Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան
23:13 - 05 նոյեմբերի, 2020

Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու․ «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ»,- նշեց նա: 

Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ:  

«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր գիշեր էլ մարտեր կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նա նշեց, որ նախորդ գիշեր եղել է Արցախում, որտեղ դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին: 

«Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը` լինեն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մշտական կազմից, թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ  դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացել է տեղեկություն, ըստ որի՝ հակառակորդի մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, չեզոքացվել է, ոմանք հասցրել են փախչել: 

Անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը, թե 80 լրագրողներ Ստեփանակերտում հայտնվել են թակարդում և առանց իրենց կյանքը վտանգելու՝ չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակված կրակի պատճառով՝ Հովհաննիսյանն ասաց․

«Առաջին անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցինեը: Ինչ վերաբերում է լրագրողների հետ աշխատանքին, ես երեկ անձամբ շփվեցի նրանցից շատերի հետ: ՊԲ-ն, Արցախի իշխանություններն աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել, շարունակում են աշխատել, որևէ խոչընդոտող բան չկա։ Այլ հարց է, որ կարող են թիրախավորվել: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան, որևէ վտանգ` կոնկրետ ճանապարհները փակելու մասով, չկա»:  

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բերձորի ուղղության ճանապարհը քաղաքացիների համար դեռ փակ է, չնայած ճանապարհը Լիսագորի հատվածում այսօր մեր ստորաբաժանումների կողմից մաքրվել է, և համապատասխան պարեկություն  է կատարվում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդը այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն խոցվել է հակառակորդի մի քանի մեքենա, այդ թվում` անձնակազմով բեռնված, և հակառակորդն այդ ուղղությունից ևս հետ է շպրտվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել