Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել
22:51 - 02 նոյեմբերի, 2020

Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել»,- ընդգծեց նա։

ՊՆ ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանը արդյո՞ք ունի արբանյակային հետախուզության հնարավորություն, ասաց՝ քանի որ այստեղ փաստացի ունենք Թուրքիայի՝ մարտական գործողությունների լիարժեք վերահսկողությունը կամ կառավարումը, շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություն ունենան։

«Բայց դա կատաստրոֆիկ երևույթ չէ, որովհետև մենք ևս ունենք որոշակի հնարավորություններ՝ նույն հետախուզությունն իրականացնելու։ Այդ պատճառով մենք ոչ թե պետք է մտածենք միայն, թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ ինչպես անենք, որ խաբենք, որ լավ քողարկենք մեր շարժերը, տեղերը, գործողությունները, միջոցները»,- նշեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսայնն իր խոսքը եզրափակեց՝ ասելով․

«Պատերազմը շարունակվում է, հակառակորդը ամեն կերպ ամեն ուղղությունից փորձում է նոր հարձակողական գործողություններ ձեռնարկել՝ փոքր, միջին, մեծ ուժերով։ Ակտիվորեն փորձում է կիրառել իր կրակային ներգործության որոշակի առավելությունը՝ հրետանի, հրթիռային միջոցներ, ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։ Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք, հիմնականում մեծ կորուստներ պատճառելով՝ հետ ենք շպրտում հակառակորդին։ Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ՝ մեր զորքերը տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում թշնամուն, ավելի լավ են հասկանում նրա մտահղացումները, ավելի լավ են պատկերացնում ու կարողանում գտնել այն հակաթույները, որոնք նա օգտագործում է որպես բարձր տեխնոլոգիական միջոցներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել