Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից ստացված հարցերին․  Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։ Պատասխան. Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով։ Հարց. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։  Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին: Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել: Հարց. Ադրբեջանական կողմը, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Պատասխան. Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։  Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։ Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է: Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը։
17:44 - 27 հուլիսի, 2023
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը

Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը

Մոսկայում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը, թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նա և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս պահին Մոսկվայում ընթանում են երեք արտգործնախարարների բանակցությունները։
19:32 - 25 հուլիսի, 2023
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը․ Լավրովը՝ Միրզոյանին
 |1lurer.am|

Հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը․ Լավրովը՝ Միրզոյանին |1lurer.am|

1lurer.am: Անշուշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ ցանկանալով աջակցել այնտեղ ծագած հումանիտար սուր խնդիրների լուծմանը։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելել՝ դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության՝ դա հեշտ չէ անել։ «Պատրաստ ենք առաջ տանել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործումը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման և հասարակական կառույցների ու փորձագետների միջև երկխոսության հաստատման հարցերը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։ Հատուկ շեշտադրում ենք ակնկալում անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հանգուցալուծումների որոնման վրա։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն»,- ասել է Լավրովը: Նա նաև հավելել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը անդձադարձ կլինի երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին։ «Մենք շատ հետաքրքիր համատեղ նախագծեր ունենք տնտեսական և մշակութային ոլորտներում։ Ապրանքաշրջանառության աճը շարունակվում է։ Ամեն տարի Հայաստանում սկսեցին անցկացվել ռուսական մշակույթի օրեր։ Այս տարվա հունիսին հերթական անգամ մեկնարկեցին այդ միջոցառումները։ Սա կարևոր ներդրում է մեր դաշնակցության, մեր քաղաքացիների շահերի ապահովման գործում միասնական հումանիտար և լեզվական տարածքի ամրապնդման համատեղ աշխատանքում»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
19:08 - 25 հուլիսի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան
 |armeniasputnik.am|

Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին Մոսկվայում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։ «Արցախում լուրջ հումանիտար ճգնաժամ է, և այն շատ մոտ է իսկական հումանիտար աղետի։ Իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախ չեն հասնում ոչ սննդամթերք, ոչ դեղորայք, պարբերաբար անջատվում է գազն ու էլեկտրաէներգիան», - նշեց նախարարը։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չապաշրջափակի Արցախը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա: Նա ընդգծեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ օրակարգի բոլոր հարցերի շուրջ հանդիպումներն ու բանակցությունները բավականին ինտենսիվ են։ Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ որոշ հարցերում կան համաձայնության գալու հեռանկարներ, բայց մնում են նաև խնդրահարույց հարցեր, որտեղ դիրքորոշումները տարբերվում։  
18:33 - 25 հուլիսի, 2023
Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը: Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը:
19:56 - 24 հուլիսի, 2023
Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը. Միրզոյան

Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը. Միրզոյան

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:  Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։  «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,     հարգելի՛ գործընկերներ,         տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և սիրելի գործընկերոջը՝ Թեհրան հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ բանակցությունների ու քննարկումների համար:  Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:  Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:  Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի  շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը: Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:  Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։ Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը: Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր:  Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը:  Հարգելի՛ ներկաներ,  Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:  Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար: Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։  Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի  մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։  Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։   Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:   Իմ լա՛վ բարեկամ, պարոն Աբդոլլահիան,  Ցանկանում եմ վերստին ընդգծել Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատրաստակամությունը և քաղաքական կամքը՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ գործընկերության ոգով զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները մեր լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Շնորհակալություն այսօրվա ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար Թեհրանում, որն, ի դեպ այս տարվա սկզբից արդեն Երևանի հետ քույր քաղաք է: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում պատիվ կընձեռնվի Ձեզ հյուրընկալել Հայաստանում, որտեղ բարեկամներին միշտ են սպասում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նաև ՀՀ վարչապետի հրավերն՝ ուղղված իր սիրելի գործընկերոջը՝ նախագահ Ռայիսիին։ Շնորհակալություն»:
19:06 - 24 հուլիսի, 2023
Միրզոյանն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Միրզոյանն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը: Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։
18:56 - 21 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:  Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։ Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։ Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է: Հարց. Ելք տեսնու՞մ եք: Պատասխան. Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։ Հարց. Միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում: Պատասխան. Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Հարց. Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը: Պատասխան. Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։ Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։ Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։ Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Պատասխան. Եթե ​​հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ: 
14:50 - 21 հուլիսի, 2023
Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։  Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ երկրների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։  Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ պարտավորեցնելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով: Խստագույնս հակադրվելով այս որոշմանը՝ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապրօրինաբար հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը: Ավելին, հունիսի 15-ին Ադրբեջանն արդեն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքն` արգելելով ցանկացած տեսակի, և նույնիսկ հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար: Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ վերահաստատել է Ադրբեջանի միջազգայնորեն ամրագրված իրավական պարտավորությունը ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ հետևաբար, անմիջապես կասեցնել իր հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: Հարգելի՜ գործընկերներ, Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։ Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը: Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կապված էներգետիկ անվտանգության հետ. Հունվարի 9-ից սկսած Ադրբեջանը խափանել է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ հոսանքագծով իրականացվող էլեկտրականության մատակարարումը: Ամեն օր վեցժամյա հոսանքազրկումներ են տեղի ունենում, առկա է էլեկտրաէներգիայի սպառման 48%-ով նվազում, տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման համակարգերի գերշահագործում: Սկսած 2022թ. դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ 2023թ. մարտից 21-ից գրեթե մշտապես, խափանում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը՝ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը: Վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ պաշարների նվազող հասանելիության և Հայաստանից մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը դադարեցվել են: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց:  Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են՝ անհնար դարձնելով նույնիսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը:  Եվ վերջում, շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:   Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։ Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն: Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։  1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ: Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:  Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները:  Խորին  ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը: այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։ «Իմ  ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։» Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության  բացակայությունը: Պարո՛ն նախագահող,  Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։ Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։ Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում  խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։ Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն: Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից. վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների, իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը, ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով: Շնորհակալություն ուշադրության համար։   Ամփոփիչ ելույթ Ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին: Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։  Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։ Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։ Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:  Շնորհակալություն։
19:42 - 20 հուլիսի, 2023
Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։ Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։
14:25 - 20 հուլիսի, 2023