Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան
23:01 - 06 նոյեմբերի, 2020

Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց հակառակորդի հրետանուն․ Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- ասաց նա: 

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել:

«Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն»,- նշեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Առանձին ճանապարհներով դեպի Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները:

«Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվե՛ք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,- նշեց նա:

Հովհաննիսկանն ասաց, որ տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ինքը խոսել է, շատ հստակ բառապաշարով ասել են, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել:

«Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է․ մարտերը շարունակվում են։ Չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու-երեք օրը դեպի Շուշի հակառակորդի ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին:

«Տեսաք այսօրվա տեսանյութից, որ հիմնականում մարտավարական, վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր: Էլիտար ստորաբաժանումներ են, որոնց տրված է համապատասխան ուժեղացում` որպես կանոն թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա, լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել, իրենց աջակցում է հիմնականում  հրետանին, բայց այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն»,- ասաց նա: 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիրը նշեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել:

«Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները)  ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար»,- ասաց նա։

Անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, թե թուրքական հետախուզությունը մասնակցում է ԼՂ իրադարձություններին՝ Հովհաննիսյանն ասաց․

«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ: Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»: 

Վերջում Հովհաննիսյանը շեշտեց, որ պատերազմը շարունակվում է, պատերազմը առանձին վերցրած` Քարինտակի մարտը չէ, Շուշիի ճակատամարտը չէ, և կոչ արեց վստահել մեր բանակին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել