Ինֆոքոմ

Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Սոցցանցերի հայաստանյան տիրույթում այսօրվա ընթացքում ակտիվորեն տարածվում է մի լուր, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Վրաստանի Բաթումը, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Այս տեղեկությունն իր էջում հրապարակել էր նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, սակայն ավելի ուշ հեռացրեց գրառումը՝ չնայած հայալեզու որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Սարգսյանի գրառումը, լուրն արդեն տարածել էին։ Էրդողանն իրականում այսպիսի հայտարարություն արել է շուրջ չորս տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ (տեսանյութում ելույթի այդ հատվածը՝ սկսած 30-րդ րոպեից): Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հետաքրքրում Կիպրոսը, Սիրիան, Վրաստանը եւ մնացած երկրները, ասել է, որ իրեն հետաքրքրում են աշխարհի այն անկյունները, որտեղ կան իրենց մշակույթի մասնիկները: «Ինձ հետաքրքրում են Թուրքիան, Ղարաբաղը, Կիպրոսը, Իրաքը, Ղրիմը, Բոսնիան, ինչպես նաեւ մյուս եղբայր երկրները: Մենք ունենք այս երկրներով հետաքրքվելու բոլոր իրավունքները, եւ որ օրը չհետաքրքվենք դրանցով, կկորցնենք մեր ապագան։ Մենք նախ պետք է հավատանք մեզ, մեր ուժերին, մեր պատմությանը»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը ելույթում նաեւ ուղիղ չի շեշտել, թե դրանք պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Նա միայն ասել է, որ հետաքրքրված է այդ տարածքներով: Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվող լուրն առնվազն չորս տարվա վաղեմություն ունի․ Էրդողանն այսօր Բաթումի՝ Թուրքիայի սահմանների մեջ մտնելու մասին որեւէ հայտարարություն չի արել։ Աննա Պալաքյան
19:08 - 07 նոյեմբերի, 2020
Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- ասաց նա:  Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: «Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն»,- նշեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Առանձին ճանապարհներով դեպի Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: «Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվե՛ք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,- նշեց նա: Հովհաննիսկանն ասաց, որ տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ինքը խոսել է, շատ հստակ բառապաշարով ասել են, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: «Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է․ մարտերը շարունակվում են։ Չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու-երեք օրը դեպի Շուշի հակառակորդի ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին: «Տեսաք այսօրվա տեսանյութից, որ հիմնականում մարտավարական, վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր: Էլիտար ստորաբաժանումներ են, որոնց տրված է համապատասխան ուժեղացում` որպես կանոն թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա, լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել, իրենց աջակցում է հիմնականում  հրետանին, բայց այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն»,- ասաց նա:  Պաշտպանության նախարարության ներկայացուցիրը նշեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել: «Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները)  ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար»,- ասաց նա։ Անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, թե թուրքական հետախուզությունը մասնակցում է ԼՂ իրադարձություններին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ: Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»:  Վերջում Հովհաննիսյանը շեշտեց, որ պատերազմը շարունակվում է, պատերազմը առանձին վերցրած` Քարինտակի մարտը չէ, Շուշիի ճակատամարտը չէ, և կոչ արեց վստահել մեր բանակին: 
23:01 - 06 նոյեմբերի, 2020
Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան

Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ»,- նշեց նա:  Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ:   «Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր գիշեր էլ մարտեր կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նա նշեց, որ նախորդ գիշեր եղել է Արցախում, որտեղ դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին:  «Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը` լինեն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մշտական կազմից, թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ  դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է»,- ասաց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացել է տեղեկություն, ըստ որի՝ հակառակորդի մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, չեզոքացվել է, ոմանք հասցրել են փախչել:  Անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը, թե 80 լրագրողներ Ստեփանակերտում հայտնվել են թակարդում և առանց իրենց կյանքը վտանգելու՝ չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակված կրակի պատճառով՝ Հովհաննիսյանն ասաց․ «Առաջին անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցինեը: Ինչ վերաբերում է լրագրողների հետ աշխատանքին, ես երեկ անձամբ շփվեցի նրանցից շատերի հետ: ՊԲ-ն, Արցախի իշխանություններն աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել, շարունակում են աշխատել, որևէ խոչընդոտող բան չկա։ Այլ հարց է, որ կարող են թիրախավորվել: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան, որևէ վտանգ` կոնկրետ ճանապարհները փակելու մասով, չկա»:   Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բերձորի ուղղության ճանապարհը քաղաքացիների համար դեռ փակ է, չնայած ճանապարհը Լիսագորի հատվածում այսօր մեր ստորաբաժանումների կողմից մաքրվել է, և համապատասխան պարեկություն  է կատարվում։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդը այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն խոցվել է հակառակորդի մի քանի մեքենա, այդ թվում` անձնակազմով բեռնված, և հակառակորդն այդ ուղղությունից ևս հետ է շպրտվել: 
23:13 - 05 նոյեմբերի, 2020
Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը վերադարձել էր Արցախի Հանրապետությունից, նշեց, որ առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է: «Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով․ մոտավորապես վաշտային մարտավարական խմբեր մի քանի միավոր զրահատեխնիկայով Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ, կորցնելով մի քանի միավոր տեխնիկա` հետ են շպրտվել»,- հայտնեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացնում է, որ հարձակվում են Շուշիի վրա, սակայն ինքը զարմացած է, քանի որ  պատերազմի այդպիսի ձև չկա, երբ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: «Ի՞նչ է նշանակում հարձակում, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, խումբ է՝ 15-20 հոգանոց, խփում ենք, փախչում են այլ ուղղությամբ: Խիտ անտառ է՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող, մաքսիմում՝ փոքր զրահամեքենաներ: Նորից շրջանցում են մի այլ տեղից, փորձում են գտնել դիմադրության թույլ կետեր, գյուղեր մտնել, վնասել, դրոշներ դնել, նկարվել: Հետո մոտենում են մեր տղաները, խփում են, նորից փախչում են (հակառակորդը- խմբ․)՝ տալով մեկ-երկու զոհ, վիրավոր»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդի պայմանական հարձակվողների վիճակը այնքան էլ լավ չէ, քանի որ խմբավորման այդ ծավալով, հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։ «Այսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ մտնեն Շուշի. Մագլցողները փոքր խմբեր են՝ 5-10, մաքսիմում՝ 20 հոգանոց: Խփում ես, մոտենում ես, տեսնում` բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակի են, սիմվոլիկ մի բան են ուզում անել․ նկարեն, որ Շուշի մեկը մտավ, դրոշ դրեց: Չեն կարողանում: Այս իրավիճակն իրենց համար կարող էր միանգամից փոխվել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց: Իրենց խմբավորումը կփրկվեր առանձին կոտորվելու ճակատագրից: Չստացվեց»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Լիսագորի ուղղությամբ՝ դեպի Շուշի, դիվերսիոն խմբեր կան։ «Երեկ մեր ԱԹՍ-ից նկարած հայտնի տեսանյութը հենց էդ ուղղությամբ էր: Այսօր՝ ամբողջ օրը, ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- նշեց նա։   Մանրամասները՝ տեսանյութում։  
21:47 - 05 նոյեմբերի, 2020
Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Ռուսական «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը թվիթերի իր միկրոբլոգում երկու օր առաջ գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համար։ «Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ Վիեաննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձկումից հետո՝ The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար»,- գրել է Սոլովյովը։ Այնինչ, այս գրառումն իրականության հետ աղերս չունի։ Փաշինյանը, մասնավորապես, խոսելով Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնության մասին, The Jerusalem Post-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Իսրայելը հայտնվել է միեւնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, եւ, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետեւանքով։ Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: Հարցազրույցի նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, հայտնի դարձավ, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին (հրեական աղոթատուն) հարող տարածքում տեղի է ունեցել ահաբեկչություն․ մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:  Այս դեպքից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում գրեց՝ ցավում է, որ հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով։ Փաստորեն, Սոլովյովը սխալ է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Ռուս մեկնաբանի թվիթերյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը մատնանշել են, որ ՀՀ վարչապետը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ցավով արձանագրել է տեղի ունեցածը։ Այն, որ Սալավյովը ոչ թե վրիպել է, այլ դիտմամբ է սխալ ներկայացրել եղելությունը, փաստում է հանգամանքը, որ նույնիսկ այդ մեկնաբանություններից հետո նա ոչ ուղղել, եւ ոչ էլ հեռացրել է իր գրառումը։ Բացի այս, նույնիսկ Google-ի ավտոմատ համակարգի միջոցով Փաշինյանի անգլերեն գրառումը ռուսերեն թարգմանելիս «ցավալի» բառը «ներողություն» չի դառնում։ Նշենք, որ Փաշինյանն այս երկու օրերի ընթացքում որեւէ այլ հարթակում եւս ներողություն չի խնդրել իր հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Հայարփի Բաղդասարյան
15:17 - 05 նոյեմբերի, 2020
Ամուր թիկունք. որտե՞ղ են անհրաժեշտ կամավորներ

Ամուր թիկունք. որտե՞ղ են անհրաժեշտ կամավորներ

Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում մարտի դաշտում չեղողներն ինքնակազմակերպվում են թիկունքում․ քողարկող ցանցեր են գործում, տաք գուլպաներ, քնապարկեր են կարում, գլխարկներ, անհրաժեշտ մթերքներ ու դեղորայք են հավաքում։ Յուրաքանչյուրն օգնում է՝ ինչպես կարող է։  Infocom-ը հավաքագրել է, թե այս օրերին կամավորական ինչ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Ստորեւ ներկայացնում ենք թարմացվող ցանկ, որից կարող եք ընտրել՝ ինչ աշխատանքներում ներգրավվեք, ուր գնաք եւ ում դիմեք։  Քաղաքացի Անդրանիկ Գեւորգյանին շտապ անհրաժեշտ են բեռնատար ավտոմեքենաներ ունեցող կամավորներ: Անհրաժեշտ են նաեւ ֆիզիկական աշխատանք կատարող (անվադողերի տեղափոխում) կամավորներ:Հասցե` Էրեբունի թաղամասՀեռ` +374 77 833-381 Մարզահամերգային համալիրում դեղերի տեսակավորման եւ տեղավորման համար անհրաժեշտ են 10 տղա կամավորներ: Աշխատանքն ամենօրյա է` սկսած ժամը 09:30-ից:Հեռ.` +374 77 71-10-56Հասցե` Լենինգրադյան փողոց 1 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են կամավորներ հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն), խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառությունԱշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK ), խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն, ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը), Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։Հեռ.՝ +374 12 250-286՝ ամեն օր 12:00 – 18:00 Էլ. հասցե՝ [email protected] Esterox ընկերության Giver նախաձեռնությանն անհրաժեշտ են կամավորներ՝ հատկապես մարզերից, ընտանիքներին սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ հասցնելու համար: Անհրաժեշտ են նաեւ վարորդներ եւ ադմինիստրատիվ աշխատակիցներ:Էլ․ հասցե՝ [email protected]Կայք՝ www.giver.amՀեռ․՝ +374 55 665-305 Բռունցք 2020 ՀԿ-ին անհրաժեշտ են Արցախից եկած ընտանիքների համար հավաքագրված նպարեղենը եւ հագուստը տեսակավորող կամավորներ: Հասցե` շտաբ-պահեստ՝ Երեւան, Արաբկիր 27փ․ 1/6 շենք հասցեով (RIO Mall-ի հարեւանությամբ)։Հեռ` +374 95 430-707 Քաղաքացի Աննա Ասատրյանին անհրաժեշտ են կամավորներ՝ զինվորներին անհրաժեշտ պարագաներ՝ վերմակներ, քնապարկեր, տակաշորեր կարելու համար: Ցանկալի է, որ կամավորները կարել իմանան կամ որոշ չափով ծանոթ լինեն մեքենային:Հասցե`  Էրեբունի, ՄուշավանՀեռ.` +374 94 434-901  Մարզահամերգային համալիրում անհրաժեշտ են կամավորներ՝ սնունդ փաթեթավորելու համար:Հասցե՝ Լենինգրադյան փողոց 1Հեռ.` +374 99 375-353 Քաղաքացի Ռաֆայել Բաղյանը գրել է, որ սոցիալական ցանցերում աշխատելու համար անհրաժեշտ են կամավորներ` ադրբեջաներենի իմացությամբ: Հեռ.` +374 95 177-005 Փիլատելփիա ՀԿ-ին անհրաժեշտ են կամավորներ, որոնք Արցախից եկած երեխաներին կսովորեցնեն նկարչություն եւ խեցեգործություն:Հասցե` Ավան-ԱռինջՀեռ.` +374 91 910-650         +374 94 940-650 Արտլանչին անհրաժեշտ են կամավորներ՝ սննդի պիտակավորման եւ փաթեթավորման համար:Հասցե` Բաբաջանյան  40/1Հեռ.` +374 55 952-885 Քաղաքացի Արտակ Գեւորգյանին անհրաժեշտ են UPS սարքեր դասավորող եւ դասակարգող կամավորներ: Գրանցվել կարող եք այստեղ:Հասցե` Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկԱշխ. ժամեր` առավոտյան 11:00-ից սկսածՀեռ` +374 55 852-434 Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամին անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող եւ նրանց զբոսանքը կազմակերպող կամավորներ:Հեռ.` +374 77 148-863 Հակոբ Կոջոյան կրթահամալիրին անհրաժեշտ են ներքնակներ կարող եւ քողարկող ցանցեր գործող կամավորներ:Հասցե` Մաշտոցի պողոտա, 2ա շենքՀեռ.` +374 91 806-301 «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանն անհրաժեշտ են թուղթ տեսակավորող կամավորներ։Հեռ․՝ +374 77 314-556 Քաղաքացի Արմինե Կիրակոսյանին զրահաբաճկոններ կարելու համար անհրաժեշտ են կամավոր դերձակներ:Հասցե` Թբիլիսյան խճուղի 35/11Հեռ.`    +374 96 562-216 Քաղաքացի Արմինե Կիրակոսյանին անհրաժեշտ են կամավորներ` քողարկող ցանցեր պատրաստելու համար:Հասցե` Սարյան փողոցՀեռ.`     +374 96 562-216 Infocom-ն այս ցանկը պարբերաբար կթարմացնի՝ ներկայացնելով, թե տվյալ պահին որտեղ են անհրաժեշտ կամավորներ։
15:15 - 05 նոյեմբերի, 2020
Երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու սահմանափակումը միայն տարիքային է

Երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու սահմանափակումը միայն տարիքային է

Նոյեմբերի 2-ին Hraparak.am-ը հրապարակել էր «4 երեխա ունեցող Աննա Հակոբյանը մեկնելու է առաջնագիծ, 3 երեխա ունեցողներին՝ մերժում են» վերտառությամբ հոդված, որում խոսվում է մի քանի երեխա ունեցող կանանց ռազմաճակատ մեկնելու արգելքի՝ հստակ նորմով ամրագրված լինելու մասին։ Հոդվածագիրը թեմայի շուրջ զրուցել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, որը, ըստ «Հրապարակի», տեղյակ էր օրենքից։ Խաչատրյանի խոսքերով՝ «երկու երեխա ունեցող կանանց էլ թույլ չեն տալիս մեկնել, եթե իրենք զինապարտության օրենքով զինգրքույկ չունեն, եթե զինապարտության չեն անցել՝ իրենք զինակոչի ենթակա չեն։ Եթե հաշվառված չեն պահեստազորում, գնալու են՝ ճանապարհից հետ գան»։ Մարգարիտա Խաչատրյանն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի եւ պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաեւ զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Սակայն այստեղ խոսքը ոչ թե կամավորագրման, այլ պահեստազորում հաշվառվելու մասին է։ Որեւէ օրենքով եւ նորմով ամրագրված չէ բազմազավակ կանանց սահման մեկնելու արգելքը Առհասարակ, Հայաստանի պաշտպանությանն առնչվող հարցերը կարգավորվում են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ աշխարհազորը քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը։ Պարզ ասած՝ աշխարհազորի կազմում ընդգրկվում են կամավորները, որոնք հաշվառված չեն պահեստազորում եւ պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված չեն։ Սեպտեմբերի 27-ին ընդունվեց եւ հրապարակվեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը եւ սահմանվեց 18-55 տարեկան ՀՀ քաղաքացիների զորահավաք։ Ե՛ւ Պաշտպանության մասին օրենքի, ե՛ւ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ բազմազավակ կանանց կամավորագրվելու եւ ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ որեւէ սահմանափակում չկա։ Այսինքն՝ բազմազավակ կանանց չկամավորագրելու կամ նրանց կամավորագրման համար արգելք հանդիսանալու իրավական հիմք չկա՝ բացի վերոնշյալ տարիքային սահմանափակումը։ Այս օրերին կանանց կամավորագրմամբ զբաղվել է նաեւ ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Մեր զրույցում Այրումյանը նույնպես նշեց, որ կամավորը իր կամքի ուզածը կարող է անել, եւ որ բազմազավակ կանանց համար իրավական տեսանկյունից սահմանափակում չկա․ գործում է միայն տարիքային սահմանափակում՝ ՀՀ օրենսդրության համաձայն։ Այսպիսով՝ գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող սահմանափակվել երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու գործընթացը։ Իսկ ինչ վերաբերվում է որոշ կանանց կամավորագրվելու հայտերը մերժելուն, ապա սա այն պատճառով է, որ դիմողների պակաս չկա։ Սա մեր զրույցում հաստատեց նաեւ ոստիկանության գնդապետը՝ նշելով, որ արդեն ավարտվել է կանանց կամավորագրումը՝ բավարար թվով կամավորների արագ արձագանքման շնորհիվ։  Ի հավելումն նշենք, որ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, որը ենթակա է պարտադիր զինծառայության, հանդիսանում է զինծառայող, ոստիկանության ծառայող, փրկարար ծառայող, քրեակատարողական ծառայող, հարկադիր ծառայող, եւ այն անձը, որը պատիժ է կրում կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Նարեկ Մարտիրոսյան
18:24 - 04 նոյեմբերի, 2020
Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին

Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին

Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում յուրաքանչյուրը՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, փորձ է անում իր կարողությունների սահմանում ներդրում ունենալ մեր հաղթանակի ճանապարհին։ Սրանից անմասն չեն մնում նաեւ արվեստագետները, ոմանք՝ մեկնելով ճակատ, ոմանք՝ ցուցաբերելով անհրաժեշտ ֆինանսական օգնություն։ 60-ամյա նկարիչ Ալիկ Ասատրյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներին «Մեծն Մուրադ» ջոկատի հետ Շուշիում էր՝ կրակոցների ու զենքերի շաչյունների տակ ֆիլմ նկարելու, այսօր Հոլանդիայում է, որտեղից վաճառում է իր կտավները՝ գումարը՝ ուղիղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ Ասատրյանի աշխատանքների վաճառքից արդեն մոտ 18․000 եվրո է փոխանցվել։ - Ինչպե՞ս եք,- իրականում ոգեկոչող պատասխան լսելու ակնկալիքով՝ հարցնում եմ նկարչին ու ստանում վստահ պատասխանը։ - Դե, հիմա պարտավոր ենք լավ լինել, որ հաղթենք,- ասում է Ալիկը՝ գնված հերթական նկարի փաթեթի վրա նշումներ անելով։ Ծագումով մեղրեցի Ալիկ Ասատրյանը պատերազմի առաջին օրերից է որոշել վաճառել կտավները։ Մեր զրույցի ընթացքում էլ չէր կտրվում գործից՝ եռանդով փաթեթավորելով կտավները՝ փոստային բաժանմունք ուղարկելու համար։ «Արդեն 3-րդ շաբաթն է՝ նկարներ եմ փաթեթավորում, ուղարկում աշխարհի տարբեր մասեր։ Ես զինվորական փորձ չունեմ ու կարծում եմ՝ այսպես ավելի շատ եմ օգուտ տալիս, քան եթե առաջնագծում լինեի։ Բայց եթե բանը հասնի նրան, որ իմ կարիքն էլ լինի, ես էլ պետք է գնամ»։ «Մանկությունը մնաց հողի տակ» անունով նկարը՝ «Այստեղ մեր գյուղն էր, որը էլ չկա։ Եթե Հայաստանի գյուղերը կորցնենք, Երեւանը կորած է» գրությամբ։   Ասում է՝ այս հիմա շատ աշխատանք կա անելու, դեռ մի քանի նկար էլ պիտի փաթեթավորի։  «Բացի իմ տան եղած նկարներից՝ պետք է 1 նկար Իտալիայից գնա Ամերիկա, 2 նկար՝ Ֆրանսիայից՝ Պորտուգալիա եւ Գերմանիա։ Աղջիկս էլ է նկարիչ․ ինքն էլ 100 եվրոյով մի նկար վաճառեց ու փոխանցեց հիմնադրամին, կինս էլ 300 եվրո փոխանցեց»։ «Պատերազմ-հաղթանակ, սեր եւ խաղաղություն» Կտավների հիմնական գնորդները հայերն են, որովհետեւ, ըստ նկարչի, մեր պատերազմն, ըստ էության, միայն մեզ է հետաքրքրում։  1993-ից Հոլանդիայում բնակվելուց ի վեր ընդամենը 3 անգամ Հայաստանում եղած Ալիկը հայրենիքում ներդրում ունի․ 1980 թվականին հարազատ քաղաքում՝ Մեղրիում, լուծել է նկարչական դպրոց չլինելու հարցը․ «Բացեցի դպրոցը, աշխատեցի այնտեղ 7 տարի, մեծ դպրոց դարձավ, հիմա իմ աշակերտներն էլ են նկարում․ վերջին անգամ երեքուկես տարի առաջ եմ այցելել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հուզած ձայնով ավելացնելով, որ վերջերս իր աշակերտուհիներից մեկի որդին զոհվել է Արցախում։ «Հավերժ փա՛ռք մեր անմահացած հերոսներին» Իր ֆեյսբուքյան էջում մեծ ակտիվության շնորհիվ Ալիկ Ասատրյանն օգնում է նաեւ իր հայ ընկերներին՝ վաճառելու նաեւ իրենց նկարները։ Սակայն կան կտավներ, որոնք չի վաճառի։ Դեռ 3 տարի առաջ ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22» խումբը՝ արվեստի շուրջ համախմբելով մարդկանց եւ ձեռնարկելով 9 մեծ նախագիծ։ Այդ նկարները պահել է «Վերնատան» «Հեքիաթ» նախագծի համար․ «Պետք է գիրք հրատարակենք։ Այդ նկարները չէի ցանկանա վաճառել, որովհետեւ հուսով եմ, որ հաղթելու ենք, ու գիրքը տպագրվելու է»։ Իսկ մյուս կտավներից էլ դժվար բաժանվելու խնդիրը կարծես թե հաղթահարված է․ «Կտավները իմ տարիների աշխատանքներն են, բայց ինձ համար ավելի դժվար է լսել զինվորի մահվան մասին։ Ես հիմա իմ ամենասիրելի ու ամենաթանկ աշխատանքերն էլ կես գնով եմ դնում վաճառքի, որովհետեւ պետք է գիտակցել, որ հայրեինքը լինել կամ չլինելու խնդրի առաջ է կանգնած»։ «Նիկե», հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհին Վաճառելու հենց առաջին օրերից նկարները փոստով ուղարկելը ֆինանսական առումով որոշակի դժվարություն է ստեղծել, սակայն մեր հայրենակիցները տրամադրել են նաեւ այդ գումարը․ «Մեր հայրենակիցներն ինձ շատ են աջակցում, գիտեն՝ ես այստեղ ֆիզիկապես ապրում եմ, հոգով Հայաստանում եմ։ Իմ վերջին տարիների նկարներն էլ Հայաստանի մասին են։ Այսօր ամեն մարդ պետք է լավատես լինի, թեւ տա զինվորին, զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է»,- մեր զրույցն այսպես է եզրափակում հոլանդահայ նկարիչն ու անցնում իր գործին։ Սեդա Առաքելյան
22:36 - 03 նոյեմբերի, 2020
Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է

Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է

Ինչպես արդեն հայտնել ենք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:  Ավստրիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ավստրիական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ՝ հանցագործները պատանդ են վերցրել մեկ այլ տարածքում գտնվող ռեստորանի այցելուներին, սակայն РИА Новости-ի հետ զրույցում ճապոնական ռեստորանի ներկայացուցիչը հերքել է պատանդների մասին լուրերը։ Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է։ Նա նաև խնդրել է քաղաքի բնակիչներին փողոց դուրս չգալ։ Kronen Zeitung թերթը գրում է, որ ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկան է սպանվել։
01:22 - 03 նոյեմբերի, 2020
Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել

Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել»,- ընդգծեց նա։ ՊՆ ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանը արդյո՞ք ունի արբանյակային հետախուզության հնարավորություն, ասաց՝ քանի որ այստեղ փաստացի ունենք Թուրքիայի՝ մարտական գործողությունների լիարժեք վերահսկողությունը կամ կառավարումը, շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություն ունենան։ «Բայց դա կատաստրոֆիկ երևույթ չէ, որովհետև մենք ևս ունենք որոշակի հնարավորություններ՝ նույն հետախուզությունն իրականացնելու։ Այդ պատճառով մենք ոչ թե պետք է մտածենք միայն, թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ ինչպես անենք, որ խաբենք, որ լավ քողարկենք մեր շարժերը, տեղերը, գործողությունները, միջոցները»,- նշեց Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսայնն իր խոսքը եզրափակեց՝ ասելով․ «Պատերազմը շարունակվում է, հակառակորդը ամեն կերպ ամեն ուղղությունից փորձում է նոր հարձակողական գործողություններ ձեռնարկել՝ փոքր, միջին, մեծ ուժերով։ Ակտիվորեն փորձում է կիրառել իր կրակային ներգործության որոշակի առավելությունը՝ հրետանի, հրթիռային միջոցներ, ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։ Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք, հիմնականում մեծ կորուստներ պատճառելով՝ հետ ենք շպրտում հակառակորդին։ Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ՝ մեր զորքերը տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում թշնամուն, ավելի լավ են հասկանում նրա մտահղացումները, ավելի լավ են պատկերացնում ու կարողանում գտնել այն հակաթույները, որոնք նա օգտագործում է որպես բարձր տեխնոլոգիական միջոցներ»։
22:51 - 02 նոյեմբերի, 2020
Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ «Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Ոչ որոշիչ հաջողություն ունեցան՝ երկու դիրքի հետ կապված, բայց երեկոյան կողմ հուժկու հրետանու կրակով մեր թողած դիրքերում իրենց բավականին մեծ վնասներ ենք պատճառել»,- հավելեց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է․հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։ 
22:23 - 02 նոյեմբերի, 2020
Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ,  որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Որևէ մեկը չի կարող պնդել և ապացուցել, որ մենք պատրաստ չէինք դրան (պատերազմին - խմբ․): Եթե մենք առաջին 10-15 օրերին կռվում էինք մեզանից մինչև 10 անգամ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ, և եթե թշնամուն հաջողվել է որոշակի տարածքներում առաջ գալ, չի նշանակում, որ մենք 100%-ով պատրաստ չէինք: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] «Եվ ոմանց ընկալման մեջ եթե մենք 100 տոկոսով, իրենց պատկերացմամբ, պատրաստ լինեինք, ինչ է, մի միլիմետր պետք է հետ չքաշվեի՞նք։ ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երը, գտնվելով պատերազմի մեջ, նման մեծ դաշնակից ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում, իր պոտենցիալի սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս և ավելի։ Այո՛, ծանր կորուստների գնով, այո՛, երբեմն տարած կոր գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- նշել է նա։ Նա նաև ասել է, որ վերջին շրջանում ակտիվորեն ուղղակի ձեռքներից (զինվորների - խմբ․) օրենքի ուժով հավաքում են բոլոր տեսակի կապի միջոցները։ «Ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա»,- ընդգծել է նա։
21:58 - 02 նոյեմբերի, 2020
Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Առանձին օջախային մարտեր են ընթանում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։ Պատասխանելով օգտատերերի հարցերին ֆոսֆոր պարունակող զենքերի վերաբերյալ՝ նա ասել է․ «Ֆոսֆորային արկերից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև այն իր սպեցիֆիկան ունի, և ինչ էլ դու իրականացնես, այն փորձելու է իր ազդեցությունը տալ։ Այն, միևնույնն է, պայթուցիկ է, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ»։ Անդրադառնալով անհանգստություններին, որ զինծառայողների հերթափոխ չի իրականացվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելը մի տեսակ աբսուրդ է, որովհետև երբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, այդտեղ հնարավոր չէ իրականացնել հերթափոխ, և տրամաբանական էլ չէ։ «Եթե տվյալ դիրքի, քաղաքի, գյուղի վրա հարձակվում են, դու շնչելու ժամանակ չունես, դու զորք չես կարող այստեղից հանել, փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա, և դու ինչ-որ հրաշքով կարողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանես, հաջորդին բերես նույն տեղում պաշտպանության, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ հին զորքը, որը ինչքան էլ հոգնած լինի, տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդը ինչ էր ուզում անել և ինչու չստացվեց և ինչու կարող է ստացվել։ Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում»,- հավելել է նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ »հակառակորդի մեջքը կոտրված է» արտահայտությունը հակառակորդի ցամաքային զորատեսակների, հիմնականում հետևակային խմբավորումների և զրահատեխնիկայի խմբավորումների մասին է։ «Հակառակորդի հրետանային զորքերը ավելի շատ կորուստ են կրել, քան հետևակը, քան տանկերը։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու․ ո՛չ, այսօր էլ են հարձակվել։ Այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ցամաքային, հետևակային պոտենցիալը կոտրված է, չի նշանակում, որ նրանք չեն շարունակելու հարձակվել, շարունակում են վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ»- ընգծել է ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև հայտնել է, որ թիկունք պահելու պրոբլեմ այս պահին չկա։ «Ժողովուրդը միասնական է՝ թիկունքի ապահովման գործերում․ թե՛ կամավորի պակաս չկա, թե՛ կազմակերպչի։ Միգուցե կազմակերպվածության ձևի ու եղանակի հղկում է պետք, ժամանակը ցույց կտա․ պատերազմն իր կանոններն ու բովանդակությունը փոխում է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
19:34 - 02 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Պատերազմի այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություններ է տարածում ոչ միայն իր քաղաքացիների մոտ իրադրության ցանկալի պատկեր ստեղծելու համար, այլ նաեւ սոցցանցերի հայաստանյան տիրույթում՝ փորձելով խուճապ առաջացնել։ Ֆեյսբուքում ադրբեջանցի մի օգտատեր, որն, ըստ ամենայնի, ադրբեջանական զինված ուժերի ծառայող է, իր էջում տեղադրել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Բաբայանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամատոմսը՝ կից ներկայացնելով, թե վերջինս զոհված է։ Սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Infocom-ը կապ հաստատեց Լիլիթ Բաբայանի հետ․ նա ողջ է, առողջ, այժմ Սիսիանում է՝ հորական տանը։ Թե ինչպես է նրա կուսակցական անդամատոմսը հայտնվել ադրբեջանցիների ձեռքում՝ ավելի քան պարզ է։  Բաբայանը շուրջ ութ տարի ապրել է Արցախի Մատաղիսի շրջանում։ Նրա ամուսինը Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է։ Երբ վերջինս մեկնել է դիրքեր՝ ծառայության, տիկին Բաբայանը տեղափոխվել է Սիսիան՝ հորական տուն, սակայն իր հետ չի վերցրել փաստաթղթերը։  Եւ, ինչպես հայտնի է, արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրերից հակառակորդը թիրախավորել էր նաեւ Մատաղիսի ուղղությունը։ Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլի, Ֆիզուլու, Թալիշի, Եղնիկների եւ Մատաղիսի հատվածները։ Հոկտեմբերի 4-ին էլ հայկական ԶՈՒ-երը Մատաղիս տանող ճանապարհին խոցել էին հակառակորդի ավտոշարասյունը։ Իսկ հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ։  Եւ քանի որ հակառակորդն այժմ դիվերսիոն խմբերով թափանցում է տարբեր ուղղություններով, (ինչպես այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչը), հնարավոր է, որ այդ ընթացքում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների փաստաթղթերն ինչ-ինչ հանգամանքներում հայտնվեին նրանց ձեռքում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին Արցախի՝ հատկապես մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիները ժամանակավորապես տարհանվել են, նրանցից ոմանք գուցե չեն հասցրել իրենց հետ տանել փաստաթղթերը։ Այսպիսով, ադրբեջանական կողմի՝ հայաստանցիների կամ արցախցիների անձնական փաստաթղթերի հրապարակումը դեռեւս չի նշանակում, որ նրանք զոհված կամ գերեվարված են։ Հայարփի Բաղդասարյան
16:58 - 02 նոյեմբերի, 2020
Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ իրենք շատ լավ հասկանում են՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ «Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն»,- ասաց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ այս ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսևորեց, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը։ «Եվ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող Ադրբեջանի ռազմական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»,- նշեց նա Հովհաննիսյանը նաև ասաց՝ տեխնիկական առավելությունը ևս երկար չի տևելու։ «Այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,- նշեց նա։
22:32 - 01 նոյեմբերի, 2020