Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում, ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։ Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։ Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։  
22:42 - 12 նոյեմբերի, 2021
Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով: Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է: Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում: Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։ Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը: Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն: Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին: ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը: Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful): Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է: Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը): Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին: Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։
21:50 - 12 նոյեմբերի, 2021
Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը Սյունիքում հիմա կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ՝ այդ թվում կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-ասաց Սանոսյանը: Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: «Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք»,-ասաց նախարարը: «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բոլոր այդ համայնքների ուղղությամբ շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Խոսքը այլ ճանապարհների մասին է: Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-ասաց նախարարը:
14:08 - 12 նոյեմբերի, 2021
Դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքում ադրբեջանական անցակետերի մասին

Դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքում ադրբեջանական անցակետերի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է այսօր Սյունիքում ՄԻՊ-ի իրականացրած հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները։ՄԻՊ հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը:Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:Օրինակ՝ այսօր (երեկ՝ նոյեմբերի 11-ին-խմբ.) Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:Խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով:Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական վերահսկողության պատճառով դասերը սկսվել են ուշացումներով ու հստակություն էլ չկա՝ առաջիկայում ինչ է լինելու: Անգամ դպրոցի ունեցած Գազել մակնիշի մեքենայով հնարավոր չի եղել հասնել դպրոց:Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաև Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիների այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Սա նշանակում է, որ պետք է լիարժեք երաշխավորել օպերատիվ և արդյունավետ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ դեղորայքի ու անհետաձգելի բուժօգնության տրամադրումը մարդկանց, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:Այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները:Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը: Այս մասին նշել են նաև բնակիչները: Առանձին աջակցութուն են ցուցաբերում նաև համայնքային մարմինները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի նրանց հետ համագործակցությունը՝ մարդկանց խնդիրների լուծման նպատակով:Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:
09:13 - 12 նոյեմբերի, 2021
«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների և դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՊՎԾ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) մեղադրանք էր առաջադրվել նշված ՊՈԱԿ-ի տնօրենին: Նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ուսհաստատության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարում. մի քանի ուսանողների՝ քոլեջում ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշագրումներ կատարելու փոխարեն, նրանց ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար:Քննական շրջանն ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ այդ ուսանողներին տրամադրել են դիպլոմներ: 2021թ. նոյեմբերի 9-ին գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն Ա. Մ.-ի լիազորությունները կասեցնելու մասին: Նույն օըը միջնորդություն էր ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով: 2021թ. նոյեմբերի 11-ին դատախազի միջնորդությունը բավարարվել է«,-նշված է հայտարարության մեջ:
19:31 - 11 նոյեմբերի, 2021
Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

civilnet.am: Գլխավոր լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին  հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։ Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։ «Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։ Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։ Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։  Ավելին՝ civilnet.am-ում
17:46 - 11 նոյեմբերի, 2021
Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը և «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։ Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին: Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթևի ավագանի են անցել երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավարարում ընդամենը մեկ քվե, որ կարողանար 50+1 շեմը անցնել և իշխանություն ձևավորել:
17:01 - 11 նոյեմբերի, 2021
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:  Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ: «Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։
13:38 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի: «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:21 - 11 նոյեմբերի, 2021
Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.   «Սիրելի հայրենակիցներ, Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին: Բայց մենք չենք համակերպվելու: Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում: Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում»:
13:10 - 11 նոյեմբերի, 2021