Ինֆոքոմ

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Տիգրան Ավինյան

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Տիգրան Ավինյան

Նախ և առաջ ցանկանում եմ անդրադառնալ մեր երկրի սահմանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Հայստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս իր ելույթի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ «Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարվոր լարվածության  և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը։ Միաժամանակ արձանագրենք, որ հայկական բանակը ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին։ Ցանկանում եմ զորակցությունս հայտնել մեր զինվորներին և սպաներին, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում մեր ռազմական ուժն ու լիակատար պատրաստությունը։ Այս ամենին զուգահետ կոչ եմ անում մեր հանրությանը առավելագույն պատասխանատվություն դրսևորել, հաշվի առնելով նաև տեղեկատվական դաշտում մղվող պատերազմը, ապավինել և տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, այսպսիով զորակցել հայոց բանակին»,- ասաց փոխվարչապետը։ Աժ հատուկ նիստում այսօր հերթական անգամ քննարկվում է  Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, որի մասին կառավարությունն արդեն  ընդունել է համապատասխան որոշում։ Որոշման համաձայն արտակարգ դրությունը շարունակում է գործել Հայաստանի ողջ տարածքում՝ մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը, ժամը՝  17։00։ 
14:24 - 13 հուլիսի, 2020
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 650 քաղաքացի, որոնցից 43-ը միացված են արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 650 քաղաքացի, որոնցից 43-ը միացված են արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան

Վերջին երկու օրերի արձանագրված դեպքերի թիվը հետևյալն է՝ շաբաթ օրը ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի օրը՝ 182։ Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32151։ Կիրակի օրվա դեպքերի թիվը իհարկե ցածր է նախորդ օրերի արձանագրված թվերից, սակայն, ուզում եմ հիշեցնել, որ դա հիմանկանում պայմանավորված է քիչ թվով թեստերով, որն էլ հիմնականում պայմանավորված է ոչ աշխատանտային օրով։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հավելեց․ « Ինչ վերաբերվում է հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությանը  և ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին, ապա գումարային առումով վերջիններիս թիվը կրկին մնում է բարձր՝ 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները  և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են, այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այն հիմանական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել՝ դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ պրակտիկորեն չունենք քաղաքացի, ով տանը սպասում է հոսպիտալացման, ունենք ընդամնեը 1 քաղաքացի, ով սպասում է տեղափոխման՝ կորոնավիրուսային հիվանդանոց։ Նախորդ շաբաթ այս թիվը մոտ 20 էր, սակայն հունիսի սկզբում ունեցել ենք օրեր, երբ այդ թիվը հասել է 300-ի։ Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի առնվազն ևս մեկ անգամ երկարաձգումը մեկ ամսով, և արդեն եկող ամսում հետևելով դինամիկային,  եթե այս կայուն և թեթևացող իրավիճակը պահպանվի հնարավոր է այլ որոշումներ կայացվեն»։
11:52 - 13 հուլիսի, 2020
Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ։ Նախարարը նախ ներկայացրեց, որ երեկ ժամը 12։30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Տոնոյանը շեշտեց, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Նախարարի խոսքով՝ քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։  Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է․ «Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ 03։30-05։30»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ մեր ԶՈՒ-երը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը․ օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է։   
11:26 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությումբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․ «Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են։ Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտահայտված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ։ Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է գործ ունենք ներքին խնդիրենրի՝ սահմանային իրավիճակի սրմամբ  երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհատ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի՝ այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որը արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանը այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ Ստացվում է՝  որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական իրվաիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական  և ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները՝ հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։ Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, ովքեր ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դրքերում։ Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին․ այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է։
11:26 - 13 հուլիսի, 2020
Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին։ - Պետական գնումների ընթացակարգերի մրցույթներում տեխնիկական բնութագրերը երբեմն թերություններով են կազմվում, անհասկանալի են լինում, շատ հաճախ հարմարեցվում են նաև պատվիրատուի նախընտրած ընկերությանը, որպեսզի մրցույթում հաղթանակ ապահովեն։ Արդյոք կա՞ արդյունավետ միջոց՝ այս խնդիրը կարգավորելու համար, և արդյոք պատկան մարմինների հետ երկխոսություն ծավալե՞լ եք նշված հարցի շուրջ։ - Գնումների ոլորտում սա համարվում է կոռուպցիոն ռիսկերի ամենատարածված սխեմաներից մեկը։ Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այս խնդիրը, ասոցիացիան գործարկում է «Բիզպաշտպան» ազդարարման հարթակը։ Մենք բիզնեսներից հայտեր ենք ստանում՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Արդեն բազմիցս ստացել ենք հայտեր այն մասին, որ տեխնիկական բնութագիրը պետական գնումների ոլորտում կոնկրետ մեկ ընկերության համար է մշակված եղել, որպեսզի հենց այդ ընկերությունը հաղթի մրցույթում։ Նշված հայտերը ստացել ենք հիմնականում Պաշտպանության նախարարության, ինչպես նաև մարզպետարանների, համայնքապետարանների, Երևանի քաղաքապետարանի մասով։ Մենք միշտ առաջարկել ենք, որպեսզի մշակվեն տեխնիկական բնութագրերի ուղեցույցներ։ Այսինքն՝ նշվածը լինի հիմնական օգտագործման առարկաների համար, որպեսզի պետական պատվիրատուն չկարողանա մանևրել և այնպիսի տեխնիկական բնութագիր մշակել, որ կոնկրետ մեկ ընկերություն հաղթի։ Ֆինանսների նախարարությունն, ընդհանուր առմամբ, մեզ հետ համագորրծակցում էր, բայց սկզբում նրանք այլ լուծում առաջարկեցին, որի արդյունքում 2017 թվականին ընդունվեց ՀՀ կառավարության 1454-Ն որոշումը՝ ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը։ Մինչ այդ՝ իրենք այդպիսի վերահսկողական գործառույթ չունեին։ Դրանից հետո Ֆինանսների նախարարությունը ընտրանքային մեթոդով վերցնում էր գնումների ընթացակարգեր և մոնիթորինգի ենթարկում։ Բնականաբար, սա այդքան էլ արդյունավետ չէր՝ երկու պատճառով։ Նախ՝ ընտրանքը շատ փոքր մաս էր կազմում, մի շարք գնումներ մնում էին առանց մոնիթորինգի, երկրորդը՝ Ֆինանսների նախարարությունը չուներ այդքան ռեսուրս, որ կարողանար ցանկացած բիզնես ոլորտում տեխնիկական բնութագրերը կարդալ և հասկանալ, որ որևէ չափորոշիչ խտրական է։  Այս ամենից հետո երկար բանակցեցինք, երկխոսեցինք ՖՆ-ի հետ։ 2019 թվականի նոյեմբերի 2-ին տեխնիկական բնութագրերի փորձաքննության նոր մասնակցային կարգ ընդունվեց։ Սրանով յուրաքանչյուր ոք, մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը, կարող է պատվիրատուին հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի օրենքով սահմանված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից հիմնավորումներ ներկայացնել։ Պատվիրատուն ստացված հինավորումների քննարկման ամփոփաթերթն ու հայտերի բացման նիստի արձանագրությունը միասին հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում։ Սա նույն ոլորտում գտնվող բիզնեսներին հնարավորություն է տալիս մինչև հրավերի հրապարակումը բարձրաձայնել խնդիրները։  Ինչ վերաբերում է մեր առաջարկած ուղեցույցին, ապա 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կառավարությունը թիվ 1716-Լ որոշմամբ հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագիրը։ Այդտեղ որպես միջոցառում սահմանվեց գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով պետական մարմինների միանման կարիքների բավարարումը՝ միևնույն բնութագրում ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով։ Ֆինանսների նախարարությունը, որպես այս միջոցառման կատարում, արդեն պատրաստվում է մշակել և կառավարությանը ներկայացնել կարգավորող իրավական ակտի նախագիծ։ Այսինքն՝ սա այն հիմքն է, որի հիման վրա հենց այդ ուղեցույցները կմշակվեն։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ առաջին փուլում ուղեցույցը  կմշակվի ինչ-որ իքս քանակությամբ առարկաների համար։ Հետագայում, երբ տեսնեն, որ կոնկրետ մեկ այլ գնման առարկա կա, որտեղ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է, դրա համար էլ կմշակեն։ Այսինքն՝ ուղեցույցը ավարտուն չի լինի և անընդհատ կզարգանա՝ փորձելով ավելի շատ գնման առարկաների բնութագրեր պարունակել։ Մի քանի տարի կիրառվելու ընթացքում վերոնշյալը բավական տարբերություն կապահովի։ Եվս մեկ բան նշեմ։ Երբ մենք «Բիզպաշտպան» հարթակով ստանում էինք գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող ազդարարումները, երկու մոտեցում էինք որդեգրում․ փորձում էինք և՛ համակարգային լուծում տալ խնդրին, և՛ դրվագային՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Համակարգային լուծումը, բնականաբար, կայանում էր Ֆինանսների նախարարության հետ երկխոսելով և այս ամբողջ օրենսդրական կատարելագործումներով։ Բայց այս գրությունները նաև Պետական վերահսկողական ծառայություն էինք ներկայացնում։ Որոշ դեպքերում իրենք իրականացնում էին իրենց մշտադիտարկումը և պարզում էին, որ առաջին հաղթած ընկերության և պետական պատվիրատուի միջև կա փոխկապակցվածություն։ Այս ամենը մի քանի դրվագով պարզվել է կրթության, պաշտպանության ոլորտներում։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել են տվյալ ոլորտների ղեկավարներին։ Իրենք արդեն կարող են կարգապահական քննություն իրականացնել և ներքին կարգով իրենց խնդիրը լուծել։ - Պետական գնումների տարեկան պլանները հաճախ չեն կազմվում շուկայի ուսումնասիրության և, հետևաբար, կարիքների առավել հստակ գնահատման հիման վրա։ Ինչպե՞ս պետք է ապահովել այս տրամաբանական շղթան և միաժամանակ ապահովել միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ կապը։ Արդյոք բավարար վերահսկողություն կա՞ նշյալ տրամաբանական շղթայի ստեղծման ու կիրարկման նկատմամբ։ - Պետական գնումների պլանավորման գործընթացում բացակայում են գնային սահմանների չափորոշիչներ, ինչը հնարավորություն է տալիս ոչ նպատակային վատնել պետական բյուջեի միջոցները։ Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները։ Օրինակ՝ ծառայողական մեքենա է տրամադրվում այն պետական պաշտոնյային, որի գործունեության բնույթը նախատեսում է աշխատանք՝ միայն կամ առավելապես գրասենյակից։ Այս խնդրի լուծումը պետք է տալ միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման փուլում, որովհետև պետական գնումների պլանները պետական բյուջեի մի մասն են այքանով, որքանով պետական բյուջեից են հատկացումները։ Երբ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» իրականացնում էր «Կառուցողական երկխոսությունների հանձնառություն» ծրագիրը, հաջողությունն այն էր, որ վարչապետի մակարդակով իրավական ակտ ընդունվեց, որով պարտադիր դարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քննարկումը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Գրեթե բոլոր պետական գերատեսչական ծառայությունների հետ տասնյակ քննարկումներ իրականացրինք, որի արդյունքում բավականին բարելավվումներ գրանցվեցին, և բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին, օրինակ՝ թե ինչու որևէ պետական գերատեսչության մոտ տվյալ կարիքը չկա, բայց հենց իր գնումների պլանում այն առկա է։ Բավականին փոփոխություններ եղան։ - Միջնաժամկետ ծախսերի ծրագրով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախապատվությունն ավելի շատ տրվում է կապիտալ ծախսերի իրականացմանը։ Վերջին 2 տարում՝ նոր կառավարող ուժի ղեկավարման շրջանում, կապիտալ ծախսերի մասով թերակատարում ենք գրանցում։ Արդյոք սա կապված չէ՞ նաև պետական գնումների ոլորտում առկա խնդիրների հետ։ - Սա պետական գնումների ոլորտում իրոք մեծ խնդիր է։ Ընդհանրապես, կարգ ու կանոն, չափանիշներ այս պահի դրությամբ հստակ սահմանված չեն, թե կոնկրետ որ պետական պատվիրատուն ինչ կարիք ունի։ Այսինքն՝ մեր առաջին հարցը տալիս է այն խնդրի պատասխանը, որ ցանկացած պետական պատվիրատու, եթե ինչ-որ կարիք ունի, ինքն այդ կարիքի համար ունի չափորոշիչ։ Բայց երկրորդ հարցն այն է՝ արդյոք պետական պատվիրատուն այդ կարիքն ունի՞։ Մենք այս մասով էլ առաջարկել ենք սահմանել հստակ չափորոշիչներ՝ պետության կարիքների համար ձեռք բերվող հիմնական ապրանքների եւ ծառայությունների, աշխատանքների համար, բայց դեռ պետական կողմի համաձայնությունը չունենք։ Մեր այն առաջարկությունները, որոնք մասնակի են ընդունվում, շարունակում ենք առաջ տանել, մենք շարունակելու ենք նաեւ այս առաջարակը լոբբինգ անել, որպեսզի ընդունվի, որպեսզի այդ մասով էլ չափորոշիչներ լինեն։ - 2018 թվականին «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ներկայացրեց ուսումնասիրություն՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման եվ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման վերաբերյալ։ Այժմ որոշ չափով առկա է կարգավորումը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը։ Միաժամանակ, կարգավորումների առկայության դեպքում նախանշվում էր անձնական տվյալների պաշտպանության խախտման ռիսկը։ Ի՞նչ մեխանիզմով է հնարավոր հավասարակշռել անձնական տվյալների պաշտպանությունն ու իրական սեփականատերերի հայտարարագրումը, որպեսզի հետագայում տվյալների պաշտպանության քողի ներքո որևէ տեղեկություն չթաքցվի։ - Այս պահին այդ ամբողջ տեղեկությունը հրապարակային է։ Բայց խնդիրն այն է, որ սա հեշտ օգտագործելի ֆորմատով չէ։ Երբ ես, օրինակ, հետաքննող լրագրող եմ, կամ մասնագետ, եւ փորձում եմ աշխատել այդ տվյալների հետ, այն pdf ֆորմատով է, նշված է, որ հաղթող ընկերության իրական սեփականատերն այսինչ անձն է, ու այստեղ խնդիր է առաջանում, դժվար է աշխատել, պատկերացրեք՝ ինչքան գնում է եղել, ու բոլորն առանձին-առանձին pdf ֆորմատով են։ Դժվար է հասկանալ, որ, օրինակ, որեւէ գնման մեջ խնդիր կա, կամ այս մի ընկերության սեփականատերը փոխկապակցված է որեւէ պատվիրատուի հետ։ Բայց լավ նորություն ունենք․ առաջիկայում մշակվելու է հերթական ծրագիրը՝ Ֆինանսների նախարարության եւ միջազգային գործընկերների հետ առաջ ենք տանում գաղափարը, որ նախարարության կայքերը վերազինվեն, բոլոր տվյալները լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այդ փոփոխությունից հետո հնարավոր կլինի անկանոնությունները վեր հանել, պաշտոնյաների հայտարարգրերի հետ համեմատել շահերը, ընկերության իրական սեփականատերերին, հասկանալ՝ փոխկապակցվածություն կա՞ եւ չարաշահում եղե՞լ է, թե ոչ։ Հայտարարագրերի մասով պետք է վերահսկողություն իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Ինչ վերաբերում է իրական սեփականատերերի մասին փաստաթղթի հրապարակմանը, ապա գնումների համակարգողի պատասխանատվությունն է, որ պետք է հրապարակի անհրաժեշտ տվյաները։ Իսկ եթե ՊՈԱԿ է, դրան վերահսկող մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի։ Բայց այս մասով, առհասարակ, բավարար լավ իրազեկում չի արվել։ Անձնական տվյալների պաշտպանության առումով՝ այստեղ ռիսկեր կան, գործ ունենք հանրային եւ մասնավոր շահերի բախման հետ։ Հանրային շահից ելնելով՝ պետք է հրապարակվի, մասնավոր շահից ելնելով՝ ոչ։ Բայց կան միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այստեղ գերակա է հանրային շահը, եւ մասնավոր շահն այս պարագայում պետք է ստորադասվի, ու այդ տվյալները լինեն հրապարակային։ Սա միայն գնումների ոլորտն է փակում, մյուսն էլ՝ հանքարդյունաբերությանը։ Բայց մենք պնդում ենք, որ պետք է համատարած ռեգիստր լինի՝ իրական սեփականատերերի վերաբերյալ։ Մենք հասանք նրան, որ ռեգիստրը ստեղծվել է, բայց տվյալները միայն հանքարդյունաբերւթյան մասով են հրապարակվում: Մենք հիմա պնդում ենք, որ լինի պարտադիր պահանջ, որպեսզի ընկերությունները հրապարակեն այդ տեղեկությունը։ Արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում  վերջին հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ևս իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնման դրույթը ներառվեց։ Մենք հասել ենք նրան, որ մինչև 2022 թվականը Արդարադատության նախարարությունը և այլ շահագրգիռ կողմեր պարբերաբար մշակեն խումբ-խումբ բիզնեսներ, որոնք քիչ-քիչ կսկսեն ներկայացնել իրական սեփականատերերի հայտարարագրերը։ Սակայն, մենք պնդում ենք, որ սա բոլորի համար գործի, հատկապես, երբ միջազգային փորձում չկա նման բան, որ միայն մեկ ոլորտում գործի այս ռեգիստրը։ - Անդրադառնանք նաև պետական գնումների գործընթացի մյուս կարևոր փուլին՝ գնումների բողոքարկման քննությանը։ Խորհուրդը կազմված է 3 անդամից՝ նախկին 56-ի փոխարեն, սակայն բողոքը քննում է խորհրդի անդամը՝ միանձնյա։ Որքանո՞վ է այս ամենն ազդում բողոքարկման անաչառության վրա։ Արդյոք կարծիքների ու տեսակետների բազմազանությունն առավել նպատակարմար չէ՞ր լինի բողոքի արդար քննության համար։ - Մենք բողոքարկման խորհրդի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ենք ներկայացրել, ընդհուպ մինչև Ֆինանսների նախարարությունից վերջինիս առանձնացումը։ Առաջարկել ենք, որ դիտարկեն բողոքարկման խորհրդի ընտրովի դառնալու նպատակահարմարությունը, ինչպես նաև պետական բյուջեից առանձին տողով նախատեսվող վարձատրություն և բողոքարկման խորհրդին առանձին աշխատակազմի տրամադրում։ Միաժամանակ, առաջարկում ենք նաև, որ բողոքները քննվեն կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա։  Միջազգային փորձը ևս դիտարկել ենք։ Որոշ երկրներում բողոքարկման խորհուրդներ չկան, սրանք քաղաքաիրավական հարաբերություններ են, և բողոքները դատարանն է քննում։ Այսպես է, օրինակ, Բուլղարիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում։ Վերջինումս նույնիսկ Գերագույն դատարանն է քննում, որը մեզ մոտ համարժեք է Վճռաբեկ դատարանին։ Եթե Ֆինանսների նախարարությունը չհամաձայնի արտադատական համակարգը կատարելագործել և գնա դատականի ճանապարհով, սա կլինի մեկ քայլ առաջ, այլ ոչ թե հետ։ Արփի Ավետիսյան
19:58 - 12 հուլիսի, 2020
HR  ՄԵՆԵՋՄԵՆԹԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Խնդիրները և մարտահրավերները․ Աբել Սիմոնյան #FreeZone

HR ՄԵՆԵՋՄԵՆԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Խնդիրները և մարտահրավերները․ Աբել Սիմոնյան #FreeZone

Հայաստանում բիզնես-պատմագրության քրոնիկոնը այն գիտակարգերից մեկն է, որը դեռևս գտնվում է կայացման փուլում, այդ իսկ պատճառով ճշգրիտ չենք կարող ասել, թե մարդկային ռեսուրսների կառավարումը, որպես առանձին բիզնես տարր, երբ է առաջացել Հայաստանում և ինչպես է զարգացել, սակայն հայտնի է, որ այն համեմատաբար նոր «բաժին է» և զարգացած է այնքանով, ինչքանով թույլ են տալիս համապատասխան կազմակերպությունները։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ի հեճուկս մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համեմատական տեղեկացվածությանը և փորձառությանը, նրանց գործունեության հիմնական խոչընդոտներից մեկը՝ լիազորությունների սահմանափակ շրջանակն էր և մեր կազմակերպություններին հարիր պահպանողականությունը։ Հետազոտությունը միտված էր բացահայտելու մարդկային  ռեսուրսների կառավարման մարտահրավերները Հայաստանում ու բացահայտել ՄՌԿ բաժինների գործելաոճի առանձնահատկությունները։ HR-ի կազմավորումը և հակիրճ պատմությունը Առաջին պաշտոնական փաստաթղթերը, որոնք վերաբերում էին վարձու աշխատանքին, հայտնվեցին XIX դարում։ 1833–1847 թթ. Եվրոպայում ի հայտ եկան մի շարք օրենքներ, որոնք որոշակիորեն բարելավում էին կանանց և երեխաների զբաղվածությունը կարգավորող օրենսդրությունը՝ սահմանափակելով աշխատաժամանակը և այլն։ 1835 թվականի մայիսի 24-ին Ցարական Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Գործարանների սեփականատերերի և նրանց հաստատություններում գործունեություն ծավալող վարձու աշխատողների հարաբերությունների մասին» որոշումը։ Այս փաստաթղթով առաջին անգամ կարգավորվում էր գործատուի և աշխատակցի հարաբերությունները։ 1918 թվականին Ռուսաստանում ընդունվեց Աշխատանքային օրենսգիրքը (Кодекс законов о труде), որն իր բնույթով առաջինն էր համաշխարհային պրակտիկայում։ Սա պայմանավորված էր աշխատանքային պայմանների ձևափոխմամբ։ XIX դարում Եվրոպայում սկիզբ առավ արդյունաբերական հեղափոխությունը, երբ ձեռագործ աշխատանքին փոխարինելու եկավ կոնվեյերը և տարրական ավտոմատացումը։ Ձեռնարկությունները սկսեցին ընդլայնվել և դրան զուգահեռ՝ ահագնացան աշխատակիցների անհանգստությունները, ինչը ստիպեց հաստատություններին աշխատանքի ընդունել մասնագետների, որոնց հիմնական խնդիրն էր աշխատողների հետ ամուր հարաբերությունների կառուցումը։ Անգլիայում նման աշխատակիցներին անվանում էին «Բարեկեցության քարտուղարներ», իսկ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում՝ «Հանրային քարտուղարներ»։ Այս «հատուկ աշխատակիցների» հիմնական պարտականությունների մեջ էին մտնում այն գործառույթները, ինչն այժմ մենք անվանում ենք սոցփաթեթ, աշխատանքային պայմանների վերահսկողություն և այլն։ Որոշ հիմնարկություններում այս աշխատակիցները դիմադրում էին արհմիությունների գրոհներին, իսկ այլ կազմակերպություններում, հակառակը, ձգտում էին բարիդրացիական հարաբերություններ կառուցել աշխատավորական միությունների հետ։ Աշխատանքային պայմանների կարգավորման մեջ պետության և արհմիությունների ազդեցության աճի հետ մեկտեղ XX դարի սկզբին առաջ եկան սոցիալական ապահովագրության համակարգերը, գործազրկության նպաստները, աշխատաժամանակի սահմանափակումները և այլն։ Բնականաբար, սա հանգեցրեց հատուկ պետական վերահսկողական գերատեսչությունների և աշխատավորների իրավունքների պաշտպանության կոմիտեների առաջացմանը։ Այս փոփոխությունները ստեղծեցին նոր իրականություն, որտեղ կարիք եղավ աշխատանքի ընդունել նոր որակի մասնագետի, որը կտիրապետեր աշխատանքային կանոնադրությանը և պետական մարմինների հետ կկառուցեր փոխօգտավետ հարաբերություններ։ Այսպես առաջացավ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը և կադրերի բաժինը։ Ժամանակակից HR մենեջմենթի կազմավորման գործում իր ուրույն տեղն  ունի Ֆրեդերիկ Վինսլոու Թեյլորը (1856-1915), ում ուսումնասիրության առարկան, ինչպես ինքն էր անվանում, «գիտական մենեջմենթն» էր («scientific management», որը ժամանակ առ ժամանակ անվանում են «Թեյլորիզմ»)։ Համաձայն Թեյլորի՝ ցանկացած աշխատանք պետք էր վերլուծել, համակարգել և ընթացքում ստացված գիտելիքները փոխանցել այն աշխատակիցներին, որոնք դրա կարիքն ունեին։ Նրա հայացքների ազդեցության տակ առաջացավ ժամանակակից պրոֆեսիոնալ թրեյնինգային համակարգը։ Թեյլորը կարծում էր, որ կազմակերպությունների շահույթի առյուծի բաժինը հայտնվում էր սեփականատերերի գրպաններում։ Սրանից խուսափելու համար շահույթի առյուծի բաժինը պետք էր բաշխել աշխատավորների միջև, ինչը հնարավոր կլիներ «կառավարման գիտական մեթոդների» ներդրման շնորհիվ։ Ըստ նրա՝ «Ձեռնարկությունների կառավարման հիմնական խնդիրը պետք է լինի ձեռնարկատիրոջ համար առավելագույն շահույթ ապահովել` դրան զուգահեռ երաշխավորելով յուրաքանչյուր աշխատակցի համար առավելագույն բարեկեցության»: Թեյլորը ենթադրում էր, որ կազմակերպություններում իշխանությունը չպետք է պատկանի միայն սեփականատերերին՝ սեփականության իրավունքով հիմնավորված։ Կառավարումը պետք էր պատվիրակել հատուկ պատրաստված մարդկանց, ում այսօր մենք անվանում ենք մենեջերներ։ Ներկայումս ընդհատողական տեխնոլոգիաները սրընթաց ձևափոխում են մարդկանց ապրելակերպը և աշխատանքային պայմանները՝ ստեղծելով կազմակերպությունների համար արագ հարմարվելու հրամայականներ։ Հայաստանում բիզնեսի դանդաղ զարգացման ֆոնին՝ մեր կազմակերպությունները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ ինտեգրվել նոր իրողություններին։ Սրան զուգահեռ՝ մեր կազմակերպությունները արտաքին ազդակների ներքո չափազանց դանդաղ (ոմանք՝ կամավոր, ոմանք՝ ստիպողաբար), սակայն առևերույթ փոփոխվում են՝ ինտեգրելով նոր բիզնես մոդելներ, տեխնոլոգիաներ և ձևափոխելով աշխատակիցների սպասումները։ Մեզ հանդիպած HR-ները աշխատավայրում «խփում էին թե՛ նալին և թե՛ մեխին»՝ փորձելով լուծել որպես ժառանգություն ստացած խնդիրները և, միաժամանակ, ծրագրել ապագան։ Այս ամենը ստեղծել է աննախադեպ հնարավորություն HR-ների համար՝ կենտրոնական դեր խաղալու կազմակերպությունների նորովի կազմավորման մեջ։ Այն HR-ները, ում հետ մենք զրուցեցինք, մեծամասամբ պատրաստված էին ու արհեստավարժ։ Որոշ կազմակերպություններում մեզ հանդիպեցին գերուսյալ HR-ներ։ Այնուհանդերձ, հաշվի առնելով մեր կազմակերպություններում առկա մտածելակերպային առանձնահատկությունները և դեռևս նորագույն դարաշրջանի կանոններին չենթարկվող կարծրատիպերի զորեղությունը, խնդիրները դեռ շատ հեռու են լուծված համարվելուց։ Սակայն ուրախալի էր այն փաստը, որ HR-ները հսկայական ճիգեր էին գործադրում խնդիրները լուծելու համար։ Անցկացված հետազոտության նպատակն է բացահայտել կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները HR-ի աչքերով, սակայն, հոդվածի բովանդակությունից ելնելով, մենք կենտրոնացել ենք հենց մարդկային ռեսուրսների կառավարման և դրա հետ կապված հիմնական խնդիրների լուսաբանման վրա։ Մեզ հանդիպած HR-ներից առաջինը սովորել էր արտերկրում և արդեն տասը տարի էր, ինչ աշխատում էր որպես «կադրավիկ»։ Սա նրա երրորդ կազմակերպությունն էր։ Մեզ հետ զրույցում նա նշում է, որ աշխատանքին վերաբերում է որպես նախագծի։ Եթե տեսնում է, որ ամեն ինչ արվել է իր ծրագրածով, սկսում է նոր նախագծի փնտրտուքը։ Իր կարծիքով, եթե մարդն ատամներով կառչում է պաշտոնից ու տարիներով մնում է նույն հաստիքում, ապա դրանով իրագործում է ստեղծագործական մտքի ինքնասպանություն։ Հպարտանում է, որ կազմակերպության աշխատակիցների 4%-ը ավարտել է Ամերիկյան համալսարանը, 8%-ը՝ Ֆրանսիական համալսարանը։ Մոտ 6 աշխատակից վերապատրաստվել է արտերկրում։ Առնվազն 48 աշխատակցի նա է աշխատանքի ընդունել։ Սիրում է կազմակերպել թիմբիլդինգներ, երբեք ու երբեք թույլ չի տալիս, որ կազմակերպությունում «բուծվեն առնետներ» ու մշտապես մղում է աշխատակիցներին առերեսելու խնդիրները դեռ առ դեմ։ Առավելագույնս պայքարում է «թուղթ» կոչվածի դեմ։ Կարծում է, որ ամեն ինչ պետք է լինի համակարգչի մեջ կամ ամպային հավելվածում։ Ներդրել է հաղորդակցային հստակ կանոններ, որին բոլոր աշխատակիցներն անխտիր ենթարկվում են։ Ինձ հետ զրույցում նա անկեղծորեն նշեց կանոններից մեկը. «Եթե աշխատակիցը չի քայլում ժամանակին համընթաց, չի բարելավվում կամ չի համապատասխանում հաստիքին, ուրեմն պետք է կա՛մ կազմակերպությունը փրկել նման աշխատակցից, կա՛մ աշխատակցին՝ կազմակերպությունից»։ Նա միակը չէ, որ այդպես է կարծում։ HR-ը համեմատաբար նոր հաստիք է մեր բիզնեսում ու, ինչպես նշում է մեկ այլ HR, «մարդ կա` աշխատում է փողի հետ, մարդ կա` աշխատում է տեխնիկայի հետ, մենք աշխատում ենք հենց մարդու հետ»։ Տարբեր HR-ներ տարբեր կերպ են սահմանում իրենց աշխատանքը, սակայն նպատակը նույնն է` իրականացնել մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ մշակելով ու իրագործելով ծրագրեր ու ծառայություններ, որոնք նպաստում են կազմակերպության կորպորատիվ, ինչպես նաև աշխատակիցների անհատական նպատակների ձեռքբերմանը՝ հավուր պատշաճի բալանսավորելով թե՛ աշխատակիցների և թե՛ կազմակերպության կարիքները։ Հայաստանյան կազմակերպություններից մեկի HR-ը նշում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարմանը վերաբերող խնդիրները բաժանվում են երկու մասի. կան խնդիրներ, որոնք գոյություն ունեն աշխարհի բոլոր կազմակերպություններում, և կան խնդիրներ, որոնք բնորոշ են միայն մեր կազմակերպություններին։ Ըստ նրա՝ այդ «բնորոշ» խնդիրները մշտապես հատուկ են այն երկրներին, որոնք գտնվում են անցումային փուլում, և «օձի կաշվի պես» պետք է հին կաշին փոխեն, որպեսզի նորով առաջ գնան։ Այնուհանդերձ, բոլոր առումներով խնդիրները համառում են ու համառելուն զուգահեռ դառնում են անկառավարելի։ Հայաստանում կառավարման խնդիրներից մեկն էլ այն է, որ մենեջմենթը և աշխատակիցները ունեն իրար հակասող տեսակետներ։ Ղեկավարությունը համոզված է, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է աշխատակիցների համար, մինչդեռ աշխատակիցները տեսնում են հակառակը։ Թեպետ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ցածր աշխատավարձը կամ անհավասար աշխատանքային պայմանները, այնուհանդերձ կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն այս խնդիրները լուծելու համար։ Ցանկացած կազմակերպությունում լավագույն աշխատակիցը՝ նախաձեռնող աշխատակիցն է։ Նրանք լեցուն են գաղափարներով, նրանք պատրաստ են աշխատել երկար ու իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Սակայն, այս աշխատակիցները ամենավտանգավորն են։ Նրանք, հասկանալով իրենց կոմպետենտային առավելությունը, մշտապես ձգտում են կամ առաջ գնալ կազմակերպության կարիերային սանդուղքով ու գտնել «իրենց սրտի» կազմակերպությունը, կամ էլ սկսել սեփական գործ։ Ըստ HR-ներից մեկի՝ այս աշխատակիցները հեռանալուց բացի ուրիշ վտանգ էլ են ներկայացնում. նրանք իրենց հետ կարող են տանել հաճախորդներին։ Այն կազմակերպությունները, որոնք կարողանում են լավագույն աշխատակիցներին պահել, մի քանի անգամ ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան նրանք, որտեղ կա կադրեր հսկայական հոսունություն։ Մեզ հետ զրույցում կազմակերպություններից մեկի տնօրենը, որն ավարտել էր ԱՄՆ համալսարաններից մեկը, ասաց, որ երբ ժամանակները վատ են (զրույցը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին), մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը կորցնում է արդիականությունը։ Սակայն, երբ տնտեսությունը վերականգնվում է, HR-ը կրկին դառնում է կարևոր գործոն կազմակերպության կառավարման գործում։ Տնտեսական ծանր պայմաններում, երբ կա գործազրկություն ու հացի խնդիր, աշխատակիցները ձգտում են ավելի լավ անել աշխատանքը, քանի որ հասկանում են, որ իրենք անփոխարինելի չեն։ Նման հանգամանքներում աշխատավարձերը մնում են նույնը կամ կրճատվում են, սակայն զբաղվածության ցածր տեմպերը և հաստիքի համար աճող մրցակցությունը ստիպում են աշխատակիցներին ինքնամոտիվացվել ու բարելավել կատարողականը։ Շատ աշխատակիցների համար մոտիվացիա է  անվտանգության զգացումը։ Մյուս պատճառն այն է, որ տնտեսական ճգնաժամերի ժամանակ ոչ ոք չի մտածում նորամուծությունների ու HR-ի գործունեության մաս կազմող միջոցառումներ մասին։ Դրանք անցնում են երկրորդ պլան։ Առաջին տեղում է կազմակերպության գոյատևումը, իսկ մնացածը, ինչպես հավելեց զրուցակիցը, «մենք էլ կարող ենք անել, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա»։    HR-ներից մեկը նշում է, որ միշտ պետք է պատրաստ լինել ճգնաժամերի։ Նա հիշեց, որ ընդամենը մի քանի ամիս էր աշխատել իր առաջին կազմակերպությունում և ականատես դարձավ ներկազմակերպական ճգնաժամի, որին ոչ ոք չէր սպասում։ Խնդիրն այն էր, որ կազմակերպության թոփ մենեջմենթի մի քանի ներկայացուցիչ, որոնք երկար ժամանակ աշխատում էին կազմակերպությունում, չէին կարողանում լուծում տալ նոր իրողություններին, որոնք ի հայտ էին եկել որոշակի նորամուծություններից հետո։ Խնդիրն ինքնին պետք է լուծվեր՝ դրսից մարդ բերելով, ով կկարողանար կառավարել նորամուծությունները և ով կոմպետենտ էր դրանց։ Ըստ նրա՝ բոլորը դա լավ հասկանում էին։ Սակայն, աշխատակիցների «երկարակեցությունը» ու դրա հետևանքով ստեղծված կարգերը խոչընդոտում էին այդ որոշմանը։ Ի վերջո խնդիրը լուծվեց, որոշում կայացվեց նոր մարդ բերել «դրսից», ինչի պատճառով երեք հոգի հեռացվեցին աշխատանքից ստեղծված իրավիճակի և փոխհամաձայնության չգալու հետևանքով։ Ըստ մեկ այլ HR-ի, սույն խնդիրը՝ «դրսից մարդ բերելու, թե ներսից մեկին ընտրելու», գոյություն ունի աշխարհի բոլոր կազմակերպություններում, սակայն հաշվի առնելով մեր մտածելակերպային առանձնահատկությունները, ժամանակ առ ժամանակ այս խնդիրը սրվում է։ HR-ի խնդիրներից մեկը հենց կոնսենսուսային համակարգի ստեղծումն է, որտեղ նվազագույնի կհասցվեն «ներս ու դուրս» հասկացությունները ու հիմնական շեշտը կդրվի կազմակերպության շահերի վրա։ Մեկ այլ HR նշում է, որ ամենադաժան ճգնաժամը ներքին խնդիրների անտեսումն է։ Ըստ նրա, շատերը խուսափում են ներքին կոնֆլիկտներից, սակայն նա սրտաբաց առերեսում է դրանք, քանի որ խնդիրների առկայությունը խոսում է կազմակերպությունում մտքերի հակադրման ու դրանց քննարկման կարևորության մասին։ «Բոլորը պետք է ինքնաարտահայտվեն»,- ասում է նա։ Երբ խուսափում են երկար ժամանակ, դա կարող է հանգեցնել մեծ պայթյունի։ Նոր գաղափարների և մոտեցումների քննարկումը մշտապես բացահայտում է ժամանակավրեպ ու վտանգավոր երևույթները կազմակերպությունում։ «Եթե նրանք տեսնում են մի բան ու հարկ են համարում խոսել այդ մասին, ապա սա նշանակում է, որ դա կարող է հենց իրենց համար դառնալ սպառնալիք, և որ նրանք միայնակ չեն կարող լուծել դա։ Հետո էլ, այն, ինչ նրանք են տեսնում, մենք չենք տեսնում։ Բնականաբար, նրանց տեսածը կարող է հակադրվել բաժիններից մեկի պետի կամ պատասխանատուի կարծիքին կամ պլանավորածին։ Սակայն, ամեն դեպքում, մենք ողջունում են առողջ քննարկումները»։ Նա պատմեց, թե ինչպես մի քանի տարի առաջ արտադրամասերից մեկի նորաթուխ տնօրենի «չխոսկանությունը» հանգեցրեց նրան, որ արտադրամասի աշխատանքը կանգնեց մի քանի շաբաթով, քանի որ տնօրենը չէր ցանկացել «անհանգստացնել վերադասին ու փորձել էր ինքնուրույն լուծել խնդիրը»։ Նրա կարծիքով, HR-ը պետք է այնպես «պատվաստի» աշխատակիցներին, որ վերջիններս կազմակերպության շահերն ավելի բարձր դասեն, քան ընկերական հարաբերությունները կամ էլ առնվազն միմյանց հետ «հարց չունենալու» հակումը։ Մեկ այլ HR հաշվարկել էր, որ կազմակերպության եկամուտները նախորդ տարվա համեմատ անկում էին ապրել 32%-ով։ Այդ 32% անկման 25%-ը առնվազն կանխարգելելի էր, եթե կազմակերպության վաճառքների բաժնի պետը գզվռտոցների մեջ չլիներ արտադրամասերի պետերի հետ, իսկ սպասարկման բաժինը լիներ ավելի որակյալ։ Այդ գզվռտոցները հանգեցրել էին նրան, որ որոշ հաճախորդներ «անցել» էին մրցակիցների կողմը։ Առաջին հերթին HR-ը պետք է հիմնավորի, թե ինչու խնդիրները, որոնց վրա սևեռված է բաժինը կամ հենց HR-ը, պետք է լուծվեն՝ կազմակերպության անվտանգությունից ելնելով և որոնք են այն զգայուն միջոցները և ձևերը, որոնք պետք է կիրառել հաջողության հասնելու համար։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ կան HR-ներ, որոնք սպասում են տնօրինության հստակ հրահանգներին, որպեսզի ցուցաբերեն նախաձեռնողականություն։ Երբ կազմակերպությունում «դանակը հասնում է ոսկորին» ու տեղի է ունենում սպասելի «անսպասելին», նշանակում է՝ HR-ը ձախողել է նախաձեռնողականությունը։ Փորձը ցույց է տալիս, որ տնօրեններն ու այլ մենեջերները մասնագիտացած չեն աշխատավայրում առկա ներանձնային հարցերի լուծման վրա։ HR-ներից մեկը խոստովանեց, որ թույլ չի տալիս կիրառելու «պապենական մեթոդը», երբ կանչում են աշխատակիցներին վերադասի սենյակ՝ «զրույցի»։ Նման «զրույցները» կա՛մ պետք է անցկացնել բոլոր աշխատակիցների ներկայությամբ, կա՛մ կիրառել այլ ժամանակակից մեթոդներ խնդիրը հարթելու համար։ Սա է կոչվում «մարդակենտրոն» մոտեցում։ Այս իսկ պատճառով HR-ները պետք է կարողանան նման խնդիրների լուծումները ուսուցանեն անձնակազմին և վերադասներին։ Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է լինի հեռացումների, ռեկրուտինգի, ճկուն աշխատանքային պայմանների և կատարողականությունը չափող ընթացակարգերի հստակ համակարգ։ «Ոչ ոք չի սիրում ընթացակարգեր, սակայն դրանք պետք են»,- ասում է HR-ներից մեկը։ Մեր կազմակերպություններում մեծ տարածում ունի երկար տարիների փորձ ունեցող/նոր աշխատող դիլեման։ Որոշ կազմակերպություններում երկարամյա փորձ ունեցող աշխատակիցները ունեին անհասկանալի արտոնություններ կամ «աչքի զարնող աշխատավարձ», այն դեպքում, երբ որոշների համար «գնացքը վաղուց արդեն մեկնել է»։ Կազմակերպություններից մեկում HR-ը անկեղծացավ, որ երկարամյա աշխատակցի մեջ վատ բան չկա, սակայն ժամանակ առ ժամանակ գործը կարող է հասնել աբսուրդի։ Որոշ դեպքերում հենց նման աշխատակիցների վրա են բարդում անհամապատասխան առաջադրանքներ՝ պայմանավորված միմիայն նրանց «երկարակեցությամբ», որոնցից նրանք չեն կարողանում հրաժարվել։ Կազմակերպություններից մեկում տնօրենը, որն այնտեղ աշխատում էր 1998 թվականից, ստանում էր աշխատավարձ, ինչը յոթ անգամ գերազանցում էր փոխտնօրենի աշխատավարձը՝ ի հեճուկս այն հանգամանքին, որ փոխտնօրենն էր զբաղվում կազմակերպության դե ֆակտո կառավարմամբ։ Եթե հավատանք վիճակագրությանը, ապա ԱՄՆ-ում[1] HR-ների 76%-ը կանայք են։ Սրան զուգահեռ՝ որոշ հայաստանյան կազմակերպություններում HR-ը համարվում էր «աշխատանք՝ նախատեսված կանանց համար»։ Նման կազմակերպություններից մեկում HR-ը խոստովանեց, որ մենեջմենթի միակ կին լինելը թեև դժվար է, բայց պարտավորեցնող։ Իր աշխատանքով փորձում է բարձրացնել կնոջ դերը կազմակերպությունում։ Այն կազմակերպություններում, որտեղ կատարվել է հետազոտությունը, HR-ները և նրանց ղեկավարած թիմերը բաղկացած էին կանանցից։ Սա գուցե միակ մենեջմենթային բաժինն է մեր կազմակերպություններում (հազվագյուտ դեպքերում՝ հաշվապահական և մարկետինգային բաժինների հետ մեկտեղ), որտեղ գենդերային առումով կանայք գերակշռում էին։ Որոշ կազմակերպություններում HR-ի փոխարեն գոյություն ունեին տաղանդների ներգրավման մասնագետներ, իսկ որոշ այլ կազմակերպություններում երկու հաստիքները համատեղված էին իրար հետ։ Մի շարք դեպքերում այս երկու հաստիքները հրաշալի փոխգործակցում էին իրար հետ, իսկ որոշ այլ կազմակերպություններում՝ խանգարում։ Այն կազմակերպություններում, որտեղ գոյություն ուներ հստակ ստրուկտուրիզացված HR բաժին, գոյություն ուներ աշխատանքային պարտականությունների բաժանում։ HR-ը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ ասել է տաղանդ և պետք է «կարել» այդ սահմանումը կազմակերպության կառավարման չափորոշիչների մեջ։ «Հետագայում խնդիրներից խուսափելու համար պետք է՝ բացի պահանջվող որակավորումներից, սահմանել որակը, համալրման տևողությունը ու կառուցել onboarding-ի(սկզբնական փուլում նորելուկ աշխատակցի՝ կազմակերպությունում հարմարվելու և փորձառության հզորացման քարտեզ) հստակ ծրագիր»։ Գոյություն ունեն կազմակերպություններ, որտեղ հաշվի չեն առնում որակի, քանակի և վերջնաժամկետի հետ կապված խնդիրները, որոնք կարող են ծագել թե՛ ընթացքում և թե՛ հետո։ Եթե պահանջվող որակը չի համապատասխանում աշխատավարձին կամ հակառակը, կարող են առաջանալ խնդիրներ։ Հայաստանում շատ քիչ կազմակերպություններում գոյություն ունի HR-ի գործունեության չափման համակարգ։ Միայն որոշ միջազգային կազմակերպություններում գոյություն ունեին հստակ սահմանված կատարողականության առանցքային ցուցիչներ։ Կազմակերպություններից մեկում, մեկ տարվա ընթացքում, երեք անգամ փոխարինել էին նախագծերի կառավարման մասնագետի (project manager), և ոչ ոք պատասխանատվություն չէր կրել այս կազուսի համար։ HR-ներից մեկը նշում է, որ նման դեպքերը վնասում են միմիայն կազմակերպությանը և պետք է վերլուծել, թե ինչու են ստեղծվում նման արտառոց  իրավիճակներ՝ «ոչ այնքան մեղավորներ գտնելու և պատժելու համար, որքան հետագայում դրանցից խուսափելու համար»։ Մեկ այլ կազմակերպության HR-ը մեզ հետ զրույցում ասաց, որ հաճախ բաժնի պետերն են դիմում համալրման համար։ Դրանից հետո բաժնի պետի հետ տեղի է ունենում ուղեղային փոթորիկ (brainstorming), որպեսզի գծանշեն հնարավոր բոլոր սցենարները, ապա տաղանդների ներգրավման մասնագետը սկսում է փնտրտուքը։ Նա է պատասխանատուն ժամկետների, որակի, աշխատավարձի վերաբերյալ բանակցությունների և այլ առաջադրանքների համար։ Որոշ կազմակերպություններում, որտեղ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը չուներ հստակ համակարգ, HR-ը և տաղանդների ներգրավման մասնագետը խոչընդոտում էին իրար։ Ժամանակ առ ժամանակ հստակ կանոնների բացակայությունը, լիազորությունների շրջանակնների թերկայացածությունը, բաժնի պատասխանատուների հետ անկանոն հաղորդակցությունը, իսկ որոշ ժամանակ շահերի բախումը և ընդհարումը, պարզապես խոչընդոտում են կանոնակարգված ու սահուն գործողությունների իրականացմանը։ Ժամանակ առ ժամանակ ուղիղ հակամարտություն էր առաջանում HR-ների և բաժնի պատասխանատուների միջև։ Այն կազմակերպություններում, որտեղ HR չի եղել և այս եզրույթի տակ հասկացվել է «մարդ ընդունել ու հեռացնել», HR բաժնի ի հայտ գալը դառնում է խնդիրների պատճառ։ «Գոյություն ունեցող կարգի խարխլումը շատ ցավալի երևույթ է բազմաթիվ կազմակերպություններում»,- նշում է HR-ներից մեկը։ Եթե կազմակերպության տնօրենը կամ փոխտնօրենը, հազվագյուտ դեպքերում՝ սեփականատերը, չեն կարողանում հարթել խնդիրները, ապա ապագան դառնում է մշուշոտ։ HR-ները փորձում են առաջ մղել իրենց տեսլականը, իսկ բաժինների պատասխանատուները փորձում են իրենց թելադրել օրակարգը, որից հետո առաջանում է բախում։ HR-ներից մեկը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե նախկինում հստակ սահմանված չէր, թե երբ պետք է աշխատանքի ընդունել HR-ի կամ բացել HR բաժին, ապա հիմա նվազագույնը 40 աշխատակցի առկայության դեպքում պետք է ունենալ HR։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, թե ինչի համար է բացվում այդ բաժինը և ինչ է անելու HR-ը։ Արևմտյան մենեջմենթում գոյություն ունի HR generalist եզրույթը, ինչի տակ հասկացվում է տարատեսակ դերակատարումներ ունեցող HR-ի առկայությունը կազմակերպությունում։ HR generalist-ը կարող է զբաղվել նոր աշխատակիցների փնտրտուքով, հներին՝ կազմակերպությունում պահելով, արտոնությունների փաթեթներ պատրաստելով, թրեյնինգներ կազմելով և այլն։ Սակայն կազմակերպությունների կառուցվածքային ընդլայնման և ընթացակարգերի՝ ավելի կոմպլեքս դառնալուն զուգահեռ HR բաժինները նույնպես պետք է ընդլայնվեն՝ խնդիրները և հնարավորությունները կառավարելի դարձնելու համար։ HR-ները պետք է խորությամբ ուսումնասիրեն և բացահայտեն աշխատավայրում առկա խնդիրները։ Ինչքան մեծ է կազմակերպությունը, այնքան ավելի է դժվարանում  HR-ների աշխատանքը։ Այն կազմակերպություններում, որտեղ չկային տվյալների կառավարման համակարգ և հստակ օրակարգ, իսկ աշխատանքը հիմնված էր «ավանդական ցուցակների» վրա, մի քանի անգամ ավելի դժվար էր առանձնացնել ներթիմային խնդիրները։ Մեր զրուցակից HR-ներից մեկը նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի HR-ները կարողանան հավասարություն դնել աշխատակիցների, նրանց վերադասերի և խնդիրների միջև։ Գոյություն ունեին կազմակերպություններ, որտեղ աշխատակիցների խնդիրների մասին ոչ ոք չգիտեր կամ գիտեին, սակայն անտեսում էին։ Նման կազմակերպություններում գոյություն ուներ հսկայական հոսունություն։ Գոյություն ունեին կազմակերպություններ, որտեղ խնդիրների մասին խոսելը համարվում էր «գործ տվոցի»։ Այստեղ պետք է նշել, որ շատ HR-ներ պայքարում էին նման արատավոր երևույթների դեմ։ Որոշ կազմակերպություններում խնդիրներին վերաբերվում էին ընտրովի։ Հարկ է նշել, որ որոշ կազմակերպություններում ավտորիտարիզմի և արդի մենեջմենթային փորձի բացակայությունը կոմպենսացվում էր HR-ների պայքարով այդ երևույթների դեմ։ HR-ների ամենամեծ խնդիրներից մեկը մեր օրերում փողոցային բարքերի դեմ պայքարն է։ HR-ներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդիրը կարող է ջախջախել ցանկացած նախաձեռնություն և նախագիծ։ Աշխատավայրը սոցիալապես նորմավորող միջավայր է, և աշխատակիցը պետք է ենթարկվի հստակ վարքաբանական մոդելների ազդեցությանը աշխատավայրում։ Սակայն այդ «ենթարկվելը» պետք է լինի կամավոր և ոչ ստիպողական։ «Եթե ինչ-որ բան արվում է ստիպողաբար, ապա պետք է անմիջապես վերլուծել իրավիճակը, և վերացնել խնդիրը»։ Մեկ այլ HR նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս խնդիրը դարձել է քիչ թե շատ կառավարելի, սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանը բացվում է աշխարհի առաջ և բիզնեսը դառնում է ավելի բարդ, նման բարքերը բախման մեջ են մտնելու գլոբալիզացիոն ներհոսքերի հետ, ինչն արդեն նկատելի է։ Վատ սպասարկումը, բացասական PR-ը, աշխատակիցների կոպտությունը րոպեներ անց կարող են հայտնվել ֆեյսբուքյան էջի «Review» բաժնում։ HR-ները պետք է կարողանան վերլուծել անհնազանդության, աշխատանքը ինքնակամ լքելու դեպքերը, վատ ցուցանիշ գրանցած աշխատակիցների անունները և դրդապատճառները։ HR-ների ամենամեծ սխալներից մեկը ֆավորիտիզմի դրսևորումն է։ «Եթե X-ը անում է մի բանը լավ, իսկ Y-ը՝ վատ, պետք չէ ամեն անգամ դիմել X-ին նույն աշխատանքի համար, իսկ Y-ին թողնել ինքնահոսի»,- նշում է HR-ներից մեկը։ Մեկ այլ խնդիր է, երբ HR-ը աշխատանքի է ընդունում նեպոտիզմի ու կրոնիզմի հիման վրա։ Հայաստանի բիզնես համակարգի ամենամեծ խնդիրներից մեկը ծանոթ-բարեկամ կծիկն է։ Շատ դեպքերում այս մարդիկ ոչնչով չեն համապատասխանում իրենց հաստիքներին, սակայն մնում են կազմակերպությունում։ Մեկ այլ խնդիր էր բյուրոկրատական մեխանիզմի առկայությունը։ Որոշ կազմակերպություններում չկար աշխատակիցների տվյալների բազային վերաբերող ավտոմատացված ներքին համակարգչային և ամպային ծրագիր։ Իսկ եթե նույնիսկ գոյություն ուներ, ապա պարզունակ մակարդակում։ Տվյալները պահվում էին թղթապանակներում։ Որոշ կազմակերպություններում այդ տվյալները հասնում էին 30 հատորի, որոնք տարվա ավարտին բարեհաջող տեղափոխվում էին պահեստ, իսկ մի քանի տարի անց` հանգրվանում էին աղբարկղում։ Որոշ HR-ներ կախվածություն ունեին հարցումներից, թեստերից ու «հետադարձ կապ» կոչվածից։ Որոշ դեպքերում այս գործընթացները ոչ մի բանի չէին հանգեցնում, պարզապես իրականացվում էին իրականացվելու համար, իսկ եթե HR բաժիններում նույնիսկ վերլուծություն էր կատարվում, ապա ի վերջո իրականացվում էին սոսկ կոսմետիկ բարեփոխումներ։ «Եթե մարդիկ հեռացվում են կազմակերպությունից, բայց խնդիրը չի լուծվում, գուցե հենց HR-ն է ինչ-որ տեղ սխալվում»,- նշում է ՄՌԿ բաժիններից մեկի պետը։ Մեկ այլ խնդիր էր այն, որ HR ազդեցությունը տարածվում է իրենցից «ներքև»՝ միջին ու ցածր օղակների վրա, և՛ լատերալ (կողային), և՛ վերին օղակներում այն ազդեցություն չուներ։ Կազմակերպություններից մեկի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը այս առումով նշեց, որ այս վիճակը ավելի նախապատվելի է, քան այն, որ կար մի քանի տարի առաջ։ Այս պայմաններում հնարավոր է կազմակերպել  թրեյնինգներ, ներդնել նոր կանոնադրություն և աշխատակիցներին շահագրգռել (մոտիվացնել) ու նրանց օգնել հասկանալու, որ այստեղ նրանց մասին հոգ են տանում։ «Վերջնական նպատակ չկա։ Պետք է պարզապես իրականացնել փոքրիկ բարելավումներ ամեն օր», - նշում է նա։ Ընդհանուր առմամբ, որպես «նոր բաժին» կազմակերպություններում՝ HR-ը սահուն զարգանում է՝ ի հեճուկս առկա խնդիրներին։ Մեկ այլ ուրախալի փաստ էր այն, որ HR-ները չէին խուսափում խնդիրների մասին խոսելուց և քննարկելուց։ Ինչպես նշեց նրանցից մեկը՝ «Կարևորը աշխատանքի պատրանք չստեղծել, մնացածը ժամանակի հետ կլինի»։ Հայաստանում բիզնեսը փոխվում է ամեն օր։ Գլոբալիզացիան, նորագույն տեխնոլոգիաները, վարքաբանական մոդելների փոփոխությունները, բնակչության փոփոխվող կարիքները նոր ուղիներ են բացում զարգացման ու առաջընթացի համար։ Պետք է կարողանալ մշակել հստակ տեսլական ապագայի մարտահրավերները առերեսելու համար։ Սա է օրվա հրամայականը , և սա է ժամանակի պահանջը։ Աբել Սիմոնյան [1]The Great HR Gender Divide: Part I, author Karra Barron, Visier's Content Marketing Manage
15:26 - 12 հուլիսի, 2020
Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վերհանման նպատակով Infocom-ը մեկնարկում է հարցազրույցների շարք։ Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի հետ։ - Գնումների ոլորտում, թերևս, ամենաակնառու խնդիրներից է մեկ անձից կատարվող գնումը։ Դուք բազմիցս անդրադարձել եք այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 21-ին գնումների վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել եք, որպեսզի 10 միլիոնը գերազանցող գնումները ոչ մրցակցային սկզբունքով կազմակերպելու դեպքում ստեղծվի հարթակ, որտեղ տվյալ գնման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում կծավալվի։ Որքանո՞վ այս առաջարկը կմեղմի մեկ անձից կատարվող գնումների կոռուպցիոն ռիսկը։ - Մեր վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պետական գնումների ոլորտում ավելացել է ոչ մրցակցային ընթացակարգի կիրառության պրակտիկան։ Այստեղ հատկապես ուշագրավ է այն, որ հրատապության հիմքով իրականացվող ոչ մրցակցային գնումները սկսել են շատ ավելի հաճախ կիրառվել։  Ոչ մրցակցային գնումների  դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ այլընտրանքի առկայություն և այլընտրանքի բացակայություն։ Այլընտրանքի բացակայությունը ենթադրում է, որ պատվիրատուն չի կարող խուսափել ոչ մրցակցային ընթացակարգի կիրառությունից, իսկ այլընտրանքի առկայության դեպքում դրա ոչ մրցակցային եղանակով գնում իրականացնելն իրենից ենթադրում է որոշակի չափանիշներ։ Այսինքն՝ այդ չափանիշները սահմանվում են գնումների օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 526-Ն որոշմամբ։ Կա որոշակի ցանկ, եթե պատվիրատուն այդ ցանկի շրջանակներում ուզում է գնում իրականացնել, ապա կարող է, իրավունք ունի, այսպես ասած, ոչ մրցակցային ընթացակարգը կիրառել։ Այլապես՝ այլընտրանքի առկայության դեպքում, ինչպես մեր օրենսդրությունն է սահմանում, գնման նախընտրելի ձևը պետք է լինի մրցույթը։ Ինչո՞ւ ենք մենք հարթակ առաջարկում։ Քանի որ շատ դեպքերում  ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը կասկածների տեղիք է տալիս։ Վերջին շրջանում միջոցառումների կազմակերպման համար հաճախ կիրառվում էր «հրատապ, մեկ անձ» գնման ընթացակարգը։ Որպես հիմնավորում՝ մեջբերվում էր այն, որ այդ միջոցառման կազմակերպման համար բավական ժամանակ չկա, կամ շուկայում բավական մրցակիցներ չկան՝ կոնկրետ այդ տեխնիկական բնութագրերով։ Այս առումով կարծում ենք, որ մեր առաջարկած հարթակը կարող է հանդիսանալ վայր, որտեղ ոչ միայն պատվիրատուն կներկայացնի իր հիմնավորումները, այլ նաև այն բաց, թափանցիկ և հրապարակային կլինի հանրության համար։ Վերոնշյալ հարթակը կիրառություն է ունեցել Վրաստանում։ Իրենց մոտ գոյություն ունի գնումների գործակալություն։ Ամեն անգամ, երբ պատվիրատուն ոչ մրցակցային ընթացակարգ է ցանկանում կիրառել, պետք է այդ որոշումը համաձայնեցնի գնումների գործակալության հետ։ Պատվիրատուն պետք է դիմում ներկայացնի իրենց հարթակում և այդտեղ ներբեռնի նաև հիմնավորումը, թե ինչու է նա կիրառում ոչ մրցակցային ընթացակարգ։ Սա այն դեպքում, երբ կա այլընտրանք։ Այսինքն՝ չի վերաբերում այնպիսի դեպքերին, երբ կա բնական մենաշնորհ (օրինակ՝ գազ, լույս, ջուր)։  Իրենք ունեն նաև հարցաթերթիկ, որով ստուգվում է նաև հիմնավորվածությունը, չափանիշներին համապատասխանությունը և թե պատվիրատուն ինչքանով է ճիշտ հիմնավորումներ բերում, որպեսզի այդ ընթացակարգը լինի ոչ մրցակցային եղանակով։ Այնուհետև հանրությանը նույնպես կարծիքներ, դիրքորոշումներ կամ առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում։ Ի վերջո, գնումների գործակալությունը կայացնում է որոշում և, ինչու չէ, այդ որոշման հիմքում կարող են լինել հանրության ներկայացրած կարծիքները։ Նշյալ հարթակի օրինակ կարող է ծառայել նաև Հայաստանում գործող e-draft.am համակարգը, որտեղ նույնպես ներբեռնվում են պատկան մարմինների մշակած նախագծերը, և յուրաքանչյուր ոք, որը գրանցված է համակարգում, կարող է ներկայացնել իր կարծիքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում այդ առաջարկությունները հաշվի են առնվում, ընդունվում են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ի գիտություն են ընդունում։  Այս հարթակը կարող է այնքանով օգտակար լինել, որ ոչ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու որոշումների հիմնավորվածությունը հանրության համար թափանցիկ լինի, հրապարակային, և հանրությանը կարծիք արտահայտելու հնարավորություն տրվի։ Օրինակ՝ ամանորյա միջոցառումների կազմակերպման ժամանակ ոչ մրցակցային ձևի կիրառման վերաբերյալ բավականին բուռն քննարկումներ սկսեցին, դժգոհություններ եղան։ Փաստացի ստացվում էր, որ հանրությունն այդքան էլ լծակներ չուներ՝ ազդելու այդ որոշման վրա։ Այս հարթակի շնորհիվ, կարծում ենք, որ առնվազն պատվիրատուն ինչ որ չափով պատասխանատվության ֆակտորի բարձրացում կունենա, քանի որ կհասկանա, որ իր որոշումները, հիմնավորումները դիտարկում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև պատկան մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, կարող է մոնիթորինգի ենթարկել դրանք, ինչպես նաև հանրությունը։ Առնվազն թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը այս հարթակի դրական կողմերից կարող է լինել։ Հարցի մյուս կողմն է այն, թե ինչքանով հաշվի կառնեն հանրության կարծիքը։  Հրատապության հիմքով իրականացվող գնումները հիմնականում պետք է կառավարության որոշմամբ և համաձայնությամբ իրականացվեն։ Սակայն, վերջին փոփոխությունները բերեցին նրան, որ կոնկրետ կառավարող մարմնի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույնպես կարող է այդպիսի որոշումներ ընդունել։ Կառավարության որոշումները հրապարակային են, սակայն մենք մտավախություն ունենք, որ այս որոշումները, որոնք կայացվելու են կոնկրետ ինչ-որ կազմակերպության ներսում, կարող են հրապարակային և թափանցիկ չլինել հանրության համար։  Կարծում եմ՝ այս հարթակը կարող է երկխոսության եղանակ լինել։ - Ձեր առաջարկած հարթակում քննարկում ծավալելու համար որքա՞ն ժամանակ պետք է տրամադրվի պատվիրատուին։ - Վրաստանում, օրինակ, ինչպես հայտնեցին մեր կոլեգաները, 3-4 օր է տրամադրվում։ Իհարկե, չեն կարող շատ երկար ժամկետներ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ գնումն իրականացվում է հրատապության հիմքով, որոշումները պետք է ավելի արագ կայացվեն։ Այստեղ մենք չենք ենթադրում, որ, օրինակ արտակարգ իրավիճակների կամ խիստ հրատապ դեպքերում պետք է այս հարթակն օգտագործել։ Բնական է՝ եթե կա արտակարգ իրավիճակ, հարթակի օգտագործումն արդյունավետ չէ։  - Այդ հարթակի ստեղծման դեպքում  ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում գործընթացին հանրության ներգրավվածության, մասնակցայնության ընդլայնումը։ - Առաջին հերթին պետք է հանրությունն իրազեկվի, որ կա այդպիսի մեթոդ, որով կարող է իր ներգրավվածությունը կամ մասնակցությունն ունենալ այս  գործընթացներին։ Իհարկե, ներգրավվածության աստիճանի ապահովումը հարաբերական է․ կախված է նրանից, թե ինչքան է հանրությունը հետաքրքրված կոնկրետ խնդրով։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, սոցցանցերում բազմաթիվ քննարկումներ են ծավալվում՝ դեբատների կամ այլ ձևերով։ Ինչու ոչ՝ պետք է ստեղծվի կոնկրետ հարթակ, որտեղ մարդկանց կարծիքը հասանելի կլինի նաև պատկան մարմիններին ու կառավարությանը։ Պատկան մարմինները կամ կառավարությունը չեն կարող տեղյակ լինել սոցցանցերում մեր արտահայտած կարծիքի կամ դիրքորոշման մասին, մինչև դրանք լայն տարածում չգտնեն։ Այստեղ, միգուցե, պատվիրատուները կամ պատվիրատուների գնումների մասնագետներն առարկություն ունեն, որ իրենց գործընթացը չերկարացվի կամ բարդացվի, բայց պետք է հաշվի առնենք այն, որ այս բոլոր միջոցները հանրային միջոցներ են, ծախսերի հիմնական մասը պետական բյուջեից է իրականացվում։ Այս բոլոր ծախսերը պետք է հանրության համար թափանցիկ և հաշվետվողական լինեն։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ իր միջոցները ճիշտ են ծախսում։ Մի բան էլ նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը գնումների որոշակի շեմի սահմաններում իրականացնում է գնումների ընթացակարգերի ընտրանքային մոնիթորինգ։ Մեր առաջարկած հարթակը կարող է ծառայել նաև այդ գործընթացին, քանի որ պատկան մարմինը կարող է տեսնել, թե ինչ խնդիր կա որևէ ընթացակարգի հետ, և մինչև կառավարության՝ տվյալ ընթացակարգի հաստատումը, կարող է նաև իր դիրքորոշումը, դրական կամ բացասական կարծիքը արտահայտել։  - Պետական գնումների համակարգում  հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովող գործիքները պատվիրատուները  լիարժեքորեն չեն կիրառում։ Օրինակ՝  Armeps համակարգում ամբողջությամբ չեն ներբեռնվում պատվիրատուների հայտարարած գնման ընթացակարգերին առնչվող ողջ տեղեկությունները։ Արդյոք հաշվետվողականությունը չապահովելու համար պատվիրատուների նկատմամբ պատասխանատվության միջոցներ պե՞տք է սահմանվեն։ Ովքե՞ր պետք է վերահսկողություն իրականացնեն նշված պահանջների կատարման նկատմամբ։ - Ինչպես Դուք նշեցիք՝ շատ դեպքերում ինֆորմացիան թերի է ներկայացվում։ Հատկապես պայմանագրերի կատարման փուլում, օրինակ, հանձնման-ընդունման արձանագրությունները կամ վճարման փաստաթղթերը չեն ներբեռնվում համակարգ։  Կարծում եմ՝ կարևոր է, որ ոչ միայն մատակարարները պատշաճ իրականացնեն իրենց պարտավորությունները, այլ նաև այն, որ պատվիրատուն այս առումով լինի թափանցիկ ու հրապարակային։ Սա որոշակիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։  Ենթադրենք՝ պատվիրատուն ասում է, որ այս աշխատանքը, այս ծառայությունը մատուցվել է։ Ինչպե՞ս կարող է հանրությունը համոզված լինել դրանում․ նրանով, որ կան հանձնման-ընդունման փաստաթղթեր, որոնցում փաստացի գրված է, թե ինչ քանակությամբ, ինչ գնով է ծառայությունը մատուցվել կամ ապրանքը մատակարարվել։ Իհարկե, այս փաստաթղթերը կեղծելու մեխանիզմները կան, սակայն առնվազն հանրության մոտ ինչ որ չափով վստահություն կարող է լինել, որ այս ընթացակարգերը, այսինքն՝ պայմանագրի կատարումը, իսկապես պատշաճ է իրականացվել։ Վերջերս քննարկումներ եղան, որպեսզի պայմանագրի կատարման առումով լինի նաև հանրային վերահսկողություն։ Տարիներ առաջ այս մեխանիզմը մասնակի կիրառվեց։ Օրինակ, երբ մանկապարտեզներում ապրանքների մատակարարում էր իրականացվում, ծնողների փոքրիկ խորհուրդ կար, որը գնում էր և հետևում, որպեսզի ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի։ Իհարկե, հանրությունը չի կարող համոզված լինել, թե ինչքանով է որակը համապատասխանում տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն քանակի առումով այդ վերահսկողությունը կարող է լինել։ Մեր առաջարկն այն է, որ ոչ բոլոր, սակայն տարբեր գնումների դեպքում ձևավորվեն խորհուրդներ, և այդ խորհրդի մեջ մտնեն ինչպես շահառուներ, ոլորտի հետ առնչվող հանրային սեկտորի ներկայացուցիչներ, այլ նաև մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած մասնակիցները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում՝ ինչպես առաջարկել էր պատգամավորներից մեկը։ Բնական է, որ այդ չհաղթած մասնակիցը որոշակիերոն ավելի խիստ մոտեցումներ կդրսևորի իր, այսպես ասած, հակառակորդ մասնակցի նկատմամբ։ Ռիսկ կա, որ դրանք կարող են լինել անհիմն, սակայն այն, որ այս գործընթացի վրա կարող է լինել այսպիսի վերահսկողություն, պատվիրատուի պատասխանատվությունն ավելի մեծ կլինի՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու առումով, մյուս կողմից էլ՝ մատակարարը պատվիրատուների հետ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու շատ քիչ հնարավորություններ կունենա։ Ալբանիայում, Չեխիայում, Հունգարիայում հաշվետվողականությունը չապահովելու, փաստաթղթերը չհրապարակելու համար կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ հիմնականում վարչական։ Կարծում եմ՝ մեր երկրում էլ պետք է արձանագրվեն նմանատիպ խախտումները, և որոշակի պատասխանատվության ենթարկեն։ - 2019 թվականի նոյեմբերի 2-ին պետական գնումների համակարգում ներդրվեց բանկային երաշխիքի մեխանիզմը, որը կիրառելի է 10 մլն դրամ և ավելի գնումների դեպքում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս փոփոխության քննարկման ժամանակ նշեց, որ այլևս կարիք չի լինի սահմանել որակավորման չափանիշներ։ Բիզնես ծավալողներն իրենց հերթին այն տեսակետին էին, որ բանկային երաշխիք ներկայացնելը տանում է դեպի մենաշնորհի, քանի որ ոչ բոլոր ընկերություններն ունեն բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն։ Ի՞նչ կարծիքի եք այս փոփոխության վերաբերյալ։ Արդյոք ճի՞շտ են մենաշնորհացման և հակամրցակցայնության մասին մտահոգությունները։ - Այս չափազանց խիստ պայմանները, պահանջները, որոնք կիրառվում են, կարող են բերել նրան, որ անհարկի խոչընդոտներ առաջանան, հատկապես՝ ՓՄՁ սեկտորի ներկայացուցիչների համար։ Սա կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ գնագոյացման վրա։ Եթե անգամ ՓՄՁ սեկտորն ուզենա մասնակցել մրցույթներին, ապա պետք է անպայման այդ որակավորման ապահովման տրամադրման գինը ներառի կոնկրետ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գնի մեջ, քանի որ ինքն այդ բանկային երաշխիքը ստանալու համար, պարզ է, որոշակի գումար է տալիս բանկերին։ Բնական է, որ այդ գինը կներառվի նաև իրենց առաջարկի մեջ։ Ստացվում է՝ այլ հավասար պայմաններում ունենում ենք գների բարձրացում։ Մյուս կողմից էլ՝ այն դեպքում, երբ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները չունենան բանկերից երաշխիք ստանալու հնարավորություն, նրանք ստիպված կարող են մտնել գործարքի մեջ՝ ավելի մեծ, ավելի կայուն ընկերությունների հետ, որոնք կարող են այդ երաշխիքը ստանալ։ Այստեղ կարող են առաջանալ անհարկի միջորդավորված գնումներ, երբ մեծ ընկերությունը փոքրի համար երաշխիք է ստանում։ Ստացվում է՝ գնի բարձրացում և միջնորդավորված գնումներ են լինում։ Ի վերջո, սա կարող է բերել մենաշնորհացման։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք իրենց կարող են թույլ տալ այդ բանկային երաշխիքը հեշտությամբ և առանց որևէ ջանքերի ձեռք բերել, կարող են օգտվել այս ամենից։  Մեր գնումների հիմնական նպատակն այն է, որ գնի դիմաց ձեռք բերվի արժեք։ Երբ մենք նույն արժեքը ձեռք ենք բերում ավելի բարձր գնով, ստացվում է՝ գնումն այդքան էլ արդյունավետ չէ։ Որպես հիմնավորում, իհարկե, բերվում է այն, որ պայմանագրի կատարման փուլում մատակարարներն ավելի քիչ հնարավորություն ունեն այն խախտելու։ Այստեղ ճշմարտության բաժին կա, քանի որ նախկինում այն տույժերն ու տուգանքները, որոնք կիրառվում էին (մենք ունեինք պայմանագրի ապահովում, հայտի ապահովում), լիովին չէին ծածկում այն վնասը, որը պատվիրատուն կրում էր, երբ մատակարարը պատշաճ չէր կատարում իր պարտականությունները։ Սակայն 100 տոկոսով որակավորման ապահովումը անտեղի էր։ Ըստ այդմ՝ 100 տոկոս որակավորման ապահովումից ունենք նաև 15 տոկոս՝ որոշ դեպքերում, 10 տոկոս՝ պայմանագրի ապահովում, 5 տոկոս՝ հայտի ապահովում։  Վերջին գնումները հետազոտելիս՝ մենք դիտարկում էինք տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը։ Պետք է նշեմ դրական միտում․ վերջերս բավականին հաճախ մրցակցային եղանակներով են այս ծառայությունները ձեռքբերվում։ Նախկինում երբեմն ոչ մրցակցային եղանակներ էին կիրառվում։ Եթե նայում ենք 2018-2019թթ․ ընթացակարգերը, այն ժամանակ մասնակցում էին մի քանի ընկերություններ, իսկ վերջին ընթացակարգերում՝ բավական խոշոր, մասնակցում է ընդամենը մեկ մասնակից և, բնական է, որ հաղթող է ճանաչվում։ Ի՞նչ է ստացվում․ ինքը, իմանալով, որ ինչ-որ չափով այդ շուկայում մենաշնորհային դիրք ունի, բնական է, որ գնի բարձրացում է ենթադրում։ Այն, որ այդ նույն ընթացակարգերին ավելի քիչ ընկերություններ են մասնակցում, փաստում է, որ փոքր և միջին ընկերությունները մտավախություն՝ ունեն ապահովման հասնելու առումով, մտավախություն ունեն, որ ինչ-ինչ պատճառներով իրենց ծառայությունը կամ աշխատանքը չի ընդունվի, այսպիսով՝ նրանք մեծ վնասներ կկրեն։ Կարծում եմ, որ բանկային երաշխիքը անհարկի խոչընդոտ է այս ոլորտի ներկայացուցիչների համար։ Մենք առաջարկ ունենք, որ տարբերակված մոտեցում լինի։ Այսինքն՝  այն ընկերությունների համար, որոնք 3 տարի և ավելի իրենց ծառայությունը, պարատականությունն իրականացրել են պատշաճ, նրանց համար սահմանվեն որակավորման ապահովման տրամադրման այլ չափանիշներ։ Արփի Ավետիսյան
21:55 - 11 հուլիսի, 2020
Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան

Առողջապահության միասնական կառավարման համակարգ ունենալը հրատապ է. նախագիծը բուժաշխատողների իրավական վիճակը չի վատթարացնելու. Հերիքնազ Տիգրանյան

ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանության արժանացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների): Արտակարգ դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու այս փաթեթի շուրջ infocom.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։  - Տիկի՛ն Տիգրանյան, կառավարությունն ընդունեց արտակարգ դրության ժամանակ Առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու նախագիծը, այն  շուտով կքնարկվի նաև Ազգային ժողովում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք գաղափարի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը։ Ի դեպ՝ նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ նախագիծը պետք է ընդունվի հրատապ կարգով․ ո՞րն է այդ հրատապության հիմնավորումը, սա նշանակում է, որ այս փուլում առողջապահական համակարգը ունի՞ այս փոփոխությունների անհրաժեշտությունը։ - Ես կարծում եմ, որ այս նախագիծը ոչ միայն հրատապ է, այլև ինչ-որ տեղ ուշացած՝ այն առումով, որ, անկախ նրանից՝ մենք կունենանք կորոնավիրուս, թե ոչ, արտակարգ դրություն կարող է լինել նաև այլ պատճառներով։ Հետևաբար, ամիսներ առաջ մեր ընդունած կարգավորումը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը, պետք է լինի նաև համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Այսինքն, մենք հիմա, ըստ էության, կորոնավիրուսային ճգնաժամը կամ մարտահրավերը «դիմավորել ենք» այնպիսի պայմաններում, երբ առողջապահության լիազոր մարմնին ոչ բոլոր բժշկական հաստատություններն են ենթակա՝ իրենց կառավարման մեջ։ Այդ քայլը անհրաժեշտություն է և հրատապ այնքան, որ պետք է արտահերթ նիստով գա քննարկման, որովհետև առողջապահական համակարգի միասնական կոորդինացման անհրաժեշտությունը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չլինի ապակենտրոնացված, չլինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս առումով՝ ես հիմնավոր եմ համարում օրենքում այս փոփոխությունը և նաև հիմնավոր եմ համարում, որ այն պետք է գա արտակարգ ռեժիմով՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից։ Դա ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետև առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու և համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Չունենալով նման կարգավորում, չունենալով նման պարտավորություն՝ ենթարկվել լիազոր մարմնի ցուցումներին, մասնավոր բժշկական հաստատությունները կարող են նաև դուրս մնալ, անմասն մնալ այս համընդհանուր ճգնաժամի դեմ պայքարի գործընթացից։ Կարծում եմ, որ փոփոխությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նաև այն, որ սա չի արվում հիմայի համար, այլ նաև կվերաբերի Հայաստանի հետագա բոլոր տարիներին։ Այսինքն՝ և՛ ռազմական  դրության, և՛ արտակարգ դրության ժամանակ բժշկական սպասարկումը և օգնությունը կլինեն միասնական՝ կենտրոնացված լիազոր մարմնի շրջանակներում։ Պատասխանատվության սահմանումը, ըստ իս, դարձյալ թելադրված է առկա իրողություններով։ Ցավոք, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ կորոնավիրուսային այս համաճարակի ընթացքում երբեմն տեսնում ենք ոչ թույլատրելի վարքագիծ՝ իրավաբանական անձանց, տնտեսվարողների և ֆիզիկական անձանց կողմից, ինչը մտավախություն է առաջացնում, որ քանի դեռ չկան իրավական հետևանքներ՝ սանկցիաների տեսքով, գուցե կարգավորող նորմերը չհասնեն իրենց հետապնդած նպատակին։ Սրանով է նաև պայմանավորված, որ նախագիծը նախատեսում է որոշակի պատասխանատվություն։ Իսկ մնացած մանրամասները քննարկվելու են նաև հանձնաժողովի և լիագումար նիստերում։ - Բացի այդ՝ նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: Հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։ Այս պարագայում արդյոք բուժհաստատությունները իրենց միջոցներո՞վ պետք է իրականացնեն հաստատության տեխնիկական զինումն ու անձնակազմի վերապատրաստումը։ - Նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ մենք վերջերս փոփոխություն ենք արել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում», և այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, որովհետև, բանականաբար, բոլորը չեն, որ վիրուսների դեմ պայքարին են մասնագիտացված։ Այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաև ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչև բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, ըստ էության, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։ Այս փոփոխությունը արվում է հենց այդ նպատակով։ Ես արդեն շահարկումներ տեսա մամուլում, սոցցանցերում, թե բուժաշխատողներին շնորհակալություն ասելու փոխարեն՝ նրանց սպառնում են կամ պատասխանատվության են ենթարկում և այլն․ ուզում եմ ասել, որ սա որևէ կերպ չի համապատասխանում այն նպատակին, որը հետապնդում է նախագիծը։ Այո՛, բուժաշխատողներն այսօր իրենց ուժերի գերլարումով են աշխատում, որովհետև, ինչպես գիտենք, առողջապահական համակարգն ուղղակի չէր կարող կրել այդքան մեծ բեռ։ Հետևաբար, այնքանով, որքանով պետությունն ունի հնարավորություններ՝ նրանց աշխատանքը գնահատվում է նաև ֆինանսական առումով։ Սոցցանցերում միանգամից արված գրառումները տրամադրություններ են ստեղծում՝ հատկապես բուժաշխատողների շրջանում՝ ընդդեմ պետության՝ ստեղծելով ընդհանուր պատժողական մթնոլորտ։ Ես ուզում եմ ցրել այդ տրամադրվածությունը․ չկա որևէ բուժաշխատողի իրավական վիճակը վատթարացնող կարգավորում նախատեսող նախագիծ։ - Տիկի՛ն Տիգրանյան, մոտ 2 ամիս առաջ նախարարությունը հայտարարեց, որ «չի վստահում» մասնավորր հիվանդանոցների արած թեստավորումների պատասխաններին, քանի որ դրանց լաբորատորիաները չեն համապատասխանում նախարարության ստանդարտներին։ Ընդհանուր առմամբ, մասնավոր հիվանդանոցները դուրս մղվեցին կորոնավիրուսի թեստավորումն ու բուժումն իրականացնելու գործընթացից։ Եթե նախարարությունն այս առումով չի վստահում մասնավորներին, ապա կարճ ժամանակահատվածում ի՞նչ պետք է արվի, որպեսզի դրանց գործունեությունը «վստահելի» դառնա։ - Այլ բան է թեստերի լաբորատորիաների նկատմամբ վստահությունը, որովհետև վիրուսը նոր է, չճանաչված, և պետությունը չի կարող երկրում առկա բոլոր լաբորատորիաներին ընդունել որպես հավաստի պատասխան տվող։ Ես որքանով տեղյակ եմ՝ հինգ հիմնական ախտորոշիչ լաբորատորիաներ էին ընտրված, որովհետև դրանք պետք է ունենան համապատասխան սարքավորումներ, մասնագետներ և հագեցվածություն, նաև պաշտպանվածություն վիրուսից, որը ճանաչված չէ։ Այս առումով՝ շատ նորմալ է, և ես տրամաբանական ու արդարացի եմ համարում, որ ոչ բոլոր լաբորատորիաներին է տրվում այդպես ապրիորի վստահություն, և միայն այն լաբորատորիաների տված պատասխաններն են հուսալի, որոնք պետությունը համարում է այդ ոլորտում մասնագիտացված։ Մասնավորների առումով, բնականաբար, առողջապահական լիազոր մարմինը կարող է կոորդինացնել և լիազորությունները կարող է տարածել իրեն ենթակա հիմնարկների ու նրանց գործունեության վրա։ Առաջին փուլում եղել է պետական բժշկական հաստատությունների մոբիլիզացիա, բայց համաճարակի ծավալների ընդլայնմանը զուգընթաց՝ ներգրավվել են նաև մասնավոր կազմակերպություններ, սկզբում՝ կամավոր։ Խնդիրը հետևյալն է․ բնականաբար, բոլոր բժշկական հաստատությունները չպետք է դրվեն կորոնավիրուսի բուժման տակ՝ լինեն մասնավոր, թե պետական, երկրորդ՝ մասնավոր կազմակերպությունները կորոնավիրուսի դեմ աշխատանքի համար պիտի ունենան նաև որոշակի հագեցվածություն՝ վերաորակավորված մասնագետներով, մահճակալային ֆոնդով, վերակենդանացման բաժանմունքներով և համապատասխան սարքավորումներով։ Սրանց առկայության պարագայում այդ հաստատությունները կարող են ներգրավվել այս աշխատանքում, որն այս ամիսների ընթացքում զուգահեռաբար արվել է։ Այստեղ վստահության խնդիրը չէ, պետք է լինի մեկ ուղղորդական ցուցում, հենց սա է նախագծով առաջ քաշվում, որ բոլոր այն բժշկական հաստատությունները՝ կլինեն մասնավոր, թե պետական, կորոնավիրուսի դեմ պայքարը մղեն մեկ միասնական ուղեցույցի շրջանակում և միասնական չափորոշիչներով։ Առողջապահության նախարարությունը կազմել և բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ պոլիկլինիկաներին, տրամադրել է ուղեցույցներ։ - Ի դեպ՝ նախարարն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը վերաբերելու է ոչ բոլոր մասնավոր բուժհաստատություններին․ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ մշակվելու են հատուկ կատեգորիաներ, որոնց արդյունքում ընտրվելու են՝ որ հաստատությունները և ինչ չափով են ներգրավվում այս գործընթացում։ Այս պարագայում ինչպե՞ս պետք է կարգավորվի հարցը, որպեսզի «խտրական» դրսևորումներ չլինեն, առհասարակ ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշվեն, թե որ հիվանդանոցներն են ներգրավվում։ - Այս հարցին կարող են պատասխանել առողջապահական համակարգի մասնագետները, բայց իմ իմացության շրջանակներում ասեմ, որ խտրականության մասին չպետք է մտածել․ օրենքը գալիս է համընդհանուր կարգավորման համար, որ բոլոր բժշկական կազմակերպությունները արտակարգ դրության ժամանակ այլևս ենթարվում են առողջապահության նախարարին։ Նախարարի բոլոր հրամանները, ցուցումները պարտադիր են այդ հաստատությունների վարչական կազմի, աշխատակազմի համար, և երրորդը՝ արտակարգ դրության ժամանակ ի՞նչ ծավալի ներգրավման անհրաժեշտություն կլինի, եթե երկրում կան իքս թվով բկ-ներ, թե դրանցից քանի՞սը կներգրավվեն՝ կապված է տվյալ պահին մահճակալային ֆոնդի անհրաժեշտությունից։ Հետևաբար, այստեղ խտրականության մասին խոսք գնալ չի կարող։ - Քանի որ գործ ունենք տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ, որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը չփոխհատուցի վերջիններիս կորցրած շահույթը։  - Ես այդքան էլ համաձայն չեմ «կորցված շահույթ» ձևակերպման հետ, խոսքը բաց թողած օգուտի մասին է։ Այդ բացթողած օգուտը շատ դժվար ապացուցելի գործոն է։ Եթե, օրինակ, խոսեինք իրական վնասների մասին, ես կհասկանայի, բայց սա նույնպես քննարկման առարկա է։ Եթե խոսենք ոչ թե բացթողած օգուտի մասին, քանի որ բկ-ն չի կարող իմանալ, թե քանի պացիենտ կարող էր ունենալ այդ ժամանակահատվածում և ինչ շահույթ կստանար, սա մի քիչ գնահատողական կատեգորիա կլինի և ոչ հստակ։ Եթե խոսենք իրական վնասի մասին, դա գուցե ավելի ռեալ է, թե արտակարգ դրության ժամանակ ինչ ֆինանսական վնասներ են կրել, դա միգուցե հնարավոր է հաշվարկել, բայց սա լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Պետք է հասկանալ՝ որտեղ է բուժհաստատությունը տուժում, որտեղ է շահում և երբ միանում է համընդհանուր համաճարակի վերացման գործընթացին, արդյոք մնում է մենա՞կ, թե՞ պետությունը իրեն դիտարկում է սուբյեկտ, որին պետք է ֆինանսավորի։ Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։ Վերջինս կարծիքով՝ նախագիծը կոշտ միջոց է նախատեսում․ «Այս պահին միայն կարող եմ ասել, որ բժիշկների գլխին դամոկլյան սրի նման չպետք է կախված լինի վարչական տուգանքը։ Ցանկացած արտակարգ դրության ժամանակ պետք է միավորված գործել ու հաղթահարել։ Արտակարգ դրությունը, ռազմական դրությունը իշխանության խնդիրը չէ միայն։ Ես չեմ պատկերացնում, որ այս ընթացքում բժիշկներ, բուժաշխատողներ եղած լինեն, որ խուսափած լինեն մեր քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելուց։ Ավելին՝ բարձր կուրսերի ուսանողները կամավոր անդամագրվել են։ Կոշտ միջոց է նախատեսում նախագիծը, որի հետ հաշտ չեմ, բնականաբար։ Մեր բժիշկներն այս օրերին հերոսական աշխատանք են անում առաջնագծում։ Նրանք խրախուսանքի են արժանի»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Ասպրամ Փարսադանյան
20:17 - 11 հուլիսի, 2020
Ճիշտ աշխատող ՏԻՄ ունեցող համայնքին խոշորացում պետք չէ, ֆինանսական ռեսուրսներ են պետք․ Անժելա Խաչատրյան

Ճիշտ աշխատող ՏԻՄ ունեցող համայնքին խոշորացում պետք չէ, ֆինանսական ռեսուրսներ են պետք․ Անժելա Խաչատրյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։ - «Ազատ դեմոկրատները» դեմ է համայնքների խոշորացմանը․ դեռևս 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք ասում էիք՝ համայնքները չպետք է խոշորացվեն։ Համայնքների համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ խոշորացումը։ - Դեռևս 2016-ին և դրանից առաջ, երբ քննարկվում էր համայնքների խոշորացման հայեցակարգը, և հետագայում, երբ օրենքի նախագիծը բերվեց Ազգային ժողով, մենք խորհրդարանում էինք և մեր դիրքորոշումը ներկայացրինք՝ պատճառաբանելով, որ այստեղ խնդիրը զուտ բյուջեի հավելումները կամ կրճատումները չեն։ Համայնքների խոշորացման գործընթացում կա նաև շատ կարևոր մի ասպեկտ, որը կոչվում է տվյալ համայնքի մշակութային առանձնահատկություն, որովհետև սա զուտ տնտեսական խնդիր չէ, նաև մշակութային խնդիր է։ Կան համայնքներ, որոնք, իհարկե, ունեն 120 բնակիչ, բայց այդ համայնքներն ունեն երկար տարիների պատմություն և ավանդույթներ ունեցող դպրոց, 5-րդ դարից պահպանված մշակութային կոթող, եկեղեցի։ Տվյալ համայնքներին զրկել իրենց ժողովրդարացման գործընթացից և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու ժողովրդավարական կարևորագույն ատրիբուտից, որն ամբողջ աշխարհում է խթանվում, սխալ է, և մեր դիրքորոշումը հենց դրանով է պայմանավորված եղել։  Խոշորացման հիմնական առանձնահատկությունը, որ նշվում էր թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, այն էր, որ ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կտրվեն խոշորացված համայնքներին, և խնդիրները թիրախային լուծումներ կստանան։ Փորձեմ չհամաձայնել, որովհետև եթե տվյալ համայնքն ունի բյուջե, համայնքի բնակիչներն արդեն իսկ, թեկուզ քիչ, բայց մասնակցում են բյուջեի կառավարմանը, ավագանի են ընտրում, կոնկրետ գիտեն՝ իրենց համայնքն ինչ խնդիր ունի։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմնականում խոշորացված փնջերում փոքր գյուղերը միանում են մեծ կենտրոնի հետ, և դասագրքային ճշմարտություն է, որ, բնականաբար, դոմինանտ լինելու է այն համայնքը, որն առավել խոշոր է թե՛ իր բնակչության քանակով, թե՛ իր խնդիրների քանակով, որովհետև ինչքան մեծ է համայնքը, այնքան ավելի շատ խնդիրներ լուծվելու են տվյալ համայնքում։  Տնտեսական դոմինանտության խնդիր, այնուամենայնիվ, առաջանալու է։ Փնջի մեջ գտնվող խոշոր համայնքը, ըստ տրամաբանության, դառնալու է խոշորացված համայնքի կենտրոն, ընտրությունների ժամանակ ավագանու ամենաշատ անդամներ լինելու են այդ համայնքից, և նրանք ավելի շատ փորձելու են իրենց  ընտրողների խնդիրները լուծել։ Իսկ իրենց ընտրողները, փաստացիորեն, խոշոր համայնքի ընտրողներն են, ոչ թե ինչ-որ 120 հոգանոց հեռավոր համայնքի։ Մյուս խնդիրն այն է, թե ինչպես են այդ փնջերը ձևավորվում։ Ինչպես նշեցի՝ առանձնահատկությունները, մշակույթը հաշվի առնելու խնդիր կա։ Այդ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք ունենք շատ ու շատ համայնքներ, այդ համայնքներն ունեն իրենց ուրույն դիմագիծը, և շատ հնարավոր է՝ ճանապարհի հակառակ կողմում գտնվող համայնքի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն։ - Կառավարությունն ասում է՝ մենք բնակավայրերը պահպանում ենք, և յուրաքանչյուր բնակավայր ունի վարչական ղեկավար։  - Վարչական ղեկավար ունենալու դեպքում էլ այս խնդիրը շարունակելու է գոյություն ունենալ, որովհետև, ինչպես նշեցի, փոքր համայնքն ավագանիում շատ քիչ ներկայացվածություն է ունենալու և  ինչ-որ առումով տուժելու է բյուջեի բաշխման, խնդիրների լուծման ժամանակ։ Իսկ այն դեպքում, երբ համայնքն ունենում է իր ընտրած ավագանին, իր ընտրած ավագանուց պահանջում է հստակ մոտեցում, հստակ խնիրներ են դրվում ավագանու առջև, և այդ խնդիրները լուծվում են։  - Ձեր նշած խնդիրը կլուծվե՞ր, եթե խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ ունենալու համար քվոտաներ սահմանվեին։  - Այդ դեպքում հնարավոր կլիներ խնդիրը լուծել, որովհետև այլ կերպ ընտրությունը մեխանիկորեն է լինելու։ Պետության ժողովրդավարացման, նաև քաղաքացու մասնակցայնությունն ապահովելու համար տեղական ինքնակառավարումը շատ կարևոր գործիք է։  Անընդհատ խոսվում է ռեսուրսների տեղաբաշխման մասին, ասվում է, որ պետք է ապակենտրոնացում իրականացվի։ Ապակենտրոնացումը միայն տեղական իշխանության փոփոխությունը կամ խոշորացումը չէ։ Հնարավոր է նաև ճիշտ կառավարելիություն մտցնել, տվյալ համայնքին տալ հնարավորություն՝ ներկայացնելու իր խնդիրները և տվյալ խնդրներին համապատասխան՝ ստանալու դոտացիաներ, ոչ թե դա կատարել ընտրողաբար կամ համահարթեցված։ Համահարթեցումը ևս լուծում չէ, որովհետև փոքր համայնքը, բնականաբար, կունենա փոքր խնդիրներ, մեծ համայնքը կունենա մեծ խնդիրներ։ Այստեղ ավելի շատ կարևոր է մարդկային և նաև ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարումը։  - Կառավարությունն ասում է, որ եթե համայնքները խոշորացվում են, ենթակառուցվածքներն են զարգանում, բնակիչներին մատուցվող ծառայությունների որակն է լավանում, և այն համայնքները, որոնք նախկինում չէին կարող երազել փողոցների լուսավորություն, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհներ ունենալու մասին, այժմ կարող են այդ ամենն ունենալ։ Համաձայն չե՞ք, որ համայնքների խոշորացումը փոքր համայնքների համար կարող է նաև նպաստավոր լինել։ - Մենք արդեն ունենք խոշորացված համայնքներ և նաև ունենք այդ խոշորացված համայնքների բնակչների դիրքորոշումը, որ իրենց կյանքում խոշորացումից առաջ և հետո որևէ բան էականորեն չի փոխվել։ Դուք նշեցիք մանկապարտեզի, ճանապարհների, լուսավորության խնդիրները։ Ի՞նչն է խանգարում համայնքին, որն ունի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ճիշտ են աշխատում, ճիշտ խնդիրներ են բարձրացնում մարզպետարանում, այնուհետև կառավարությունում, իր լուսավորության խնդիրը լուծել։ Խոշորացումը չէ այն գործիքը, որով հնարավոր է այդ խնդիրները լուծել, այդ խնդիրն առանց խոշորացման էլ հնարավոր է լուծել, երբ կան ֆինանսական ռեսուրսներ։  Բերվում է այն մոտեցումը, որ ամեն համայնքի համայնքապետարանում անիմաստ պահվում են աշխատակցիներ, և դա բյուջեի հավելյալ ծախս է։ Սա խնդրի այլ կողմն է։ Դա որոշ բնակավայրերում միակ աշխատատեղն է․ եկե՛ք այս ասպեկտից ևս նայենք։ Համայնքապետարանում աշխատողները, թերևս, միակ աշխատողներն են որոշ համայնքներում, որովհետև այլ աշխատատեղեր գոյություն չունեն։  - Կառավարությունն էլ ասում էր՝ փոքր համայնքի՝ առանց այն էլ փոքր բյուջեի մեծ մասն ուղղվում էր համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերին, և համայնքի կարիքների համար գումար չէր մնում։ - Նույնը կա նաև կառավարությունում, ցանկացած նախարարությունում, վարչությունում․ աշխատակիցների ուռճացված բազա այն դեպքում, երբ կան հաստիքներ, որոնք որևէ գործառույթ չեն իրականացնում։ Նույնը համայնքնրեի դեպքում է։ Հնարավոր է հաստիքների կրճատում իրականացնել։ Ճանապարհների խնդիր գոյություն ունի, որովհետև երբեմն միացնում են այնպիսի համայնքներ, որոնք անգամ աշխարհագրորեն համատեղելի չեն։ Համայնք կա, որն իր կենտրոնից հեռու է, ենթադրենք, 30 և ավելի կիլոմետր։ Շատ ու շատ բնակիչների համար խնդիր է կենտրոն հասնել մի սովորական թղթի համար։ Իհարկե, տեղում լինելու է վարչական ղեկավար, որն ինչ-ինչ հարցեր լուծելու է, բայց հարցերի մեծ մասը պատվիրակվելու է կենտրոնին, և այս դեպքում մարդիկ ևս որոշակի ծառայությունների հասանելության խնդիր են ունենալու։ Բերվում է միջազգային պրակտիկայի օրինակը։ Մեր համայնքների առանձնահատկությունն այն է, որ տվյալ համայքը ձևավորվել է իր բոլոր կարևորագույն կենտրոնների՝ եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնի շուրջ։ Իսկ միջազգային պրակտիկայում մենք չունենք այդպիսի բան, այնտեղ տվյալ վարչատարածքային համայնքը ձևավորվել է ինչ-որ գործարանի շուրջ․  ինչ-որ արդյունաբերություն է եղել այդտեղ, տարբեր տեղերից եկել են մարդիկ, որոնք աշխատել են տվյալ արդյունաբերության շուրջ, տվյալ գործարանում, և ձևավորվել է համայնք։ Այսինքն՝ այստեղ մշակութային խնդիր, պահպանության առանձնահատկություն չկա, բայց Հայաստանում կա։  Կարևոր է նաև հանգամանքը, որ տվյալ հարցի լուծումը զուտ օրենքն ընդունելով և իմպերատիվ կիրառելով չպիտի լիներ, դա պետք է լիներ փուլային տարբերակով, պետք է ստուգվեր, հետադարձ կապը պետք է պահպանվեր բնակչության հետ։ Հիմա այն համայնքներին, որոնք դեմ են խոշորացմանը, հնարավորություն է տրվում ստորագրահավաք իրականացնել և իրենց հաշվին հանրաքվե իրականացնել։ Բնականաբար, փոքր համայնքը, անգամ եթե դեմ լինի, հնարավորություն չի ունենա հնարաքվե իրականացնել։  - Հանրաքվեն պետք է ոչ թե համայնքն իր միջոցներով իրականացներ, այլ կառավարությո՞ւնը։ - Այո՛։ Ի վերջո մենք այս ամենն անում ենք տվյալ համայնքի բնակչի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու, տվյալ համայնքում ենթակառուցվածքներն առավել արդյունավետ ու զարգացած դարձնելու և, ի վերջո, այդ ամենը տվյալ քաղաքացուն ծառայեցնելու համար։ Ըստ այդմ՝ քաղաքացու ձայնը ևս պետք է լսելի լինի։ - Իսկ հանրաքվեների արդյունքները պարտադիր կատարման ո՞ւժ պետք է ունենան։ - Բնականաբար, որովհետև էլ ո՞րն է հանրաքվե իրականացնելու իմաստը, եթե լսելու ենք արձագանքը, բայց, միևնույն է, խոշորացումն իրականացվելու է։  - Կառավարությունը վստահեցնում է, որ կխուսափի խոշորացումից, եթե որևէ համայքնի բնակիչներ հանրաքվեով դեմ լինեն։ - Բայց հանրաքվեի իրականացման պարտավորությունը դրվելու է համայնքի վրա։ Սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում համայնքի համար, որովհետև շատ հնարավոր է՝ համայնքը իր բյուջեով հնարավորություն չունենա դա իրականացնել։ Շատ համայնքներ, որոնք չեն ունենա այդ հնարավորությունը, նաև իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն չեն ունենա։  Աննա Սահակյան
21:29 - 10 հուլիսի, 2020
Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հարցի վերաբերյալ նոր իշխանությունների վերաբերմունքը վրդովեցնող է․ Նինա Կարապետյանց

Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հարցի վերաբերյալ նոր իշխանությունների վերաբերմունքը վրդովեցնող է․ Նինա Կարապետյանց

Ես որոշեցի միանալ այս նախաձեռնությանը, քանի որ ինձ, մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը, որտեղ ես լսեցի հետևյալ հայտարարությունը, թե՝ «ո՞ւր ա ընդեղ մշակութային արժեք, ընդեղ սարայներ են»: Ես այդ արտահայտությունը լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսվել էր շահարկվել գերակա շահը, և ամեն ինչ ներկայացնում էին որպես սարայներ:  Այս մասին այսօր՝ Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Վերջինս իր խոսքում նշեց․ «Ես հասկացա, որ մենք գնահատման լրջագույն խնդիր ունենք։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու ներկայիս իշխանությունը չի արձագանքում և ինչի հետ համեմատելով են համարում, որ Երևանի մոտավորապես 100-150 տարվա պատմություն ունեցող շինությունները սարայներ են: Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, սրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ դռների բռնակներ։ Սա մեր մշակույթն է, մեր պատմության մի մասն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Երևանը դառնա քառակուսի, ստնադարտ էնպիսի մի քաղաք, որը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ցանկացած քաղաքից: Մեզ հիմա փորձում են բացատրել, թե ինչ սիրուն է Հյուսիսային պողոտան,այո՛․ գեղեցիկ է, բայց դա Երևանը չի ներկայացնում։ Ինչ ենք մենք փոխանցելու մեր զավակներին, պատմական ի՞նչ պատմական հուշարձաններ ենք փոխանցելու։ Այն, որ քաղաքի կենտրոնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեծ փողերի համար, դա բոլորին հասկանալի է և միայն Երևանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհի խնդիրն է։ Բայց ինչքանով ենք մենք պատրաստ պաշտպանել մեր պատմությունը, մեր քաղաքացիների իրավունքները»,- ասաց իրավապաշտպանը։  Կարապետյանցը նշեց, որ այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն երևանաբնակները, որոնք չպայքարեցին իրենց քաղաքի արժեքների համար, որևէ անգամ մեծ ծավալով պայքար չկազմակերպվեց։ Կարապետյանցը  ընդգծեց, որ իրավապահ մարմիններից ոչինչ չի սպասում։ Իրավապաշտպանի կարծիքով միակ տարբերակը լինելու է բոլորի ճնշումը, որպեսզի թույլ չտան՝ քաղաքը, Երևանն ուղղակի քանդուքարափ անեն։  «Երևանն ունի իր կոլորիտը, Երևանն ունի իր տրամադրությունը, իր կատակները, երգերը։ Այդ կոլորիտը պահելու համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մենք ունենանք այս հին բակերը, հին շենքերը։ Թող ոչ մեկ չնեղանա՝ Գյումրին գյումրեցիներինն է, Սպիտակը սպիտակցիներինն է, Կիրովականը կիրովականցիներինն է և միայն Երևանն է, որ մեր բոլորինն է և մենք պետք է պահենք Երևանի կոլորիտը։ Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ», -եզրափակեց Նինա Կարապետյանցը։ 
13:11 - 10 հուլիսի, 2020
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ֆիրդուսի  կառուցապատման հարցի շուրջ առաջացած իրավական խնդիրների վերաբերյալ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ֆիրդուսի կառուցապատման հարցի շուրջ առաջացած իրավական խնդիրների վերաբերյալ

Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը մի մե խումբ  է  տարբեր քաղաքացիներից կազմված ՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են Ֆիրդուս թաղամասի կառուցապատման խնդրով, տարբեր մասնագետներ՝ ճարտարապետներ, պատմաբաններ, իրավապաշտպաններ, իրավաբաններ։ Այս մասին այսօր Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ընթացքում ասաց խմբի անդամ Տիգրան Ամիրյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Բոլորը համախմբվել են վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, որպեսզի հասկական, թե ի՞նչ է կատարվում այս  թաղամասում, ի՞նչ է նախատեսվում կառուցել բնակելի թաղամասի փոխարեն, ի՞նչ խնդիրներ կան։ Մենք հիմա  ունենք մի շարք խնդիրներ և այս երկու ամսվա ընթացքում ահազանգել ենք տարբեր խնդիրների մասին։Ինձ համար առաջին հերթին պատմամշակութային խնդիրներն էին,  կան ճարտարապետական, քաղաքաշինական մի շարք խնդիրներ, և տարբեր մասնագետներ սկսեցին աշխատել այդ հարցի շուրջ։ Կան նաև մի շարք իրավական  խախտումեր, որոնք մենք նկատել ենք կառուցապատման, օտարման ընթացքում։  Մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային, կամ նեղ մասնագիտական խնդիր է, այլ մի լայն խնդիր,մեծ հարց է։ Ընդհանրապես կապված  քաղաքի կենտրոնի պատկերի հետ, թե ի՞նչ ենք ստանալու մենք մի քանի տարուց, ի՞նչ է լինելու այս վայրում՝ հանրապետության հրապարակին կից, ի՞նչ է կառուցվելու։ Ես երկար տարիներ հետազոտել եմ այս թաղամասը, աշխատել եմ բնակիչների հետ, տարբեր մասնագետների հետ, որպեսզի հասկանամ այս թաղամասի ինքնությունը, պատմությունը։ Հավաքել ենք բանավոր պատմություններ, աշխատել ենք լուսանկաների, քարտեզների ամեն ինչի հետ։ Վերջիվերջո մշակութային ու պատմամշակութային կարևորությունը մեզ համար դարձավ ավելի հասկանալի և ավելի պարզ, և հիմա բացի այդ խնդիրներից, որոնք մենք հետազոտել ենք, կան մի շարք ուրիշ խնդիրեն և այդ խնդիրների շուրջ խոսում են տարբեր մասնագետներ և այս ասուլիսի ընթացքում մենք կփորձենք լուսաբանել ֆիրդուս թաղամասի կառուցապատման հարցի շուրջ առաջացած խնդիրները»։  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ թաղամասի կառուցապատման հարցի շուրջ առաջացած իրավական խնդիրներին։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Ես կներկայացնեմ Ֆիրդուս թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունները և դրա հիման վրա մեր կազմակերպությունը իրավապահ մարմիններին արդեն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին ։ Հույս ունենք, որ պատշաճ իրավական ընթացակարգով տեղի կունենա նյութերի նախապատրաստումը։ Ինչին է վերաբերում իրավական գործընթացը, որից ելնելով այսօր արդեն իսկ այդ քաղաքաշինական ծրագիրը մշուշոտ է երևում։ 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսել է 2006-2007 թվականներին , նաև 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով գերակա հանրային շահ է հռչակվել։ Ընդ որում, տարածք ձեռք բերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում է Էդուարդ Մելիքյանը, այնուհետև այդ գործընթացում, որպես կառուցապատող ներգրավվել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը  և ծրագիրը փաստորեն չի իրականացվել, այսինքն  այս գործընթացը ձախողվել է 2007-2008 թվականներին հռչակված  և կնքված պայմանագրերի վրա։ Ավելին այս գործընթացներում ակնհայտորեն որևէ ֆինանասական երաշխիքներ այդ կազմակերպությունները չեն ներկայացրել, որ ծրագիրը կիրականացվի»։ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ  իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ պետությունը ակնհայտորեն փորձել է օժանդակել ընկերություններին։ 2014 թվականին կառավարությունը երաշխավորություն է ներկայացրել, որ այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավվեն և ներգրավվելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևէ ձև չեն հրապարակվել, դրանք  գաղտնի են մնում և ծրագրը որևէ կերպ չի իրականացվում։  «Այդ ընթացքում քաղաքացիների դժգոհություններ են առաջանում, որ իրացման ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է։ Այս ամենից հետո 2018 թվականի մարտ ամսվա վերջին տարածքը դարձյալ հռչակվում է գերակա հանրային շահ և ձեռք բերողը ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը  նույն Էդուարդ Մելիքյանն է, ով նույն «Գլենդել Հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է։ Այս պայմաններում «Դիանար» ընկերությունը, որպեսզի ցույց տա, թե տարածքների ձեռքբերման հետ կապված մրցակցություն է տեղի ունենում հիմնում է 17 ընկերություն, որոնց  մեծ մասի հիմնադիրը կրկին Էդուարդ Մելիքյանն  է։ Ստացվում է այնպես , որ ձևական մրցակցություն ստեղծելով փորձ է արվում ցույց տալ, թե ընկերություններ են հիմնադրվել, որոնք պետք է քաղաքաշինական ծրագրեր ներկայացնեն՝ լավագույն լուծումներով տարածքը կաուցապատելու վերաբերյալ։ Այս գործընթացը բնականաբար իրենում  պարունակում է բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Ընկերությունները, որոնք 2006-2007 թվականներից ձախողում են ծրագիրը և ներառված են կոռուպցիոն բավականին լուրջ գործընթացներում։ Այս հանգամանքներից ելնելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմենրում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ»,- եզրափակեց Հայկ Մարտիրոսյանը։
12:18 - 10 հուլիսի, 2020
Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան

Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ  որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը խնդրել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին անդամները՝ Սահմանադրության վերջին փոփոխությունների առնչությամբ։ Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից: ՄԻԵԴ-ը որոշել է մերժել դիմումը՝ որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ: ՍԴ դատավորների դիմումի և ՄԻԵԴ արձագանքի մասին Infocom.am-ը զրուցել է Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։  - Տիկի՛ն Սաֆարյան, երեկվանից մամուլը ողողված է ՍԴ նախկին նախագահի եւ 3 նախկին անդմաների դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքով։ Իշխող խմբակցության ներկայացուցիչները տարածում են այդ արձագանքը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը մերժեց հայցվորների դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Մասնագիտական շրջանակները, սակայն, պնդում են, որ ՄԻԵԴ-ն ընդամնեը միջանկյալ միջոց չի կիրառելու, իսկ դիմումը, միեւնույն է, քննելու է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանուր առմամբ ի՞նչ է ենթադրում ՄԻԵԴ-ի արձագանքը։ - Մենք նախ ըստ էության պետք է ծանոթնանաք եւ հասկանանք, թե ինչի դեմ են առարկում Հրայր Թովմասյանն ու նախկին դատավորները։ Բայց այս միջանկյալ միջոց չկիրառելու հանգամանքում, ըստ էության, գնահատականներ կան, որոնք առնչվում են բուն նյութի հետ։ Օրինակ, կա միտք, որ միջանկյալ միջոց չի կարող կիրառվել, որովհետեւ իրականացվող բարեփոխումներն օրինական են, իրավաչափ են, եւ այլն։ Եւ եթե ՍԴ նախկին դատավորներն այս գործի ճակատագիրը կապում են հիմնական գործի լսման հետ, չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու ։ Կարծում եմ՝ եթե խախտում արձանագրված լիներ, եթե դա շատ տեսանելի լիներ, ապա հենց հիմա միջոցի կիրառում կլիներ, թույլ կտային, որպեսզի այս դատավորները շարունակեին աշխատել՝ մինչեւ այդ գործի լսումը։ Նշենք, որ առաջին երկու որոշումներով եւ զեկույցներով արձանագրվել է այն հիմնադրույթը, հիմնական իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի իշխանությունները, լինելով լեգիտիմ, ազատ են իրենց երկրում բարեփոխումներ իրականացնել, եթե ստեղծվել է սահմանդրական ճգնաժամ, մի իրավիճակ, երբ խաթարվում է ժողովրդավարությունը։ Եւ երբ գործողությունն իրավաչափ ու արդար նպատակ է հետապնդում, սահմանադրական այս փոփոխությունները հենց այդ դաշտում էլ դիտարկվում են, որովհետեւ, զեկույցներում «ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակ» եւ «ՍԴ ճգնաժամը հաղթահարել» ձեւակերպում են տալիս, նշանակում է՝ ճգնաժամի գաղափարը եւ բուն բովադնակությունն ըդունվում է միջազգային կառույցներում։ Բացի դրանից, եկեք չմոռանանք, որ տասը եւ ավելի տարիներ Եվրոպական դատարանը հեղեղված է եղել Հայաստանի՝ այս վիճարկվող ժամանակահատվածին վերաբերող գործերով, եւ այդ գործերով իրենք սեփական համոզմունքն ունեն, թե ինչ է կատարվել Հայաստանում։ Եթե ՀՀ-ում Սահմանադրական դատարան լիներ, ՀՀ-ում Մարտի 1 չէր լինի։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն, միայնակ կարող էր իրականացնել դա, դա իրականացրել է, որովհետեւ այդ բոլոր մարմիններին հավաքել է իր բուռը, դարձրել ենթարկելի մարմին ու իրականացրել այն, ինչ մենք տեսանք 2008-ի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 1-ը։ Հիմա ՍԴ դատավորների աթոռից հեռանում են այն մարդիկ, որոնք Սահմանադրությունը չեն հարգել։ Մենք կոնկրետ գործերով տեսել ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, էլ չեմ ասում վերջին այս երկու տարիները՝ ամենայն տեսանելի եւ աչք ծակող, որ նվիրված են եղել Քոչարյանի օգտին անօրինական գործընթացներ իրականցնելուն։ Եթե պարզվի, որ նրանք (նկատի ունի՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 անդամները,- հեղ․) այս նույն ակտիվությամբ պայքարել են նախկին ընդդիմադիր ուժերի համար եւ Մարտի 1-ից առաջ, հետո, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ես կհասկանամ, որ իրենք միշտ նույնն են եղել, եւ գուցե դատապարտող կոչ կասեմ այսօրվա իշխանությանը, բայց երբ ես գիտեմ, եւ համոզված եմ, որ նախկին իշխանությունների հետ ակնհայտորեն համագործակցել են, քաղաքական մարմնի են վերածվել եւ բացառապես այդ համակարգին են ծառայել, ոչ թե երկրին ու Սահմանադրությանը, ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցող փոփոխությունները հիմնավորված ու օրինական չեն։ - Առհասարկ ո՞ր դեպքերում է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառում։ - Կիրառվում է շատ հազվադեպ, երբ վտանգավոր իրավիճակ է, կրառվում է կյանքի իրավունքին վերաբերող խնդիրների դեպքում, շատ աննշան գործեր են այդ միջոցի կիրառման առումով ուշադրության արժանացել ՄԻԵԴ գործերով։ Այս գործն իրենից նմանատիպ իրավիճակ չէր ենթադրում, եւ ի սկզբանե ցավալի է, որ այդպիսի միջոց է ուզել մի անձ, որը ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ու իմացել է, որ այդ կարգի միջոց չի կիրառվում այդպիսի գործերով (ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ՍԴ արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, որն այս գործով հայցվոր է,-հեղ․)։  - Ի՞նչ կարող ենք ենթադրել այն փաստից, որ ՄԻԵԴ-ն այս պարագայում այդ միջանկյալ միջոցը չի կիրառել, սակայն դիմումը վարույթ ընդունել է։ - Կարող է ինչ-որ հարցով մեկնաբանության կարիք լինի։ Թեեւ հայցվորների դիմումին ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ գտնում են՝ Սահմանադրական դատարանում այս փոփոխությունները իրավաչափ եւ օրինական չեն, այսինքն՝ կասկածի տակ են դնում գործընթացի օրինականությունը, իբրեւ թե նախագծերի սահմանադրականության հարցը չի քննարկվել, եւ այլն։ Ընթացակարգային խնդիրներ են ներկայացնում, բայց խնդրի բովանդակային լուծումն առավել կարեւոր է, քան այն ձեւականությունները, որոնց հետեւից գնում են ՍԴ այդ դատավորները եւ նրանց համախոհները։ - ՄԻԵԴ դիմում ներկայացրածներից Ալվինա Գյուլումյանն այսօր արձագանքել է, թե սա դեռ ամենևին չի նշանակում, որ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա։ Սա, ըստ էության, իրողություն չէ՞։ - Ալվինա Գյուլումյանն ու մյուս դատավորները մեզ պես չեն մտածում, շատ տարբեր են մտածում, անգամ ՄԻԵԴ դատավորների՝ իրավունք ասվածը հասկանալու աստիճանը չի համապատասխանում մեր դատավորների հասկանալու աստիճանին։ Մենք այդ ազնվությունը չունենք, որ մեր մեղքը, մեր սխալները ընդունենք, հետ նայենք, տեսնենք՝ անցյալում ինչ ենք արել, որ մեր հանդեպ այսպիսի լարվածություն կա։ Այս հարցերը Սահմանադրական դատարանի դատավորները իերնց առաջ չեն դրել, իրենք ենթարկելի են եղել։ Եւ 2008 թվականի դեպքերի վերաբերյալ քրեական գործով անցնող բազմաթիվ տեղեկություններից հայտնի է դառնում, որ նույն մարտի 7-ին, երբ պիտի քննարկեին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, դատավորների վրա ճնշումներ են եղել։ Ու հավատացեք, որ եթե այդ տեղեկությունները նույնիսկ ապացուցվածության ցածր շեմ ունեն, միեւնույն է՝ այն ինչ կա, փաստ է, ու այդ մարդիկ չեն կարողանում այդ փաստերի հետ հաշվի նստել։ Ասպրամ Փարսադանյան
21:31 - 09 հուլիսի, 2020
«Անտեսանելի» միայնակ մայրերը [Challenge 12.1 | Անի Խաչատրյան]

«Անտեսանելի» միայնակ մայրերը [Challenge 12.1 | Անի Խաչատրյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Մի անգամ բնապահպանական թեմայով ոստիկանական բաժանմունքում էի: Ոստիկանը անձնագրային տվյալներս էր լրացնում: Հարցնում է․ -Ամուսնացա՞ծ եք։ -Ո՛չ։ Տեսնում եմ, որ հաջորդ հարցը երեխա ունենալու մասին է, ու ինքնաբերաբար ուզում է նշել, որ երեխա չունեմ։ Ասում եմ․ -Բայց այսքան տարեկան տղա ունեմ։ -Այսինքն՝ ամուսնացա՞ծ եք։ -Ոչ։ -Ամուսնալուծվա՞ծ։ -Ոչ։ -Բա ո՞նց կլինի։ -Ամուսնալուծված լինելու համար պետք է ամուսնացած լինեի, բայց ես ամուսնացած չեմ եղել։ Ոստիկանն ապշահար նայում է դեմքիս ու չի հասկանում, թե ինչ պետք է գրի։ Սա միակ դեպքը չի եղել իմ կյանքում։ Միայնակ մայրերն այնքան անտեսված են, որ հաճախ անգամ պաշտոնական փաստաթղթերում ընտանեկան կարգավիճակի նման տարբերակ չի դիտարկվում։ Միայնակ մայրերից շատերն ամաչում են խոսել իրենց կարգավիճակի մասին, քանի որ հանրության կողմից ամոթանքի և այլ ճնշումների են ենթարկվում։ Եթե ամուսնալուծված կինն է դեռևս շատերի կողմից «անբարոյական» պիտակը ստանում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչերի միջով է անցնում միայնակ մայրը։  Ինքս էլ, երբ գրում եմ այսպիսի թեմաների մասին, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք վիրավորում են ինձ կամ որոնց թվում է, թե փող եմ խնդրում իրենցից կամ պետությունից. շատերը չեն փորձում ավելի խորը նայել իրավիճակին։ Երբ 11 տարի առաջ ծնվեց տղաս, ես իմացա, որ մեր երկրում միայնակ մայրերին ոչ մի աջակցություն չի ցուցաբերվում։ Ժամանակին երեխային ամսական նպաստ էին տալիս, իսկ հետո դա էլ վերացրեցին։ Պատճառաբանությունն այն էր, որ շատ կանայք, լինելով ամուսնացած, գրանցվում էին որպես միայնակ մայր, որպեսզի նպաստ ստանան։ Սակայն իրավիճակը վերահսկելու, կեղծողներին բացահայտելու փոխարեն, որոշեցին բոլորին զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Միայնակ մայրերը կարող են նպաստ ստանալ միայն այն դեպքում, եթե համարվեն անապահով, այսինքն՝ սա միայնակ մորը ցուցաբերվող աջակցություն չէ, այլ աղքատության նպաստ է: Դու պետք է պարբերաբար ապացուցես, որ  անապահով ես, չես կարող բարելավել կենցաղային պայմաններդ կամ  աշխատանք ունենալ, անընդհատ վերահսկողության տակ պիտի գտնվես ու մի փոքր ավելի լավ ապրելու դեպքում կզրկվես նպաստից: Միաժամանակ, այդ նպաստը բավարար չէ ապրելու համար, եթե լրացուցիչ եկամուտի աղբյուր չունես։ Ի վերջո, շատերը դուրս են մնում այս ծրագրից, շատերն անգամ չեն էլ դիմում (ինչպես, օրինակ, ես)։ Ես չեմ ուզում անընդհատ ապրել վատ սոցիալական պայմաններում, որպեսզի իմ պետությունը հարկ համարի աջակցել ինձ ու երեխայիս։ Մի պահ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որը լրիվ միայնակ է, օգնող չունի և երեխա է ունեցել։ Նա չի կարող աշխատել, որովհետև ծննդաբերությունից հետո դեռ որոշ ժամանակ պետք է վերականգնվի, երեխայի կողքին լինի, խնամի։ Բայց եթե նույնիսկ փորձի աշխատել, դարձյալ խնդրի է բախվելու, քանի որ մեր գործատուների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի չի ընդունում մանկահասակ երեխա ունեցող կնոջը։ Երբ իմանում էին, որ երեխա ունեմ, ասում էին, որ չեն կարող ինձ ընդունել աշխատանքի։ Ասում էի, որ ես երեխայիս պահող ունեմ (իմ բախտը բերել է, որ ընտանիքիս հետ եմ ապրում), ասում էին՝ կապ չունի, երեխաները հաճախ են հիվանդանում։ Ու ոչ մի այլ փաստարկ չէին ընդունում։ Իսկ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որն անգամ օգնող էլ չունի, աշխատանք չի կարողանում գտնել, բայց կարիք ունի և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական աջակցության։ Ես երբևէ որևէ աջակցություն չեմ ստացել պետությունից որպես միայնակ մայր, պետությունը երբեք չի հետաքրքրվել, թե ոնց եմ պահում երեխայիս, ինչի կարիք ունենք... բայց փոխարենը, երբ գա տղայիս բանակ տանելու ժամանակը, միանգամից կհիշեն մեր մասին։ Միայնակ մայրերի խնդիրը միայն անձնական հարց չէ: Սա նաև կարևոր սկզբունքային հարց է, համակարգային հարց է, արդարության հարց է։ Միայնակ մայրերն ի սկզբանե ավելի խոցելի են, քան ամուսնական զույգերը, սակայն բոլոր սոցիալական քաղաքականություններում Հայաստանում ավելի շատ առավելություններ տալիս են ամուսնական զույգերին։ Անգամ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով միայնակ մայրերին աջակցություն տալիս էին այն դեպքում, եթե կինն աշխատել է ու կորցրել աշխատանքը, մինչդեռ ամուսնական զույգերի պարագայում միայն մեկ ծնողի՝ աշխատանքը կորցնելու դեպքում տրամադրվում էր աջակցությունը: Այսինքն, դու միայն արտոնված ես չաշխատելու, եթե քո կողքին տղամարդ կա։ Միայն այդ դեպքում ես արժանանում աջակցության։ Շատերը կասեն, եթե չէիր կարողանալու երեխայիդ պահել, ինչո՞ւ ես հղիացել։ Բայց ինչքան տարբեր իրավիճակներ կան, որ կինը կարող է միայնակ հայտնվել նման փաստի առաջ։ Կարող է՝ զուգընկերը մահացել է, կարող է՝ սրիկա է եղել, թողել է, կարող է՝ բռնաբարվել է ու հղիացել, կարող է՝ ուղղակի ուզեցել է մենակ երեխա ունենալ։ Պետության գործառույթն է՝ հոգ տանել իր քաղաքացիների մասին, մանավանդ՝ առավել խոցելիների։ Դրա համար ենք հարկային վճարումներ անում, բոլորիս վճարած հարկերով նպաստներ տալիս միայնակ ծերերին, բազմազավակներին, հաշմանդամություն ունեցողներին: Սոցիալական աջակցություն են ստանում նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները: Բոլոր միայնակ մայրերի իրավիճակը շատ նման է. երեխան մեծանում է մեկ ծնողի ջանքերով, և ընտանիքը հանրության հավելյալ աջակցության ու հոգատարության կարիքն ունի: Իսկ ի՞նչ է անում պետությունը․ նա կարծես բարոյական ցենզուրա է անում կանանց, ամեն գնով փորձում է ապահովել տղամարդու ներկայությունը՝ թեկուզ միայն թղթի վրա: ՔԿԱԳ-ում երեխային գրանցելու ժամանակ պահանջվում է երեխայի հոր մասին բաժնում լրացնել թեկուզ կամայական անուն, ու էական չէ, որ այդ բաժնում նշված անունով տղամարդը կարող է երբեք չհայտնվել երեխայի կյանքում, ոչ մի մասնակցություն չունենալ նրա դաստիարակության կամ տարրական ծախսերը հոգալու գործում կամ կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, երեխան կարող է արհեստական բեղմնավորմամբ ծնված լինել։ Բայց դու պարտավոր ես նշել որևէ անուն։ Հենց անուն նշելու պատճառով ես մինչև հիմա չեմ կարողանում ստանալ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը, քանի որ ինձ ասացին, որ դիմումիս կցված ծննդականի պատճենի մեջ նշված է երեխայի հոր անուն ազգանունը, չնայած ես նշել եմ, որ միայնակ մայր եմ։ Այսինքն՝ պետական համակարգը տեղյակ չէ իր իսկ սահմանած կարգերից ու չգիտի, որ երեխայի հոր անունը ստիպված են գրել բոլորը: Երկու ամսից ավել է՝ նրանք չեն կարողանում գտնել երեխայիս տվյալները, այն դեպքում, երբ նա դպրոցական է, անձնագիր է ունեցել ու երկրից դուրս եկել։ Միայնակ մայրերը շատ դեպքերում բառի բուն իմաստով մենակ են մնում իրենց խնդիրների ու երեխայի հետ։ Շատերը ընտանիք չունեն, որն իրենց կաջակցի, շատերի ընտանիքները հրաժարվում են նրանց օգնել կամ անգամ ապաստան տալ։ Շատ դեպքերում կանայք դիմում են արհեստական վիժեցման, որ խուսափեն այդ խնդիրներից։ Երբեմն հրաժարվում են ծնված երեխայից, հանձնում են նրան մանկատուն կամ անգամ թողնում փողոցում։ Լինում են նաև մանկասպանության դեպքեր, երբ այսքան խնդիրներին բախված կինը, հոգեկան հավասարակշռությունը կորցրած, կարող է դիմել այդ ծայրահեղ քայլին։ Մենք, իհարկե, բոլորս կմեղադրենք նման կանանց, բայց երբ այդ կանայք մեր օգնության կարիքն ունեն, մենք իրենց չենք էլ նկատում, անբարոյական ենք անվանում, անտեսում. հիշում ենք միայն քարկոծելուց, մեղադրելուց։ Բայց չենք փորձում հասկանալ, թե ինչու է կինը դիմել այդ քայլին ու ինչքանով ենք մենք՝ որպես հանրություն, նպաստել դրան կամ փորձել կանխել այդ քայլը, կամ ինչ հոգեկան ապրումներ ունի այդ կինը հիմա կամ ունեցել է։ Շատ են նաև այնպիսի կանայք, որոնք ամուսնացած կնոջ կարգավիճակ ունեն, բայց ամուսինները թողել գնացել են արտասահման ու այդ  կանայք լուր էլ չունեն նրանցից։ Այսինքն, նրանք փաստացի միայնակ են, բայց փաստաթղթերով այլ կարգավիճակ ունեն։ Ու այդ կանայք շատ հարցերում կաշկանդված են: Օրինակ, նրանք չեն կարող իրենց երեխաներին մինչև չափահաս դառնալը  երկրից դուրս տանել առանց հոր թույլտվության, իսկ հայրը կարող է ընդհանրապես չհայտնվել։ Գրանցված միայնակ մայրերն ավելի ազատ են այս հարցում։ Մեկ այլ խնդիր է երեխայի հետ ճամփորդելը։ Արտասահմանում երեխայի հետ գիտաժողովների, վերապատրաստման կամ այլ ծրագրերի մասնակցելը  գրեթե անհնար է, քանի որ անգամ միջազգային կառույցներում հիմնականում չեն նախատեսում երեխայի հետ մասնակցությունը։ Եթե դու ուզում ես քո երեխայի հետ մասնակցել նման միջոցառումների, պիտի ինքդ հոգաս նրա բոլոր ծախսերը։ Իհարկե, կան նաև միայնակ երեխա մեծացնող տղամարդիկ, բայց նրանք շատ ավելի քիչ են, քան կանայք, քանի որ անգամ ամուսնալուծվելուց հետո երեխաների խնամքը հիմնականում կնոջն էլ թողնվում, իսկ տղամարդը կարող է ընդհանրապես չխառնվել կամ էլ ալիմենտով բավարարվել, որը երբեմն շատ փոքր գումար է։ Միայնակ հայրերին հանրությունը հերոսացնում է, ի տարբերություն կանանց, որոնց մեղադրում է ու անբարոյական պիտակում։ Միայնակ հայրերին աշխատանքի ընդունելուց չեն հարցնում երեխայի առկայության մասին ու դա չի խանգարում նրանց։ Միայնակ հայրերին ընտանիքն ու հարազատները երեխայի հետ միասին դուրս չեն հանում տանից, այլ ամեն կերպ աջակցում են։ Իհարկե, իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, բայց հիմնականում այս պատկերն է։ Միայնակ մայրերի թեման շատ կարևոր է։ Առաջին անգամ փորձեցի նաև հոդվածի ձևով շարադրել մտքերս՝ որպես ներածություն այս հարցի շուրջ լռությունը խախտելու և քննարկումներ սկսելու համար: Հուսով եմ, որ ավելի շատ կանայք կսկսեն կիսվել իրենց փորձառությամբ ու մտքերով: Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Աննա Կամային:
20:56 - 09 հուլիսի, 2020
Համայնքների խոշորացմամբ նախկին համայնքը զրկվում է սեփական իշխանություն ձևավորելու հնարավորությունից․ Սամվել Աբրահամյան

Համայնքների խոշորացմամբ նախկին համայնքը զրկվում է սեփական իշխանություն ձևավորելու հնարավորությունից․ Սամվել Աբրահամյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ զրուցել ենք Հայստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։  - Հայ ազգային կոնգրեսը դեռևս 2015-ին է դեմ արտահայտվել համայնքների խոշորացմանը։ ՀԱԿ-ի մտահոգություններից մեկն այն էր, որ համայնքների մեխանիկական միավորման հետևանքով դրանք ինքնուրույնությունից զրկվելու են։ Կառավարությունն էլ  ասում էր, որ համայնքները մեխանիկորեն չեն միացվում, խոշորացված համայնքները սուբվենցիոն ծրագրերից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ են ունենում և պետությունից ավելի մեծ դոտացիա են ստանում։ Այս ամենը նպաստավոր չէ՞ համայնքների համար։ - Որպեսզի ավելի համապարփակ հասկանանք այս խնդիրը, մի քիչ ավելի խորը պետք է գնանք։ Ի՞նչ է տեղական ինքնակառավարումը, և ինչո՞ւ է այդ համակարգը ներդրվել Հայաստանում։ Տեղական ինքնակառավարումը ներդրվել է 1995 թվականին, և գլխավոր նպատակը եղել է համայնքների զարգացման խթանումը։ Իսկ համայնքների զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ինչպես ընտանիքը հասարակության բջիջն է, այնպես էլ համայնքները պետության բջիջն են, և եթե համայնքների ամրությունն ու զարգացումը չեն ապահովվում, ապա պետությունը չի կարող զարգանալ։ Հայաստանում գիտենք վիճակը․ Երևանը գերկենտրոնացված համայնք է, Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է Երևանում, մյուս համայնքները դատարկվում են։  Որպեսզի համայնքների զարգացման խնդիրը լուծվեր, դրանք պետք է օժտված լինեին շատ բարձր ինքնավարությամբ, և այդ ինքնավարությունը պետք է ներառեր երեք կարևորագույն տարր․ առաջինը սեփական իշխանություն ձևավորելու ազատությունն է, երկրորդը՝ ֆինանսական անկախությունը, այսինքն՝ համայնքները պետք է լինեին հնարավորինս ինքնաբավ կառավարման միավորներ, և երրորդը՝ կառավարման ազատությունը, այսինքն՝ սեփական համայնքի ճակատագրի վերաբերյալ որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս երեք պայմանների ապահովմանը և ժամանակի ընթացքում զարգացմանը։ Համայնքների խնդիրն էլ պետք է լիներ դրանցից ամենաարդյունավետ ձևով օգտվելը, դրանք կիրառելը։ - Համայնքների խոշորացումը Ձեր նշած սկզբունքներին ինչո՞վ է հակասում։ - Ի՞նչ է տեղի ունենում խոշորացման պարագայում։ Նախ, պետությունը համայնքներին պարտադրում է միավորումը․ 2015-ին այն ժամանակվա իշխանությունները մեկ ակտով պարտադրեցին համայնքներին։ Ցավոք սրտի, հիմա այդ քաղաքականությունը շարունակվում է, և արդեն հայտարարվել է, որ համայնքների խոշորացման գործընթացը չի կանգնելու։ - Վերականգնվել է համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Տեղական հանրաքվեների արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ, բայց ներկայիս կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչներ հանրաքվեով դեմ արտահայտվեն այդ գործընթացին։  - Շատ լավ կլիներ, եթե այդ դրույթն ամրագրված լիներ օրենքով, ոչ թե իշխանության կամքով կամ ցանկությամբ թելադրվեր։ Օրենքով ամրագրված է, որ համայնքներում հանրաքվեների արդյունքները չունեն պարտադիր բնույթ, և պետական իշխանության մարմինները՝ կառավարությունը կամ Ազգային ժողովը, հանգիստ կարող են դա հաշվի չառնել։ Նախ պետք է այդ դրույթը փոխել։ - Հանրաքվեների արդյունքներին պարտադիր կատարման ո՞ւժ տալ։ - Իհա՛րկե։ Հակառակ պարագայում դա մնում է միայն իշխանության կամքին, իսկ այս կարգի հարաբերությունները ցանկությամբ չեն կարգավորվում։ 2015-ին, երբ համայնքներին պարտադրվեց այդ հարցը, փորձնական հանրաքվե անցկացվեց մի քանի համայնքներում, որտեղ նախատեսվում էր խոշորացում, և այդ հանրաքվեների արդյունքներով ժողովուրդը դեմ արտահայտվեց։ Չնայած դրան՝ իշխանությունը խոշորացրեց։  Երբ համայնքների խոշորացում է տեղի ունենում, իմ թվարկած կոնցեպտուալ երեք սկզբունքները խախտվում են։ Պատկերացնենք մի որևէ փոքր համայնք, որը նախկինում ինքնակառավարման, իհարկե, շատ սահմանափակ, բայց ինչ-որ լիազորություններ ուներ։ Այդ համայնքն, ըստ էության, հիմա ձուլվելու է և կորցնելու է իր իրավունքները, այս տարրերից զրկվելու է։ Երբ Դիլիջանի փունջն էր ստեղծվում՝ Դիլիջան քաղաքը և յոթ գյուղեր, Դիլիջանի ընտրողնեի թիվը 22 հազար էր, մյուս յոթ համայնքների ընտրողների թիվը միասին այդքան չէր կազմում։ Եթե առանձին համայնք վերցնենք՝ մի որևէ փոքր գյուղ, այս տարբերությունն առավել ևս հսկակայան է դառնում։ Հետևաբար, սեփական իշխանություն ձևավորելու հարցում փոքր համայնքի հնարավորությունը գնալով նվազում է, նա շատ ավելի քիչ հնարավորություն ունի ազդելու նոր իշխանության ձևավորման վրա։  - Բայց խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, որոնք այդ բնակավայրի բնակիչների խնդիրների մասին բարձրաձայնում են։  - Բարձրաձայնել կարող է ցանկացած մարդ՝ նույնիսկ առանձին քաղաքացին, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները։ Վարչական ղեկավարը առանց լիազորությունների մի անձ է, և դա այն ժամանակ պահպանվել է ընդամենն այն բանի համար, որ գյուղապետերը կորցնելու էին իրենց ռեալ իշխանությունը և կարող էին տեղերում դառնալ գործող իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքի գեներատորներ։ Սպասվում էին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, և որպեսզի այդ խնդիրը մասամբ լուծվեր, ներդրեցին վարչական ղեկավարի ինստիտուտը։  Վարչական ղեկավարները իշխանություն չեն համայնքի համար, նրանք կենտրոնացված իշխանության ներկայացուցիչներ են։ Թե ինչպես կկատարեն իրենց լիազորությունները, բոլորովին այլ հարց է։ Բայց համայնքը սեփական իշխանություն ձևավորելու հնարավորությունից, ըստ էության, զրկվում է, այն իրավունքից, որը նա ուներ՝ անկախությունից ի վեր։  Հաջորդը ֆինանսական անկախության հարցն է։ Պետք է նկատի ունենալ, որ վերջին 20 տարիների ընթացքում պետության՝ տեղական ինքնակառավարման նկատմամբ ամբողջ քաղաքականությունը ուղղված է եղել տրամագծորեն հակառակ խնդրի լուծմանը․ ինչպե՞ս անել, որ համայնքներին զրկել այդ հնարավորություններից, ինչպե՞ս անել, որ նրանք մաքսիմալ կենտրոնական իշխանության ենթակայության տակ լինեն։  Պետության հետևողական քաղաքականության արդյունքում 20 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր համայնքների միավորված բյուջեն 10 անգամ ավելի քիչ է, քան Հայաստանի պետական բյուջեն։ Բոլոր համայնքների համախառն բյուջեն պետական համախմբված բյուջեի ընդամենը ութ տոկոսն է կազմում։ Այդ ութ տոկոսի մեջ էլ վաթսուն տոկոսը բաժին է հասնում միայն Երևանին, այսինքն՝ առանց Երևանի՝ համայնքները մեր երկրի համախմբված բյուջեում ունեն ընդամենը մեկուկես տոկոս կշիռ։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, ասեմ, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում դա կազմում է 30 տոկոս․ շուրջ մեկ տրիլիոն դոլարի բյուջե ունեն բոլոր համայնքները միասին։ Գերմանիայում, որը եվրոպական այն երկրներից է, որտեղ համայնքային կյանքը շատ ակտիվ է, դա մոտենում է 40 տոկոսի։  - Գուցե դրա համար էլ անհրաժեշտ էր համայնքները խոշորացնել և նրանց բյուջեները մեկտեղե՞լ։ - Բոլորովին այդպես չէ։ Որևէ մարդուց ավելի լավ իր սեփական շահերը ոչ ոք ո՛չ հասկանում է, ո՛չ կարող է պաշտպանել։ Հետևաբար, համա՛յնքն էլ դիտեք մի օրգանիզմ․ այդ համայնքի տեղական շահերը իրենից լավ որևէ մեկը չի կարող հասկանալ և լուծել խնդիրները։ Երկրներ կան, որոնք տեղական ինքնակառավարումն ավելի են մանրացնում, տանում են շատ ավելի փոքր միավորների, որովհետև ինչքան ավելի սեղմ է շահի գիտակցման և շահը պաշտպանելու մղումը, այնքան ավելի էֆեկտիվ է լինում կառավարումը։ Խոշորացված համայնքներում գյուղերից գանձված հարկերը կենտրոնանալու են մի ընդհանուր կաթսայում, մի ընդհանուր բյուջեում, և այդ ծախսերի որոշումները կատարելու են այն իշխանավորները, որոնց ընտրել են խոշոր համայնքները։ Նրանք իրենց ձայները ստանալու են խոշոր համայնքներից և, բնականաբար, առաջին հերթին զբաղվելու են իրենց ընտրողների շահերի և իրավունքների պաշտպանությամբ։ Որևէ կերպ փոքր համայնքը այստեղ չի կարող հայտնվել ավելի լավ վիճակում, քան կար։ Խոշորացման պարագայում շեշտը դրված էր հիմնականում նրա վրա, որ ավելի էֆեկտիվ կառավարվեն միջոցները, բայց իրականում դա անհեռատես մոտեցում էր։ 90-ականներին, երբ տեղական ինքնակառավարումը ներդրվեց, համայնքերին որպես սեփական բյուջեի եկամտի աղբյուր տրամադրվեցին հողի հարկը, գույքահարկը,  համայնքի տարածքում ձևավորվող եկամտահարկի 15 տոկոսը։ Նախատեսվում էր, որ հետագայում տեղական եկամուտների սպեկտորը պետք է լայնացվեր, և դրան պետք է գումարվեր նաև մասհանում շահութահարկից։ Խնդիրը հետևյալն է․ համայնքները հետևողականորեն պետք է ավելի շատ եկամուտներ և ավելի բարձր ֆինանսական անկախություն ունենային։ Որքան բարձր լինի նրանց ֆինանսական անկախությունը, որքան քիչ լինի կախվածությունը կենտրոնական իշխանությունից, այնքան համայնքներն ավելի արդյունավետ կգործեն։  2000թ․՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, Քոչարյանը եկամտահարկի 15 տոկոս մասհանումը վերցրեց համայնքներից, եկամտահարկն ամբողջությամբ ուղղեց պետական բյուջե։ Իսկ հետագա տարիներին ընդհանրապես ոչինչ էլ չավելացվեց դրան, այսինքն՝ համայնքները մնացին ֆինանսական կախվածության մեջ։  Հիմա, եթե իշխանությունն ուզում է զարգացնել Հայաստանում տեղական ինքնակառավարումը, այդ երեք կոնցեպտուալ հարցերին պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնի։ Քաղաքականությունը պետք է հակառակ կողմով գնար․ եկամտահարկի 15 տոկոս մասհանումը պետք է վերադարձվեր համայնքներին, այդ 15 տոկոսը պետք է ատիճանաբար բարձրացվեր հետագա տարիներին՝ մինչև 30 տոկոս, շատ համայնքներ կան, որոնց տարածքներում ընկերություններ են գործում, այդ ընկերությունների շահութահարկից պետք է մասհանում կատարվեր համայնքներին։ Հիմա պետք է գնալ ավելի հեռու․ բնապահպանական հարկ հասկացություն կա, համայնքների տարածքում կան բազմաթիվ հանքեր, դրանց հետևանքները ամբողջությամբ տվյալ համայնքի բնակիչներն են կրում, և բնապահպանական հարկի ընդհուպ 50 տոկոսը նույնպես պետք էր տալ համայնքներին։ Համայնքներին պետք էր հնարավորություն տալ օրենսդրական կարգավորումների միջոցով տեղական վճարներ, տեղական տուրքեր սահմանելու (չնայած նրանք այդ իրավունքն ունեն, բայց չեն օգտվել դրանից, որովհետև պետությունը խոչընդոտում էր և չէր խրախուսում)։  - Պետությունն ի վիճակի կլինե՞ր այդքան ֆինանսական միջոցներ ուղղել միայն համայնքներին։ - Պետությունն այդքան ֆինանս չի տալիս համայնքներին, դրանք համայնքների ֆինանսներն են, որոնք պետությունը խլել է։ Ամբողջ աշխարհում այսպես է․ համայնքի տարածքում ձևավորվող եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից, պետության սահմանած այլ վճարներից համայնքներն ունեն մասհանումներ, քանի որ այդ ամենը ձևավորվում է տվյալ համայնքի տարածքում։ Հայաստանում հակառակ պրոցես է գնացել․ համայնքներին ոչ թե տվել են եկամտի աղբյուր, այլ խլել են այդ աղբյուրները։  2015-ին, երբ ներդրվում էր խոշորացման ծրագիրը, հիմքում բոլորովին այլ բան էր։ Կար 20 մլն դոլար արժողությամբ մի վարկային ծրագիր՝ համայնքների հետ կապված, և այն ժամանակվա իշխանությունն ընդամենը այդ խնդիրն էր լուծում, որպեսզի այդ վարկային ծրագրից օգտվի։ Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ մատների արանքով նայի բնակավայրերի վիճակին։ Ամբողջ Հայաստանով պտտվե՛ք, որքան Երևանից հեռու է բնակավայրը, նրա վիճակն այնքան ավելի ծանր է։  Տարիներ շարունակ համայնքներն, ըստ էության, զրկվել են ինքնակառավարման իրենց՝ նույնիսկ օրենքով սահմանված լիազրություններից, մարզպետարանները յուրացրել են համայնքների լիազորությունները և համայնքներին վերածել են ընդամենը բաժինների։ Պետությունը պետք է համայնքների սեփական լիազորություններն ընդլայներ աստիճանաբար, պետք է նրանց լրացուցիչ պատվիրակված լիազրություններ տար, ոչ թե զրկեր որոշումներ կայացնելու՝ նույնիսկ չեղած հնարավորություններից։ Այդ առումով էլ, ցավոք, այսօր իրավիճակը չի փոխվում։  - Այդ լիազորությունները համայնքներին պետք է տրվեին մարզպետարանների լիազորությունների հաշվի՞ն։ - Ոչ թե մարզպետարանների լիազորությունների հաշվին, այլ մարզպետարանների խլած լիազրությունները պետք է վերադրձվեին համայնքներին։  Ինքնակառավարման մասով կան մի քանի առանցքային, սկզբունքային հարցեր, որոնք էլի այս 20 տարիների ընթացքում վերացվել են։ Օրինակ, 90-ականներից սկսած՝ Ընտրական օրենսգրքով սահմանված էր, որ  համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձը անընդմեջ երկու անգամից ավելի չի կարող ընտրվել։ 2005-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրություն էր փոխում, դրան զուգահեռ կատարեց Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ըստ որի՝ համայնքի ղեկավար անձը կարող է ընտրվել այնքան, որքան ցանկանում է։ Տվյալ դեպքում Քոչարյանը լուծում էր մի հարց․ 2005-ին սպասվում էին ՏԻՄ ընտրություններ, նա հանրաքվեի էր դրել  իր վրայով կարված Սահմանադրությունը, և կար ժողովրդի ընդհանուր դժգոհություն։ Նա հասկանում էր, որ այն համայնքների ղեկավարները, որոնց ժամկետը լրանում է, չէին աջակցի հանրաքվեին։ Անմիջապես այս փոփոխությունը մտցվեց Ընտրական օրենսգրքում, որ շատ երկար ժամանակ  իրեն հլու-հնազանդ ծառայող համայնքի ղեկավարները հնարավորություն ունենային շարունակելու ծառայել իրեն այդ հանրաքվեն անցկացնելու հարցում։  - Դուք ասացիք, որ խոշորացված համայնքներում, որպես կանոն, համայնքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ներկայացնում է ամենամեծ թվով բնակիչներ ունեցող բնակավայրը։ Վերջերս բազմաբնակավայր համայնքներում համամասնական ընտրակարգ ներդրվեց։ Այս փոփոխությունն ինչ-որ կերպ կնպաստի՞, որ բոլոր բնակավայրերը կարողանան հավասարաչափ մասնակցել համայնքի կառավարմանը։ - Այդ փոփոխությամբ, հավանաբար,  նպատակ է դրված կուսակցություններին ուժեղացնելու, նպաստելու, որ դրանք կարողանան ցանցային կառուցվածք ունենալ, բնակավայրերում ունենան բջիջներ և մասնակցեն նաև համայնքների կառավարմանը։ Բայց մենք այս դեպքում նույնպես գործ ունենք ոչ համալիր մոտեցման հետ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի կուսակցական համակարգը, որը հիմա պետք է կուսակցական ընտրությունների միջոցով ձևավորի տեղական ինքնակառավարման մարմիններ։ Այսօր Հայաստանում գոյություն չունեն ինստիտուցիոնալ կուսակցություններ։ Վերջին 20 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ կուսակցական համակարգը Հայաստանում պարզապես ոչնչացվի։ Հայաստանի կուսակցական համակարգն այսօր կարելի է բաժանել երկու մասի՝ օլիգարխիկ կուսակցություններ, որոնք ունեն լայն ֆինանսական հնարավորություններ, բայց ծառայում են մեկ անձի, և բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, որոնք օլիգարխիկ բնույթ չունեն, գաղափարական են, բայց ահավոր աղքատ են։  Եթե տեղական ինքնակառավարման հարցում էլ ընտրական համակարգն ուղղորդում ես դեպի կուսկացություններ, պետք է նախևառաջ լուծես կուսակցությունների ինստիտուցիոնալիզացիայի, ուժեղացման և, առաջին հերթին, ֆինանսական ինքնաբավության խնդիրը։ Եթե կուսակցություններն այս վիճակով գնում են համայնքային ընտրությունների, տեղի է ունենալու հետևյալ գործընթացը․ քանի որ կուսակցությունները չունեն ցանցային կառուցվածք, նրանք, որպեսզի կարողանան հետ չմնալ տեղական ընտրական կյանքից, հիմա լցվելու են տեղական կլանների ներկայացուցիչներով։ Տեղական կլաններ կլինեն, ինչ-որ տոհմեր, և քանի որ նրանք այլևս չեն կարող մասնակցել ընտրություններին, ձգվելու են դեպի կուսակցություններ, ամեն մեկն իր համար մի կուսակցություն է ընտրելու։ Նրանք հիմնականում կձգտեն դեպի ֆինանսապես ուժեղ կուսակցություններ և դեպի իշխանական կուսակցություն։ Կարճ ժամանակ անց մենք կունենանք մի իրավիճակ, որ Հայաստանում խոշոր կապիտալը նաև համայնքների կառավարումը իր ձեռքը կվերցնի։ Իսկ ո՞ր կուսակցություններն են Հայաստանում ֆինանսապես ուժեղ, որոնց կնքահայրերը տիրապետում են հսկայական ֆինանսական ռեսուրսների։  Եթե իշխանությունը գնում էր այս ճանապարհով, ուզում էր կուսակցությունների դերը բարձրացնել և նաև համայնքային կյանքին նրանց մասնակից դարձնել, սա պետք է կատարվեր համալիր՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ, համայնքների կառավարման հարցում փոփոխություններ,  «Կուսակցությունների մասին»  օրենքում փոփոխություններ, որ կուսակցությունների ֆինանսական խնդիրները լուծվեն։ Սրանք պետք է դիտարկվեին որպես մեկ փաթեթ։    Աննա Սահակյան
20:21 - 09 հուլիսի, 2020
Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի պաշտոնական կայքը հրապարակեց լուսանկարներ՝ կից գրությամբ, որ տեղի բնակիչներն ահազանգում են՝ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր (Արմանիսի հանքավայրը նախկինում շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն,- հեղ․)։ Նույն օրը համայնքի ղեկավարը համապատասխան հանձնաժողովի եւ ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում, ըստ հրապարակման, ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետեւանք է:  Համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որն ուղարկել են փորձաքննության:  Ջրի նմուշառման աշխատանքներ են կատարել նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տեսչկանա մարմնի մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանը։ Ավելի ուշ կառույցը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Տեսչական մարմինը նշել է, որ նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման եւ տեղափոխվել հանքավայր, ուստի, ըստ կառույցի, Ընկերությունը չունի պոչամբար։ Բացի այս՝ տեղազննությունից պարզվել է, որ ջրերի արտահոսքը եղել է դեռեւս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։ Մինչ Տեսչական մարմինը ջրի նմուշի ուսումնասիրություն է կատարում՝ թափոններից առաջացած նյութերը շարունակում են հոսել գետով։  Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակից Սամվել Ֆրանգյանը, որը երեկ համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կրկնայց է կատարել տեղանքում, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ նյութերը դեպի գետ են գալիս հենց Արմանիսի հանքավայրի մոտից․ «Կոնկրետ այնտեղ, որտեղ գնացել ենք, պոչանքը անմիջապես լցված է կիրճը։ Կիրճի վերեւից մինչեւ գետն էլ լցված են թափոնները, ծանր մետաղները նստում են, ու այդ թունավոր ջուրը քամվում-գալիս է այդտեղ»,- ասաց Ֆրանգյանը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ ձորում այդքան թափոններ կան, իսկ թե երբ է ամենը լցվել այդտեղ՝ չգիտեն։ Մեր հարցին՝ արդյոք տարածքում առհասարակ վերահսկողություն իրականացվո՞ւմ է, շրջայցեր լինո՞ւմ են՝ ստուգելու՝ վանասակար նյութեր չե՞ն արտանետվում արդեն չգործող հանքից, Ֆրանգյանը պատասխանեց, որ շրջայցեր հաճախ չեն լինում, քանի որ գործարանը չի աշխատում, դրա համար չեն էլ պատկերացրել, որ նման իրավիճակ է հնարավոր։ Վերջին օրերին էլ Ստեփանավանում անձրեւում է, ու սա, ըստ մեր զրուցակցի, նպաստում է, որ այդ թունավոր նյութերն ավելի մեծ հոսքով լցվեն գետը։ Իսկ ահա ինչ վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ին՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը շահագործում էր Ստեփանավանի Արմանիսի ոսկու հանքավայրը։ Եւ, թեեւ մինչեւ 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ուներ, արդյունահանման աշխատանքները դադարեցրել է 2015 թվականից: Այս ընկերության գործունեության հետեւանքով Ձորագետի աղտոտման մասին ահազանգեր են հնչել նաեւ 2012 թվականին։
17:31 - 09 հուլիսի, 2020