Ինֆոքոմ

Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  Պնդումներ կան, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը կերաշխավորի օրենսդրական բարեփոխումների շուտափույթ իրականացումն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացումը։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն կարծիքին է, որ ներքաղաքական կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ եւ կկազմակերպի արտահերթ ընտրություններ։ Infocom.am-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանի հետ։  - Պարո՛ն Հակոբյան, «Քաղաքացու որոշում»-ը եւս այն համոզմանն է, որ վարչապետը պետք է հեռանա ու անցկացվեն արտահերթ ընտրություններ․ ե՞րբ պետք է հեռանա, ե՞րբ կարող ենք ասել, որ արդեն կայուն իրավիճակ է ընտրություններ անցկացնելու համար։  - Եթե հեռանալը պայմանավորում ենք միայն ընտրությունների կազմակերպումով, ապա այն ժամանակի հարց չէ, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելու հարց է։ Հանրությունը պետք է պատրաստ լինի, եւ հանրային միջավայրը պետք է թույլ տա գիտակից ընտրություն կատարել, որպեսզի ձեւավորվի նոր, ավելի ժովովրդական կառավարություն։ Ոչ միայն հանրային մթնոլորտը, այլ նաեւ քաղաքական իրավիճակը պետք է թույլ տա, որպեսզի մենք կարողանանք նորմալ, գիտակցված ընտրութուններ իրականացնել։ Պետք են մի շարք քաղաքական եւ այլ ռեֆորմներ, որովհետեւ, պատկերացրեք, պատերազմից, այդքան զոհերից հետո չենք կարողանա մարդկանց հետ, օրինակ, տնտեսական ծրագրեր քննարկել, շատ դժվար կլինի։ Անպայման չէ, որ այդ մթնոլորտը ձեւավորի Նիկոլ Փաշինյանը, դրա համար մենք  առաջարկել ենք, որպեսզի ձեւավորվի չեզոք կառավարություն՝ չեզոք վարչապետով, որը կկատարի անցումային ֆունկցիա՝ մինչեւ այդ միջավայրը կստեղծվի։ - Դուք նշեցիք ժամանակավոր կառավարության մասին․ 17 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ԼՀԿ-ինը՝ Էդմոն Մարուքյանը, ո՞վ է ՔՈ կուսակցության վարչապետի թեկնածուն, ժամանակավոր կառավարության՝ ձեր պատկերացրած անդամներն ովքե՞ր են լինելու։ - Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ անձերի շուրջ են քննարկում ծավալում, իսկ մենք գործի ու անելիքի առաջարկ ենք ներկայացրել։ Բոլորս պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել եւ ինչպես է պետք կայուն հիմք ստեղծել այս երկրի համար, այլ ոչ թե համաձայնվել, որ տեղի ունենա մարդու, անձի ընտրություն։ Պրոբլեմն այն է, որ անձերի շուրջ է պտտվում քննարկումը՝ Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան եւ դրա շուրջ էլ չեն կարողանում համաձայնության գալ։ Չեզոք կառավարությունը չպետք է ձեւավորվի այս 2 դաշինքներից՝ մի շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք երկուսն էլ մի համակարգի ղեկավարներն են եղել եւ շարունակում են լինել, իսկ պատերազմն ապացուցեց, որ այդ համակարգը գործունակ չէ եւ դրա ղեկավարների փոփոխությունը արմատական փոփոխություններ չի բերելու։ Համակարգի այդ 2 խմբերի ամբողջ ստեղծագործական մակարդակը արտացոլվել է գաղջ եւ դժգույն բառերում։ Դա է իրենց մակարդակը, եւ այդ մակարդակում մենք չենք կարող նոր Հայաստան ստեղծել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո կար հնարավորություն ստեղծելու նոր համակարգ, ազատ համակարգ, մարդկանց արժանապատվությունը, անվտանգությունը ապահովող համակարգ։ Ցավոք այդ համակարգը հնարավոր չեղավ կառուցել եւ այդ սեւ ու սպիտակ վիճակը շարունակվում է։ Ժամանակն է, որ մենք վերջ տանք նման սեւ ու սպիտակ բաժանումներին։ Այն սկսվել է դեռեւս 1990-ական թվականներից՝ շարունակվելով Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, հիմա էլ Նիկոլ Փաշինյանով։ Մենք դեռեւս 2018 թվականից ենք ասել, որ սեւ ու սպիտակ դիսկուրսը սպանում է որեւէ քաղաքական առողջ մտքի զարգացումը։ Որեւէ քննարկում, որ տեղի է ունենում այսօր, նորից տանում ու մտցնում են կամ այս թեւ, կամ այն թեւ, եւ առողջ միտքն ուղղակի ոչնչանում է, իսկ այսօր դրա կարիքը շատ ունենք։ Նախկին համակարգը եւ դրա նախկին ու ներկա ներկայացուցիչները սպառել են իրենց։ - Վարչապետի հրաժարականից հետո մասնավորապես ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, դուք ի՞նչ մասնակցություն պիտի ունենաք դրանց։ Ի՞նչ օրակարգ եք առաջ քաշում դուք՝ խնդրում եմ ներկայացնել առաջնահերթ անելիքները։ - Նշեմ մի քանի հիմնական քայլեր․ Հայաստանը պետք է լինի արդար պետություն, սոցիալական արդարությունը եւ արժանապատվությունը պետք է գերակայեն։ Անցնող 30 տարիները մեր այս սահմանադրական նպատակների համար չեն ծառայել։ Հայաստանում իրապես երկրի տեր պետք է դառնա ժողովուրդը։ Մինչեւ 2018 թվականը երկրում տիրոջ կարգավիճակ են ունեցել որոշակի արտոնյալ խմբեր, պայմանականացված անուններով՝ օլիգարխիկ խմբեր, պետական բյուրոկրատիայի վերնախավ, փոքր կուսակցական խմբեր։ Երկրի բնակչության լայն շերտերը զրկված են եղել պետության կառավարմանը եւ հանրային-ազգային սեփականության վերաբաշխման գործընթացներից։ Այդ իսկ պատճառով է, որ դեռեւս բնակչության մեծամասնությունը աղքատ է եւ օտարված։ 2018 թվականը հնարավորություն էր ստեղծել, որպեսզի մենք կարողանաինք տարբեր մեխանիզմներով՝ իրավական, քաղաքական, օրենքների, Սահմանադրության միջոցով ստեղծել երաշխիքներ, պայմաններ, որպեսզի այս երկրում ապրող սովորական բնակիչների մեծամասնությունը լիարժեք ապահովագրված լինի, երբ ասում ենք, որ ժողովուրդն է երկրի տերը, դա պետք է իրապես ամրագրվի եւ գործի։ Ժողովրդի սուվերեն իշխանությունը խոսքից պետք է վերածել գործի։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք նաեւ օտարված ենք եղել պետության անվտանգության եւ արտաքին քաղաքականության որոշումների մասնակցության գործընթացից։ Պատերազմել է սովորական ժողովուրդը, իսկ շատ հարուստ եւ, այսպես կոչված, վերնախավը օգտագործել է նրանց, իսկ իրենք անմասն են մնացել պրոցեսից։ Անվտանգության հարցերի շուրջ գաղտնիության այս կեղծ ու արատավոր մշակույթը պետք է վերանա, որ մենք տեղյակ լինենք մեր երկրի կարողության ու հնարավորության մասին ու ըստ այդմ կարողանանք որոշումներ ընդունել։ Հնարավոր է, որ մենք այսօր մի մեխանիզմ առաջարկենք, բայց ավելի լայն կամ հանրային կոնսենսուսը այլ տարբերակ առաջարկի, այստեղ ամենակարեւորն այն է, որ սկզբունքն ամրագրվի՝ ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի ժողովրդի իշխանության հռչակագրային սկզբունքը, որ ժողովուրդն է երկրի տերը, դառնա իրականություն, եւ մարդիկ իսկապես կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը եւ որոշումների կայացման գործընացին։ Սրանք առաջնային քայլեր են, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է ապրում այս երկրում, ինչու է կռվում եւ ինչու են իրենց երեխաները զոհվում։ Եթե մենք այս հարցերը չկարողանանք ձեւակերպել եւ լուծում չտանք, մեծ հաշվով էական չէ՝ ով կլինի անցումային կառավարության մեջ, ով կգա, ինչ անձի տեսքով։ Մինչեւ տիրոջ իրավունքը իրապես չամրագրվի, մեր զարգացումը կայուն չի լինի, իսկ ես անձնապես վստահ եմ, որ պետականության զարգացում ուղղակի չենք ունենա։ Սա է մեր մոտեցումը եւ սա հսկայական աշխատանք է։ Այն պահանջում է բարեփոխումներ անվտանգության, սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական ոլորտներում, ինչու չէ նաեւ մշակութային եւ համակեցություն ձեւավորող ոլորտներում։ Այս ամենը պետք է հիմք հանդիսանա նոր սահմանդրական կարգի ու Սահմանադրության մշակման համար։ - Բազմիցս խոսվել է Ընտրական օրենսգրքի թերությունների եւ ընտրական օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Այսօր, երբ առաջ է քաշվել արտահերթ ընտրություններ իրականացնելու հարցը, հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, որոնց մասին նաեւ ձեր կուսակցությունն է բարձրաձայնել։  - Քաղաքական ընտրության համար միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քիչ են։ Մենք պատկերացնում են ավելի լայն քաղաքական ռեֆորմների իրականացում։ Պետք է սկսել ձեւավորել նոր քաղաքական համակարգ, որը իրապես կարտացոլի եւ կարտահայտի մեր ժողովրդի շահերը։ Նախկինում նման փոփոխությունները նպատակ են ունեցել կամ երկարաձգելու, կամ ամրացնելու գործող արտոնյալ խմբերի իշախնությունը։ Պետք է փոխել վեկտորը։ Քաղաքական փոփոխությունների եւ բարեփոխումների համար սկզբունքային է նաեւ դրանց որոշ չափով կոնսեսուսային լինելը։ Կառավարող ուժը պարտավոր է դա անել ներառողական՝ ընդգրկելով ոչ միայն այլ կուսակցությունների, այլ նաեւ հասարակական, քաղաքացիական այլ գործոնների։ - Դուք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նշել էիք, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է այդ փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ, ու հայտնել էիք, որ այդ նպատակով ինտենսիվ խորհրդակցություններ եք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ։ Օրեր անց հայտարարությամբ հանդես եկաք՝ նշելով, որ պետական ու քաղաքական շրջանակների հետ ձեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։ Լուծման ի՞նչ տարբերակներ ու առաջարկներ ունեք այդ հանդիպումների արդյունքում, ինչի՞ եզրահանգեցիք։ - Հայտարարության մեջ արդեն նշել ենք, որ մենք առաջնորդվում ենք այն մեթոդով, որ գուցե կան որոշակի մոտեցումներ կամ լուծումներ, որոնք տարբեր քաղաքական ուժեր կամ կառույցներ ունեն եւ կարող են արտահայտել, ուղղակի հաղորդակցության կամ հակադրության պայմաններում չեն կարողանում այդ ձեւը գտնել, բայց, մեծ հաշվով, այդպիսի պլան կամ գործողությունների ծրագիր մեզ չի ներկայացվել։ Անպայման չէ, որ իրենք չունեն այդ ծրագիրը, բայց գոնե մեզ չեն ներկայացրել, եւ դրա համար հայտարարությունը հենց այդպես էլ տարածվել է։ - Այս իրավիճակում, երբ մենք կարծես ամեն օր բախվում ենք նոր իրավիճակի՝ հատկապես սահմանագծման առումով, կարո՞ղ ենք առաջ տանել մեր շահը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության դրույթները։  - Օրինակ սահմանազատման եւ ռազմական դիրքերի տեղակայման գործընթացների համար կան ընդունված ընթացակարգեր, թե ինպես դա կարող է տեղի ունենալ երկու պետությունների միջեւ։ Ստեղծվում է միջպետական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինում տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ուսումնասիրում են սահմանների ձեւավորման որոշակի ընդունված պետական, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված քարտեզները, սկսում են դրանց շուրջ բանակցություններ, համաձայնություններ, եւ նոր հետո սկսում են սահմանզատման աշխատանքները։ Այդ աշխատանքները տարիներ կարող են տեւել։ Եթե չեմ սխալվում՝ մինչեւ հիմա անգամ Հայաստանը եւ Վրաստանը այդ բաժանարար գծերի վերաբերյալ ունեն հանձնաժողով, այդ գործընթացը տարիներ է տեւել, կամ հիմա Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես ունեն տարածքային հարցեր եւ այդ հանձնաժողովն աշխատում է։ Ես կարծում եմ, որ նույն բանը պետք է տեղի ունենար ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ոչ թե հապշտապ կատարվեր։ Սա սխալ գործընթաց է եւ չի բերելու խաղաղության, քանի որ լինելու են սխալներ, որոնք հետագայում ճշգրտելու համար կամ հնարավորություն չի լինելու կամ հանգեցնելու է որոշակի վեճերի։ Հատուկ ուզում եմ նշել, եթե իհարկե կար անհրաժեշտություն եւ այդպիսի որոշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթաց սկսեր, քանի որ ամսի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի հայտարարություն էր, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանազատման համաձայնություն։ Հրադադարը պետք է սահմանվեր այն գծով, ինչ գծով տեղակայված էին զորքերը, եւ նոր դրանից հետո որոշվեին հնարավոր սահմանների ճշտորոշման սկզբունքները եւ մեխանիզմները։ Գործընթացը այնպիսի արագությամբ են իրականացնում, որ նույնսիկ ներքին իմաստով մենք չգիտենք, թե մեր կողմից ովքեր են բանակցում՝ պաշտպանության նախարարությո՞ւնը, արտաքին գործերի նախարարությո՞ւնը, տարածքային կառավարման նախարարությո՞ւնը, վարչապետի աշխատակա՞զմը, ո՞վ է բանակցում։ Պատկերացրեք՝ մի տարի հետո փոխվում է կառավարող ուժը, եւ որոշում ենք հասկանալ, թե մեր սահմանների ճշտորոշումը ճի՞շտ է կատարվել, թե՞ ոչ, ո՞ւմ պետք է պատասխանատվության կանչենք, ինչի՞ հիման վրա են դրանք որոշվել։ Պահի տակ ով ոնց կարողացել է, այնպես էլ գծել է սահմանները, դա՞ է մեխանիզմը։ Ես կարծում եմ, որ այս հարցում բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ այդ ամենը չօգտագործեն ներքին պառակտումներ իրականացնելու համար, այլ բոլորը ջանք դնենք խնդիրը լուծելու համար։ - Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների վերսկսման գարծընթացը, այսօր այն իրավիճակում ենք, երբ բանակցային սեղանին կարծես թե որեւէ փաստաթուղթ դրված չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանի որ այժմյան իրավիճակն այդ պլանից էլ դուրս է։ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսում է նոր կետից, հիմա բանակցությունների ձեր կետը ո՞րն է լինելու, եւ ըստ ձեզ՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակությունը որքանո՞վ է արդյունավետ լինելու․ կարծիքներ կան, որ այդ ձեւաչափն այլեւս քանդված է։ - Քանի որ այս հարցի վերաբերյալ կուսակցության ներսում դեռ շարունակվում են քննարկումները, ես բաց կթողնեմ այդ կետը։  Պատերազմի ժամանակ մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի ճշտորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ կլինի դա ճանաչում կամ միացում, որը մինչեւ այժմ ակտուալ է։ Մինչ այսօր այս հարցը անպատասխան է մնացել, թե ինչու պատերազմի ընթացում դա տեղի չունեցավ։ Նախկինում այդպիսի նախաձեռնությունները համարվել են արկածախնդրություն, քանի որ ասել են, թե դա բերելու է պատերազմի։ Պատերազմի ընթացքում մենք կրկին բարձրացրել ենք այս հարցը, եթե պատերազմն արդեն սկսվել է, ի՞նչն է խանգառում ձեր դիրքորոշումն արտահայտել՝ կլինի դա միացման կոչ, թե անկախության ճանաչում։ Ամենասարսափելին, որ կարող էր տեղի ունենալ այդ քայլի պատճառով, պատերազմն էր, որն արդեն սկսել է։ Պատերազմը վերջացավ ամենավատ տարբերակով, իսկ այս հարցը դեռ օդի մեջ է։ Կարծում եմ՝ պետք են լուրջ եւ ռացիոնալ քննարկումներ՝ ներքին կոնսեսուս ձեւավորելու համար, նոր դրանից հետո հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանակցում եւ որ ձեւաչափն է լավագույնը, որպեսզի կարողանանք հասնել լավ արդյունքների։ Ինչքան էլ բոլորս այս պահին տագնապալից, լարված, ցասման մթնոլորտում ենք եւ մեղավորներ ենք փնտրում, վրեժ ենք ուզում լուծել, պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք որոշակի զսպվածության եւ ռացիոնալության։ Մենք իսկապես խորքային վերագնահատման մի ամբողջ շղթա պետք է անցնենք, հասկանանք՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ, որոնք են խնդիրները, որպեսզի կարողանանք ամեն օրվա մեր հաջորդ քայլերում ավելի նոր համակարգ կառուցել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։  1991 թվականին Հայաստանի պետության ստեղծման հիմքում դրվել է որոշակի ազգային գաղափար՝ հայկական կորսված տարածքների վերադարձը։ ԼՂ եւ անվտանգության տարածքների վերահսկողությունը հայկական զորքերի կողմից ազգային գաղափարի միջանկյալ նպատակներից էր կամ հաղթանակներից մեկը, եւ մեզնից շատերը 30 տարի այդ նպատակով են ապրել։ Երբ մենք կորցրել ենք այդ ամենի մեծ մասը, դա մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, մարդիկ պետության գոյությունը կասկածի տակ են դնում։ Մարդիկ 30 տարի իրենց ամեն ինչից զրկել են հանուն այդ գաղափարի եւ հանուն բանակի։ Սոցիալական եւ այլ նեղություններ ենք քաշել այդ նպատակի համար, մարդիկ հանդուրժել են կլանային համակարգը, որը ղեկավարել է մեզ 27-28 տարի, միայն թե այդ հարցը լուծվի, բայց երբ այսօր դա կորսվել է մարդիկ հիասթափվել են։ Պետության նպատակը այդ պետության տարածքում ապրող մարդկանց արժանապատիվ, բարեկեցիկ համակեցության միջավայր, անվտանգ միջավայր ստեղծելն է։ Մենք պետք է վերադառնանք այդ նպատակին, հասկանանք դրա համար ինչ ենք արել եւ ինչը՝ ոչ եւ կառուցենք պետություն։ Մեր պետության ձեւավորման սահմանադրական նպատակներում ամրագրվել է իրավական, սոցիալական ժողովրդական պետություն։ Գնանք այդ ճանպարհով, որ նման պետություն ստեղծենք, որ մարդիկ ուզենան ապրել այս երկրում։ Ասպրամ Փարսադանյան
18:00 - 22 դեկտեմբերի, 2020
«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը

«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը

Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է «Անդրկովկաս. հայկական երկընտրանք» վերտառությամբ մի հոդված, որտեղ վերլուծում է Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, ներկայացնում է Հայաստանի ապագայի նոր ռազմավարության իր պատկերացումները, ինչպես նաև անդրադառնում ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ ներկայացնելով իր տեսակետն առ այն, թե ինչ դեր կարող է ունենալ Եվրամիությունը Հայաստանի ապագայի հարցում։ Ստորև ներկայացնում ենք Կուբիլիուսի հոդվածն՝ ամբողջությամբ։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվել է, և ճշգրիտ հաղթողի վերաբերյալ շատ կարծիքներ կան: Ոմանք պնդում են, որ հաղթել է Ադրբեջանը, մյուսներն այն համոզման են, որ ամենաշատ շահույթը ստացել է Պուտինը: Մինչդեռ ես և որոշ փորձագետներ կարծում ենք, որ իրական հաղթողը Էրդողանն է, քանի որ նա ստիպեց Ռուսաստանին հրաժարվել Անդրկովկասում իր աշխարհաքաղաքական երկարատև մենաշնորհից: Եվ դրանից Թուրքիան անկասկած շահեց։ Այս տարի սա արդեն երրորդ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանը ստիպված էր ընդունել Թուրքիայի առավելությունը՝ ռազմական տեխնոլոգիաների առումով (Լիբիան և Իդլիբը մյուս երկուսն են): Հետևաբար կարող է նաև թվալ, որ Ռուսաստանը չի համարձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում օգնել Հայաստանին։ Հարմար է ասել, որ Պուտինը ցանկանում էր վրեժ լուծել Փաշինյանից, երբ իրականում Մոսկվան վախենում է պարտվել թուրքերին՝ երրորդ անգամ անընդմեջ։ Ի վերջո Փաշինյանն իշխանության եկավ «թավշյա հեղափոխության» շնորհիվ, և Պուտինը պարզապես ատում է այդ իշխանությանը։ Կարո՞ղ են Լեռնային Ղարաբաղի երկրորդ խոշոր պատերազմի արդյունքները փաստել, որ Կրեմլի ազդեցությունը շարունակում է թուլանալ ոչ միայն Բելառուսում, Մոլդովայում կամ Խաբարովսկում, այլ նաև Անդրկովկասում։ Սա ավելի խոր հետազոտության թեմա է, որին պատրաստվում եմ անդրադառնալ մոտ ապագայում՝ առանձին հոդվածով։ Հավանաբար բարդ է գտնել ճիշտ պատասխանները, թե Մոսկվայում և Ստամբուլում ո՛ր վերաբերմունքն ու նպատակներն են հանգեցրել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքին։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Անդրկովկասում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական երկրաշարժ, որի հետևանքները տեսանելի կլինեն առնվազն առաջիկա մի քանի տասնամյակներում։ Այդ հետևանքները հիմնականում կզգան զինված հակամարտության ամենափոքր մասնակիցները՝ Հայաստանն ու Ադրբեջանը։  Ուստի ես կցանկանայի նվիրել այս հոդվածը հակամարտության այն կողմին, որը միաձայն համարվում է այս պատերազմի գլխավոր պարտվողը՝ Հայաստանին։ Բարդ է պատկերացնել, թե ինչ է զգում նման պարտությունից հետո հայկական համայնքը ամբողջ աշխարհում։ Երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ բարկությունը, ցավը, տագնապը թերևս ամենահատկանշական զգացումներն են, ինչպես նաև գործող իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատությունները, որ միանգամայն հասկանալի են՝ հաշվի առնելով վերջին դարերում Հայաստանի ողբերգական պատմությունը։ Ամենաակնառու օրինակներն այստեղ հայ ժողովրդի ցեղասպանությունն ու աշխարհագրական դիրքն են՝ աշխարհաքաղաքական վտանգավոր հարևանությամբ։  Հետևաբար այս հոդվածում ցանկանում են քննարկել Հայաստանի՝ երկարաժամկետ ապագայի այլընտրանքները՝ այս երկրի պարտության պատճառների կամ աշխարհաքաղաքական սխալների փոխարեն (չնայած այստեղ մի քանի նկատառում ունեմ): Ես գնահատում եմ այն, որ Լիտվայի տված խորհուրդը ազգային նման ճգնաժամի ֆոնին ռացիոնալ դիտարկման առարկա չէ։ Ուստի ես թվարկում եմ հետևյալ գաղափարներն ինձ համար, որպեսզի ավելի լավ հասկանամ, թե ինչպես կարող է ԵՄ-ն ավելի շահեկան լինել այս տառապող ժողովրդին օգնելու հարցում։  Հայաստանը ցավալի պարտությամբ հսկայական և անգամ ողբերգական մարտահրավերների մեջ հայտնված առաջին պետությունը չէ։ Որոշ պետությունների դեպքում այսպիսի ողբերգությունները հանգեցրին լիակատար փլուզման։ Այդուհանդերձ, համաշխարհային պատմությունը մի շարք համոզիչ օրինակներ ունի, թե ինչպես են ցավալի պարտությունները դարձել կտրուկ քաջալերում՝ հետագա ճանապարհը վերանայելու և դրանով վերածնվելու համար: Իր վերջին՝ «Հեղաշրջում. Ինչպես են ազգերը հաղթահարում ճգնաժամը և փոխվում» գրքում, Ջերեմի Դայմոնդը կենտրոնանում է հենց հսկայական ողբերգություններից հետո որոշ ազգերի վերածննդի վրա։ Որպես օրինակ՝ հեղինակը նշում է Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրիան և ԱՄՆ-ն։ Դայմոնդը զարգացնում է այն տեսությունը, որ պետական ճգնաժամի պայմաններում ազգերը պետք է գործեն այնպես, ինչպես մարդիկ, որ ապրում են խոր անձնական դժվարություններ։ Հոգեբաններն առանձնացնում են 12 էական գործոններ ու գործողություններ, որոնք որոշում են նման մարդկանց վերականգնումը։ Դրանք սկսում են, երբ մարդն ինքն իրեն խոստովանում է, որ խոր ճգնաժամի մեջ է և կարող է քայլեր ձեռնարկել դրանից դուրս գալու համար։ Դայմոնդը վերափոխում է այս սկզբունքները 12 օրենքների՝ ճգնաժամ ապրող պետությունների համար: Այս դեպքում ամեն ինչ պետք է սկսվի ազգային համաձայնությունից և ազգի ու պետության ճգնաժամի մեջ գտնվելու փաստի գիտակցումից: Արդյունքում ազգն ինքը պետք է գտնի վերականգնման նոր միջոց: Դա կարող է ամբողջանալ այլ ազգերի փորձը վերլուծելու, աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները մերժելու և այլ պետությունների աջակցությունն ընդունելու միջոցով։ Այսպիսով՝ ի՞նչ կարող է սովորեցնել Դայմոնդի գիրքը Հայաստանին։ Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ազգային համաձայնության գա և հասկանա, որ պետությունն ու ազգն այս պահին խոր ճգնաժամի մեջ են: Ուստի, կա անհրաժեշտություն, որ այդ դերակատարներն իրենք նոր ռազմավարություն գտնեն: Նշված համաձայնությանը հասնելը հեշտ չէ, քանի որ մեծ է գործող իշխանությանը պատերազմի պարտության մեջ մեղադրելու գայթակղությունը: Իսկ ներկայիս ղեկավարները միշտ տարբեր եղանակներ կգտնեն՝ նախկին ղեկավարներին զինված բախմանը բավականաչափ չպատրաստվելու համար մեղադրելու։ Մեղադրանքների նման տարափը Դայմոնդի առաջարկած ձևերից չէ, ոչ էլ անցյալում ճգնաժամը հաղթահարած ազգերի փորձն է։ Ընդհակառակը՝ նրանց հաջողվեց խուսափել փոխադարձ մեղադրանքներից՝ միաժամանակ խորանալով խնդիրների և պատճառների ավելի խորքային վերլուծության մեջ: Նման մոտեցումը միակն է, որ թույլ է տալիս գտնել նոր ռազմավարական լուծումներ՝ վերականգնվելու և ճգնաժամը հաղթահարելու համար։ Ես շատ բան չգիտեմ այն ճշգրիտ պատասխանների մասին, որոնք Հայաստանը կգտնի ինքնուրույն քննարկման ընթացքում: Այնուամենայնիվ, ես կցանկանայի լսել այս հիմնական հարցերի պատասխանները, որոնք փոխկապակցված են:  Առաջին հարցը. արդյո՞ք Հայաստանի համար ողջամիտ էր պահպանել ստատուս քվոն 1990-ականներին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր: Չնայած Հայաստանը հաղթել է, սակայն այս պետությունը չի ձգտել երկարաժամկետ խաղաղության պայմանագրի և զիջել է այն տարածքները, որոնք հայերն օկուպացրել են, եւ որոնք իրականում չեն պատկանել Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածին:  Տարածքների վրա հիմնված ստատուս-քվոյի պահպանումը աշխարհի բոլոր հայերի համար տարիներ շարունակ եղել է հիմնական ազգային գաղափարը: Դա նաև միակ գաղափարն էր, որով Հայաստանը առանձնանում էր համաշխարհային հասարակության մեջ: Հետևաբար կարող է թվալ, որ հայերին պակասում էր ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր կամ հուզական ուժ՝ մեկ այլ բանի համար: Ի վերջո պարզվեց, որ սխալ էր այն համոզմունքը, որ ռուսական ռազմական ուժերը կօգնեն պահպանել նման ստատուս-քվոն: Ավելին՝ դա այս տարվա ռազմական ողբերգության հիմնական պատճառն էր: Բացի այդ՝ ակնհայտ է, որ պատերազմի պարտության արդյունքը վերադարձն է այն իրավիճակին, որն առկա էր մինչև 1992 թվականը, երբ տեղի ունեցավ առաջին ռազմական բախումը:  Երկրորդ հարցը. ռազմավարական առումով ճի՞շտ էր աշխարհաքաղաքական անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ կապելը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կրեմլը դեմ գնաց Արևմուտքին և ԵՄ-ին մերձենալու ցանկացած փորձի: Եվ վերջում պարզվեց, որ Մոսկվայի տված անվտանգության երաշխիքները արդյունավետ չեն (հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած բախումների համատեքստում): Խաբուսիկ էր նաև տատուս-քվոյի պահպանումը, որին աջակցում էր Կրեմլը: Բացի այդ՝ Ռուսաստանի և Եվրասիայի շուկաների հետ տնտեսական ասոցիացիան թույլ չտվեց Հայաստանին լիովին հարմարվել արևմտյան շուկաներին և այդպիսով ստեղծել երկարաժամկետ հաջողության պատմություն: Միևնույն ժամանակ ԵՄ-Հայաստան հարաբերությունները շարունակեցին մնալ երկիմաստ: Վիլնյուսի տեսանկյունից դիտարկելով՝ այս բոլոր մանրամասները և իրադարձությունները Հայաստանի ռազմավարությունն են վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչը հանգեցրեց հայերի ներկայիս ազգային ողբերգությանը: Ի գիտություն ընդունեք, որ այս մտքերը պարզապես իմ սուբյեկտիվ պատասխաններն են, որոնք հիմնված են Դայմոնդի գրքի վրա: Միայն հայերն իրենք կարող են ավելի խոր և ճշգրիտ պատասխաններ տալ, սակայն նրանք նախ ստիպված են համարձակություն գտնել՝ փնտրելու այդպիսի պատասխաններ: Իմ ձևավորած պատասխանները կարող են օգնել ինձ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի բոլորովին նոր ռազմավարությունը: Ես տեսնում եմ երկու էական բան, որոնք կապ ունեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ: Առաջին հերթին՝ ԵՄ-ն պետք է նախաձեռնի և ստեղծի անվտանգության միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Այս քայլը պետք է իրականացվի այլ արևմտյան գործընկերների օգնությամբ (ԱՄՆ նոր վարչակազմ): Իհարկե, նման մեխանիզմը չպետք է հենվի միայն Կրեմլի՝ այսպես կոչված խաղաղապահների վրա: Ոչ վաղ անցյալում Արեւմուտքը ստիպված էր հոգ տանել Կոսովոյի ալբանացիների մասին. անվտանգության միջազգային հաջող երաշխիքներ ստեղծվեցին այդ ժամանակ: Ես չեմ ասում, որ Արևմուտքը պետք է պատճենի Կոսովոյի մոդելը Լեռնային Ղարաբաղում: Սակայն ակնհայտ է, որ արևմտյան երկրները պետք է ավելի նախաձեռնողական դեր ստանձնեն՝ նոր Մերձավոր Արևելքից խուսափելու համար: Եթե Անդրկովկասի անվտանգությունը մնա միայն Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ, ապա այս տարածաշրջանը, որն ունի նավթի և գազի բազում ռազմավարական ռեսուրսներ, միշտ կմնա Կրեմլի շահարկման գոտի: Այն շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացման համատեքստում:  Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված միջազգային անվտանգության երաշխիքները թույլ կտան Հայաստանին լսել Դայմոնդի մեկ այլ կարևոր խորհուրդ` վերանայել աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները:  Երկրորդ՝ Հայաստանը երբեք իրեն անվտանգ չի զգա, եթե այնտեղ պետական ​​անվտանգության միակ որոշիչը մնա զենքի քանակը: Քանի որ այս պետությունը շրջապատված է այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներով, ինչպիսիք են Թուրքիան և նրա հիմնական կամակատարը ՝ Ադրբեջանը, կամ նույնիսկ Ռուսաստանն ու Իրանը, անվտանգության ապահովման միակ ողջամիտ ճանապարհը Հայաստանի տնտեսական և սոցիալական բարգավաճման վրա կենտրոնանալն է: Վերցնենք Մերձավոր Արևելքում Իսրայելի օրինակը․ չնայած տասնամյակներ շարունակ այս պետությունը միջազգային անվտանգության բազմաթիվ մարտահրավերների կենտրոնում է, այն շարունակում է մնալ անվտանգ: Դա ուժեղ տնտեսության, ոչ թե զենքի մեծ բազայի շնորհիվ է: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի միակ ճանապարհը Անդրկովկասում տնտեսական հրաշքի ստեղծման վրա կենտրոնանալն է: Դա գիտակցելու համար հայերը պետք է իրենց ազգային ռազմավարության առաջնահերթությունը ռազմականից փոխեն դեպի զարգացման, ներդրումների և արդիականացման: Շատ բնական ռեսուրսներ չունենալով՝ Հայաստանը կկարողանա ամրապնդել իր տնտեսությունը՝ միայն դեպի Արևմուտք ինտեգրվելու և ԵՄ-ի հետ համագործակցության միջոցով: Հայաստանը դժվար թե ինքնուրույն գիտակցի նման ռազմավարական փոփոխությունը: Հետևաբար ԵՄ-ն այնտեղ կարող է կարևոր դեր ստանձնել: Ըստ Դայմոնդի՝ այլ երկրների աջակցությունը կենսական նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է ազգային ճգնաժամից դուրս գալուն: Այնուամենայնիվ տառապող ժողովուրդը պետք է հասկանա այդ ճգնաժամի պատճառները և կոնսենսուսի հասնի իր ազգային նոր ռազմավարության վերաբերյալ: Անդրկովկասում կայուն իրավիճակը պետք է կարևոր առաջնահերթություն լինի ԵՄ-ի համար: ԵՄ-ն ինքը պետք է սովորի ստեղծել և զարգացնել այդպիսի կայունություն: Հայերի ու ադրբեջանցիների համաձայնության չհասնելու փորձերին պասիվ հետևելը կամ հույսը, որ Ռուսաստանը կստեղծի կայունություն, կարճաժամկետ ինքնախաբեություն է: Կրեմլը մտածում է միայն նախկին սովետական տարածքում երկարատև անկայունության մասին, քանի որ դա կանխելու է այնտեղ արևմտյան ինտեգրումը: Մինչդեռ ԵՄ-ն ավելի շուտ կշահեր կայունության հաստատումից: Վերջերս Թրամփի վարչակազմը ցույց տվեց հիանալի օրինակ, թե ինչպես կարելի է կայունություն ստեղծել երկարաժամկետ անկայունության գոտիներում: ԱՄՆ-ը խրախուսեց մի քանի արաբական պետությունների՝ Իսրայելի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Ի պատասխան՝ առաջարկվեցին տնտեսական աջակցության կարևոր փաթեթներ: Նման գործարքները պատմական մեծ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ այս խաղաղության համաձայնագրերը պաշտոնապես վերնագրվում էին որպես «աբրահամյան համաձայնագրեր»՝ անդրադառնալով հրեա և արաբ ժողովուրդների ծագման աստվածաշնչյան պատմությունը: ԵՄ-ն կարող է հետևել ԱՄՆ-ի օրինակին և նմանատիպ համաձայնագրեր առաջարկել հայերին ու ադրբեջանցիներին: Դրանց կարող են ավելանալ նաև տնտեսական լայն աջակցության ծրագրերը և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրերը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմները: Նման գործարքները հատկապես կարևոր կլինեն Հայաստանի համար, քանի որ դրանք երկարաժամկետ հաջողության սկիզբ կդառնան՝ հիմնվելով տնտեսության ուժի, այլ ոչ թե զենքի քանակի վրա: Միջազգային հանրությունը պետք է օգնի Հայաստանին՝ ընդլայնել իր աշխարհաքաղաքական օրակարգը, ինչը պետք է դառնա ավելի հավակնոտ: Սա նշանակում է, որ այն պետք է ներառի ոչ միայն անվտանգությունը, այլև տնտեսական աճը, ներդրումների ներգրավումը, բարեփոխումները, սոցիալական բարեկեցությունը, կոռուպցիայի կանխարգելումը, ավելի շատ ուշադրություն մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը: Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերադառնալ թե՛ տեղական, թե՛ միջազգային քաղաքականություն՝ թարմացված ուժով, սպասելիքներով և հեռանկարներով: Միջազգային հանրությունը և մասնավորապես ԵՄ-ն կարող են Հայաստանին առաջարկել նոր համաձայնագիր՝ հետագա ռազմավարական նպատակների համար: Այստեղ կարող են ներգրավվել միջազգային դոնորները (Մեծ յոթնյակը) և ֆինանսական հաստատությունները (Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը): Վերջապես, ԵՄ անդամ երկրների ազգային ներդրումային ինստիտուտները նույնպես կարող են ներգրավվել: Հաշվի առնելով աստվածաշնչյան մեկ այլ պատմություն, որը վերաբերում է Հայաստանին և Արարատ լեռանը՝ նման համաձայնագրերը, որոնք Եվրամիությունը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ մասնավորապես ուղղված Հայաստանի ապագա հեռանկարներին, կարող են ստանալ «Նոյան տապանի համաձայնագրեր» պատմական անվանումը: Աստվածաշունչն ասում է. «Սիրի՛ր դիմացինիդ՝ ինչպես քո անձը»: Սա նաև տարածաշրջանային հարևանների խաղաղության ընդհանուր բանաձև է: Վերջապես, սա հնարավորություն է տալիս Եվրամիությանը՝ գնահատելու իր արևելյան գործընկերներին, քանի որ դա Անդրկովկասում խաղաղություն երաշխավորելու միակ միջոցն է: Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան
17:14 - 22 դեկտեմբերի, 2020
Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին քիչ առաջն հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում»,- հավելեց նա։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ նրանց հետ քննարկման թեման լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին շրջափակված են Կառավարության, Գլխավոր դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, մի շարք մայրուղիներ։ Նա նաև հայտնեց, որ շուտով վրաններ են բերելու, որ մնան Հանրապետության հրապարակում։ Հարցին, թե քանի օր են պատրաստվում մնալ հրապարակում, նա պատասխանեց, որ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ևս մեկ անգամ ներկայացնելով ՀՀ սահմաններին և հատկապես Սյունիքի սահմանների իրավիճակը։ Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանության հետ պայմանավորվածություն չկա վրաններ դնելու՝ վստահեցնելով, որ դա իրեցն պահանջն է, և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել։
15:40 - 22 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Այսօր իմ գործընկերները խնդրել էին, որ ես ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագրեր պետք է իրականացնի․ ես պատրաստեցի թուղթը, մոտս դրեցի, բայց որ եկա այստեղ, զգացի, որ այս պահին դա չէ կարևորը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Սա ընտրություններ չէ, որ ծրագրերի պայքար գնա։ Մի կողմում՝ հայրենիքի կործանում, մյուսում՝ հայրենիքի վերականգնում։ Մինչ այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի ինքնս ինձ համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որովհետև ես այս պետության հիմադիրներից մեկն եմ եղել և իմ վրա պատասխանատվություն էի զգում, ար այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտության հետո՝ նույն գիշերը, չշպրտեցինք դուրս։ Բայց այսօր նայում եմ ձեր աչքերին ու հպարտ եմ, նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և այս տարիների ընթացքում էլ հպարտ նայում է դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք։ Բայց այն, ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,- ասաց Մանուկյանը։ Նա վստահեցրեց, որ ոչ միայն կվերականգնեն անցյալը, այլև այդ անցյալը կուղղեն, կկառուցեն պետությունը, որի մասին երազում էին, ոչ թե այն, ինչ ստացան։ «Մի մտածեք, որ մի ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը։ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,- նշեց Մանուկյանը։ Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին։
14:19 - 22 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հրապարակից չեն հեռանալու, քանի չեն հեռացրել Նիկոլ Փաշինյանին

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հրապարակից չեն հեռանալու, քանի չեն հեռացրել Նիկոլ Փաշինյանին

Այսօր հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Անցնող երեսուն տարիների ընթցացքում մենք հպարտ, հզոր և հաղթող ժողովուրդ էինք։ 30 տարի անց մեկ մարդու, մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին նրա գործունեության արդյունքում մենք օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը։ ՀՀ քաղաքացինե՛ր, եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաները ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ բանակ, երկիր, հայրենիք, ուրեմն՝ եկեք այս հրապարակ։ Այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,- ասաց նա։ Սաղաթելյանն ամփոփեց անցնող օրերում շարժման ունեցած հաջողությունները։  «Առաջինը՝ ձեր շնորհիվ ամբողջ աշխարհը տեսավ և հասկացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։ Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանագիրը մեր կողմից երբեք չի ընդունվելու։ Երկրորդ՝ մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակը օրեցօր կորցնում է իր իշխանությունը։ Իր հրաժարականի պահանջով հանդես են եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուրից ավելի համայնքի ղեկավարներ, ՀԿ-ներ, գիտնականներ։ Այս մարդն այլևս իշխանություն չունի։ Մեր բոլորի պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք։ Սյունիքը կանգուն է, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև անդրադարձավ այն հարցերին, թե երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը, որքան շուտ է հեռանալու, որ իրենք կարողանան փրկել հայրենիքը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն այդ հարցերը տալու ամբողջ իրավունքն ունեն։ «Եթե այս մարդն ունենար արժանապատվություն, բարոյականություն, որ գիտենք չունի, մի գրամ մտածեր մեր երկրի ու պետականության համար, պետք է հրաժարական տված լիներ, բայց նա համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել։ Եկեք փաստենք, որ դա նրան երբեք թույլ չենք տալու»,- ընդգծեց նա։ Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը վճռական է, հետևողական և աննկուն։ «Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ շուտով կներկայացնի նաև շարժման հետագա քայլերը։
13:47 - 22 դեկտեմբերի, 2020
Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպում ունենալու քաղաքացիների հետ և պատասխանելու նրանց հարցրեին։ Առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ շրջելով՝ վարչապետը զրուցեց քաղաքացիների հետ, այնուհետև հասնելով Սիսիանի հրապարակ՝ դիմեց հավաքված տասնյակ քաղաքացիներին և անդրադարձավ Սյունիքի սահմաններին տեղի ունեցող գործընթացներին։ «Երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք ՀՀ սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ իրենց ասում են, թե ով է որոշել այդ սահմանն, ու ինչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Նրա խոսքով՝ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ։ «Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները որոշվել են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։ Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման։ Հիմա այդ տարիներին պատգամավոր, նախարար եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչու եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։  Բա այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքի մեջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Արցախյան պատերազմի ընթացքում, վարչապետն ասաց, որ պատճառը դարձյալ այն է, որ մեր օրենքում գրված է, որ մեր սահմանն այս է․ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ «Այդ օրենքը ընդունվել է 2010-ին, ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, նախագիծը ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, ձեր սահմաններից դուրս ոնց կարող ենք միջամտություն անել։ Մենք ունենքն պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ դա լրիվ այլ հարց է, որովհետև Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է։ «Եթե մեզ ասում են, որ փաստորեն եթե այդ սահմանով ենք կանգնում, Ղարաբաղի հարցը փակում ենք, ուրեմն՝ դուք 2010-ին ընդունված օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք»,- ասաց վարչապետը։
13:26 - 21 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը: Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»: Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով: Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո: Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով: Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:   Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով: Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 21 դեկտեմբերի, 2020
Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը․ Վաղարշակ Հարությունյան

Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը․ Վաղարշակ Հարությունյան

Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունը ապահովված չէ։ Իսկ քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան Զինուժ Media-ի այն հարցին, թե արդյոք ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարո՞ղ է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։ «Ուզում եմ հիշեցնել, որ 1992 թվականին, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն, սկսել ենք գործընթաց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, հայ-ռուսական զորամիավորումով սահմանների համատեղ ապահովելու, ստորագրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուժեղացնում են մեր անվտանգությունը։ Այս բոլոր միջոցառումները, փաստաթղթերը, գործողություններն ուղղված են եղել ամրապնդելու մեր անվտանգությունը, որովհետև մենք ունենք այդպիսի սպառնալիք տարածաշրջանում։ Մենք դա տեսանք 2016թ․-ին և հիմա՝ 2020թ․-ին, երբ տեսանք որ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է ագրեսիա ոչ միայն ԼՂ-ի, այլև մեր սահմանների հանդեպ։ Եվ մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ընդգծել է նախարարը։ Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ սյունեցիների մտահոգությունը հասկանալի է, քանի որ գործընթաց է գնում, երբ հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքավորվում են։ «Ուզում եմ ասել, որ ինչ արվում է հիմա և ձեռքբերված պայմանավորվածությունը ՌԴ-ի և Ադրբեջանի հետ թույլ է տալիս ասել, որ այդ հատվածներն ապահովված են ավելի լավ։ Ինչո՞ւ․ առաջինը՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա բերում է նրան, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ անվտանգությունը այդ ճանապարհի ապահովված է»,- ասաց նա։ Մեկնաբանելով նաև Ռուսաստանի դերակատարությունը՝ Հարությունյանը նշեց, որ ՌԴ-ն հայկական և ադրբեջանական սահմանապահների հետ միասին որոշում է՝ ինչ հեռավորության վրա կանգնի իր դիտակետը։ «ՌԴ-ն ունի անցակետ, որը դրված է Գորիսի հատվածում և Դավիթ Բեկում, և բոլոր տեղաշարժերը պետք է անցնեն այդ դիտակետի միջով։ Այնպես որ, այստեղ անվտանգությունն ապահովված է։ Նույն ձևով ապահովվում է նաև Կապանի ճակատի անվտանգությունը»,- հավելեց նախարարը։ Անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների՝ հայկական բնակավայրերի մոտ լինելուն, նա ասաց, որ տեսանյութերը, որոնք ի հայտ են գալիս, եղել են մի քանի օր առաջ, այդպիսի միջադեպեր կարող են լինել, քանի որ գործընթացներ են ընթանում, և մտահոգվելու որևէ բան չկա։ 
21:52 - 20 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրից մասնակցում էր ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհվածների սգո երթին։ Նրան ուղեկցում էին ավագ դուստրն ու որդին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմանյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դեռ առավոտից Եռաբլուրում հավաքված քաղաքացիները որոշել էին արգելել վարչապետի մուտքը Պանթեոն։ Ինչ-որ պահի որոշ քաղաքացիներ նույնիսկ առարկաներ նետեցին Փաշինյանի ուղղությամբ։ Սակայն, չնայած լարված իրավիճակին ու պարբերական հրմշտոցին՝ իրավապահներն ու անվտանգության աշխատակիցներին հաջողվեց պաշտոնյաների համար ճանապարհ բացել դեպի զինվորական գերեզմանատուն։ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում, խոնարհվեց զոհերի շիրիմների առաջ, զրուցեց նրանց հարազատների հետ։ Ողջ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ մի կողմից վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», մյուս կողմից՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Փաշինյանը փորձում էր հանդարտեցնել քաղաքացիներին՝ հիշեցնելով, որ սգո արարողություն է։
16:04 - 19 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Ամենահրատապ հարցը այս պահին Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն են։ Այս մասին ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես արդեն ասել էի, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղեակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Առավել ևս ստեղծում էմոցիաներ, նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով»,- նշեց նա։ Վարչապատի խոսքով՝ իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, և այս ամենը  արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։ «Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում  վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնեց, որ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, ինչպես նաև վստահեցրեց, որ կկարողանա դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։ «Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ հայտնեց, որ մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված եղբայրների հարցը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Արցախի և Հայաստանի իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված ամենօրյա ջանքերը։ Նրա պխոսքով՝ թե՛ Արցախում, թե Հայաստանում, դեռ կան լարվածության որոշակի օջախներ։ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը, դեռ ամբողջությամբ լուծված չէ։ «Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարեցման տրամաբանության հետ, որքան էլ դժվար է, այս ամենը չպետք է մեզ մղի հուսահատության, որովհետև մեր  նահատակներն ընկել են, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրի»,- ասաց վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 13։00-ից, նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։ «Սա մի խոստում է մեր բոլոր  եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի։ Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս, և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին։ Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ միայն և միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորությունն  ստեղծելն է։ Վարչապետի խոսքով՝ մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրականացման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական իրավիճակը։ «Իսկ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց և երեխաների առաջ։ Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր և  անհնար ամեն ինչ կանենք, մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, ապրելու, արարելու Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
10:41 - 19 դեկտեմբերի, 2020
Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Այսօր՝ կեսգիշերն անց, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբույքան ուղիղ եթերի միջոցով կոչ էր անում, որ ժամը 10:00-ին բոլոր այն կամավորները, որոնք զինված են, գնան եւ միանան Շուռնուխի պաշտպանությանը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գյուղի ներքեւի թաղամասին՝ մայրուղու ներքեւում գտնվող հատվածին: «Սահմանազատումն անելուց GPS-ով են ընդառաջվելու: Իմ տունը  ներքեւի թաղի ամենացածր հատվածում է: Իմ տան բոստանից անմիջապես հետո սահմանն է լինելու: Եթե այդ հատվածը թողնեն մեզ, այդտեղ սահմանապահ չի կանգնելու: Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու»,- ասաց գյուղապետը: Քարտեզում պատկերված է Շուռնուխ գյուղը, որի՝ դեղինով գծանշված եւ մուգ կարմիրով լցված հատվածը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղապետի խոսքով՝ երեկ մեր զորքն այնտեղից վերջնականապես հանվել է, հիմա մի քանի ռուս սահմանապահներ կան տեղում, իսկ մայրուղուց պետք է օգտվեն ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները. մայրուղին պետք է վերահսկեն ռուս սահմանապահները: Գյուղի այս հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, կա 12 տնտեսություն: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու: Այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ եղելության մասին առաջիկայում պարզաբանում կտարածեն: Նարեկ Մարտիրոսյան
13:12 - 18 դեկտեմբերի, 2020
Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ․ Տիգրան Ավինյան

Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ․ Տիգրան Ավինյան

Շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված։ Այս մասին կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»,- հավելեց նա։ Ավինյանն անդրադարձավ նաև Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին, նաև այն անձանց, որոնք, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, գերեվարված են։ «Տվյալները ճշտվում են։ Այս հարցի շուրջ ևս տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ։ Մոտակա ժամանակում այս հարցի շուրջ էլ ակնկալում ենք ունենալ հանգուցալուծում»,- ասաց փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց նաև Հին Շենում տեղի ունեցած միջադեպը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջությամբ հանգուցալուծ չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը։ «Ակնկալում ենք, որ այս հարցում ևս կունենանք հանգուցալուծում»,- ասաց նա։ Փոխվարչապետը հայտնեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարտ Սյունիքում է։ «Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,- հավելեց Ավինյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ։ «Մարզպետը աշխատանքներ է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ ՊՆ գործընկերների հետ։ Իմ ստացած տեղեկության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղեբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ պետք է նշել, որ ՀՀ սահմանները ամուր և մեր ԶՈՒ-ի կողմից վերահսկելի են»,- հայտնեց Պապիկյանը։
11:26 - 17 դեկտեմբերի, 2020
Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան

Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան

Պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը պետք է հեռանա ողջ թիմով։  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն կարծիքին է, որ հարցի լուծումը արտահերթ ընտրություններն են։ Կուսակցությունը ներկայացրել է ճանապարհային քարտեզ ու առաջարկել վարչապետի թեկնածու՝ կուսակցության ու խորհրդարանական համանանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։  Infocom.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց՝ համաշխարհային ռազմական պատմությունն ունի արժանապատվության կանոն՝ համաձայն որի՝ ռազմական առաջնորդը պարտության դեպքում պետք է հեռանա․  «Տվյալ դեպքում՝ գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես իրեն սիրում է կոչել վարչապետը, եւս պետք է հեռանա, քանի որ գրանցել է պարտություն։ Սկսած Ճապոնիայից, վերջացրած հայաստանյան իրականությամբ՝ դա պետք է տեղի ունենա, որովհետեւ պատմությունը դա է պահանջում»։ Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական միջավայրում մենք գործնականում խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծել, խնդիրներ՝ նաեւ դիվանագիտական այլ հարթակներում։ Պատգամավորը շեշտեց, որ մնալով վարչապետի պոշտոնին՝ Փաշինյանը վնասում է այս պրոցեսներին, որովհետեւ դիվանագիտական հարթակում նրա ձայնը այլեւս լսելի չէ։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն անպատվում է ՀՀ վարչապետին ու նրա միջոցով, նրա ներկայությամբ՝ ամբողջ ազգին։ «Այս միջավայրում գնալ եւ բանակցել, դիվանագիտական հարցեր լուծել միջազգային հարթակներում, բնականաբար, հնարավոր չէ, եւ մենք ամեն օր գրանցելու ենք նոր պարտություն եւ գրանցում ենք, թե՛ տարածքային, թե՛ դիվանագիտական պարտություններ, որովհետեւ այդ մարդն ունակ չէ որեւէ գործ կատարել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ, միեւնույն ժամանակ, եթե հիմա կազմակերպվեն ընտրություններ, դա չի լինի ռացիոնալ միջավայրում իրականացված գործընթաց, որովհետեւ հանրությունը նյարդայնացած է, հուզական․ «Այն վիճակն է, ինչ 2018 թվականին։ Այն ժամանակ էլ էինք ասում, որ հրատապ ընտրություն պետք չէ կազմակերպել։ Բնականաբար, ընտրության արդյունքները չեն համապատասխանելու հասարակության ռացիոնալ մտքին, կամարտահայտմանը, ավելին՝ այսօր հանրապետությունում կան նաեւ այսպես կոչված ռազմական խմբեր, որոնք ազդելու են ընտրությունների ելքի վրա։ Մեզ ժամանակ է պետք, որ կայունանա մթնոլորտը, բայց այդ ընթացքում չենք կարող սպասել, որ վարչապետը պաշտոնավարի, որովհետեւ սրան զուգահեռ՝ ունենք դիվանագիտական խնդիրներ, որոնք, ինչպես նշեցի, ունակ չէ լուծել»։ ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պետք է ձեւավորվի անցումային կառավարություն՝ անցումային վարչապետով, որի հիմնական խնդիրը պետք է լինի մի կողմից դիվանագիտական հարթակներում հայկական շահը առաջ տանելը եւ շարունակական պարտություններին վերջ դնելը, մյուս կողմից՝ հանրության մեջ կայուն վիճակ ապահովելը։  Անդրադառնալով հարցին՝ արդոք անհրաժե՞շտ չէ մինչեւ արտահերթ ընտրությունները փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, Սիմոնյանը պատասխանեց․ «Ռեյտինգային համակարգով գործող ԸՕ-ն, բնականաբար, շատ մեծ թերություններ ունեցող օրենսդրություն է, եւ այսօրվա խնդիրները պայմանավորված են նաեւ դրանով, որովհետեւ այսօր 132 պատգամավորից չգիտեմ քանիսն են կարողանում ժողովրդի կամքն արտահայտել, եւ հատկապես իշխանական խմբակցության 88 պատգամավորներից։ Մենք ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ, մեկ անձի ընտրելով, մարդիկ ընտրում են 88 հոգի, որոնց չեն էլ ճանաչում։ Բնականաբար, սա սխալ է, բայց ես վախենամ, որ փոփոխություններ իրականացնելիս ավելի վատ ճանապարհով գնան եւ արդյունքում բացառվի ընդհանրապես մարդ ընտրելը, ընտրեն միայն կուսակցություն եւ միայն կուսակցության առաջնորդ։ Եվ այդ առաջնորդը իր հետեւից բերի մի խումբ մարդկանց, որոնց հասարակությունը չի էլ ճանաչում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք առաջարկել էին բաց ցուցակներով ընտրություն կազմակերպել, երբ կուսակցությունն է մասնակցում ընտրությանը՝ բաց ցուցակներով, եւ քաղաքացին հնարավորություն ունի ընտրել կոնկրետ մարդկանց։  Ինչ վերաբերում է Արցախի հարցով բանակցություններին՝ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ հիմա որեւէ այլ ձեւաչափ չկա, բացի Մինսկի խմբի շրջանակը, որը ՄԱԿ անվտանգության խորհրդից մանդատ է ստացել այս խնդրով զբաղվելու համար։ Պատգամավորի խոսքով՝ պետք է հաշվի նստել դրա հետ եւ օգտագործել Մինսկի խմբի տված հնարավորությունները՝ ինչպիսին էլ լինեն։ Սիմոնյանը չհերքեց, որ այս առումով բարդ եւ դժվար է լինելու, որովհետեւ 25 տարվա բանակցային գործընթացում թերություններով արված աշխատանքն էլ է ջուրն ընկել։ Նա չբացառեց, որ բանակցությունները կարող են սկսվել ոչ թե զրոյական, այլ մինուսական կետից, սակայն ամեն դեպքում պետք է հաշվի առնել հայկական շահը, առավելապես՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անբեկանելի լինելը․ «Այն, որ պատերազմում պարտվել ենք, չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակառակը՝ հիմա ավելի շատ ապացույցներ կան, որ Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ Ադրբեջանի իշխանության ներքո, հետեւաբար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որեւէ պարագայում։ Այս միտքը մեր ուղեղում՝ պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը տվել է ապացույցների հաստափոր մի դրամապանակ, որով փաստվում է, որ եթե Արցախի ժողովուրդը մնաց Ադրբաջնի կազմում, ապա նրան սպասում է ցեղասպանություն»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ պետք է աշխատենք այս ուղղությամբ՝ օգտագործելով Մինսկի խմբի ձեւաչափը, իսկ հետագայում, եթե այլ ձեւաչափեր լինեն, դրանք եւս։  Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անի ապագա կառավարող ուժը՝ ԼՀԿ ճանապարհային քարտեզում նշված կետերից մեկի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման համար, Սիմոնյանը պատասխանեց, որ առաջնային է հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրային բազայի վերանայումը։ Ըստ Սիմոնյանի՝ այն պետք է հարմարեցվի առկա իրավիճակին, որովհետեւ, չնայած այն մի քանի անգամ թարմացվել է, բայց հիմա այլ իրականության մեջ ենք եւ այդ պայմանագրային բազան չի համապատասխանում այսօրվա վիճակին․ «Մեր կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման առաջին քայլը պետք է լինի այդ ռազմաքաղաքական պայմանագրային բազայի մշակումը։ Այն պետք է ֆիքսի այսօրվա առկա իրավիճակը, խորացնի ռազմական հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, եւ կամ այդկերպ կարողանանք հարմարվել առկա իրավիճակին, կամ իրավիճակից քաղենք առավելագույնը՝ հայկական շահը սպասարկելու համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։ Ասպրամ Փարսադանյան
19:59 - 16 դեկտեմբերի, 2020
Համայնքների խոշորացման նպատակը ոչ թե գումար տնտեսելն էր, այլ ապակենտրոնացման գործընթացը․ Վահան Մովսիսյան

Համայնքների խոշորացման նպատակը ոչ թե գումար տնտեսելն էր, այլ ապակենտրոնացման գործընթացը․ Վահան Մովսիսյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Պարո՛ն Մովսիսյան, համայնքների խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվեցին դրամական որոշ միջոցներ, հիմա նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքով համայքներին դոտացիաներ տրամադրելիս հաշվի է առնվում բազմաբնակավայրության գործոնը։ Արդյոք այս ամենն էականորեն մեծացրե՞լ է համայնքների բյուջեները, և կարելի՞ է ասել, որ համայնքների խոշորացումը ֆինանսական առումով արդյունավետ էր։ - Իհարկե, բայց մի վերապահումով: Երբ ասում եք՝ կրճատվեցին, ինչի հետևանքով ֆինանսական միջոցներ տնտեսվեցին, ապա պետք է հասկանալ, որ այդ տնտեսվելը հարաբերական հասկացություն է։ Տնտեսվեց ինչի՞ համար, տնտեսվեց աշխատավարձերի ֆոնդո՞վ, թե՞ կառավարչական ծախսերով։ Շատ ու շատ համայնքների օրինակ կարող եմ բերել, երբ այդ կրճատման հաշվին մի ուրիշ գյուղում մանկապարտեզի խմբակ բացվեց, որն այդ պահին ավելի կարևոր էր, քան մի քանի ավելորդ հաստիքների աշխատավարձերը։ Այսինքն, տնտեսում ասվածը դիտարկվում է հետևյալ կերպ․ ավելանում է գումար, որով հետո կարող ես ինչ-որ ներդրումներ անել։ Իհարկե, ներդրումներն էլ են ավելացել, որովհետև հիմա սուբվենցիոն ծրագրերի շահառուները հիմնականում խոշորացված համայքներն են։ Բայց խոշորացման գործընթացի նպատակը չի եղել գումար տնտեսելը․ դա ուղղակի արդյունք է, որը շատ լավ է։ Նպատակն ավելի բարձր է․ նպատակն ապակենտրոնացման գործընթացն է։ - Խոշորացումից առաջ կարևորվում էր համայնքների համաչափ զարգացումը։ Խոշորացված համայնքները կարո՞ղ են համաչափ զարգանալ, եթե հաշվի առնենք, որ դրանք բնակավայերի թվաքանակի առումով շատ տարբեր են․ մի դեպքում միավորվել է երկու բակավայր, մեկ այլ դեպքում՝ երեսուներկու։ - Այո՛, դա թերություններից մեկն է, որովհետև խոշորացումը չի կարող տեղի ունենալ ինքնակամ․ չի կարող մի դեպքում 4 բնակավայրից ձևավորվել Գորայքը, և մյուս դեպքում երեսուներկու բնակավայրից՝ Սիսիանը։ Սրանք հարևան համայնքներ են․ մեկում 35 հազար բնակիչ կա, մյուսում՝ 1600։ Դրանք ապակենտրոնացման գործընթացին խանգարող գործոններն են։ - Այդ դեպքում ի՞նչ է պետք անել, որ համայնքները համաչափ զարգանան։ - Համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է։ Այս պահին, ունակություն ասելով, մենք պետք է հասկանանք ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև ենթակառուցվածքային ունակությունները, հողային ռեսուրսները, բնակչության թվաքանակը, որովհետև մասշտաբի էֆեկտի հասկացություն գոյություն ունի․ եթե դու մեծ համայնքներ ես ձևավորում, ավելի էֆեկտիվ է սկսում աշխատել։ Մենք պետք է նաև հասկանանք, որ շատ մեծ համայնքներ ձևավորելու դեպքում մասնակցայնության գործընթացն է սկսում տուժել։ Որպեսզի կարողանանք ապակենտրոնացում իրականացնել, համայնքները պետք է հավասարաչափ զարգանան, իսկ հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են։ - Արդյո՞ք խոշորացված համայնքի կենտրոնը սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի հավասարապես բոլոր բնակավայրերում։ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրում, օրինակ, գյուղամիջյան ճանապարհները շատ վատ վիճակում են, բայց համայնքային կենտրոն Դիլիջանում են սուբվենցիան ծրագրով փողոցներ ասֆալտապատվում։ - Ձեր ասածը պետք է վերլուծել, ոորվհետև եթե մենք վերլուծում ենք միայն այն առումով, որ համայնքային կենտրոն է, սխալվում ենք։ Օրինակ, եթե վերցնենք, որ Դիլիջանը 15 հազարից ավելի բնակիչ ունի, իսկ Աղավնավանքը, որը Դիլիջանի բնակավայրերից է, 220 բնակիչ ունի, ապա ակնհայտ է, որ առաջնահերթ պետք է փորձենք ներդրում անել այնտեղ, որտեղ շահառուների քանակն ավելի շատ է։ Վերանորոգենք մի ճանապար, որով 16 հազար մարդ իրենց մեքենաներով կանցնե՞ն, թե՞ մի ճանապարհ, որից 200 մարդ կօգտվի։ Եվ եթե սկսում ենք առաջնահերթություններով դիտարկել, այս դեպքում հարցը կենտրոնի խնդիրը չէ, այլ ավելի շատ շահառուների քանակի խնդիրն է, ինչն, օրինակ, Մեղրի խոշորացված համայնքի տարբերակում հստակ երևում է։ Մենք այս համայնքում ունենք Մեղրի բնակավայրը, նաև ունենք բնակչության նույն թվով Ագարակ բնակավայրը, և կտեսնենք, որ այնտեղ մոտավորապես հավասար է լինում, որովհետև այդ համայնքների բնակչություններն էլ են հավասար։ Բայց այտեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Բանն այն է, որ քաղաքային համայնքները կամ խոշոր համայնքները, որոնք դարձել են համայնքային կենտրոններ, ենթակառուցվածքներ քիչ թե շատ ունեն, իսկ մնացած բնակավայրերը չունեն։ Սա է պատճառը, որ խոշորացման գործընթացում հաճախ ավելի շատ բողոքում են համայնքային կենտրոնի բնակիչները՝ ասելով, որ իրենց համայնքի բյուջեի գումարները, որոնք առաջ միայն իրենց վրա էին ծախսվում, հիմա ծախսվում են նաև հեռավոր փոքր բնակավայրերի վրա։ Սա ավագանու գործն է, և ավագանին ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի ճիշտ ներդրումներ անել։ Բայց միշտ հարց կառաջանա․ մի դեպքում կենտրոնը կբողոքի, որ գումարները գնում են ծայրամաս, մյուս դեպքում ծայրամասը կբողոքի, որ ներդրում կենտրոնում են անում։ Սա միշտ լինելու է և ամբողջ աշխարհում գոյություն ունի։ Ամբողջ հարցը հետևյալն է․ այնքան շատ ներդրում է պետք անել, իսկ ֆինանսական միջոցներն այնքան քիչ են, որ միշտ անհամաձայնություն, դժգոհություն է առաջանալու։ - Մասշտաբի էֆեկտը ենթադրում էր, որ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը պիտի լավանա, ենթակառուցվածքները պիտի շատանան։ Առաջին խոշորացումից բավականին ժամանակ է անցել․ ըստ Ձեզ՝ խոշորացված համայնքներում ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիության առումով դրական փոփոխություններ նկատվո՞ւմ են։ Իհարկե, նկատվում են։ Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլ համայնքի բոլոր բնակավայրերին։ Եթե Արենի համայնքում տեսնեք նրանց գրեյդերը, որը մնացած բոլոր համայնքների դաշտամիջյան ճանապարհներն է կարգավորում, կհասկանաք, որ Արենի համայնքում առանձին փոքր բնակավայրերը, ինչպիսիք Չիվան և Ռինդն են, միայնակ այդ սաքրից ունենալ չէին կարող։ Սա հենց մասշտաբի էֆեկտն է։  - Կառավարությունը նախատեսում է խոշորացման գործընթացի ավարտից հետո մարզպետարանների որոշ լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ձեր պատկերացմամբ՝ կոնկրետ ո՞ր լիազորությունները պետք է փոխանցվեն ՏԻՄ-երին, և գործընթացի ավարտից հետո մարզպետարանները ի՞նչ դեր պետք է ունենան։ - Դա քաղաքական որոշում է, և կարող է իրականացնել միայն Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացնելուց հետո։ Իմ անձնական կարծիքը հետևյալն է․ ես կուզենայի, որ, ինչպես ամբողջ աշխարհում, ՏԻՄ-երին փոխանցվեին հանրային ծառայությունների այն տեսակները, որոնք ի վերուստ համայնքային են, տեղական են՝ կրթությունն ամբողջությամբ, առողջապահությունը՝ բացի պրոֆեսիոնալ առողջապահությունից, և սոցիալական ապահովության համակարգը (խոսքը չի վերաբերում թոշակներին)։  Այս երեքը առաջնահերթ փոխանցման անհրաժեշտություն ունեն։ Եվրոպական երկրների մեծամասնությունում դրանք վաղուց ՏԻՄ-երն են իրականացնում։ - Արդյո՞ք մեր ՏԻՄ-երն այնքան կայացած են, որ կարողանան այդ ոլորտների պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։ - Եթե, կայացած ասելով, նկատի ունեք ֆինանսական մասը, ապա պետք է հաշվի առնել, որ  ապակենտրոնացում նշանակում է տալ լիազորությունը, գումարն էլ հետը։ Այսինքն, միևնույն է, այդ դպրոցը հիմա ինչ-որ տեղից ֆինանսավորում ստանում է, այդ նույնը պետք է փոխարենը ինչ-որ ճանապարհով դառնա համայնքային գումար, և համայնքը ֆինանսավորի։ Սա վերաբերում է ֆինանսական ապակենտրոնացմանը։ Իսկ եթե Դուք նկատի ունեք կառավարումը՝ համապատասխան մասնագետների կամ ունակությունների առկայությունը, ինչը համայնքներում  կարող է չլինել, ապա խոշորացման գործընթացը հենց նրա համար է, որ այդ ունակությունները ձևավորվեն ոչ թե 300, 500 կամ 1000 բնակչության տիրույթում, այլ՝ 15000, 20000։ Այս պայմաններում հաստատ հնարավոր կլինի նման մարդկանց գտնել։ Մարզային աշխատակիցները, որոնք այդ ունակությունն ունեն ու սպասարկում են, մարզպետարաններից այդ լիազորությունները վերցնելուց հետո ազատվելու են, հետևաբար կարող են տեղավոխվել համայնքներ և աշխատել, եթե, իհարկե, տրանսպորտային մատչելիության խնդիրը լուծվի։ Չեմ կարծում, որ Արագածոտնի մարզպետարանից պետք է գնան, ասենք, Ալագյազում աշխատեն, բայց հաստատ Աշտարակ քաղաքի կամ կողքի մյուս համայնքներում այդ խնդիրը կլուծվի, կմնան ավելի հեռու համայնքները, որոնց համար կարելի է կադրեր վերապատրաստել։ Եթե տիրույթը մեծ է, ընտրությունն էլ է ավելի մեծ։ - Համայնքի ավագանին բյուջեի բաշխման գործում մեծ դեր ունի։ Բայց կան բնակավայրեր, որոնք ավագանու կազմում ներկյացուցիչ չունեն։ Սա չի՞ խանգարում, որ բյուջեն բոլոր բնակավայրերի միջև օբյեկտիվորեն բաշխվի։ - Առերևույթ թվում է, թե կարող է խանգարել։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև եթե հարցը ոչ միայն բյուջեի, այլև ներկայացնելու, բնակավայրի խնդիրը ավագանու նիստ բերելու մասին է, ապա պետք է հիշել, որ ավագանու նիստի օրակարգ հարց կարող է բերել ոչ միայն ավագանու անդամը, այլ նաև բնակավայրի վարչական ղեկավարը։ - Բայց չէ՞որ վարչական ղեկավարը քվեարկելու կամ բյուջեն տնօրինելու իրավունք չունի։ - Բայց հարցը  ներկայացնելու իրավունք ունի։ Հաջորդ ընտրություններին ավագանին ձևավորվելու է համամասնական սկզբունքով, ինչը ենթադրում է ունենալ ոչ թե ավագանու անհատ  անդամի դիրքորոշում, այլ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, որը մեծամասնություն կկազմի։ - Այսինքն՝ համամասնական ընտրակարգով ձևավորվելու դեպքում ավագանու աշխատանքի որակը կլավանա՞։ - Իհարկե, եթե դառնա քաղաքական պատասխանատվության կրող մարմին, այս դեպքում արդեն չենք ասի՝ Պողոսյան Պողոսը վատ աշխատեց և մեր գյուղում որևէ բան քիչ կատարվեց, այլ կասենք՝ այսինչ կուսակցությունն անտեսեց մեր համայնքը, ինչի պատճառով մենք չունեցանք ոչ մի առաջընթաց։ Սա քաղաքական կուսակցության համար հարվածի առարկա կլինի, և կուսակցությունները կաշխատեն այնպես անել, որ այդպես չլինի, որովհետև հաջորդ ընտրություններ կան, քաղաքական իմիջի խնդիր կա, հանրապետական ընտրություններին մասնակցելու հարց կա։    Աննա Սահակյան
16:32 - 15 դեկտեմբերի, 2020
Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիան ընթանալու է մինչև Երևանի Կենտրոն։ Նրանց ուղեկցում են ոստիկանական ուժեր։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ընթերցեց «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորների անունները, որոնք ընտրվել են Արաբկիր վարչական շրջանից՝ նրանց կոչ անելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։  «Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա վարչապետի պաշտոնից, ապա մենք միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք նրանից։ Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ունեն հստակ ծրագիր։ Անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռօրյա սուգ է լինելու դեկտեմբերի 19-ից՝ նա ասաց, որ նա, իմանալով իրենց հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ՝ նշեկով, որ վարչապետը «նույնիսկ սուգն է օգտագործում քաղաքական նպատակների համար»։
17:38 - 14 դեկտեմբերի, 2020
Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, եւ հիշատակի այլ միջոցառումներ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ։ «Այդ օրվա դրությամբ, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլեւս չի կարելի հետաձգել։ Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան»,- նշեց նա։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք իրագործում են ներկայացված ճանապարհային քարտեզի մյուս դրույթները՝ հավելելով, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագաները երկարատեւ դադարից հետո այցելել են տարածաշրջան․ ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերականգնում ճանապարհային քարտեզի առաջին կետն էր։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցաջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար։ «Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել ՀՀ-ի եւ ՀՀ-ի ժողովրդի դեմ։ Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում խուճապ ստեղծելն է։ Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավականին բարդ է, բայց մեր առաջնային խնդիրը Հայաստանում եւ Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը խնդիր է առաջադրել, որ պաշտոնական տեղեկությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին եւ ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները։ Կան իրավիճակներ, որոնք, վարչապետի խոսքով, դեռ զարգացող են, եւ դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը երբեմն հապաղում է, քանի որ իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա դրանց արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնական տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ «Որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ընդգծեց, որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել «միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»։ «Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
12:26 - 14 դեկտեմբերի, 2020