Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

pastinfo.am: Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին: «Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը: Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:
13:37 - 29 դեկտեմբերի, 2020
Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|

Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Հրավիրված մամուլի ասուլիսին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիրից հնչող քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է կազմում: Վարդազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականին: «Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի գնահատականին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի լծակներ: «Եթե վտանգված է, պետք է լինեն վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, ապա Դատախազություն, ՀՔԾ, և ինձ համար ուղղակի անընդունելի է ֆեյսբուքում հնչեցվող այն արտահայտությունները, որոնք նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ գործընթացն այն կլիներ, թե լիներ կոնկրետ գործ, կոնկրետ բողոք, եռաստիճան դատական համակարգ կամ վարույթ: Նա նշեց, որ որպես չի տեսնում որևէ խնդիր այն առումով, որ չունենք որևէ վարույթ որևէ դատավորի նկատմամբ, որի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներ են ծավալվում կամ մամուլում է նշվում:  Շարունակությունը՝ tert.am-ում։
13:01 - 29 դեկտեմբերի, 2020
Նրանք պատերազմից խուսափելու եւ ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել. Նիկոլ Փաշինյան

Նրանք պատերազմից խուսափելու եւ ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։  Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։  Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որեւէ ճշգրտման։  Ինչու՞ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետեւ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։  Ռուսաստանի եւ բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) եւ ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ Եւ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր եւ սա էր պատերազմի պատճառը, ինչու՞ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները եւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։  Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարեւանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաեւ՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը։ «Ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու եւ ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։ Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել եւ պատշաճ պատրաստվել պատերազմին»։
09:47 - 29 դեկտեմբերի, 2020
Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների երկրի ներսում, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան
 |tert.am|

Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների երկրի ներսում, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։ «Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-նշեց նա։Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի․ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։
13:24 - 28 դեկտեմբերի, 2020
Ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը․ «Հայրենիքի փրկության շարժում»

Ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը վարչապետի՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին հայտարարության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։   «Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:   Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես «Հայրենիքի փրկության շարժման» գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:   Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:   Կարող ենք արձանագրել, որ սա «Հայրենիքի փրկության շարժման» առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ:   Բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի:   Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:   Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր: Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»:
09:31 - 28 դեկտեմբերի, 2020
Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Հեղափոխական էյֆորիայի պայմաններում մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի, Աբովյանի քաղաքապետարանի և մի շարք այլ ՏԻՄ ընտրություններում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե եթե իրենք անցկացնեն ընտրությունները, կկեղծեն դրանք։   «Մեզ ասում են մենք ձեզ հետ խոսելու ոչ մի բան չունենք։ Մենք չենք առաջարկում մեզ հետ խոսել, առաջարկում ենք խոսել ժողովրդի հետ։ Այս ընթացքում ընդդիմությունն ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովելու։ Նրանք ունեն լրատվական, ֆինանսական, կազմակերպչական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը, բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում առնվազն չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Մենք մեզ համար ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ գնանք  կանգնենք ժողովրդի առաջ և մեր ասելիքն ասենք։ Ոչ թե պետք է անընդհատ պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն»,- նշեց նա՝ դարձյալ նշելով Կապանի և Աբովյանի ընտրությունները։ Վարչապետի խոսքով՝ այո, կառավարությանը չեն վստահում, բայց ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում, դրա համար է ինքն առաջարկում արտահերթ ընտրությունների գնալ, տեսնել՝ ում և ինչքան են վստահում։ Սգո երթի ժամանակ վարչական լծակներ կիրառելու մասին պնդումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ապացույց ներկայացնել՝ պնդելով, որ նման բան չի կարող լինել։ Նա նշեց, որ ընդդիմությունը չի կարողացել իր թեզն ապացուցել, ինչը հանգեցրել է ծանր ճգնաժամի ՀՀ-ում։ «Տեսեք՝ հրապարակում հավաքված ընդդիմության պահանջներին աջակցող ինչքան հայտարարություններ են եղել, ընդ որում, այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչներ։ Այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամն իրականում։ Այս պրոցեսը ցույց է տվել, որ մինչև 2018-ը գոյություն ունեցած և դեռ գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի ժողովրդի հետ։ Իմ կարծիքով՝ դա պսևդո էլիտա է, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն։ Այդքան մարդիկ, ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, բայց մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու։ Դա նշանակում է այդ վերնախավի, պսևդո վերնախավի նկատմամբ անվստահություն։ Ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ասում են՝ սրանք կաշառքով գնահատական դնողներն են, սրանք գրագողությամբ թեկնածուական, դոկտորական են պահանջել, իրենք են։ Բանակի նախկին պաշտոնյանե՞րն են արձագանքում՝ հա, սրանք այն մարդիկ են, որ զինվորի հացը գողացել են և իրենց համար դղյակներ և բարեկեցություն են կառուցել։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են հայտարարություն տարածում, սրանք այն մարդիկ են, որ 25 տարի մարդկանց գլխին գործ են սարքել, ես մարդկանց խոսքն եմ փոխանցում»,- նշեց վարչապետը։ Վարչապետն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը՝ ասելով, որ ընդդիմության՝ այդ ձայնագրությունով պայմանավորված քարոզչությունը մի քաղաքացի «ջախջախել է» մի նախադասությամբ, թե «վեց միլիարդ կար, բանակի վրա ծախսեիք» (ձայնագրությունում Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանին կարող է տալ 6 միլիարդ դոլար Արցախից հրաժարվելու համար - խմբ․)։ «Ես չեմ ասում՝ ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ ես թիվ մեկ մեղավորը չեմ։ Ասում են՝ հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախի հարցի բանակցային գործընթացում ունեցել է անհաջողություններ։ Ասում եմ՝ 2018-ից առաջ բանակցություններ արվել են ժամանակ ձգելու համար։ Հիմա հարց․ ժամանակ ինչքան կարելի է ձգել։ Դիվանագիտական հաջողությունն այն է, որ ժամանակ է ձգվե՞լ։ ժամանակ չի ձգվել, ոչ մեկը թող հույս չունենա, թե ինքն էնքան խելոք է եղել, որ ժամանակ է ձգել։ Ադրբեջանը պարզապես պատրաստ չի եղել պատերազմի, և այն ընթացքում, որ այստեղ դղյակներ էին կառուցվում, այնտեղ զենք-զինամթերք էր ձեռք բերվում ոչ թե ութսունականների, այլ ժամանակակից։ Պետք էր փորձել բանակցային գործընթացում շատ թե քիչ տանելի դիրքեր ունենալ, որովհետև գործընթացը մենք ժառագել ենք այն կետում, որ յոթ շրջանները պետք է անվերապահորեն վերադարձվեն, և դա ընդունել է Հայաստանը պաշտոնապես, հրապարակային, և ԼՂ կարգավիճակի հարցը դրվել է մի կետում, երբ ասում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ, եթե դրան համաձայնի Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենք կարող էին պատերազմը կանխել մոտավորապես նույն արդյունքներով՝ ներառյալ Շուշին՝ ընդգծելով, որ Շուշիի վերաբերյալ բանավեճը իր համար հասկանալի չէ։ «Ողջ բանակցային գործընթացում առանցքային դրույթներից մեկը եղել է փախստականների վերադարձը ԼՂ։ Սա նշանակում է, որ ԼՂ համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիր։ Այսինքն՝ երբ ասվում է՝ համաձայնեք, որ փախստականները վերադառնան Շուշի՝ 95 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ։ Խնդիրը հետևյալն է, մենք պիտի՞ փորձեինք դիմադրել և դիմակայել, որ մեր շահերը մի քիչ ավելի լավ պաշտպանվեին, իմ կարծիքով՝ այո, ունեի՞նք հնարավորություն այդ շահերը պաշտպանելու, այո, ունեինք, որովհետև հիմա ընդդիմախոսներն էլ են ասում, որ պատերազմը հաղթելու հնարավորություն կար, հաղթելու մասին չէ խոսքը, առնվազն մեզ համար շատ թե քիչ տանելի պայմաններով պատերազմն ավարտելու մասին։ Իսկ ինչ կապ ունեն դրվագները, որ մտնում են խրամատներ, ասում են՝ Նիկոլը ծախել է հողերը, կամ ինչ կապ ունի այս ամենի հետ, երբ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, ըստ վկայությունների, Հադրութի փողոցից փողոցային լամպերն է հանում, տանում Երևան»,- պատմեց վարչապետը։ Դառնալով ընտրությունների թեմային՝ վարչապետը դարձյալ ասաց, որ իրենք «Իմ քայլը» դաշինքի հետ կարող էին կազմակերպել դրանք, բայց ինքը ցանկանում է քննարկումներ ունենալ, որովհետև եթե, օրինակ, ընտրական օրենսգրքի մասին ինքն ունի պատկերացումներ, ուզում է լսել նաև այլ կարծիքներ դրա վերաբերյալ։ «Դատական համակարգը իմ ասած պսևդո էլիտայի մասն է դարձել։ Եկեք, օրինակ, որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների։ Սա առաջարկ է, պարտադրանք չէ»,- հավելեց վարչապետը։ Նա ժամկետներ չնշեց ընտրությունների համար, բայց ընդգծեց, որ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։ 
00:07 - 28 դեկտեմբերի, 2020
Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010-ին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը»,- ասաց նա, նաև հակադարձեց ընդդիմության այն պնդմանը, թե դա պետական սահմանին չի վերաբերում՝ ասելով, թե Ադրբեջանի Հանրապետության սահմանները ինչ կապ ունեն ՀՀ ներքին վարչատարածքային բաժանման հետ։ Վարչապետի խոսքով՝ եթե ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ոնց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Նա հարց ուղղեց, թե այսինքն ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն։ «Այսօր տեղի է ունեցել այն, ինչ գրվել է 2010-ին ընդունված օրենքում։ Դա տեղի է ունենում նոր պատերազմից խուսափելու համար։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, դրանց մեջ Զանգիլանն ու Ղուբաթլին էլ էին մտնում, և նկատի է առնվում նույն բանը։ Միջոցները, որ ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնել։ Այն ժամանակ, որ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ պատերազմ, որ կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները Հայաստանի հանդեպ գործարկելու համար որևէ խոչընդոտ չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ամբողջությամբ այսօր էլ գոյություն ունի։ «Արված գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգության դեպքում կխառնվի նաև ՌԴ-ն։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ մի կամ երկու կամ տասը տան վերաբերյալ։ Մոտ 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ։ Ճանապարհների հետ կապված՝ կա բանավեճ։ Մենք ասել ենք՝ եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը աշխատի, հետո կհասկանանք։ Ամենատարբեր տարբերակներ կան բանավեճերը լուծելու, բայց որ ՀՀ տարածքը եղել է և շարունակում է լինել անձեռնմխելի, երկու կարծիք լինել չի կարող»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի կանգնեցվել պատերազմը՝ ընդգծելով, որ պատերազմը կանխելու մեկ ճանապարհ կար՝ 7 տարածքների վերադարձը։  Վարչապետը վերահաստատեց, որ եռակողմ հայտարարության մեջ Սյունիք, միջանցք, Մեղրի բառեր չկան, և կա տրանսպորտային ուղիների դեբլոկացիայի պնդում։ Հարցին, թե այստեղ որն է ՀՀ կարմիր գիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է»։ «Երեկ, օրինակ, Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Եթե պարզվի, որ կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ՌԴ-ի, Իրանի հետ Նախիջևանով, դա մեզ համար լավ նորություն կլինի, թե՞ վատ։ Մենք ոնց ենք պատկերացնում, մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք ՌԴ, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»,- ասաց վարչապետը։
23:04 - 27 դեկտեմբերի, 2020
Նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն․ Նիկոլ Փաշինյան

Նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն․ Նիկոլ Փաշինյան

Արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, խոսել եմ հարցադրման ձևով՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում ԱԺ արտահերթ ընտրություններ, որովհետև իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և ժողովրդի կամարտահայտությունը ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են, այն պարագայում, երբ հրապարակում ժողովրդի կամարտահայտություն հնարավոր չի լինում ի ցույց դնել այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսների։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պլաններ են փոխվել վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում, քանի որ վերջինս խոսել է արտահերթ ընտրությունների մասին։ Նա նշեց, ոչ իր առաջարկի մեջ կոնկրետ ժամկետներ չկան, մյուս կողմից էլ կարող է հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտը առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քան ի սկզբանե նախանշվել է։ Հարցին, թե այդ դեպքում ինչ կոնսուլտացիաների մասին է խոսքը, վարչապետը պատասխանեց․ «Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների մասին է, քանի որ այսօրվա մեր օրենսդրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա․ վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ։ Կամ կա այլ տարբերակ, որ մենք փոփոխություններ ենք իրականացնում Սահմանադրության մեջ, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու լիազորություն։ Ինչու եմ խորհրդակցությունների հրավեր անում, քանի որ կարևոր է, որ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերվի»,- նշեց նա։ Ընդդիմության այն պնդումներին, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և հավակնում է մնալ մինչ ընտրությունները, երկրում անկայունություն է լինելու, վարչապետն արձագանքեց, որ կան մարդիկ, որ պահանջում են, որ ինքը հրաժարական տա, կան մարդիկ, որ պահանջում են, որ հրաժարական չտա։ «Հարցը հետևյալն է․ ինչու ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանցից մի մասի ձայնը պետք է լսվի, մյուսինը չլսվի։ Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և դրանց հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է։ Բանավեճը հետևյալի մեջ է՝ ով պետք է որոշի իշխանության ճակատագիրը։ Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը։ Խոսելով պարտության մասին՝ նա պատմեց, որ երկու օր առաջ, երբ հանդիպել է զորացրված քաղաքացիների հետ, նրանք պատմել են մի դրվագ, թե ինչպես ջոկատը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել, տալով կոնկրետ անձի անուն՝ ասել են, որ վերջինս հրաժարվել է իրենց զենք տալ, իսկ իրենք ստիպված են եղել կոտրել պահեստի դռները և տեսել են, որ այն ամբողջությամբ լիքն է անհրաժեշտ զենք-զինամթերքով։ Վարչապետի խոսքով՝ եթե սա հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկը կլինի։ «Երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց մյուս կողմից, նույնքան կարևոր եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա։ Ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել․ հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է եղել։ Ի վերջո, կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում բարձրաստիճան դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ նշելով, որ դա պետք է իրենց հետ տանել։ Կարող է` սուտ են ասում, բայց այս ամենը պետք է պարզաբանվի։ Եվ կան այդպիսի մարդիկ էլ, որ կապ ունեն ընդդիմության հետ»,- ընդգծեց նա։ Դարձյալ անդրադառնալով ընտրություններին՝ Փաշինյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը։
22:07 - 27 դեկտեմբերի, 2020
Վարչապետը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով

Վարչապետը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։  Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։  Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։ Այս ամենը, սակայն, որեւէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու եւ ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց եւ՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։  Այդ պաշտոնի եւ երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ եւ ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։  Նաեւ պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։ Նաեւ պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։
21:16 - 25 դեկտեմբերի, 2020
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:  Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ եղբայրական Վրաստանի: Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»։
18:58 - 25 դեկտեմբերի, 2020
«Բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը». վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականներին

«Բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը». վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են եկել կամ ցանկություն են հայտնել այսպիսի հանդիպում, քննարկում ունենալու: Ինձ համար շատ կարևոր է այսօրվա մեր խոսակցությունը, և ես համարում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է շարունակվի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու: Իհարկե, ձեզնից առնվազն մի մասը նաև հրապարակային արդեն իսկ հանդես է եկել: Ցանկանում եմ ասել, որ եթե ոչ բոլոր, առնվազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արված, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրության համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եվ այսօր հույս ունեմ, որ այդպիսի խոսակցություն տեղի կունենա: Բայց այդ խոսակցությունը մենք ավելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանավորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դեպքում ապագայի մասին պիտի լինի մեր խոսակցությունը բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մենք խոսում ենք հեռավոր կամ ոչ հեռավոր անցյալի մասին: Որովհետև, ի վերջո, այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքով պսակելու և կոնկրետ հանգրվանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դեպքերում արձանագրենք, որ մեր խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին:Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, որ դուք մատուցել եք հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճույքով կլսեմ ձեզ»: Կամավորական ջոկատների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման հնարավորության համար և կարևորել նման ձևաչափով շփումները՝ պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և ապագայի տեսլականը համատեղ քննարկելու համար: Նրանք անդրադարձել են Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կողմից արձանագրված խնդիրներին և ներկայացրել առաջարկներ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ: Հանդիպման շրջանակում վարչապետ Փաշինյանը պատասխանել է կամավորականների մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին պատերազմի ժամանակ դասալքության և դավաճանության դեպքերի բացահայտմանը, Արցախի հարցի շուրջ զարգացումներին, բանակաշինությանը, կրթության համակարգի բարեփոխումներին, հայրենասիրական դաստիարակության մոդելին, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կամավորական աշխատանքի բաղադրիչի ներդրմանը, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներին և այլ թեմաների:
20:28 - 24 դեկտեմբերի, 2020
Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|

Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|

armtimes.com: Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը զինված հեղաշրջման մասին հայտարարություն է արել: Հարցին՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը կիսո՞ւմ է այդ տեսակետը՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա մեր համար անընդունելի ա: Տեսեք, էսօր կան քաղաքացիներ, որոնք հարթակում... հարթակում չէ. կարող են վերցնել բարձրախոսը եւ խոսել: Եթե ինչ-որ մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ դա մեր բոլորի տեսակետն է: Շարժման ղեկավարությունը իր տեսակետները հայտնել է: Մեկ անգամ եւս ասում եմ՝ մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են, որովհետեւ մենք ուզում ենք գնալ սահմանադրական ճանապարհով, որովհետեւ լրացուցիչ ցնցումները վտանգավոր են լինելու մեր երկրի համար, մենք էդ ճանապարհը չենք ընտրելու, բայց նաեւ պետք է հասկանա, որ պետք է հեռանալ: Ուրիշ ճանապարհ չկա»: Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս անդրադարձել է զինված հեղաշրջման կոչին՝ նշելով, որ նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: 
16:21 - 24 դեկտեմբերի, 2020