Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին
14:19 - 22 դեկտեմբերի, 2020

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Այսօր իմ գործընկերները խնդրել էին, որ ես ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագրեր պետք է իրականացնի․ ես պատրաստեցի թուղթը, մոտս դրեցի, բայց որ եկա այստեղ, զգացի, որ այս պահին դա չէ կարևորը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա ընտրություններ չէ, որ ծրագրերի պայքար գնա։ Մի կողմում՝ հայրենիքի կործանում, մյուսում՝ հայրենիքի վերականգնում։ Մինչ այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի ինքնս ինձ համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որովհետև ես այս պետության հիմադիրներից մեկն եմ եղել և իմ վրա պատասխանատվություն էի զգում, ար այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտության հետո՝ նույն գիշերը, չշպրտեցինք դուրս։ Բայց այսօր նայում եմ ձեր աչքերին ու հպարտ եմ, նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և այս տարիների ընթացքում էլ հպարտ նայում է դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք։ Բայց այն, ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,- ասաց Մանուկյանը։

Նա վստահեցրեց, որ ոչ միայն կվերականգնեն անցյալը, այլև այդ անցյալը կուղղեն, կկառուցեն պետությունը, որի մասին երազում էին, ոչ թե այն, ինչ ստացան։

«Մի մտածեք, որ մի ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը։ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,- նշեց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել