Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան
10:41 - 19 դեկտեմբերի, 2020

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Ամենահրատապ հարցը այս պահին Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն են։ Այս մասին ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես արդեն ասել էի, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղեակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Առավել ևս ստեղծում էմոցիաներ, նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով»,- նշեց նա։

Վարչապատի խոսքով՝ իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, և այս ամենը  արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։

«Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում  վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։

«Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- հավելեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնեց, որ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, ինչպես նաև վստահեցրեց, որ կկարողանա դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։

«Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը դարձյալ հայտնեց, որ մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված եղբայրների հարցը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Արցախի և Հայաստանի իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված ամենօրյա ջանքերը։ Նրա պխոսքով՝ թե՛ Արցախում, թե Հայաստանում, դեռ կան լարվածության որոշակի օջախներ։ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը, դեռ ամբողջությամբ լուծված չէ։

«Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարեցման տրամաբանության հետ, որքան էլ դժվար է, այս ամենը չպետք է մեզ մղի հուսահատության, որովհետև մեր  նահատակներն ընկել են, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրի»,- ասաց վարչապետը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 13։00-ից, նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։

«Սա մի խոստում է մեր բոլոր  եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի։ Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս, և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին։ Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ միայն և միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորությունն  ստեղծելն է։

Վարչապետի խոսքով՝ մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրականացման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական իրավիճակը։

«Իսկ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց և երեխաների առաջ։ Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր և  անհնար ամեն ինչ կանենք, մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, ապրելու, արարելու Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել