news.am։ Արցախի հարցը Հայաստանի գերակա խնդիրն է, ունենք մի իրավիճակ, երբ 150 հազար մեր հայրենակից, ըստ էության պահապանն են մեր հավաքական պաշտպանության, մեր հավաքական ինքնության։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը հիշեցրեց, որ մեր հայրենակիցները Ստեփանակերտում ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, իրենց բարեկեցությունն են ստեղծում, իրենց նպատակներն են առաջ տանում, իրենց անվտանգությանն են ապահով, սակայն ի տարբերություն շատ շատերի՝ իրենք այնքան մոտ են շփման գծին։
«Այդ 150 հազարի անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է, անկախ նրանից մենք Երեւանում ենք, Մոսկվայում ենք, թե Լոս Անջելեսում։ Որտեղ էլ որ գտնվենք՝
յուրաքանչյուր հայի համար սա հավաքական ազգային գիտակցության, ինքնության պաշպանություն եւ պահպանություն է»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա նաեւ շեշտեց, թե որքան ծանր կլինեն հետեւանքները բոլորի համար, եթե մեր հայրենակիցների համար վտանգը աճի՝ ինչպիսին եղել է 1990–ականների սկզբին։
«Հայաստանը եղել եւ մնում է Արցախի երաշխավորը՝ այլ ձեւաչափ չկա, չի եղել, որպեսզի ամրապնդվի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, ցանկանում ենք խաղաղությունը, սակայն այդ խաղաղությունը ցանկանալով՝ մենք չենք կորցնում մեր ինքնավստահությունը եւ գիտակցությունը, որ մեր պաշտպանվելու ուժը շատ ուժեղ է»,– ասաց նախարարը։
comment.count (0)