Գ․ Ստեփանակերտից Կարմիր Շուկա, Կարմիր Շուկայից Ամարաս, Ամարասից Մարտունի, Մարտունուց Ասկերան ու հետ Ստեփանակերտ մեզ պտտելուց, ամեն հինգ րոպեն մեկ իմ խնդրանքով կանգնելուց հետո վարորդը գումար չէր վերցնում՝ ասելով՝ էսքան եկել, հասել եք, որ հիմա փո՞ղ տաք։ Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ Հայարփի Բաղդասարյան
19:12 - 08 մարտի, 2021
Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Վայ, էս աղջիկը մինչև քստքստալով տեղ հասնի, մենք կծերանանք։ Թե ասա, մի քիչ արագ շարժվի, էլի, սենց ինչքա՞ն պիտի սպասենք, քար ե՞ս քաշել, տնաշե՛ն»։ Այս խոսքերն ուղղված էին մեկ օր առաջ երեխա ունեցած ընկերուհուս, որն իր առաջին հղիության 8-րդ ամսում ապագա զավակին կորցնելուց մոտ մի տարի անց նորից ծննդաբերում էր նույն հաստատությունում, որի բուժաշխատողները՝ ներառյալ այդ անկրկնելի բառամթերքը շռայլողները, քաջ տեղյակ էին, թե ինչ դժոխքի ու վախերի միջով է անցել «քստքստալով» քայլող երիտասարդ մայրիկը ոչ վաղ անցյալում։  Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը երրորդ դեմքով պատմեր նրա պատմությունն ու ասեր, որ ծննդատան աշխատակիցները, նրա հղիության նախապատմությունն իմանալով, «պատիվ են արել» իրենց հեգնանքով ու ամենահայկական մուննաթով, ես, հավանաբար, չէի հավատա։  Բայց ժամանակի հետ ինքս էլ համոզվեցի, որ Հայաստանում մայրերը, որոնց սակրալ առաքելության մասին թնդում են ճառերն ամենաբարձր ամբիոններից, ու որոնց «սուրբ» կենացները խմվում են ցանկացած առիթի ժամանակ, ամենակարևոր օղակներում հաճախ անտեսված են, չհարգված, ճնշված, չհասկացված, մենակ ու անաջակից։  Պատկերացնելու համար, թե ինչ խոր անդունդ է բաժանում Հայաստանին ու իրապես գիտակից, կրթվող, զարգացող և մարդակենտրոն հասարակությանը, կարելի է պարզապես հպանցիկ թերթել ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող խմբերը, որտեղ քննարկվում են հղիության, ծննդօգնության, երեխայի խնամքի, կերակրման ու առողջության վերաբերյալ հարցերը։  Խառնաշփոթը սկսվում է դեռ ծննդատներից, որտեղ շատ հաճախ ապագա մայրերը հանդիպում են անփույթ, անուշադիր, կոպիտ վերաբերմունքի, որը ոչ միայն ազդում է նրանց հոգեհուզական վիճակի վրա, այլև իր հետքն է թողնում նաև ֆիզիկական մակարդակում՝ նպաստելով լարված, բացասական ծննդաբերական փորձառություն ունենալուն։  Կանայք ստիպված են լինում գրեթե ամեն րոպե կռիվ տալ ծննդաբերության պրոցեսն առանց իրենց իմացության արագ «հորով-մորով» անելու համար օգտագործվող տարբեր բժշկական միջամտությունների, արհեստական կաթնախառնուրդ «նաղդող» բուժքույրերի ու կրծքով կերակրման պրոցեսում կրթության և ճիշտ ուղղորդման կատարյալ բացակայության, շատ դեպքերում՝ բժշկական հիմնավոր ցուցում չունեցող «արագ և ապահով» կեսարյան հատումների հետ։  Եթե ինչ-որ մեկը վստահ չէ, թե այս երևույթներն ինչպես են կոչվում, ես կհուշեմ․ վերը թվարկվածները բռնության տեսակներ են՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական։  Կանայք՝ ապագա մայրերը, Հայաստնում ենթարկվում են բռնության, և այս գործընթացն իրականացվում է շարունակաբար և բացեիբաց՝ առանց կոծկելու փորձ անգամ անելու։    Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]   Պետությունն ու հանրային լայն շրջանակները, որ առավոտից երեկո խոսում են ծնելիության խթանման, ազգային գենոֆոնդը մեծացնելու կարևորության մասին, տեղյա՞կ են, որ Հայաստանում չկա համակարգային մոտեցում՝ կանանց, մանկահասակ երեխաների առողջության և ծնողավարության բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։  Պետությունն ու հանրությունն առհասարակ ցանկանու՞մ են իսկապես աջակցել առողջ սերնդի ձևավորման գործընթացին, թե՞ մենք ամեն դեպքում որոշել ենք որպես ուղենիշ վերցնել «մեր տատերն ու պապերը պակա՞ս սերունդ են մեծացրել» իմպոտենտ կարգախոսը։  Համաձայն համաշխարհային վիճակագրության՝ մայրերի 97%-ը կարո՛ղ է կերակրել իր երեխային, եթե ստանա  անհրաժեշտ գիտելիք և աջակցություն, սակայն, սրան զուգահեռ, արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների տոկոսը Հայաստնում ամեն տարի գնալով աճում է՝ հասնելով մինչև 40% և ավելիի։ Այստեղ հարց է առաջանում. մայրերը չե՞ն ցանկանում ստանալ գիտելիք, թե՞ նրանց որևէ մեկը չի էլ տալիս այն:  Մի՞թե այստեղ չկա անելիք, մի՞թե առողջ սերունդ մեծացնելն այսքան ոչ առաջնահերթ է մեր պետության և հասարակության համար։ Մի՞թե այդքան անկարող ենք, որ երազանք է թվում այն օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր ծննդատուն կունենա գոնե 1 արդի գիտելիքներով կերակրման մասնագետ, որն ապագա ու նոր մայրերին բավականաչափ գիտելիք կփոխանցի ու օգնություն ցույց կտա, որ մայրերը հույսները չդնեն ֆեյսբուքյան խմբերում խորհրդատվություն ստանալու վրա։ Նշեմ, որ ներկայումս մեր բուժհաստատություններում բացակայում են կրծքով կերակրման սրետիֆիկացված մասնագետները․ այս կարևոր առաքելությունը բաժան-բաժան է արված տեղի բուժքույրերի ու մանկաբույժների միջև։   Մի՞թե պոպուլիզմի ճիրաններում տառապող կառավարությունները չեն ուզում այս խիստ պոպուլիստական քայլն անել՝ գոնե այս դեպքում մի շոշափելի օգուտ բերելով հանրային առողջությանը։  Իսկ ի՞նչն է խանգարում, որ ամեն քայլափոխի հանդիպող Աստվածաշնչյան մեջբերումներով պաստառների կողքին հայտնվի նաև տեղեկատվություն մոր և մանկան առողջության պահպանման մասին։ Շարունակ խոսվում է կրծքագեղձի քաղցկեղի սարսափելի վիճակագրության մասին, բայց ես չեմ հանդիպել գեթ մեկ ինստիտուցիոնալ քարոզչություն այն մասին, որ այդ քաղցկեղի ռիսկը էականորեն նվազում է կրծքով կերակրման շնորհիվ։ Մեր ազգային բնութագրի մա՞սն է դարձել պատճառը գտնելու փոխարեն միայն հետևանքը վերացնել փորձելը։  Շատերը, ամեն դեպքում, գուցե այդպես էլ չպատկերացնեն, թե մեր հասարակությունում ինչքան են ատում մայրերին։ Այո՛, ատում են․ եթե չատեին, հենց կանայք, որոնցից շատերը անցել են այս շրջափուլի միջով, այգում կամ հանրային վայրում կերակրող կամ մանկահասակ երեխայի հետ սրճարան այցելող մորը ամոթանք տալով չէին թիրախավորի ու հորդորի «մնալ տանը, մինչև երեխան մեծանա»։  Ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը պատրաստ չեն ընդունել ու սատարել մայրերին, իսկ քանի դեռ այսպես է, պիտի մայրերի ամեն օրը դառնա հասկացված, ընդունված ու կարևորված լինելուն ուղղված պայքար։ Այնպես որ, սիրելի՛ կանայք, խորը և դանդաղ շո՛ւնչ քաշեք և էլ ավելի դանդաղ արտաշնչե՛ք. այս կատարյալ քաոսից դուրս գալու միակ ելքը մնացել է մեր ինքնահզորացումն ու այս խնդիրների մասին հնարավորինս շատ բարձրաձայնելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Աբրահամյանին և Էմմա Արզիևային: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  Հղիների յոգայի ուսուցիչ, ծննդաբերության դուլա (օգնական)
17:04 - 08 մարտի, 2021
Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սոցիալական ցանցերում եւ որոշ սունկ լրատվականներում տարածվում է մի հրթիռային համալիրի հրթիռի տեսանյութ՝ մեկնաբանությամբ, թե Փաշինյանը ճիշտ էր՝ գտնվել է «Իսկանդերի» չպայթած հրթիռը՝ ինչպես ասում են սիրիայի արաբներն ու քրդերը։ Տեսանյութի սկզբնաղբյուրը սլովակյան Armádny magazín կայքն է, որտեղ տեղադրված տեսանյութում եւ հոդվածում ոչ թե ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռ է ներկայացված, այլ դարձյալ ռուսական Точка-У տակտիկական հրթիռային համալիրի հրթիռը։ Նախ նշենք, որ սկզբնաղբյուր կայքի՝ օրերս հրապարկված հոդվածի վերնագրում գրված է «Sýrii došla trpezlivosť – balistickými raketami Točka-U zbombardovala protureckých militantov», որը թարգմանաբար նշանակում է «Սիրիան համբերություն չունեցավ. նա «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով ռմբակոծեց հակաթուրքական զինյալներին»։ Այսինքն՝ սլովակյան մասնագիտացված կայքի վերնագրում արդեն իսկ գրված է, որ Սիրիան է հրթիռակոծել, եւ հրթիռակոծել է ոչ թե «Իսկանդերով», այլ «Տոչկա-Ու»-ով։ Նյութում «Իսկանդերի» մասին որեւէ խոսք չկա։ Սակայն եթե կարծենք, թե տեսանյութն առանց մեկնաբանության է հայտնվել հայաստանյան մեդիատիրույթում, ապա դրանում երեւացող հրթիռի վրա նշված է կոդ, որով հնարավոր է պարզել՝ այն որ համալիրինն է։ Այս պարագայում տեսանյութում երեւացող հրթիռի վրա դաջված է 9M79M: Google որոնողական համակարգով հնարավոր է պարզել, որ այս կոդն ունեցող մասերը «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրինն են, մասնավորապես, դրանց հիմնական տարրը՝ 9M79M (9M79-1) պինդ շարժիչով բալիստիկ հրթիռը։ «Տոչկա-Ու»-ի բնութագրին ու մարտական օգտագործման մանրամասներին կարող են ծանոթանալ MilitaryArms.ru կայքում։ Բացի այս՝ հոդվածում նշված է, որ տեղացիների փոխանցմամբ՝ խոշոր պայթյունները եղել են սիրիական Ալ-Բաբ եւ Ջարաբլուս բնակավայրերի մոտակայքում, այսինքն՝ Հայաստանից ու Ադրբեջանից կիլոմետրերով հեռու։   Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում տարածվող լուրը, թե սիրիացիները տեսանյութ են տարածել, որտեղ Հայաստանի կիրառած Իսկանդերի հրթիռն է, իրականությանը չի համապատասխանում․ տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է, իսկ նյութը Հայաստանի հետ կապ չունի։
13:24 - 08 մարտի, 2021
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել էր նույն անտառտնտեսության աշխատակից Սարմեն Ղուկասյանի (հոդվածում՝ Արմեն Ղուկասյան) հարցազրույցից մի հատված, որտեղ Ղուկասյանը հայտարարել էր «կա′մ ես կմեռնեմ, կա′մ Իրինան»։ Հովհաննիսյանը այն համարել էր ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություն։  Սարմեն (Արմեն) Ղուկասյանը, որն ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, պատմել է, թե արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեկնել է ռազմաճակատ, մինչև Ճամբարակ վերադառնալը զանգել է իր մանկահասակ երեխաներին, ասել, որ անտառից չոր փայտ հավաքեն՝ վառելու, տաքանալու համար։ Վերադառնալուց հետո ինքը կուտակած փայտը բերել է տուն։ «Իմ դեմ քերական գործեր են հարուցել այդ չոր փայտի համար։ Ոստիկանները եկել են, տեսել են, որ չոր փայտ է, դրանից հետո եկել են Հայանտառի տղաները, որոնք տեսան, որ փտած փայտ է։ Ինձ ասացին՝ դասավորիր փայտը, որ հասկանանք՝ քանի խորանարդ մետր փայտ է․ մոտ 3 խորանարդ մետր էր։ Հետո եկել են Ազգային պարկից, իրենք էլ տեսան, որ չոր փայտ է, բայց գործ հարուցեցին իմ վրա»,- պատմել է Ղուկասյանը։  Վերջինս Հովհաննիսյանին մեղադրում է, թե իրեն աշխատանքից հեռացնում են, որպեսզի անտառը ոչնչացնեն։ Ղուկասյանն ասել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս և ունի ապացույցներ։ Այնինչ Իրինա Հովհաննիսյանը սուտ է համարում Ղուկասյանի հնչեցրած մեղադրանքները։ Infocom.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ապացույցներ ունեցող մարդը միանգամից կգնար ոստիկանություն և ոչ թե կզանգահարեր լրագրողների․ «Առհասարակ, այդ աշխատակիցը, որը հիմա անտառտնտեսությունում է աշխատում, իր կոնֆլիկտային վարքով է աչքի ընկնում, ինքն անընդհատ քրեական տարբեր գործերի մեջ է։ Ինձ համար անակնկալ չէ, որ այս անգամ էլ իմ անունն է շոշափվում։ Ձեռքից մաքուր չէ, ուղղակի մեր ոլորտը այնպես է, որ շատ դժվար է հենց գողության վրա բռնել մարդուն, մանավանդ, եթե այդ աշխատակիցն ապրում է այդ բնակավայրում՝ այն տարածքում, որը ինքն է սպասարկում»,- մանրամասնեց անտառտնտեսության տնօրենը։ Վերջինս հայտնեց, որ իրենք անընդհատ վարչական ռեսուրս են ծախսում՝ մոնիթորինգ իրականացնելու համար։ Հովհաննիսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, դատախազությունում արդեն մեկ գործ է քննվում՝ Ղուկասյանի կողմից փափուկ վառելափայտի վաճառքի փորձի վերաբերյալ։ Սա, ըստ մեր զրուցակցի, երկրորդ դեպքն է, որն արձանագրվել է մոնիթորինգային այցերի ժամանակ․ «Ղուկասյանը ագրեսիվ վարք է դրսևորել, ինքն ազնիվ չէ հարցազրույց տալու ժամանակ, իրողությունը ներկայացնում է միայն իրեն շահեկան դիրքից։ Անտառտնտեսության աշխատակիցները՝ պահպանության գծով տեղակալը և ինժեները, ուղղակի պլանային ստուգումներ են անում, երբ հայտնաբերել են այդ փափուկ վառելիքը, գնացել են իր տուն, ինքը աշխատանքային ժամին եղել է տանը, ոչ թե անտառում։ Գնացել են տուն, որպեսզի պարզեն այդ վառելափայտի ծագումը։ Ղուկասյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին և սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով։ Այդ օրը շատ բան չեն կարողացել անել, բայց ֆիքսել են, որ բակում նույնպես 3,5 խորանարդ փափուկ վառելափայտ ունի»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննիսյանը։  Աշխատակիցները վերադարձել են, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, ելնելով աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունից, դիմել է ոստիկանություն և խնդրել սանձել այդ աշխատակցին։ Ոստիկանությունը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այցելել է Ղուկասյանին և իրականացրել իր պարտականությունները․ «Ի պատիվ իրենց՝ ոստիկանները շատ օպերատիվ են գործում, խնդիրներ չունենք ոստիկանության հետ։ Գնացել են, արձանագրել, ինձ ասացին, որ նյութի մեջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել, որ առանց փաստաթղթի է փայտը դուրս բերել։ Հարցազրույցում ինքը նշում է, որ պատերազմի դաշտում է եղել, ինչն ակնհայտ սուտ է․ ինքը մոբի հետ Ճամբարակում է եղել և ոչ մի փամփուշտ չի արձակել։ Դա մանիպուլյացիա է, երևի խղճահարություն առաջացնելու համար է անում»,- ասաց Հովհաննիսյանը։  Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս հավելեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ աշխատակցի հետ, քանի որ սա պետական հիմնարկ է, իրենը չէ։ Հովհաննիսյանը պատմեց, որ երբ իրեն նշանակել են անտառտնտեսության ղակավար, ինքը խոստացել է, որ այդ համակարգը աղբից պետք է մաքրի․ «Աղբ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք նոր կանոնները չեն ընդունում և շարունակում են գողություն անել։  Եթե նույնսիկ իմ նախաձեռնությամբ որևէ աշխատակից  հեռացվում է աշխատանքից, դա լինում է միայն օրենքով սահմանված կարգով։ Եթե ես պայքարում եմ կորուպցիայի դեպ, ապա դա ինձ էլ է վերաբերում»,- նշեց անտառտնտեսության տնօրենը։  Հովհաննիսյանի խոսքով՝ ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ անկախ աշխատակցի բարեվարքությունից՝ հնարավորություն չլինի գողություն իրականացնել, սակայն մինչև այդ ռեֆորմների իրականացումը պետք է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց հանդեպ վստահությունը մեծ կլինի։  «Ամեն դեպքում այն ամենը, ինչ ինքը նշել է հարցազրույցում իմ կամ աշխատակիցների մասին, որևէ լուրջ հիմք չունի։ Ոստիկանությունից իմ հանդեպ հնչած սպառնալիքների վերաբերյալ շատ բան չեմ ակնկալում, բայց նաև չեմ վախենում, որովհետև դա մարդու բնույթն է․ եթե ասել է նման բան, չի նշանակում, որ պետք է նաև անի։ Ինքը ոչ միայն ինձ է սպառնացել, այլև բոլոր մյուս աշխատակիցներին, որոնք պատասխանտու են վերահսկողության համար․ բառացի ասել է՝ «մտնեն իմ անտառ՝ փորները կթափեմ»։ Չգիտեմ, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի, եթե ընթացք տան՝ մենք կհամագործակցենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանի հրապարակման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Քննչական կոմիտե։  Լուսանկարը՝ Իրավաբնների հայկական ասոցիացիայի։  Ասպրամ Փարսադանյան
19:02 - 05 մարտի, 2021
Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան

Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ ԱԺ վերջին քառօրյային, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում էր ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, իսկ նստաշրջանի վերջում մեծամասնական խմբակցությունը որոշեց չընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Մարուքյանի խոսքով՝ մեր երկրում, պետությունը որևէ ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չունի և այս գործընթացը իր համար անհասկանալի էր։  «Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիրներին, իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք չի եղել իմ հերոսը, բայց ի՞նչ է ստացվում, երբ իրենք ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և բողոքի ձայն են հնչեցնում, որ կարծես թե այդ հրահանգները չեն կատարվում։ Դրա համար ենք ուզում ասել, որ այստեղ անազնիվ մոտեցում կա՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական համակարգ, որից իշխանությունը գոհ կլինի»,- հավելեց Մարուքյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում կա մի ինդիկատոր՝ եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում են դատական իշխանությանը, ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել։ Մարուքյանի խոսքով՝ այս օրերին քաղաքական մեծամասնությունն իր պահվածքով ուղերձ տվեց միջազգային կառույցներին, որ այս դատական համակարգը լավ է աշխատում, որովհետև եթե վատ է աշխատում՝ գործադիրի համար է աշխատում, ուրեմն՝ գործադիրը չի բողոքում։  «Կհիշեք նախկինում նման բան, որ դատական իշխանության ղեկավարությանը խորհրդարանում քննադատեին, որովհետև իրենց ինչ պետք էր, անում էին։ Հիմա, եթե դրա հակառակն է, կարո՞ղ է լավ է»,- հավելեց Մարուքյանը։ Երկրորդ հանգամանքը, որին անդրադարձավ խմբակցության ղեկավարը, իր առաջարկի՝ ԳՇ պետի խնդրի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ էր։ Մարությանը նշեց, որ քաղաքական ճգնաժամը երկրում ավելի է խորացել, և դրան գումարվել է Զինված ուժերում ստեղծված ճգնաժամը, և այս իմաստով վերջինս առաջարկում է բանակին հանգիստ թողնել և գնալ ընտրությունների։ «Երեկ վարչապետի հետ ունեցել ենք հանդիպում, ուզում եմ ասել , որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումը այն առաջարկն է, որը մենք արել ենք։ Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել, ես ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը, որպեսզի այս ճգնաժամը օր առաջ հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ճանապարհը դա է՝ ճգնաժամից դուրս գալու»- եզրափակեց Մարուքյանը։
11:49 - 05 մարտի, 2021
Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։ «Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։ Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։  «Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։ Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։ «Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։  Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։ «Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:49 - 04 մարտի, 2021