Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Մեզ համար սա ո´չ հաղթողի, ո´չ պարտվողի հարց է, սա շատ ավելի զգայուն է, մենք առնչվում ենք մարդկանց կյանքերին. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

Մեզ համար սա ո´չ հաղթողի, ո´չ պարտվողի հարց է, սա շատ ավելի զգայուն է, մենք առնչվում ենք մարդկանց կյանքերին. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

 tert.am: -Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ: Խոսենք այն թեզի մասին, թե արդյոք Հայաստանի ժողովո՞ւրդը պետք է թելադրի, թե ինչ բանակցեն կողմերը, բայց դեռ հստակ չի սահմանել՝ ինչպես է պատկերացնում հակամարտության կարգավորումը, որ իշխանությունները կարողանան դրա հիման վրա բանակցել: Կարծես Արցախյան շարժումը, պատերազմը, Արցախի անկախության հռչակումը տվել էին այդ հարցերի պատասխանը: Ի՞նչն է այսօր պակասում, ի՞նչը չի բավարարում բանակցությունների համար: -Գիտեք, երբ մենք խոսում ենք ժողովրդի կամքի մասին և ժողովրդի որոշիչ ձայնի մասին, լինի Հայաստանում, լինի Լեռնային Ղարաբաղում, խոսքը վերաբերում է շատ պարզ ժողովրդավարական մեխանիզմներին: Մենք ունենք ժողովուրդ, որն ընտրել է իշխանություն, տվել է մանդատ, որի հիման վրա իշխանությունները վերցնում են պատասխանատվություն և ներգրավում են այդ գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: Դա արտահայտված է կառավարության ծրագրում, այն ստացել է հավանություն՝ ժողովրդի կողմից մանդատ ստացած ԱԺ-ում, և դրա հիման վրա իշխանությունը, կառավարությունն իրականացնում է այդ գործառույթը: Սա պարզ ժողովրդավարական համակարգի գործիքների կիրառում է: Այսինքն` երբ որ ենթադրում են, և ինձ նման հարցեր են տվել, թե արդյոք հիմա ժողովո՞ւրդը պիտի նստի և բանակցի, դա ուղղակի տրիվիալիզացնում է ամբողջ գործընթացը: Խոսքն այն մասին է, որ գոյություն ունի ժողովրդավարական համակարգ, որը գործում է ըստ ժողովրդավարական կանոնների: Եվ այսօր հարցն այն է, որ կառավարությունը, ներգրավվելով գործընթացում, և գիտեք թե որքան նրբազգաց գործընթաց է, որքան զգայուն գործընթաց է, որքան ծանր գործընթաց է, արդեն քանի տարի շարունակվող, այո´, 27 տարի շարունակվող գործընթաց է, որը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Այս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ գաղափարներ, պարամետրեր, մտքեր, մոտեցումներ, արտահայտվել են տարբեր ձևերով, բայց դեռևս չի եկել այդ պահը, որ մենք կարող ենք ասել, որ հասել ենք ինչ-որ հանգուցալուծման, ինչ-որ հանգրվանի, որ կարող ենք համադրել այդ պարամետրերը և ստանալ այն, ինչ կոչվում է փոխզիջում, որովհետև հաճախ գալիս է հարցը, թե արդյոք Հայաստանը ի՞նչ պետք է զիջի: Արդյոք Հայաստանը պե՞տք է խոսի դրա մասին, եթե խոսքը փոխզիջման մասին չէ: -Պարո´ն նախարար, այսինքն` ժողովուրդը սկզբունքը, ինչին ուզում ենք հասնել, սահմանել է, և հիմա խնդիրն այդ փոխզիջումը սահմանե՞լն է: Երբ վարչապետն ասում է՝ ինձ միանշանակ չի ասվել` ես ինչ բանակցեմ, խոսքը վերաբերում է փոխզիջմա՞նը: -Ո´չ, գիտեք, ավելի շուտ այստեղ, ինձ թվում է, բարձրաձայն մտորում է բոլորիս համար, թե որքանով ենք մենք ներգրավված լինելու: Բավական զգայուն է հարցն այն առումով, որ կա փակ գործընթաց, և դա զուտ բանակցային տեխնիկա է, որովհետև նման գործառույթները, նման իրավիճակներն ունեն ձևավորված իրենց կանոնները, այդ առումով յուրաքանչյուրը, բանակցային գործընթացի մեջ ներգրավվելով, բնական է, որ գնում է հաշվարկը, թե որքանով ես կարող եմ ապահովել այս բանակցություններում առաջընթաց, որը համապատասխանում է մեր ազգային շահին, որը համապատասխանում է նրան, որ դա կարող է ընդունելի լինել մեր հասարակության համար, որովհետև ի վերջո չի լինելու իրավիճակ, որ բանակցած կառավարությունը գա և փորձի պարտադրել ժողովրդին մի բան այն դեպքում, երբ չի ստանալու ժողովրդի աջակցությունը: Նման բան հնարավոր չէ: Սա է համադրելը: Որքանով ես դու համադրում այդ բանակցային գործընթացն այստեղ և որքանով ես դու վստահ, որ ապահովում ես այն, ինչ որ կարող է ընդունելի լինել մեր ժողովրդի համար: Սա շարունակական գործընթաց է: Եվ, ի դեպ, երբ խոսքն այն մասին է, թե ինչպես ենք մենք ստուգում մեր դիրքորոշումները, դա նորից շարունակական գործընթաց է: Այն, ինչ որ մենք հիմա անում ենք, դա այդ գործընթացի մասն է, այն տարբեր մեկնաբանությունները, հայտարարությունները, երկխոսությունը, շփումները, հարցազրույցները և այլն: Երբ մենք արտահայտեցինք այն մոտեցումները, որոնք, մեր գնահատմամբ, արտահայտում են այն, ինչն առաջնային է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այն, ինչ վերաբերում է ստատուսին, այն, ինչ վերաբերում է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, այն, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանմանը, այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնին՝ այս գործընթացում, այն, ինչ վերաբերում է ռիսկերի նվազեցմանը, այն, ինչ վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին: Այս պարամետրերը մենք առնվազն այս տարվա ընթացքում պահպանել ենք: -Պարո´ն նախարար, պարզաբանեցիք հարցի մի կողմը: Երբ վարչապետը, թեկուզ մայիսի 8-ի ասուլիսի ժամանակ, ասաց երբ որ ես ունենամ այնպիսի տարբերակ, որ համարեմ, որ ընդունելի է, կգամ կհայտարարեմ և կստանամ ժողովրդի պատասխանը, այս հայտարարությունը 2 հարցի տեղիք տվեց. ինչպե՞ս է վարչապետը պատրաստվում հասկանալ, թե արդյոք համաձա՞յն է ժողովուրդը, թե ոչ: Այս մասով որոշ չափով պատասխանեցիք, որ այս բոլոր քննարկումները օգնում են իշխանություններին հասկանալ իրավիճակը: Կուզեի երկրորդ մասին անդրադառնայինք. վարչապետի խոսքում նշվում էր, որ ինքը կգա, կհարցնի` կարո՞ղ է արդյոք որևէ հարցի շրջանակներում բանակցել: Կուզեի պարզաբանեինք, թե ի՞նչն է համաձայնեցվելու ժողովրդի հետ, այսինքն` մի փաստաթուղթ, որ բանակցված-համաձայնեցված է և վերջնական համաձայնեցման պիտի դրվի՞, թե բանակցային փաթեթ, որ դեռ պետք է բանակցվի: -Ես չեմ կարծում, որ մենք շահում ենք, եթե ավելի պարզունակ ենք դարձնում այդարտահայտությունը: Վարչապետի ասածը վերաբերում է ավելի պատկերավոր ձևակերպմանը, թե ինչ գործընթացի մեջ ենք, որ ես փորձեցի միասին ձեզ հետ գնահատել և վերլուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթին, մենք այն փուլում չենք, որ բանակցենք, կոնկրետ փաստաթուղթ՝ կոնկրետ այս փուլում: Սա մեր գործընթացն է, մենք պատասխանատվությունը վերցրել ենք, մենք շատ հստակ գիտակցում ենք, որ այս տարիների ընթացքում եղել է գործընթաց, բավական մեծ ներդրում՝ պարամետրերը գնահատելու և համադրելու, փորձելով գտնել այն ճանապարհը, որը կարող է բոլոր կողմերին տանել դեպի հանգուցալուծում: Որպես նոր իշխանություն, բնականաբար, մեզ անհրաժեշտ էր առաջին հերթին սկսել աշխատանքը, ծանոթանալ գործընթացին, ի դեպ, ստեղծել միջավայր, որ նոր իշխանությունը կարող է, ունակ է ներգրավվել, ողջամիտ աշխատել, հստակ հասկանում է իր շահերն ու իր գերակա խնդիրներն այս գործընթացում: Մենք բավական ներդրում ունեցանք ռիսկերի նվազեցման գործընթացում, որոշ միջավայրի ձևավորմանը և այնպես չէ, որ ես ասում ու ենթադրում եմ, որ այս ամենը բավարար մակարդակի է: -Կպարզաբանե՞ք ինչ ռիսկերի նվազեցման մասին է խոսքը: -Ռիսկերի նվազեցումը վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը: -Պարո´ն նախարար, մեկ այլ հարցադրման եմ ուզում անդրադառնանք: Երբ վարչապետի, գործող իշխանությունների կողմից շեշտվում է, որ մեր կողմից արված նորամուծություններից մեկն այն է, որ հայտարարում ենք, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ի՞նչ մեխանիզմով ենք պատկերացնում այդ ընդունելիությունը հասկանալը: Այսինքն` ինչպե՞ս է լինելու, որ համոզվենք, որ 3 ժողովուրդների համար ընդունելի է: -Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, կրկնեմ, որ մեր հասարակությունում, ժողովրդավարական համակարգում ունենք մեր մեխանիզմները՝ հանրային քննարկումների տարբեր ձևաչափեր, տարբեր մեթոդներ: Վստահ եմ, որ իրենց մոդելի մեջ նրանք ևս իրենց պատկերացումն ունեն: -Իսկ այս մոտեցման մեջ որոշակի ռիսկ չե՞ք տեսնում, որ կարող է շահարկվել դեպի հանրաքվե, այդ թվում՝ նաև Ադրբեջանի տարածքում:՛ -Այս հայտարարության կարևորագույն կիզակետն այն է, որ մեր կողմից մենք ի ցույց դրեցինք կարողությունը, ինքնավստահությունը՝ ձևավորել բառապաշար, ձևավորել լեզու, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել ինքնավստահ, բայց ձևակերպումներով, որոնք անդրադառնում են այդ հռետորաբանության նվազեցմանը: Հիշում եք՝ վարչապետն իր հայտարարություններից, ելույթներից մեկում շատ լավ անդրադարձել էր այդ հարցին, որ մեր խնդիրը լեզվակռիվը չէ: -Փոխվե՞լ է արդյոք այսօր Ադրբեջանի հռետորաբանությունը:-Սա մեզ համար առօրյա գնահատման խնդիր է: -Երեկ եղավ հայտարարությունն այն մասին, որ վերնախավի այցելությունը Արցախ՝ պրովոկացիա էր, և Հայաստանն է կրելու պատասխանատվությունը հետագա հնարավոր զարգացումների: Սա կրկին պատերազմի սպառնալի՞ք է: -Սպառնալիքի լեզվով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, որովհետև վստահ ենք մեր կարողություններում՝ պաշտպանելու, պաշտպանվելու: Վստահ ենք այդ ամենի մեջ բավարար, և ես իմ անունից չեմ խոսում, ես վստահ եմ, որ սա մեր հասարակության, մեր ժողովրդի ինքնավստահությունն է: Մենք շարունակում ենք խոսել շատ ինքնավստահ: Մենք ունենք մեր մոտեցումները:   Ավելին՝ tert.am-ում  
07:35 - 11 մայիսի, 2019
Չի կարելի թույլ տալ մոռացության մատնել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը

Չի կարելի թույլ տալ մոռացության մատնել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը

Մենք խոնարհում ենք մեր գլուխները հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առջեւ, ովքեր վճռորոշ ներդրում են ունեցել ֆաշիզմից եւ նացիզմից աշխարհը ազատագրելու, միլիոնավոր մարդկանց ազատություն նվիրելու մեջ։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում մայիսի 8-ին անցկացված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի 74-ամյա տարելիցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրանց սխրանքը միշտ կմնա երախտապարտ սերունդների հիշողության մեջ։ «Այդ հաղթանակը նախկին Խորհրդային Միության եւ հակահիտլերյան կոալիցիայի երկրների բոլոր ժողովուրդների նվաճումն է։ Այն հնարավոր է դարձել մարտի դաշտերում սխրանքի ու թիկունքում անձնազոհ աշխատանքի շնորհիվ։ Մայիսի 9-ը մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին՝ ինչպես են միասին պայքարել, միասին աշխատել եւ միասին գնացել դեպի հաղթանակ։ Սերնդեսերունդ մեր ընտանիքներում պահպանվում է մեր զոհված հերոսների հիշատակը»,- ասել է Մնացականյանը։ Նախարարն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ մոռացության մատնել պատերազմի մասին հիշողությունները, մոռանալ այն մասին, թե ինչն է հատկապես թույլ տվել Հաղթանակ տանել։ ՀՀ ԱԳ նախարարը վետերաններին եւ ընդունելության մասնակիցներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ։
05:34 - 09 մայիսի, 2019
Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է.Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է.Զոհրաբ Մնացականյան

Բրատիսլավայում մայիսի 6-ին տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ: Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է: Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից: Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:
06:10 - 07 մայիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության /ԱԷՄԳ/ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Գլխավոր տնօրենի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում հայկական կողմին ցուցաբերած աջակցությունը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նման ձևաչափով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ համագործակցության առավել խորացման հեռանկարների ուղենշման և այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համատեքստում: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարաձգման, միջուկային էներգետիկայի զարգացման, միջուկային անվտանգության հարցերի շուրջ:
17:01 - 29 ապրիլի, 2019
ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ Քաղաքացու օրվան նիրված միջոցառման ժամանակ

ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ Քաղաքացու օրվան նիրված միջոցառման ժամանակ

-Ինչպե՞ս եք այսօր Ձեր օրը սկսել, և առհասարակ ի՞նչ նշանակություն ունի այս տոնը: -Սովորական կերպով եմ սկսել օրս՝ աշխատանքով, և նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչը կոչվում է Քաղաքացու օր: Եվ ես արդեն առիթ ունեցա ասելու, թե ինչ է նշանակում Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքը պետության, քաղաքացուց է սկսում պետությունը: Քաղաքացին իր արարքներով, իր կարողություններով, իր հնարավորություններով համապատասխան պայմաններում կարող է արտահայտել այն ամենը, որպեսզի բարեկեցություն ստեղծի: Սա է ամենաէական պատգամն ինձ համար: Քաղաքացին, որը մասնակից է իր կյանքի, իր հասարակության, իր համայնքի և իր պետության կառուցմանը, պատասխանատու, կարող, ինքնավստահ քաղաքացին: -Օրերս վարչապետը ևս նշեց, որ օրինակ Արցախյան հիմնահարցի հարցում ինքը չպետք է որոշողը լինի, և պետք է որոշողը լինի հենց քաղաքացին, հանրությունը: Ինչպե՞ս եք դա տեսնում: -Դա տեսնում եմ հենց այս քննարկումների մեջ: Ձեր հարցերում, այն, որ ես պարբերաբար ձեզ հետ երկխոսության մեջ եմ, մամուլի միջոցով երկխոսության մեջ եմ հասարակության հետ, տարբեր այլ առիթներով մամուլի, մեր վերլուծական դաշտի, տարբեր այլ ֆորմատներով, երբ որ մենք քննարկում ենք այս ամենը: Ժողովուրդն է, որ տվել է մանդատ կառավարությանը, և կառավարությունը պատասխանատվություն է կրում, կառավարությունը գործառույթ է իրականացնում. պատասխանատվությունն ամբողջովին կառավարության վրա է, բայց այդ պատասխանատվության իրականացումը հիմնվում է մանդատի վրա: Եվ այս երկխոսությունը, ձեր հարցերը, մնացած բոլոր ֆորմատներում, երբ որ ես հայտնվում եմ այդ երկխոսության մեջ, երբ որ քննադատում եք ինձ, համաձայնվում կամ չեք համաձայնվում. այս ամենը վերստուգումն է մանդատի, որով մենք իրականացնում ենք մեր պատասխանատվությունը, մեր պարտականությունն՝ աշխատելու բոլոր հարցերում, իսկ այս համատեքստում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: -Պարո՛ն Մնացականյան, ադրբեջանական մամուլը գրել էր, որ նախապատրաստվում է Ձեր և պարոն Մամեդյարովի հանդիպումը: Դուք ի՞նչ կասեք: -Ես վստահ եմ, որ դիտել եք իմ հարցազրույցը 2 օր առաջ, որում ես ասացի, որ հանդիպումը պետք է տեղի ունենա, որովհետև գործընթացը պետք է շարունակվի: Հանդիպումներ տեղի են ունեցել տարբեր մակարդակներով, ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Համապատասխան քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու: Սակայն հրավիրող կողմը իր համար պետք է որոշի, հստակեցնի վայրը, ժամկետները: Եվ հետո երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կարող ենք համաձայնեցված կերպով հայտարարել: Հարցազրույցի ժամանակ ասացի և այստեղ էլ կրկնեմ, որ եթե ես հիմա ասեմ, որ երեկոյան գալիս եմ ձեր տուն՝ առանց ձեր կողմից հրավիրվելու, դուք կզարմանաք. հյուրընկալողը թող ասի, հետո նոր կկողմնորոշվենք: -Փաշինյան-Ալիև հանդիպում սպասվու՞մ է: -Դեռևս եկեք չխոսենք, որովհետև եղավ Փաշինյան-Ալիև հանդիպումը ամսի 29-ին, որի շրջանակներում եղավ համաձայնությունների շրջանակ, ուղղորդիչ պայմանավորվածություններ, որոնց հիման վրա արդեն աշխատեցին արտգործնախարարները Մոսկվայում: Եվ այժմ մեզ համար շատ էակակ է, որ մենք կարողանանք համաձայնությունների շրջանակներում իրականացնել և նաև նախագծել հաջորդ քայլերը: Հաջորդ քայլերի մեջ, բնականաբար, եթե սա խաղաղ գործընթաց է, ինչ-որ պահի պետք է լինեն հանդիպումներ նաև բարձր ղեկավարների միջև: -Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը «խաղաղություն» բառն էր օգտագործել, հայկական մամուլը ողողվեց այն մասին լուրերով, որ խաղաղության կոչեր են այնտեղից հնչում: Բայց հետո ճիշտ թարգմանությունը հայտնվեց մամուլում, և պարզվեց, որ նա ճիշտ հակառակը, ավելի հեգնական բնույթի հայտարարություն էր արել: -Ցավում եմ իր համար, եթե դա այդպես է: Այսինքն մենք վստահություն ունենք, ես նորից ուզում եմ կրկնել, որ այս հասարակությունը իր ուժով, իր քաղաքացով, այս քննարկումներով վստահ է, որ ունենք այդ կարողությունը, այդ հայրենասիրությունը, ուժը` պաշտպանվելու, պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու: Սրանում կարծում եմ որևէ մեկը կասկած չունի: Դա մեզ ուժ է տալիս խոսելու խաղաղության լեզվով, որովհետև, այո, խաղաղությունն է, ինքնավստահությունն է, որ հնարավորություն է տալիս… -Իրենց թուլությու՞նն եք համարում դա: -Ես ցավով եմ ընդունում: Ես չեմ տեսել թարգմանությունը՝ ինչպես է եղել, դրա համար քանի չեմ տեսել, մի քիչ զգույշ կլինեմ իմ մեկնաբանությունների մեջ: Վարչապետը բազմիցս ասել է, որ մենք կարող ենք դա անել, և այդ ճանապարհը պետք է լինի երկկողմանի. եթե խաղաղության ենք նախապատրաստում ժողովուրդներին, եթե ղեկավար մակարդակով այդ գործառույթը չի իրականացնում, դա մտածելու տեղիք է տալիս: Բայց ես չեմ մեկնաբանում Ձեր կողմից հիշատակված կոնկրետ դեպքը, թե ինչպես է ասվել և հետո ինչպես է թարգմանվել: -Պարոն Մնացականյան, երեկ լրատվություն տարածվեց, որ հայկական կողմը առաջարկել է փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, հետո իհարկե արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, բայց արդյո՞ք նման անհրաժեշտություն կար: -Կանոնադրության փոփոխության որևէ առաջարկ չի արվել, կանոնադրությունը չի փոփոխվելու:  -Պայմանավորվածությունների առումով առաջընթաց կա՞ գերիների հետ կապված։ -Դեռևս մի փոքր վաղ է, որ ես ավելի կոնկրետացնեմ. այժմ պետք են որոշ հստակեցումներ, և այստեղ պետք է միասին աշխատենք: -Պուտինի այցը նախատեսվու՞մ է այս տարի: -Այո: -Արցախի նախկին պետնախարարը խոսում էր Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու և դրա դիմաց օդային տարածքը բացելու մասին: Դուք ադրբեջանակն կողմից ինչ-որ արձագանք ստացե՞լ եք սրա մասով և իրատեսակա՞ն համարում եք սա: -Այժմ ունենք որոշ գործառույթներ իրականացնելու, որոնք արտահայտված են մոսկովյան հայտարարության մեջ: Ցանկացած գործառույթ, որն ուղղված է վստահության ամրապնդման միջոցներին, բնականաբար, պատրաստ ենք քննարկել:
12:38 - 28 ապրիլի, 2019
Հայաստանը եղել եւ մնում է Արցախի երաշխավորը՝ այլ ձեւաչափ չկա. Զոհրաբ Մնացականյան |news.am|

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի երաշխավորը՝ այլ ձեւաչափ չկա. Զոհրաբ Մնացականյան |news.am|

news.am։ Արցախի հարցը Հայաստանի գերակա խնդիրն է, ունենք մի իրավիճակ, երբ 150 հազար մեր հայրենակից, ըստ էության պահապանն են մեր հավաքական պաշտպանության, մեր հավաքական ինքնության։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։Նախարարը հիշեցրեց, որ մեր հայրենակիցները Ստեփանակերտում ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, իրենց բարեկեցությունն են ստեղծում, իրենց նպատակներն են առաջ տանում, իրենց անվտանգությանն են ապահով, սակայն ի տարբերություն շատ շատերի՝ իրենք այնքան մոտ են շփման գծին։ «Այդ 150 հազարի անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է, անկախ նրանից մենք Երեւանում ենք, Մոսկվայում ենք, թե Լոս Անջելեսում։ Որտեղ էլ որ գտնվենք՝յուրաքանչյուր հայի համար սա հավաքական ազգային գիտակցության, ինքնության պաշպանություն եւ պահպանություն է»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։Նա նաեւ շեշտեց, թե որքան ծանր կլինեն հետեւանքները բոլորի համար, եթե մեր հայրենակիցների համար վտանգը աճի՝ ինչպիսին եղել է 1990–ականների սկզբին։ «Հայաստանը եղել եւ մնում է Արցախի երաշխավորը՝ այլ ձեւաչափ չկա, չի եղել, որպեսզի ամրապնդվի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, ցանկանում ենք խաղաղությունը, սակայն այդ խաղաղությունը ցանկանալով՝ մենք չենք կորցնում մեր ինքնավստահությունը եւ գիտակցությունը, որ մեր պաշտպանվելու ուժը շատ ուժեղ է»,– ասաց նախարարը։
11:41 - 27 ապրիլի, 2019
Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան |tert.am|

Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: «Բոլորիդ հետ շատ ոգևորված եմ այս օրվա համար, որովհետև այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել են 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ ունենալ հստակ արտահայտված ընտրություն, արժանապատվություն, վստահություն ու հարգանք, գիտակցում՝ աշխարհում քաղաքականության ունեցած դերի մասին»։ Այսօր Քաղաքացու օրվա շրջանակում հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ նրա՝ հենց այս ամենի վրա պետք է կառուցել պետությունը, վերականգնել սուվերենությունը։ «Ստեղծել պետություն, որտեղ մարդը կիզակետում է՝ իր իրավունքներով, արժանապատվությամբ ու կարողություններով։ Մենք բավական հզոր փորձն ենք ստեղծել՝ մարդու իրավունքը, տեղը հասարակության մեջ արտահայտելու։ Քաղաքացին է պետության հիմքը, քաղաքացին իր ամբողջությամբ պետություն է»,- ասաց նա։ Նախարարը նկատեց, որ ինքը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, գիտակցում է՝ կառավարության դերը հասարակությանը ծառայություն մատուցելն է։ Նրա կարծիքով՝ նման հանրային քննարկումները, քննադատությունները պետք են, որպեսզի լսելի լինեն քաղաքացու պահանջները, ինչն էլ զգոն կպահի իշխանություններին։
09:12 - 27 ապրիլի, 2019
Մնացականյանը պարզաբանել է, թե երբ կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետների և վայրի մասին |armenpress.am|

Մնացականյանը պարզաբանել է, թե երբ կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետների և վայրի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման տեղի, ժամկետի մասին կհայտարարվի, երբ հանդիպման շուրջ լինի բոլոր կողմերի համաձայնությունը:  Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, ըստ Բաքվից եկած տեղեկությունների, Փաշինյանի, Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում: «Մոսկվայում վերջին հանդիպմանը քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչ է լինելու և, մոտավորապես, ուրվագծել ենք, թե որտեղ, ինչպես և երբ կարող է լինել հաջորդ հանդիպումը: Մենք քննարկել ենք, հանդիպումից հետո յուրաքանչյուրը պետք է տեսնի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները, որից հետո կհայտարարենք: Գիտեք, որ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Ճիշտ է, որ բոլորս միասին պայմանավորվենք, նոր հայտարարենք, ինչպես որ արել ենք»,- ասաց նախարարը: Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք Ռուսաստանի առաջարկներով տարբերակն է հիմա բանակցային սեղանին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայտարարության մեջ եղածն արտահայտում է այն, ինչ քննարկվել է: «Ես լրացուցիչ մեկնաբանության կարիք չեմ ունեցել անելու, որովհետև ամենն արտահայտված է փաստաթղթում, որի շուրջ միասին համաձայնության ենք եկել: Մենք քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումները և դիրքորոշումները, սա փաստ է, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկել»,-ասաց նախարարը:
09:50 - 24 ապրիլի, 2019
Խաղաղության այլընտրանքն աղետն է. ՀՀ ԱԳ նախարար |news.am|

Խաղաղության այլընտրանքն աղետն է. ՀՀ ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳ նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա այս ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում: «Սա գործնական կիրառության հարց է: Եթե ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում, չի նշանակում, որ մոռացել են»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ փոխըմբռնման մասին կարելի է խոսել այնքանով, որքանով Հայաստանը հստակ հասկացնում է իր մոտեցումները: Նշելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը ընդհանրապես միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի աջակցության կարեւորությունը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Երեւանն աշխատում է հանուն խաղաղության: «Պետք չէ կասկածել մեր վճռականությանը: Մենք ասում ենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքն աղետն է: Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձեւակերպումներ չկան: Սա սկզբունք է, որը պետք է զարգացնել»,- հայտարարեց Մնացականյանը: Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները հրապարակային են գործում: Տրամաբանական է, որ կա որոշակի գաղտնիություն: Սակայն ցանկացած առաջքայլ հանրությանը հայտնի կդառնա, հավաստիացրեց ԱԳ նախարարը: Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Փաշինյանի եւ Ալիեւի երեք հանդիպումները հեռացում չէին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, նախարարը հավաստիացրեց, որ դա այդպես չէ, իսկ հանդիպումները ինքնաբուխ են տեղի ունեցել՝ կողմերին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչել միմյանց:Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումների ընթացքում հարցերի լայն շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: «Մյուս կողմն իր մոտեցումներն ունի: 20 տարի մեկ ձեւաչափ է եղել: Հայաստանի վարչապետը ներկայացնում է Հայաստանը: ԼՂ իշխանություններն ընտրվել են ԼՂ բնակչության կողմից: Մենք չենք կարող առանց ԼՂ-ի ստանձնել բոլոր պարտավորությունները: Սա բանակցությունների արդյունավետության հարց է», -հիշեցրեց նախարարը՝ միաժամանակ չհամաձայնելով այն մտքին, որ բանակցությունները փակուղում են:
09:31 - 24 ապրիլի, 2019
Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

aysor.am: Ամենաբարդ հարցն եք տալիս, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ցեղասպանությունից 100 տարի անց ինչո՞վ է պայմանավորվում Անկարայի ժխտողականությունը։ «Ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելն ու առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը որքանով է խոչընդոտ իշխանությունների համար։ Դա ամենամեծ խնդիրն է, բայց սա նաև պատգամ է, որ մենք՝ որպես ժողովուրդ, ցեղասպանությունը հաղթահարել ենք», - ասաց արտաքին գործերի նախարարը։ Հարցին՝ հնարավո՞ր է Երևանը Անկարայի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսի՝ բացելու հայ-թուրքական սահմանը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն։ Մենք երբևէ չենք ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է»։
07:25 - 24 ապրիլի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին

Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։ Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է  քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։ Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի  գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն  մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։ Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։  Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։ Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց։ Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։   ՀՀ ԱԳՆ 
12:52 - 18 ապրիլի, 2019
Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում

Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում

Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտ, որտեղ տեղի ուենցավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկում ֆրանսիացի առաջատար փորձագետների հետ՝ «Չեթըմ Հաուսի» կանոններով: Իր խոսքի սկզբում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին գործընթաց էր: Վստահ եմ՝ կհիշեք փոփոխություն պահանջող մարդկանց հոսքը Հայաստանի փողոցներում և նրանց ձեռքին նկատած կլինեք բարձրացված դրոշը՝ հայկական եռագույնը. որևէ այլ դրոշ չկար:  Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Դա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր ժողովրդին»: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության խորը գիտակցության վրա, ինչը պայմանավորված է մի շարք  գործոններով. դա պատմական համատեքստն է, դա տարածաշրջանային քաղաքականությունն է և դա արդի համաշխարհային մարտահրավերներն են: Նախարարի խոսքով վերջին 27 տարիների ընթացում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի հիման վրա: Այդ սկզբունքը ներառում է ռազմաքաղաքական  անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը: Համապարփակ անվտանգության ապահովման նպատակով Հայաստանը համագործակցում է իր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ մշտապես ունենալով այն ելակետը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է, և Հայաստանը  որևէ երկրի հետ իր հարաբերությունները չի կառուցում մեկ այլ երկրի հաշվին։ Քննարկման ժամանակ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի առնչությամբ։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով, որ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անօտարելի իրավունքի հարգման վրա:
06:19 - 18 ապրիլի, 2019
Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար հետ հանդիպմամբ

Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար հետ հանդիպմամբ

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Շնորհակալություն հայտելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար: Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն հայտնեցին ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշեցին, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը: Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրեց նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով:
06:01 - 17 ապրիլի, 2019
Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ |armenpress.am|

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նշվում է, որ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին քննարկումները: Հանդիպման շրջանակում Ժան-Իվ Լը Դրիանը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ կարգավորելու հակամարտությունը բանակցային ճանապարհով: Զրուցակիցները կանդրադառնան նաև հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերություններին, տարբեր՝ այդ թվում և հումանիտար, գիտության ու մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակությանն ու խորացմանն առնչվող հարցեր:
17:58 - 16 ապրիլի, 2019