Հայաստան

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱՄՆ-ում կայացած հանդիպումների մասին․ «ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները: Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի իմ գործընկերոջ զեկույցների վրա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ. Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ. Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ. տարբեր այլ հանդիպումներ»:
11:22 - 24 նոյեմբերի, 2021
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել․ Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել․ Նիկոլ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն ադրբեջանական կողմին, նշեց՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն Ադրբեջանի մասնակցությամբ,  արձանագրել է՝ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում․ «Այսինքն՝ ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո, և ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով։ Կա երկու հարց։ Սուվերենության հարցն է, որն արդեն ՌԴ-ն  հայտարարել է»։  Վարչապետի խոսքով՝ աշխատանքայյին մակարդակում իրենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել․ «Անունը դրել են Զանգեզուրի միջանցք և ասում են՝ եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով էդ միջանցը կստանանք։ Մենք պետք է էս փաստը դնենք միջազգային հանրության առաջ և պետք է սա ի ցույց դնենք որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»։  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում, քանի որ ՀՀ-ն 30 տարի է՝ գտնվում է շրջափակման մեջ, և սա ապաշրջափակման հնարավորություն է։  Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիր է, և եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և Հայաստանն ասում է, որ ես պատրաստ եմ ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, Հայաստանն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում ի՞նչ սուվերենություն։ Ադրբեջանն ուզում է որոշել՝ ինչպես մտնի, ինչպես դո՞ւրս գա։ Չի՛ լինելու էդպիսի բան։ Բայց, մյուս կողմից, Հայաստանն, իհարկե, շահագրգիռ է, որ երկաթուղային կապը վերականգնվի և ավտոմոբիլային կապը վերականգնվի։ Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ․ տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը։ Դա նոր միջազգային ճանապարհի մասին է, և Հայաստանը պետք է շահգրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհը անցնի իր տարածքով։  Չեմ հասկանում,  թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ճանապարհ տալ։ Մենք ուզում ենք, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի, որից Հայաստանը նույնպես օգտվի, ոչ թե գնա միայն դեպի Ռուսաստան, գնա Եվրոպա, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի հետ։ Ադրբեջանը հասկանում է՝ սա ինչ է նշանակում, դրա համար էլ անընդհատ փորձ է անում այդ թվում Հայաստանի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել»,- նշեց վարչապետը։
22:35 - 23 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նրան, որ նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը՝ «միջանցքի» տրամաբանության շրջանակներում, ու նաև տարբեր աղբյուրներից լուրեր են ստացվում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակման մասին, պատասխանեց հարցին, թե ինչ ազդեցություն կունենա դեկտեմբերի 15-ի հանդիպումը սահմանային իրավիճակի վրա և արդյոք կա նոր պատերազմի վտանգ։  «Նախ պետք է արձանագրել հետևյալը․ ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական ու արտաքաին քաղաքականության քննության կարևոր առարկաներից մեկը պետք է լինի, որովհետև պետք է ասեմ, որ Անվտանգության խորհրդի նիստին էլ ես արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ և կարծում եմ, որ այս թեման պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։ Ադրբեջանը, ըստ էության, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը․ մի բան, որ ժամանակակից աշխարհում գոյություն չունի։ Եվ ընդհանրապես մենք շատ համբերատար, հետևողական փորձում ենք ամեն ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրավիճակը հանդարտվի, բայց ի վերջո, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է չափեր ունենանա ու միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայում է տեղի ուենում։  Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում․ ինչ է նշանակում Զանգեզուրի միջանց, ինչ է նշանակում արևելյան Զանգեզուր։ Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ ենք հայտարարում, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարեկելու։ Դա չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Ես չեմ կարող թաքցնել, որ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ կոմունիկացիաները բացվեն։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանին չհաջողվի դա անել։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ «որտեղ ուզենք կկանգնենք»։ Մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում, որ ով որտեղ ուզենա կկանգնի՞, այսինքն սա նշանակում է՝ որևէ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզի կկանգի, կամ Ադրբեջանը, եթե նման հռետորիկա է կիրառում մի հարևանի նկատմամբ, ապա իր բոլոր հարևաններին հայտարարում է, որ ով որտեղ ուզենա կկանգնի՞»։ Անդրադառնալով պատերազմի վտանգ լինել չլինելուն՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի միջազգային լծակներով։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ մենք չենք խուսափում Ադրբեջանի հետ ուղիղ շփումից։ Ինչի՞ համար է Ադրբեջանի հետ պաշտպանության նախարարների միջև այս կոմունիկացիան ձևավորվել, որովհետև, ի վերջո, բավական է, որ երկու կողմերը իրար մեղադրեն սադրանքների մեջ։ Ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի եւ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանությանն նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնը անի նա։ Եվ սրանից ակնհայտ կդառնա, թե ով է շահագրգիռ սադրանքների մեջ։  Բրյուսելում հանդիպում տեղի կունենա, և ես կարծում եմ, որ կա հավանակություն, որ դեմ առ դեմ լինի քննարկում Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչպես նախկինում ասել եմ, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը։ Նաև պետք է հասկանանք, որ այդ քննարկումը պետք է ունենա թեմա ու առաջինը պետք է լինի ընդհանուր իրրադրության շուրջ քննարկումները և պետք է պարզվի՝ թե ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմանը, իսկ ես կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք»։
22:14 - 23 նոյեմբերի, 2021
2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Նիկոլ Փաշինյան

2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Նիկոլ Փաշինյան

Ս․թ․ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «41 քառ. կմ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով։ Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձեւով չի փոխվել։ Այսինքն՝ մի շաբաթ առաջ էլ էր էդ 41 քառ․ կմ-ը, մայիսի 12-ից հետո ընկած ժամամանակահատվածում, երեկվա գործողություններից հետո էլ։ […] Մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ-ի շուրջ 40 և ավելի քառ․ կմ տարածք եղել է Ադրբեջանի հսկողության ներքո՝ առաջին պատերազմից հետո։ Մենք էդ տարածքները կոնկրետ գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ […]»։  Infocom-ը խնդրել էր պատասխանել հետևյալ հարցին․ 2020թ․ նոյեմբերի 10-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներ հայտնվե՞լ են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Եթե այո, ապա ինչպե՞ս չի փոխվել բալանսը։ Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց․ «Այո՛, 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է Հայաստանի Հանրապետության տարածք, որը միջազգային հանրությունը բավականին միանշանակ դատապարտել է։ Մենք հենց էս ենք ասում, որ էդ ագրեսիան պետք է վերացվի։ Մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի, և մենք այդ ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի»։  Անդրադառնալով հարցին, թե  ինչպես չի փոխվել բալանսը, Փաշինյանը պատասխանեց․ «Ես ասում եմ, որ բալանսը փոխվել է, նոյեմբերի 10-ից հետո, իհարկե, փոխվել է։ Հիմա 2021 թիվն է, այդտեղ խոսվում է 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո։ Ասում եմ՝ նոյեմբերի 10-ից հետո փոխվել է, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել 2021 թ․ մայիսի 12-ին»։
21:18 - 23 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներ՝ Ազգային պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի անդամ, Ու-դը-Սենի յոթերորդ շրջանի պատգամավոր Ժակ Մարիլոսյանին, Մարսելի քաղաքային խորհրդական, Բուշ-դյու-Ռոնի առաջին շրջանի պատգամավոր Ժուլիեն Ռավիերին և խորհրդարանական այլ ներկայացուցիչների։ Նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունն՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունն, ինչպես նաև իրադարձություններին արագ արձագանքելու և սատարելու պատրաստակամությունը։ Նախարարը նշել է նաև, որ ֆրանսիական տասնյակ կազմակերպությունների և նախարարության սերտ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես ուղղված են քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովմանը։ Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և վերջին ամիսներին արդյունավետ համագործակցության համար նախարարին հանձնել Ֆրանսիայի պառլամենտական մեդալ։ Հյուրերի խոսքով՝ վերջիններս, Հայաստան այցի շրջանակում, նպատակ ունեն փաստահավաք աշխատանքի միջոցով համապարփակ պատկերացում ստանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև գտնել տնտեսական և սոցիալական համագործակցության հնարավոր տարբերակներ։ Ներկաները հետաքրքվել են արցախահայության զբաղվածության ապահովման, սոցիալական բնակարաշինության, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող ծառայությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներով։
19:48 - 23 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին և ուշադրություն հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման փաստերի վրա

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին և ուշադրություն հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման փաստերի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը: Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը:
15:56 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ  |tert.am|

Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ |tert.am|

tert.am: ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:
13:14 - 23 նոյեմբերի, 2021
Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ Հետք hetq.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանելո՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ ԱԳՆ-ն, հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, հայտնել էր, որ մեր հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։ ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։ Հստակություն մտցնելու նպատակով մենք արտաքին գործերի նախարարությանը հարցրել էինք, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։  Շարունակությունը՝ hetq.am-ում
10:56 - 23 նոյեմբերի, 2021