armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։
«Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը:
Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի:
«Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
comment.count (0)