Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան
13:26 - 21 դեկտեմբերի, 2020

Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպում ունենալու քաղաքացիների հետ և պատասխանելու նրանց հարցրեին։

Առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ շրջելով՝ վարչապետը զրուցեց քաղաքացիների հետ, այնուհետև հասնելով Սիսիանի հրապարակ՝ դիմեց հավաքված տասնյակ քաղաքացիներին և անդրադարձավ Սյունիքի սահմաններին տեղի ունեցող գործընթացներին։

«Երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք ՀՀ սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ իրենց ասում են, թե ով է որոշել այդ սահմանն, ու ինչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Նրա խոսքով՝ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ։

«Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները որոշվել են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։ Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման։ Հիմա այդ տարիներին պատգամավոր, նախարար եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչու եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։  Բա այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքի մեջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Արցախյան պատերազմի ընթացքում, վարչապետն ասաց, որ պատճառը դարձյալ այն է, որ մեր օրենքում գրված է, որ մեր սահմանն այս է․ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։

«Այդ օրենքը ընդունվել է 2010-ին, ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, նախագիծը ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, ձեր սահմաններից դուրս ոնց կարող ենք միջամտություն անել։ Մենք ունենքն պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ դա լրիվ այլ հարց է, որովհետև Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է։

«Եթե մեզ ասում են, որ փաստորեն եթե այդ սահմանով ենք կանգնում, Ղարաբաղի հարցը փակում ենք, ուրեմն՝ դուք 2010-ին ընդունված օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել