Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել․ Նիկոլ Փաշինյան
22:35 - 23 նոյեմբերի, 2021

Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել․ Նիկոլ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն ադրբեջանական կողմին, նշեց՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն Ադրբեջանի մասնակցությամբ,  արձանագրել է՝ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում․ «Այսինքն՝ ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո, և ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով։ Կա երկու հարց։ Սուվերենության հարցն է, որն արդեն ՌԴ-ն  հայտարարել է»։ 


Վարչապետի խոսքով՝ աշխատանքայյին մակարդակում իրենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել․ «Անունը դրել են Զանգեզուրի միջանցք և ասում են՝ եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով էդ միջանցը կստանանք։ Մենք պետք է էս փաստը դնենք միջազգային հանրության առաջ և պետք է սա ի ցույց դնենք որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում, քանի որ ՀՀ-ն 30 տարի է՝ գտնվում է շրջափակման մեջ, և սա ապաշրջափակման հնարավորություն է։ 

Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիր է, և եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և Հայաստանն ասում է, որ ես պատրաստ եմ ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, Հայաստանն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում ի՞նչ սուվերենություն։ Ադրբեջանն ուզում է որոշել՝ ինչպես մտնի, ինչպես դո՞ւրս գա։ Չի՛ լինելու էդպիսի բան։ Բայց, մյուս կողմից, Հայաստանն, իհարկե, շահագրգիռ է, որ երկաթուղային կապը վերականգնվի և ավտոմոբիլային կապը վերականգնվի։ Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ․ տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը։ Դա նոր միջազգային ճանապարհի մասին է, և Հայաստանը պետք է շահգրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհը անցնի իր տարածքով։  Չեմ հասկանում,  թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ճանապարհ տալ։ Մենք ուզում ենք, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի, որից Հայաստանը նույնպես օգտվի, ոչ թե գնա միայն դեպի Ռուսաստան, գնա Եվրոպա, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի հետ։ Ադրբեջանը հասկանում է՝ սա ինչ է նշանակում, դրա համար էլ անընդհատ փորձ է անում այդ թվում Հայաստանի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել»,- նշեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել